Մեր հայ կանայք - 1
Անկախ Հայաստանի քառորդդարյա ժամանակահատվածը շարունակական անկման մի շրջան է, որն, ի վերջո, հանգեցրել է լրջագույն սոցիալական ճգնաժամի եւ քաղաքական, տնտեսական կյանքի պարալիզացմանը։ Անկմանը նպաստած սուբյեկտիվ պատճառների մասին խոսվել է ոչ մեկ անգամ։ Այդ թվում նշվել են խորքային էթնոհոգեբանական այնպիսի պատճառներ, որոնք անցյալում ուղղակի ազդեցություն են թողել ու ներկայում շարունակում են թողնել քաղաքական գործընթացների վրա:
Մարդկային տասնյակ արատներ, ինչպիսիք են նյութապաշտությունը, մորթապաշտությունը, պատեհապաշտությունը, ծառայամտությունը եւ այլն, անցյալի ողբերգությունների, իսկ ներկայում` պետական մեքենայի ճահճում հայտնվելու գործում ճակատագրական նշանակություն են ունեցել։ Մեր արատների արդյունքում է, որ տարիներ առաջ «տիղմը» ջրի երես է ելել` ազգի քրեական թափթփուկները յուրացրել են պետական կառավարման համակարգն ու այն իրենց ձեռքում են պահում մինչ օրս։ Հազարավոր մարդկանց գիտակցությունից ու վարքից, բարքերից, ինչպես նաեւ տարբեր արատներից հյուսված պետության հանրային օրգանիզմը նախ հիմնավոր հիվանդացել է, ապա սկսել թարախակալել: Շյուղ առ շյուղ ախտահարված թելերով գործվել է նաեւ քաղաքական այն շապիկը, որը հիմա իրենց մարմնի վրա են կրում բոլորը։ Հիվանդ հանրությունն իրեն ծածկել է վարակակիր, կեղտոտ թելերով կարված քաղաքական այդ շապիկով: Ամբողջ քաղաքական դաշտը քրքրված ու որդնած փալաս է հիշեցնում:
Սակայն, մարդկային ընդհանրական արատներից բացի, պետության ու հանրության անկման գործում դեր են խաղացել նաեւ այլ հիմնարար պատճառներ: Վերջիններս հայելային արտապատկերմամբ բնականորեն ներկա են նաեւ քաղաքական դաշտում: Մասնավորապես՝ հայության քաղաքական կյանքի անմխիթար վիճակի ձեւավորման վրա մեծ հետք է թողել սեռային հոգեբանության ու վարքի գործոնը:
Անշուշտ, բոլոր ժամանակներում մեր ազգի հաջողությունների մեջ իր ուրույն դերակատարությունն է ունեցել հայ կինը։ Ժամանակակից մեծագույն հայերից մեկը՝ Վարդան Պետրոսյանը, բեմական հիանալի ստեղծագործություն ունի «Մեր հայ կանայք» վերնագրով, որը լավագույնս արտահայտում է կնոջ դրական դերը հայության կյանքում։ Սակայն, դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է նկատել, որ երբ պետությունը ճգնաժամ է ապրում, երբ քաղաքական կյանքը խեղկատակություն է հիշեցնում, երբ երկիրն անկման մեջ է, իսկ քաղաքացիներն արտագաղթելու ճանապարհին են կանգնած, երբ ազգը միայն ողբերգություններ է ապրում ու ողբերգություններով ապրում, ազգի ու պետության կյանքում հայ կանանց դերակատարության մասին միայն դրական խոսքերը կեղծիք են դառնում եւ շառլատանության վերածվում:
Կինը հուզական էակ է եւ ինքնապաշտպանական ամուր բնազդների, ինչպես նաեւ մեր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին ամեն առիթով կենացներ ձոնելու երեւույթի ազդեցության տակ կարող է իր կոշտ անհամաձայնությունը հայտնել քննարկվող հարցի կապակցությամբ: Տղամարդը, որքան էլ բանական էակ է, սակայն նրա անգիտակցականում ամուր նստած է կանանց շողոքորթելու երեւույթը։ Դա կենսաբանական վարք է, ուստի իրեն շրջապատող կանանց հաճոյանալու համար հայ տղամարդը նույնպես լիովին ազատ է խարազանել մեր ազգի ու պետության անկման գործում կանանց դերը քննարկողներին:
Սակայն, դուրս գալով կանանց շուրջ ձեւավորված առկա կաղապարներից, ինչպես նաեւ կանանց հաճոյանալու՝ տղամարդկանց կենսաբանական վարքի, ամպագոռգոռ կենացների, կեղծ պատվախնդրության շրջանակներից` մեր քաղաքացիները, այնուամենայնիվ, ստիպված են ընդունել, որ չի կարող օրգանիզմը հիվանդ, իսկ նրա հիմնատարր առանցքը` կինը, առողջ, կենսաբեր ու կենսատու լինել: Ուստի տղամարդու շողոքորթելու, կանացի ինքնասիրահարվածության ու եսասիրության երեւույթներից ձերբազատվելով` հարկ է բաց աչքերով նայել հանրային ու հատկապես քաղաքական կյանքի վրա հայ կնոջ ունեցած ազդեցությանն ու դերակատարությանը։
Հայ կինը մեր քաղաքական կյանքի հիմնական շարժիչ ուժն է, եւ այդ երեւույթը ունի մշակութաբանական բացատրություն։ Հանրահայտ փաստ է, որ սեռային դիմորֆիզմը (երկկերպությունը) վերաբերում է մարդկային օնտոգենեզի հիմնարար, կայուն բնութագրիչների թվին, ուստի աշխատանքի սեռային բաժանումը այս կամ այն կերպով գոյություն է ունեցել ցանկացած հանրությունում: Եթե հարցը դիտարկենք պատմական կտրվածքով, ապա, հետեւելով սոցիոլոգ Ի. Կոնին, պետք է նկատենք, որ սեռային դերերի տարբերակման ավանդական համակարգը առանձնացել է հետեւյալ բնութագրիչներով`
ա. տղամարդկանց եւ կանանց գործունեության տեսակները եւ անձնական որակները շատ կտրուկ տարբերակում են ունեցել եւ բեւեռացված են դիտարկվել,
բ. այդ տարբերությունները մեկնաբանվել են կրոնի միջոցով կամ հղում կատարելով բնությանը եւ ընկալվել են իբրեւ անխախտ,
գ. տղամարդկանց ու կանանց գործառույթները ոչ միայն փոխլրացնող են եղել, այլ նաեւ` հիերարխիկ. կնոջը վերապահվել է կախյալ, ենթակա դեր, այնպես, որ կնոջ կատարյալ կերպարը կառուցվել է տղամարդու հետաքրքրությունների ու շահերի դիտանկյունից:
Հայոց հանրային կյանքում սեռերի միջեւ փոխհարաբերությունների նման պատրիարխալությունը եւ աշխատանքի դերաբաշխումը որոշակի առանձնահատկություններ է ունեցել: Տղամարդու իշխանությունը տան պատերից դուրս լիարժեք է եղել, սակայն ներսում՝ երեւութական: Ավանդաբար կինը տան (գլխատան) «հիմնասյունն» է եղել: Թոնրի կրակը վառելու ու անմար պահելու (խորքային իմաստով նույնացվել է «Օջախի» պահապան աստվածուհու կերպարի հետ), տղամարդկանց կերակրելու եւ աշխատանքի ճանապարհելու, ընտանեկան անդորրին հետեւելու, որդիներին հաշտեցնելու, հարսներին սաստելու, հայթայթվող եկամուտը (հարստությունը) կուտակելու եւ այլ գործառույթից ելնելով՝ նրա իշխանությունը տանը եղել է բավական առարկայական: Այսօր կնոջ ճնշված կերպարի անհարկի չափազանցությունները, աշխարհում ֆեմինիզմի ուղղորդված էքսպանսիան եւ այլ պատճառներ թույլ չեն տալիս տեսնել հայկական ընտանիքում կնոջ ունեցած անչափ մեծ այդ ազդեցությունը (տվյալ հարցով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ ազգագրագետ Երվանդ Լալայանի աշխատություններին` հրապարակված «Ազգագրական հանդէս»-ում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին):
Ավանդաբար հայ կնոջ իշխանությունն ավարտվել է տան շեմին: Տան պատերից դուրս մշտապես եղել է տղամարդու անվերապահ իշխանությունը: Սակայն, կարծես լուռ համաձայնությամբ, տղամարդը եւ կինը պայման են կապել, որ տան ներսում տղամարդու երեւութական իշխանությունը իրական ներկայացվի դրսում: Տանտիկնոջ խելամտության արդյունքում տղամարդու թվացյալ այդ իշխանության արտացոլանքը պահպանվել է նաեւ ընտանիքի (գերդաստանի) ներսում` որդիների, թոռների, ծոռների ու նրանց հարսների շրջանում: Պահպանվել են արարողակարգային որոշակի ստանդարտներ` սեղանի շուրջ նստելու, խոսքի իրավունքի եւ այլն, որոնք լիարժեք ծառայել են տան իրական իշխանության աղբյուրի սքողմանը թե՛ հյուրերի եւ թե՛ ընտանիքի անդամների շրջանում:
Այսօր հաշտ ապրող կամ արտաքնապես թվացյալ հաշտ ապրող գրեթե ցանկացած ընտանիքում պահպանվում են ավանդական սեռային դերերը, այդ թվում` կնոջ գերիշխանությունը: Իսկ կոնֆլիկտային շատ ընտանիքներում առավելապես ընկած է կնոջ հատկապես ավանդական մի գործառույթի գործարկման արդյունքում տղամարդու եւ կնոջ վեճը: Խոսքը հայթայթվող եկամուտը (հարստությունը) կուտակելու գործառույթի մասին է այն պայմաններում, երբ իրականում տղամարդն այսօր չի կարողանում բավարարել կնոջ ֆինանսական «ախորժակը»:
Վերջին հարյուրամյակներում, զրկված լինելով պետականությունից, հայությունը իր հայրենիքում սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու գործում ստիպված է եղել շարժվել առանց քաղաքական հրամայականների (բացառություններ եղել են, իհարկե, հատկապես` Սյունիքում ու Արցախում): XIV դարում քաղաքական ավանդական վերնախավի վերջնական կործանման արդյունքում եկեղեցու կողմից արդեն XV դարում քաղաքական գործառույթի լիակատար յուրացումը (արդյունքում 1441թ. հիմնվել է Էջմիածնի կաթողիկոսությունը, իսկ 1461թ.` Պոլսո հայոց պատրիարքությունը) եւ հայության լուռ համաձայնությունը նման ինքնիրավչությանը ունեցել է այն հետեւանքը, որ հանրային կյանքում որպես առավելագույն նշաձող բնականորեն սահմանվել է զուտ նյութական բարեկեցության հասնելու նպատակը: Հանրային կյանքի կառուցման քաղաքական առաջնահերթությունները դարձել են անընկալելի ու անգամ վտանգավոր:
Դրան նպաստել է ուշ միջնադարում հայության ամենահաջողակ սոցիալական շերտերի` առեւտրականների ու հոգեւորականների՝ նյութական շահի վրա կառուցված փոխգործակցությունը եւ հայկական առեւտրային կապիտալի էքսպանսիան ամբողջ աշխարհում: Այդուհետ որպես նպատակային գործունեության կատարյալ վիճակ հայկական ընտանիքներում եւս ընդունվել է սեփական ընտանիքների նյութական կարիքների բավարարումն ու հնարավորության դեպքում հարստության կուտակումն այնպես, ինչպես դա առկա է եղել առեւտրականների ու հոգեւորականների մոտ:
Սկսած XIV դարից նյութական կարողությունների կուտակման միջոցով ընտանիքում կնոջ իշխանության ամրապնդմանը ներազգային մոտիվացված շարժառիթներից բացի նպաստել են նաեւ արտաքին հանգամանքները: Հայ ժողովրդի պետականազրկության եւ քաղաքական վերնախավի բացակայության պատճառով օտարների կողմից հայությանը ներկայացվող պահանջը քաղաքականից վերափոխվել է միմիայն տնտեսականի: Օտար կայսրություններում հայությանը վերապահվել է առեւտրատնտեսական գործառույթի սպասարկում: Արդյունքում տնտեսական շահագործումը հայ ընտանիքների մոտ ստեղծել է լրացուցիչ պահանջմունք` կուտակել նյութական ու ֆինանսական առավել մեծ միջոցներ` կայսերական ու տեղական կառավարիչների հարկային բեռը ապահովելու համար: Ընտանիքում հայ կնոջ վերահսկողության տակ եղած «գանձարկղը» ինքնաբերաբար դարձել է Օսմանյան ու Սեֆյան գանձարանների սկզբնական գրասենյակը:
Ընտանիքում տանտիկնոջ կողմից ֆինանսներ, թանկարժեք մետաղներ, զարդեր կուտակելու երեւույթը դարերի ընթացքում առավելապես ծառայել է ընտանիքում կնոջ իշխանության ծավալմանը: Տղամարդու հայթայթած միջոցները կուտակելու` կնոջ գործառույթը եւ ընտանիքի «գանձապետի պաշտոնը» դարձել են այն ամուր հիմքը, որով կինը տան ներսում հաստատել է «երկաթե շերեփի» կամ «գդգդացող» դժգոհ կնոջ իր իշխանությունը: Տնտեսությունը վարելու հետ մեկտեղ վայելքների ու շքեղության հանդեպ կանացի բնական պահանջմունքը, շրջապատող այլ կանանց հետ մրցակցելու կենսաբանական վարքը նպաստել են, որ նյութական շահի հանդեպ կնոջ հակումները դառնան լիարժեք: Հայ կինը բոլոր հնարավոր միջոցներով (փնթփնթոց, վեճ, անկողին եւ այլն) տղամարդուն պատվիրակել է մի խնդրի լուծում` բարելավել ընտանիքի (իր) բյուջեի մշտապես անբավարար վիճակը:
(Շարունակելի)