статьи

Մեր «Մայդանում» մեզ երիտասարդանալ է պետք

XXI-րդ դարում հորիզոնում այն ո՞ր ազգի ականջներն են երեւում, հայե՞րն են:

Ապրում ենք կռացած, հարաբերվում ենք սողեսող, մտածում ենք սոված (թե մեզնից է՞լ ում ուտենք), ուրախանում ենք տխրադեմ: Այս ամենի գիտակցումը, անշուշտ, հուշում է, որ ինչ-որ պակասություն ունենք: Միգուցե գլո՞ւխ չունենք, դրա համար էլ միայն մեր ականջնե՞րն են երեւում ու դրա համար էլ «գլուխ չենք դնում», թե ովքեր ենք մենք ու ինչ ենք ուզում աշխարհից: Առավել եւս, անգլուխ էակն ինչպե՞ս կարող է մտածել, թե ովքեր են աշխարհի այս կամ այն հանրույթներն ու ինչ են ուզում աշխարհից:

Որքան էլ պարադոքսալ է, գլուխ չունենք, բայց երգել կարողանում ենք: Երգում ենք, օրինակ, մեր հիմնը` «Մեր հայրենիք ազատ, անկախ», բայց խուլ արձագանքը, միեւնույն է, մեր սիրտը խոցում է՝ ասելով «թշվառ, անտեր»: Ըստ էության, մեր «թշվառության» այս ինքնագնահատականում ընկած է ծեծված մի միտք` հին ազգ ենք, բայց աշխարհը մեր դեմ է: Իսկ «անտերության» ինքնագնահատականում ոչ պակաս ծեծված մեկ այլ միտք է` մենք եղունգաչափ երկիր (ազգ) ենք, եթե չափներս կորցնենք, մեծերը մեզ անհետ կկորցնեն:

«Հին ազգ» ասելիս միանշանակ հպարտության զգացում ենք ունենում, չնայած արժի «լալ» դրա համար: Հպարտ ենք, քանի որ «հին ազգի» տեսլականը կոչված է սքողելու մեր թշվառության ու անտերության ողջ ողբերգականությունը: Ուստի, գտնվել է ինքնապաշպանական «վերամբարձ» հոյակապ մի մեխանիզմ, որն ազդարարում է` ո՞վ եք դուք, ոչ վաղ անցյալի կապիկներ, ի՞նչ եք ուզում մեզանից (երբ մենք գիր ու գրականություն ունեինք, դուք ծառից ծառ էիք թռչում): Իրականում, եթե մեր ականջները լսելու ունակ լինեին, կամ որ նույնն է` եթե գլուխ ունենայինք, այն մեզ կասեր, որ հնի մոտ ուղեղը դանդաղ է աշխատում, եռանդն անհուսորեն քիչ է, գործելու մոտիվացիան էլ վայելքն է` խաղաղ ապրելու ձգտումով պարուրված: Ու արդեն մի քանի դար փորձում ենք խաղաղ ապրել, ի վերջո վայելել ծերունական մեր կյանքը, բայց անհանգիստ երիտասարդ ազգերն անընդհատ կախվում են մեր մորուքից ու կախվում, կախվում են ու կախվում:

Հիշում եմ` ընկերներիցս մեկը մի անգամ ասաց. «Տարիքի հետ, ճիշտ է, մարդու վերլուծական կարողությունն ու համարձակությունը պակասում է, բայց փոխարենը փորձառությունն ու փաստական գիտելիքն է ավելանում»: Արդյո՞ք: Մեր ազգի համատարած անփորձության ու տգիտության խորապատկերին մի տեսակ չի գործում մարդու եւ ազգի միջեւ համադրելի այդ օրինաչափությունը: Միգուցե մե՞նք ենք անհույս պառաված: Չէ՞ որ եթե պառաված չլինեինք, ապա պարզ կդառնար, օրինակ, որ աշխարհը մեր դեմ չի, մենք էլ թշվառ ու անտեր չենք, եթե չենք ուզում լինել այդպիսին:

Եւ այդ դեպքում միգուցե հարկ կլիներ ընդունել, որ ընդհանրապես աշխարհը ոչ մեկին դեմ չի, քանի որ բոլոր հանրույթները իրար «դեմ են», չկան բարեկամ կամ թշնամի ազգեր, կան բնականոն շահային հարաբերություններ: Կամ ընդունել, որ ընդհանրապես աշխարհում յուրաքանչյուր հանրույթ ունի իր նպատակներն ու իդեալները, գործառույթներն ու կեցության փիլիսոփայությունը, որոնք բնական հավասարակշռության մեջ են պահում ողջ մարդկությունը: Անհույս, աննպատակ, ընդհանուր հավասարակշռության պահպանման մեջ առանց ներդրման (որեւէ գործառույթի բացակայությամբ) հանրույթները, իսկ մեծ հանրույթների ձեւավորած պետական կազմավորումները, բնականորեն, ենթակա են լուծարման (ազգերը` ուծացման, ոչնչացման-ինքնաոչնչացման):

Միգուցե հարկ կլիներ ընդունել, որ մենք թշվառ ու անտեր չենք, եթե ինքներս չենք ուզում թշվառ լինել ու տեր («տանիք») ման գալ: Մենք ազատ ու անկախ ենք այնքանով, որքանով մեր գիտակցությունն ու կամքն է ազատ ու անկախ, որքանով յուրաքանչյուրս ունենք ներքին ազատություն, որքանով յուրաքանչյուրս ունենք մեր կամքը գործադրելու կարողություն ու ցանկություն` ապրելու համար ազատ ու անկախ: Մենք ազատ ու անկախ ենք, եթե յուրաքանչյուրս առանձին վերցրած, ինչպես նաեւ մեր հավաքականության մեջ, ունենք նպատակներ ու իդեալներ, ունենք որոշակի գործառույթ (գործառույթ ստանձնելու գիտակցում), ունենք ազգերի ընտանիքում հավասարակշռությունը պահպանելու գործում սեփական դերակատարության գիտակցում կամ ցանկություն:

Բայց մեր ազգի փորձառությունն ու փաստական գիտելիքը այսօր յուրաքանչյուրիս ստիպում է ինչի՞ մասին խոսել: Իհարկե, մեր հնության «արժանիքի»: Այդ դեպքում հարկ է ընդամենը հիշել մեր հետ հարաբերված անխտիր բոլոր ազգերին եւ ընթացքում չմոռանալ ուրախություն պարգեւել մեր տանջված հոգուն` հպարտանալով այդ ազգերի մի մասի՝ պատմության թատերաբեմում այլեւս չերեւալով: Փոխարենը` «կանք, պիտի լինենք, պիտի շատանանք»: Հարց` ինչպե՞ս` կռացա՞ծ, սողեսո՞ղ, սովա՞ծ: Ընդհանրապես, հին ազգերը սիրում են պոետիկ շեղումներ, բայց դա չէ, որ մեր խնդիրները չի լուծում:

Քանի որ XXI դարում երեւում են միայն մեր ականջները, միգուցե լսելի դառնան այս հարցերը` ովքե՞ր ենք մենք ու ի՞նչ ենք ուզում աշխարհից: Դրանից հետո հարկ է «գլուխը կորցրած » վիճակից դուրս գալ, վերագտնել այն ու պարզել, թե ովքեր են աշխարհի այս կամ այն ազգերը, ու իրենք ինչ են ուզում աշխարհից: Ընթացքում, երբ կռացած, սողեսող ու սոված վիճակը հաղթահարելու ցանկություն ունենանք, ուրախ դեմքով ու երիտասարդական ավյունով կմտածենք նաեւ «ինչպե՞ս» հարցին պատասխանելու ուղղությամբ: Առանց այս հարցերին պատասխանելու մենք աննպատակ գոյ ենք` «ծերունական» հիվանդությամբ տառապող: Մեզ մեր «Մայդանում» երիտասարդանալ է պետք: