Հանրապետության օրվան ընդառաջ
Պետականաշինության գաղափարով առաջնորդվող յուրաքանչյուր ժողովրդի համար երբեւէ անկախության հասնելը նրա կյանքում ամենամեծ իրադարձությունն է եւ իր արժեքով գրեթե համազոր է գոյապահպանական որեւէ պատերազմում հաղթելու բերկրանքին: Ու դա է պատճառը, որ հետագա սերունդները տվյալ ժամանակաշրջանն ընկալում են իբրեւ ոսկե դար: Պատահական չէ, որ աշխարհի քաղաքական շատ ինստիտուտներ տարբեր ժողովուրդների անցյալին ու պատմությանն անդրադառնալիս սկզբնակետ են վերցնում նրանց պետական կազմավորում հիմնելու փաստը ու տվյալ ազգի պատմությունը շաղկապում այդ պետության պատմության հետ:
Մեր ազգածագման առասպելում եւս ընկած է Հայկ Նահապետի` հայության բնօրրանում հաստատվելու, սեփական տունը` պետությունը հիմնելու ու այդ տանն ազատ ու ինքնիշխան ապրելու գաղափարը: Ուստի ժողովուրդը Հայոց տունը հիմնադրած Հայկ Նահապետի առասպելական ժամանակը պատկերացրել է որպես հայության երբեւէ ունեցած ոսկե դարը:
Հայոց հավաքական հիշողությունը դարերի հորձանուտում պահպանել է նաեւ Հայկի ազատատենչության ու ինքնիշխանության օրինակով անձնվիրություն ցուցաբերած հայրերի անուններ, որոնք տեղի չեն տվել օտար բռնակալների ուժին ու ժողովրդին առաջնորդել են անկախ պետություն կառուցելու ճանապարհով: Այդ իսկ պատճառով մեր պատմիչները առասպելական ժամանակներից զատ նմանապես շոշափելի «ոսկե դար» են դիտել նաեւ Արտաշես I-ի, Աշոտ I-ի, Լևոն II-ի կառավարման տարիները, հզոր անհատներ, ովքեր երբեւէ վերականգնել են մեր պետականությունը:
Հատկանշական է, որ հայ ժողովրդի` պետականությունը վերականգնելու կապակցությամբ մեր պատմիչների արտահայտած վերաբերմունքի հիմքում մշտապես դրվել է հայոց հումանիտար գիտության գագաթ Մովսես Խորենացու միտքն առ այն, որ երջանկություն է ապրել անկախ պետության գոյության ժամանակաշրջանում: «Ես շատ կփափագեի, որ ա՛յն ժամանակ Փրկիչն եկած եւ ինձ գնած լիներ, որ նրանց ժամանակ ես աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի եւ այժմյան վտանգներից խուսափած լինեի»,- մեր պետականության հաստատման` թագավորական իշխանության հասնելու առիթով գրում է Մովսես Խորենացին:
1918թ. Հայաստանը վերագտավ իր պետականությունը: Սակայն այսօր ոչ ոք չի կարող պնդել, որ նախորդ դարի առանցքային այդ տարիները եղել են մեր «ոսկե դարը»: Իսկ պատճառը շատ ցավոտ է ու նաեւ համադրելի մեր օրերի հետ: Մեր անկախության համար պարտական ենք Սարդարապատի հերոսամարտին, որտեղ, ցավոք, լուծել ենք միայն ազգի գոյապահպանական խնդիրը եւ ոչ երբեք` պետության ու նրա ինքնիշխանության: Այդ է պատճառը, որ 1920-1921թթ. մեր պետականությունը կործանվեց: Կործանվեց, քանի որ պետության հիմնումը գիտակցված ընտրություն չէր ազգի կողմից: 1918թ. մայիսյան օրերին հայը միայն մի խնդիր էր լուծում` պահպանել գոյը եւ տեղ ունենալ աշխարհիս երեսին: Դեպքերի բերումով միայն հարկ եղավ պետություն ու կառավարություն կազմավորել եւ փրկել հարյուր հազարավոր սովահար, գաղթական հայությանն ու ավերված Արարատյան երկիրը թուրքերի վերջին կործանիչ հարվածից:
Ղարաբաղյան շարժման հզոր ալիքի վրա 1990-ական թթ. սկզբին սկսված անկախության գործընթացը թվում էր, թե հայ ժողովրդին զինել է գաղափարական ամենահզոր զենքով` ինքնիշխանության գաղափարով: Սակայն հետագա տարիներն ապացուցեցին, որ պետություն ունենալու եւ նրա հանդեպ հոգատարություն ցուցաբերելու հանրային պահանջ գոյություն չուներ մեզանում: Հետեւաբար, հանրությունը չուներ նաեւ պետության անվտանգության ու ինքնիշխանության այնպիսի զգացում, որը երկիրը զերծ կպահեր օտար վտանգներից: Արդյունքում արձանագրվեց, որ ինչպես Սարդարապատում, Ղարաբաղյան պատերազմում եւս մեր ժողովրդի հաղթանակը հետեւանք էր միայն գոյապահպանական խնդիր լուծելու գիտակցման եւ ոչ երբեք` պետություն հիմնելու համար ոտքի ելած ազգի անկասելի պայքարի:
Այսօր հայ ժողովրդի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրը իր վերընթաց զարգացման գիտակցումն է, որն է` պետական շինարարությունը: Այլապես տասնամյակներ կամ դարեր անց մեր օրերի մասին կխոսվի միայն աշխարհի երեսին մեր ազգի գոյության իրավունքի համատեքստում, իսկ 1991թ. անկախության հասնելու փաստն էլ կդիտարկվի որպես գոյապահպանական պայքարում հանգամանքների զուգորդմամբ ստեղծված ժամանակավոր իրավիճակ:
Մենք այն սերունդն ենք, որն ապրում է պետականության վերականգնման ժամանակահատվածում: Սակայն, ցավոք, գիտակից հանրությունը Խորենացու մատնանշած` տերությամբ զվարճանալու հիմքեր չունի: Իրականում պետականության վերականգնմամբ չենք խուսափել արտաքին ու ներքին սպառնալիքներից, քանի որ անկախությունը ձեռք ենք բերել դեպքերի բերմամբ եւ ոչ` հանուն անկախության գիտակցված համաժողովրդական պայքարի արդյունքում: Հանրության մեծ մասի համար երկրի անկախության եւ ինքնիշխանության գաղափարը ներկայումս չի դիտվում որպես բացարձակ արժեք: Ուստի, ողջ ժողովրդի ուշադրությունը գամված է մնում սեւեռուն մի մտքի վրա` պահպանել գոյը թեկուզեւ արտագաղթի միջոցով:
Մայիսի 28-ի Հանրապետության օրվա առիթով հարկ է եւս մեկ անգամ խորհել մեր պետական անկախության մասին: Պետություն, որի ինքնիշխանության յուրաքանչյուր սանտիմետրը նվաճելու դիմաց մեզանից հեռացնում ենք գոյապահպանության դարավոր խնդիրը: