статьи

Ցեղասպանված ազատություն

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասագրքում կա մի պատկերային խաղ: Նկարի վրա նույն ուղղությամբ ընթացող ձկների հետ մեկտեղ պատկերված է նաեւ մի այլ ձուկ, որը հակառակ ուղղությամբ է ընթանում: Խաղն անվանված է` «Մեկն ավելորդ է» եւ երեխայից պահանջվում է շրջագծել «ավելորդը»:

Կարելի է այս դրվագը բոլոր տարբերությունները փնովող ու համահարթեցնող մտածողության վառ օրինակներից մեկը դիտարկել: Ինչպես տեսնում ենք խաղի միջոցով մերժման է արժանանում ու ավելորդ է դիտվում տարբերվողը: Դեռ վաղ տարիքից երեխայի մեջ ներդրվում է այն մտայնությունը, որ ավելորդ են բոլոր նրանք, ովքեր ընթանում են հոսանքին հակառակ:

Անշուշտ, ընտանիքում ու դպրոցում ուսուցանվող նման «մանրուքները» մեր ժողովրդի հոգեբանական կառուցվածքի վրա լուրջ ազդեցություն են գործում: Ընդհանրապես պատկերային նման նկարի ի հայտ գալը ցուցանում է այդ նկարը կազմող քաղաքացու մոտ հենց նույնպիսի մտածողության առկայությունը: Նկատելի է, որ մինչ երիտասարդ սերնդին հասնելը նկարում պատկերված աշխարհայացքը յուրացված նորմա է եղել ինչպես նկարի հեղինակի մոտ, այնպես էլ նրա շրջապատում: Ավագ սերնդի մոտ նույնակերպ մտածողության արդյունքում է, որ այն կարողացել է դասագրքային ճշմարտության վերածվել ու բացի առանձին անհատներից, աննկատ մնալ հանրային լայն շերտերի համար:

Այսպիսով, նկարի նկատմամբ ուսուցիչների ու ծնողների լոյալությունն արդեն իսկ վկայում է մեր գիտակցությունում խոր արմատներ ձգած որոշակի մտածողության մասին: Կարելի է նկատել, որ խոսքն այնպիսի մտածողության մասին է, որն իր կենսունակությունը պահում է տարբեր սերունդներ կազմող հերթափոխերում: Տարբերությունները բացառելու, միագիծ ուղուց չշեղվելու, ավելորդ չդառնալու մասին մեզ կրթում են մարդիկ, ում կրթել են նմանատիպ կարծրատիպեր ունեցած նրանց հայրերն ու մայրերը, պապերն ու տատերը: Մենք գործ ունենք ազգային մշակույթի արատավոր մի էլեմենտի հետ:

Այսօր իհարկե կարելի է չնկատել նման «մանրուքները», գնալ «ավելորդներին» իրենցից դուրս դնող հոսանքին համընթաց եւ հենց նույն այդ համահարթեցնող մտածողությանը տուրք տալով` փորձել այլ հարցերում եւս մերվել ընդհանուրի հետ այնպես, ինչպես քննարկվող պատկերային նկարում պահանջվում է մեր երեխաներից: Թվում է, թե դա ամենից անվտանգ մարդկային վարքն է: Չէ որ հայտնի հոգեբան ու սոցիոլոգ Է. Ֆրոմը հենց այդ վարքագիծը ուսումնասիրելիս էր հանգել այն եզրակացությանը, որ հարմարվողականությունը մարդու պաշտպանական կարեւոր մեխանիզմներից է:

Համաձայն Ֆրոմի` պատեհապաշտությունը օգնում է անհատին ձերբազատվել մենության ու անզորության անտանելի զգացումից: Բոլոր պատեհապաշտները լի են միայնության վախով ու սեփական ոչնչության զգացումով: Հաճախ այդ զգացումները գիտակցված չեն լինում, հաճախ թաքնվում են կոմպենսացնող այլ զգացումների մեջ, որոնք արտահայտվում են սեփական անձի կատարելիության ու առավելությունների մասին պատկերացումների ձեւով: Վախեցած անհատը փնտրում է ինչ-որ մեկին, ում հետ կկարողանա կապել իր անհատականությունը: Նա այլեւս ի վիճակի չի լինում մնալ ինքն իրենով եւ, իրենից գցելով սեփական «ես»-ի բեռը, տենդագին փորձում է կրկին վստահություն ձեռք բերել այլոց մեջ:

Ըստ Ֆրոմի` «ես»-ի բեռի ծանրությունից ազատվելու երկու ճանապարհ կա: Մեկը մազոխիստական ձգտումներն են, որի դեպքում անձը փորձում է կորցնել ինքն իրեն, կորցնել սեփական անհատականությունը ու ազատվել ազատության բեռից: Եթե անձը գտնում է սոցիալական ֆորմաներ, որոնք բավարարում են նրա մազոխիստական հակումները (օրինակ` ֆաշիստական վարչակարգի պայմաններում առաջնորդին ենթարկվելը), ապա նա ձեռք է բերում որոշակի վստահություն արդեն այն միասնության հաշվին, որ ինքը եւ մյուս միլիոնավոր մարդիկ կիսում են նույն զգացումները:

Մյուս ճանապարհը մեծ ու հզոր ամբողջի մասը դառնալու փորձն է, փորձն է ձուլվել արտաքին ուժի մեջ, դառնալ նրա մասնիկը: Նման ուժ կարող է լինել մեկ ուրիշ մարդը, հանրային ինչ-որ ինստիտուտ, աստվածը, ազգը եւ այլն: Անսասան, հավերժ ու հրաշալի դիտվող այդ ուժի մասը դառնալով` մարդն իրեն կապում է վերջինիս հզորության ու փառքի հետ: Նա հրաժարվում է իր ուժից ու «ես»-ի հպարտությունից, սեփական ազատությունից, բայց դրա հետ մեկտեղ ձեռք է բերում նոր վստահություն ու հպարտություն` ելնելով այն ուժի մասնիկը լինելու հանգամանքից, որի մասն է նա արդեն կազմում: Եւ բացի այդ ձեռք է բերում պաշտպանություն տանջալի կասկածներից: Մազոխիստն այստեղ զերծ է որոշումներ կայացնելուց, նա ազատված է իր կյանքի համար վերջնական պատասխանատվությունից, որով եւ այն տարակուսանքից, թե ինչպիսի որոշում պետք է կայացնի:

Ինչպես տեսնում ենք Ֆրոմի տեսությունը մեր հանրության ցուցաբերած վարքագծի հետ կոնկրետ զուգահեռներ ունի: Հային մանկուց դաստիարակում են լինել հոսանքին համընթաց, հեզ ու միագիծ` այլապես կանխորոշելով նրա ավելորդությունը որեւէ սոցիալական կառույցում: Ուստի կատարելիության հասցված հարմարվողականությունն է հենց դարձել մեր նախորդ սերունդների տիպական վարքագիծը: Այն հայի համար եղել է սեփական անզորությունը թաքցնելու հիմնական մեխանիզմը: «Վտառի» ընթացքին մերվելու, երբեք չշեղվելու, հեզությամբ դժվարությունները հաղթահարելու, կյանքի յուրաքանչյուր դժվարությանը հարմարվելու մտածողությամբ ու վարքով իրացվել է ազգի անվտանգությունը կազմակերպելու պահանջմունքը: Դրա հետ մեկտեղ, ինչպես պատկերային նշված խաղում, «ավելորդ» է դիտվել տարրական այն ճշմարտության գիտակցումը, որ խնդիրները լուծում են, ոչ թե շրջանցում:

Ո՞ւր պետք է բերեր նման ընթացքը:

Ֆրոմի տեսության մակերեսային բացատրությամբ կարելի է հանգել այն մտքին, որ հարմարվողականությամբ լուծվում են անհատի եւ հանրության անվտանգության խնդիրները: Սակայն, Ֆրոմի տեսությունն այն մասին է, որ պատեհապաշտության միջոցով միայն բավարարվում են մարդկանց պաշտպանված լինելու հոգեկան պահանջմունքները: Իսկ խնդիրները միեւնույն է մնում են:

Ցավոք մեկ դար արդեն ուշացել ենք: Մեր իսկ ազգի ապրած ողբերգությունը ապացուցում է, որ որքան էլ պատեհապաշտի «սաղավարտը» հագնելով գլուխդ խրես ավազի մեջ` միեւնույնն է խնդիրներից չես ձերբազատվի: Չնայած պատեհապաշտության միջոցով չեզոքացվում են թվացյալ կամ իրական տարբեր վտանգների շուրջ եղած մարդկային ապրումները, սակայն դրա հետ մեկտեղ հենց պատեհապաշտներն են դառնում այլոց ագրեսիվ վարքի իրացման լավագույն թիրախը:

Իհարկե երբեմն, երբ ակնառու են միայնության ու սեփական անզորության վախերը, դրանք կարելի է կոմպենսացնել առաջին քրիստոնյա ազգի, Ծովից-ծով Հայաստանի, համաշխարհային քաղաքակրթության մեջ սեփական ներդրման մասին պատմող բազում փաստարկներով, «մարտնչող» տգիտությամբ, մեծամտությամբ ու շովինիզմով: Սակայն դրանով սեփական անվտանգությանը չես օգնի: Պատեհապաշտի կյանքը գոյատեւելն է, իսկ նրա գոյությունը կարելի է հանդուրժել այնքան ժամանակ, քանի դեռ վերջինիս օգտակարության գործակիցը իրենից ինչ-որ արժեք դեռ ներկայացնում է:

Հարյուր տարի առաջ ինչ-որ «գայլաձկներ» մեզ ավելորդ համարեցին ու այլեւս չհանդուրժեցին: Եւ մեր «վտառը» կարողացան իրենց երախի մեջ առնել հենց նրա շնորհիվ, որ մենք դարեր շարունակ մերժել ու ավելորդ էինք համարել մեր անկման ընթացքից շեղված բազում «շնաձկների»:

Մեր ազգի մեջ բուն դրած կրոնական գիտակցությունը միտք վերարտադրելիս մինչեւ հիմա մեռած տեքստեր պատճենելով է զբաղված եւ խոսում է միայն ազգի միատարրության մասին: Ծանր երկանքի քար է հարմարվողականությունը, այն նորությունն ու բազմազանությունը չի ընդունում: Ատում է նա բոլոր աննմաններին, տրորում, ոչնչացնում դոգմայից շեղվածներին ու անվերջ պտտվում իր առանցքի շուրջը:

Պատահական չէ, որ Հայոց եկեղեցին հայի ազգությունը իր հետեւորդը լինելու փաստով է որոշում: Իսկ հայաստանյան կուսակցություններն էլ «մերոնքականին» ընդունում են գծի մեջ լինելու հանգամանքով: Այդպես տասնամյակներ ու հարյուրամյակներ պտտվում են նրանք միայն իրենց առանցքի շուրջը, տրորում այլակարծությունը, «աղում» ու «մաղում» ավելորդներին: Բայց դրա հետ մեկտեղ որքան հպարտ են նրանք, որ հեռավոր մոսկվաներում ու վաշինգտոններում ունեն հզոր հովանավորներ ու իրենց կարող են վերագրել այդ հզորագույն ուժերի փոքրագույն մասնիկը լինելու պատիվը:

Պատեհապաշտի համար ծանր բեռ է ինքնուրույնությունն ու ազատությունը, վտանգներով լի մութ աշխարհ է որոշում կայացնելը եւ պատասխանատվություն կրելը: Այդ իսկ պատճառով պետք է սպանել ազատությանը:

Այդպիսին ենք մենք` պատեհապաշտներս ու այդպիսին է մեր ուղին: Մենք դեռ գոյատեւման ընթացքի մեջ ենք, քանզի երբեւէ սպանել ենք ազատությունը ու կանգնել ցեղասպանված ազգերի առաջին հորիզոնականում: Հույսն է մեր ապավենը, հարմարվել ենք հույսին ու պատրաստ ենք միշտ հարմարվել հույսին: Երեւի թե բոլորիս ամենամեծ հույսն այն է, որ մեր գոյության օգտակարության գործակիցը եւս մեկ անգամ զրոյի չի հավասարվի: