статьи

Արտագաղթը` ազգային կենսակերպ

Հայաստանի ներկա մարտահրավերներից մեկի` արտագաղթի մասին, շատ է խոսվել: Առաջնային պատճառների թվում անշուշտ ընկած են երկրում տեղ գտած քաղաքական, տնտեսական, սոցիալական լրջագույն խնդիրները: Բացի այդ, աշխարհի համակարգված միասնականացման ներկա դարաշրջանում միգրացիան անխուսափելի գործընթացի է վերածվել: Միլիոնավոր մարդիկ աշխատանք ու բարեկեցություն գտնելու հույսով հարաճուն շարժի մեջ են դեպի զարգացած երկրներ կամ այնպիսի երկրներ, որտեղ գործում են տնտեսական ակտիվությամբ աչքի ընկնող շուկաներ:

Սակայն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների կողմից հայրենիքը լքելու գործում կան նաեւ էթնոհոգեբանական խորքային շարժառիթներ, որոնք անուղղակիորեն են կապվում աշխարհի, տարածաշրջանի ու Հայաստանի արդի խնդիրների հետ: Հնարավորություն ունենալու դեպքում անցյալում հայրենիքից հեռացել ու հիմա էլ պատրաստ են հեռանալ նաեւ իրենց արմատներին կապված շատ հայորդիներ: Ընդ որում, օտար հողի վրա հաստատվելուց հետո այդ մարդիկ առավելապես շփվել ու շփվում են այն նույն կենցաղով, բարքերով, հաճախում այն նույն դպրոցն ու եկեղեցին, որը թողել են հայրենիքում:

Այսօր դժվար է ասել, թե հայրենիքը լքելու հարցում որն է առանցքային պատճառը: Արդյո՞ք արդի խնդիրներն են պարարտ հող ստեղծում «որտեղ հաց` այնտեղ կաց»-ի փիլիսոփայության` հայրենիքը լքելու ներքին ցանկության լիարժեք գործարկման համար, թե՞, այնուամենայնիվ, «որտեղ հաց` այնտեղ կաց»-ի հոգեբանությունը ընդամենը ինչ-որ մի արդարացում է` ծնված պետության, ընտանեկան, անձնական խնդիրները լուծելու անզորությունից: Ամեն դեպքում մեր ազգը հայրենիքում ունեցած խնդիրների բեռից երբեք էլ թեթեւացած չի եղել եւ հարյուրամյակներ շարունակ զանգվածաբար լքել է այն:

Հայության` հայրենիքից արտագաղթի սկզբնավորումը կապվում է այն ժամանակաշրջանի հետ, երբ տարածաշրջանում ռազմաքաղաքական որոշակի տեղաշարժերի պատճառով երկրի քաղաքական դասը ստիպված էր ինքնադրսեւորման եւ սեփական ապահովության համար իր հանգիստը գտնել Բյուզանդական կայսրությունում: Այլ կերպ ասած հայության արտագաղթի հիմքը դրել են մեր նախարարությունները դեռեւս հազար հինգ հարյուր տարի առաջ: Արշակունյաց թագավորության անկումից հետո նախ այդ արքայատան տարբեր ճյուղերը, իսկ ապա նաեւ նախարարությունների հռոմեասեր առանձին ներկայացուցիչներ սկսեցին տեղափոխվել Բյուզանդական կայսրություն` իրենց հետ դեպի կայսրության խորքերը տանելով նաեւ ռամիկ բնակչության որոշակի զանգվածներ:

Արտագաղթը հատկապես մեծ չափերի հասավ VIII դարում` Արաբական խալիֆայության եւ Բյուզանդական կայսրության տեւական մրցակցության պայմաններում, երբ Կոստանդնուպոլսում հատուկ մշակված կայսերական քաղաքականության միջոցով ստեղծվել էին առանձնահատուկ պայմաններ Հայաստանի ռազմաքաղաքական լավագույն ուժերը կլանելու, նաեւ ամբողջական նախարարական տոհմեր դեպի Բյուզանդիա ներքաշելու համար: Եթե կայսրությունում ունեցած ներդրման` արքունիքում, բանակում նշանակալից ներկայության, ազգությամբ հայ կայսրերի ու զորահրամանատարների մի երկար շարքի առկայությունն այսօր հպարտության առիթ է ծառայում մեզ համար, ապա բուն հայրենիքում նույն այդ ժամանակահատվածում հայության թվաքանակի, քաղաքական ու տնտեսական ազդեցության անկման փաստը իբրեւ ազգային մեծ աղետ ցավոք չի ընկալվում:

Ղեւոնդ պատմիչը, օրինակ, այսպես է նկարագրում Վասպուրականի Արտազ գավառից (ներկայիս Մակուի շրջանը Իրանում) VIII դ. վերջին Շապուհ եւ Համամ Ամատունիների կազմակերպած արտագաղթը դեպի Խաղտիք` Սեւ ծովի հարավ-արեւելյան լեռնաստան, ուր հետագայում Համամի հիմնած բնակավայրի` Համամշենի անունով կազմավորվեց համշենահայությունը.

«Ապա երբ այսպես ունեցվածքից զուրկ մնացին, մերկ, բոբիկ ու սովամահ եւ, իրենց ապրուստի միջոց չգտնելով, քաշվեցին փախստական գնացին Հունաց աշխարհը: Նրանց թիվը ասվում է, թե 12 հազարից ավելի էր, կանանցով ու մանուկներով հանդերձ, եւ նրանց առաջնորդներն էին Ամատունյաց տոհմից Շապուհը, նրա որդի Համամը եւ ուրիշներ Հայաստանի նախարարներից ու նրանց հեծյալներից: … Երբ գետն անցան, շուտափույթ իմաց տվեցին Հունաց Կոստանդին արքային: Սա իր մոտ կանչելով նրանց նախարարներին ու հեծյալներին` պատիվներ շնորհեց եւ մնացյալ խառնիճաղանջ ժողովրդին բնակեցրեց բարվոք ու արգավանդ երկրում: Սակայն ժողովրդի կեսը, որ մնաց [հայրենքիում], սաստիկ կարոտության պատճառով ստրկական ծառայության անձնատուր եղավ, փայտահատ ու ջրաբեր դարձավ գաբավոնացիների նման»:

Դարերի ընթացքում երկրից քաղաքական վերնախավի հետ միասին արտադրող եւ մտավոր կարող շերտերի արտագաղթը տարածաշրջանում հայության դերի նվազման հիմնական պատճառն է եղել: XI դարում իրար ետեւից հայոց թագավորությունների կցումը Բյուզանդական կայսրությանը տարածաշրջանում հիմնովին փոխեց ժողովրդագրական պատկերը, քանի որ Բագրատունի ու Արծրունի թագավորների հետ միասին կայսրության կենտրոնական շրջաններ տեղափոխվեցին հայության գործունյա հիմնական զանգվածները:

Ինչպես վկայում է ժամանակագիրներից մեկը` «Եւ հայկազունները` Արծրունիները, Սենեքերիմը, փոխեցին իրենց Հայրենի երկիրը հայկազյան տոմարի 470 (1021) թվականին եւ ելան գնացին բյուզանդացոց երկիրը` 14 հազար տղամարդով, բացի [չհաշված- Ս. Ս.] կանայք ու մանուկները եւ մտան հոռոմների ծառայության, լծի տակ: Հովհաննես թագավորի որդի Գագիկ Բագրատունին նույնպես փոխեց իր Հայրենիքը 490 (1041) թվականին եւ գնաց հոռոմների մոտ»:

Մի այլ ժամանակագիր Վասպուրականից կազմակերպված գաղթի նույն այդ դեպքերի կապակցությամբ բերում է կայսրությանն անցած Արծրունիների թագավորության բերդերի, գյուղերի ու եկեղեցական հաստատությունների ամբողջական պատկերը.

«Այն ժամանակ [Սենեքերիմը] որոշեց իր հայրենի երկիրը տալ հույների Վասիլ արքային ու [փոխարենը] ստանալ Սեբաստիան, եւ անմիջապես նամակ գրեց կայսեր: Վասիլ կայսրը տեղեկանալով այդ մասին, գոհ մնաց ու նրան տվեց Սեբաստիան: Եւ Սենեքերիմը տվեց Վասպուրական երկիրը` 72 թեմաբերդ, 4000 գյուղ, բայց վանքերը` 115 վանք, չտվեց, այլ պահեց, որպեսզի իր համար աղոթեն: … Սենեքերիմը իր ամբողջ ընտանիքով եւ ժողովրդով ելավ եկավ Սեբաստիա: Հայոց երկիրը թագավորներից եւ իշխաններից դատարկվեց»:

Միջնադարում ժողովրդի կողմից հայրենիքը լքելու գործը գլուխ բերելու համար իշխող խավերը միանշանակ խնդիր են ունեցել հանրությանը հիմնավորել գաղթելու անհրաժեշտությունն ու օրինավորությունը: Այսօր աշխարհում նյութական շահի գերիշխանության պայմաններում անցյալի գաղափարական իմպերատիվները երբեմն անհասկանալի են մնում մեզ համար: Տուրք տալով պատմության ձեւական կողմին` մեր դասագրքերն այսօր արձանագրում են միայն այն փաստը, որ հայոց իշխող ընտրախավը, արտաքին վտանգների ու ճնշումների, Կոստանդնոպոլսի կիրառած քաղտեխնոլոգիաների պատճառով, ստիպված էր ամբողջական թագավորություններ կտակել ու հանձնել Բյուզանդիային, ինչպես եւ կատարել ժողովրդի ամբողջական գաղթեցումներ մի երկրից մի այլ երկիր: Սակայն անցյալում չէր կարող լինել համապետական որեւէ նախաձեռնություն, որը չանցներ եկեղեցու գաղափարաքարոզչական ֆիլտրող խողովակներով` հիմնավորելու համար իշխանություն ունեցող շրջանակների գործողությունների օրինակարգությունն ու օրինականությունը:

Վերը բերված տեղեկության մեջ Արծրունի թագավորի կողմից 115 վանքերի կայսրությանը չհանձնելու փաստը Վասպուրականում իր օրինակարգությունը արթուն պահելու Սենեքերիմի ցանկության վկայությունն է: Սակայն գաղթի դուրս չեկած ժողովրդի կողմից թագավորի կյանքի համար աղոթքների պահպանման կարգը եթե միտված է եղել Սենեքերիմի կամ նրա ժառանգների վերադարձի ապագա ծրագրերին, ապա ո՞րն է եղել գաղթելու օրինականությունը հիմնավորող գաղափարաքարոզչական մեխանիզմը: Արծրունիների պատմությունը ավանդող անանուն ժամանակագիրներից մեկը, մեջբերելով Մատթեոսի ավետարանի Ժ գլխի 23-րդ պարբերությունից մի հատված, 1021թ. կազմակերպված մի ամբողջ թագավորության գաղթի կապակցությամբ շատ կոնկրետ նշում է գաղափարական այդ թելադրանք-մեխանիզմը: Ըստ նրա` «Ապա մեր մեղքերի պատճառով մեզ վրա հարձակվեց ելիմացիների ցեղը եւ, ինչպես ասացինք վերեւում, հանապազօր նեղում էին, սրածում ու հալումաշ անում քրիստոնյա ժողովրդին: Սենեքերիմ թագավորը մտաբերեց տիրոջ պատվիրանը, որն ասում է` «երբ ձեզ կհալածեն այս քաղաքում, փախեք մյուսը»:

Ահա այն հիմնավորումը, որն աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունների կողմից պարբերաբար կյանքի կոչվելուց հետո ժողովրդի մեջ վերափոխվել է հայրենիքը լքելու եւ օտար ափերում հաստատվելու կայուն մշակույթի: Հենց սա է հայոց «որտեղ հաց` այնտեղ կաց»-ի նախակարապետը: Այս քարոզչական հնարքով է եկեղեցին հիմնավորել քաղաքական իշխանության կազմակերպած գաղթի օրինականությունը եւ հիմք տվել, որ հայությունը իշխանության մականի փոխարեն իր ձեռքը վերցնի գաղթականի ցուպը (խնդիրները տեղում լուծելու ցանկության ու կամքի բանեցման փոխարեն ընտրի խնդիրներից փախչելու ճանապարհը): Հետագա դարերում, երբ քաղաքական վերնախավի բացակայության պատճառով օտարների կողմից հայությանը ներկայացվող պահանջը քաղաքականից վերափոխվել է միմիայն տնտեսականի, քաղաքական հալածանքների «հաղթահարման» արատավոր այդ բանաձեւը` «երբ ձեզ կհալածեն այս քաղաքում, փախեք մյուսը», վերափոխվել է զուտ տնտեսական, որկրամոլական բանաձեւի` «որտեղ հաց` այնտեղ կաց»-ի:

Վան-Վասպուրականի վերեւում նկարագրված դեպքերից անցում կատարենք մի այլ մայրաքաղաքի եւ տեսնենք, թե ինչ է ցուցանում նրա պատմությունը արտագաղթի հարցի շուրջ: Մինչեւ հիմա Անիի կործանման պատմությունը գիտականորեն լիովին բացահայտված չէ: Շատ պատմաբաններ մատնանշում են տարբեր արշավանքների բերած ավերածությունների կամ երկրաշարժի փաստերը: Սակայն կարելի է նկատել, որ դրանք քաղաքի անկման (թեկուզեւ` իրական) այնպիսի շարժառիթներ են, որոնք չեն մեկնաբանում Անիի ամայացման երկարատեւ գործընթացի առաջ բերած ամբողջ ողբերգությունը: Հայտնի է, սակայն, որ տարբեր տասնամյակներում իրականացված անեցիների գաղթերի շնորհիվ են ձեւավորել Հյուսիսային Կովկասի եւ Ղրիմի հայ գաղթօջախները: Ահա հենց «երբ ձեզ կհալածեն այս քաղաքում, փախեք մյուսը» կամ «որտեղ հաց` այնտեղ կաց» բանաձեւերի միջոցով կյանքի կոչված այդ գաղթերն են, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեն Անիի կործանման մասին խոսելիս:

Հայտնի փաստ է, որ XI դարի վերջին Անիի վերջին արքա Գագիկ II-ի ժառանգները վերադարձել են Անի եւ փորձել սելջուկների հետ լեզու գտնելու միջոցով կրկին տեր դառնալ Անիին: Սակայն այդ ծրագիրը տապալվել է եւ Բագրատունի արքայորդիները հեռացել են մեզ անհայտ ուղղությամբ:

Գահաժառանգների կրկին հայտնվելը Անիում, ապա` անհայտանալը, պատմությանն առավելապես անհայտ էջերի թվին է դասվում: Սակայն դրա փոխարեն հետագա դարերում ի հայտ է եկել անեցիների` դեպի Հյուսիսային Կովկաս եւ Ղրիմ գաղթելու երեւույթը: Անշուշտ այդ գաղթերը կյանքի կոչելիս կիրառվել են մեր մատնանշած գաղափարաքարոզչական մեխանիզմները: Հետագայում` հատկապես սկսած XV դարից, երբ բոլորովին սպառվել են ժողովրդին գաղթի ենթարկելու նախկին շահագրգռությունները, հայության համար մնացել է գաղթականի ցուպը ձեռքին օտարության մեջ հայտնվելու զուտ տնտեսական շարժառիթը: Այդ «մութ» դարերում, երբ ավանդական քաղաքական վերնախավը թե հայրենիքում եւ թե օտար, ամայի ճանապարհների վրա փոշիացած է եղել, հայության կոլեկտիվ գիտակցականում ամրապնդվել է արտագաղթի` որպես առկա տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու ամենահեշտ ու ընդունելի միջոցի, պահանջմունքը։ Դրանից հետո է, որ մեր ժողովրդի համար արտագաղթը, իբրեւ հանապազօրյա հացի փնտրտուք, ազգային կենսակերպի է վերածվել։ Ցավոք այդպես է մինչ օրս: