статьи

Մեր հայ կանայք - 2

Սկսած XIV դարից հայության շրջանում ազգային պետական կյանքի բացակայությունը նրա կյանքը ներփակել է տնտեսապես ինքնակառավարվող երկու սոցիալական կազմակերպությունների` ընտանիքի ու համայնքի հիմքի վրա կառուցված ընտանեկան ու համայնական կացութաձեւերի մեջ: Այդ ժամանակահատվածում ընտանիքում` կնոջ, իսկ համայնքում` տղամարդու ունեցած դերն ու ազդեցությունը որոշակի հավասարակշռությամբ ու համաչափությամբ կարող էին իրար փոխլրացնել, քանի դեռ պետական կյանքը մնում էր որպես բարի հուշ` սեղանի շուրջ կամ փողոցում անցյալի հազարամյա պետականության մասին ավանդապատումներ ու հեքիաթներ պատմելու համար:

Սակայն հատկապես XIX դարի վերջում հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը մեծ ծավալներ է ընդգրկում եւ հայ ժողովրդին վերադարձնում քաղաքական հարաբերությունների հորձանուտ: Արդեն XX դարի սկզբում, անցնելով համազգային մեծ ողբերգության առաջ բերած ցնցումների միջով, ազատագրական պայքարն ի վերջո հասնում է վերջնանպատակին` անկախ պետության կազմավորմանը:

Ինքնիշխանությունն այդուհետ հանրային կյանքի կառուցման որոշակի այլ ձեւ էր պահանջում` պետական-քաղաքական կյանքի կառուցման ձեւ: Այդ խնդրում հանրությունը ստիպված էր շարժվել որեւէ փորձով: Այն է` կամ այն մետրոպոլիաների քաղաքական փորձով, որից անկախացել էր, կամ օտար հեռավոր ու հարեւան պետությունների հաջողված փորձով, եթե ուներ կամք` ընդօրինակելու համար այդ պետությունների համակեցության ձեւերը, կամ էլ հանրային կյանքի կառուցման ավանդական այն նորմատիվներով, ինչին սովոր էր հանրությունը:

1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական կյանքը երկու տարբեր փորձառությունների անհավասար մի համաձուլվածք էր: Եթե պաշտոնեության վերին օղակներում, չնայած հայտարարված եվրոպական արժեքների տեսլականի, ամուր նստած էր պետական կյանքի կառուցման ռուսական քաղաքական մշակույթը, ապա ամբողջ երկրում տեղ գտնող քաղաքական գործընթացներն ու հանրային փոխհարաբերությունները գրեթե բացառապես կառուցված էին համաձայն համայնական ու ընտանեկան կյանքի սովորույթային փորձի: Դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունն այդ տարիներին շատ արագ վերածվեց մաուզերիստ-խմբապետների մի երկրի, որտեղ տեղային մակարդակում գործող բոլոր «հեղինակավոր» անձիք հիմնականում երկու խնդիր էին լուծում: Առաջին խնդիրը երբեւէ ունեցած սեփական վախերն ու անզորությունը հաղթահարելու պահանջմունքն էր, որը տվյալ ժամանակի «թաղային հեղինակությունները» լուծում էին իրենց տրված կամ ձեռք բերած իշխանությունը չարաշահելու միջոցով: Իսկ երկրորդ խնդիրը դրամի նկատմամբ սեփական անհագ ծարավը բավարարելու պահանջմունքն էր, որը լուծվում էր բնակչությանը հարստահարելու միջոցով:

1991թ. Հայաստանը կրկին ձեռք բերեց անկախություն: Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքը շատ դեպքերում դարձավ առաջին Հանրապետությունում հանրության շրջանում տեղ գտած գործընթացների կրկնությունը: Նախ ռազմական օլիգարխիան` նորօրյա մաուզերիստները, ապա նրան փոխարինած քրեաօլիգարխիան` նորօրյա խմբապետները, իրենց ձեռքում կենտրոնացնելով պետական կառավարման լծակները, սկսեցին հարստահարել ժողովրդին: Այդպես է մինչ օրս:

Քրեաօլիգարխիայի ճիրաններում հայտնված ներկայիս Հայաստանում թվում է, թե պետական կառավարման համակարգի յուրացումը կատարել են ազգի մեծամասնության արժեքային համակարգի հետ կապ չունեցող անձիք: Օլիգարխիկ կլանների քրեական հակումներն ու գողական բարքերը իհարկե որոշակի սոցիալական շերտի կենսաձեւի արտահայտությունն են: Սակայն նյութական շահի հանդեպ թուլությունը, հանրային ու պետական բարիքը ի շահ անձնական (ընտանեկան) բարեկեցության ծառայեցնելու երեւույթը մեր սոցիումում համատարած է: Այն քրեականների մենաշնորհը չէ: Այն ընդունելություն է գտնում գրեթե յուրաքանչյուր ընտանիքում եւ ընկած է գրեթե յուրաքանչյուր հայի մտածողության հիմքում:

Ինչպես շատ դիպուկ նկատել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը, Հայաստանում մարդիկ դժգոհ են ոչ թե քաղաքական համակարգից, այլ առկա քաղաքական համակարգում իրենց կարգավիճակից: Իրենց կարգավիճակից դժգոհ հանրության այդ ներկայացուցիչները, լինեին նրանք քրեաօլիգարխիայի տեղում, անելու էին այն ամենը, ինչ անում են ժամանակակից օլիգարխները: Ուստի խոսելով քրեաօլիգարխիայի մասին` հարկ է նրանց զանգվածի մեջ առնել նաեւ իրենց կարգավիճակից դժգոհ հազարավոր այլ ընտանիքների: Հանրային ու պետական կյանքի կառուցման հարցում այն ինչին ընդունակ է քրեաօլիգարխիկ ընտանիքը (այդ թվում` նյութական շահի հանդեպ մոլուցքն ու այդ հողի վրա պետության կազմաքանդումը), դա իրականում հենց մեր ընտանիքների մեծ մասի վարքի արտապատկերումն է: Իրականում միայն մասշտաբներն են տարբեր:

Որտեղից են գալիս նոր կարգավիճակի ձեռքբերմանն ուղղված եւ իրենց բնույթով հակահանրային ու հակապետական մարդկային այդ հակումները, ի՞նչ երեւույթ է դա:

Այդ նոր կարգավիճակի մոլուցքը եթե զուտ տղամարդու չգիտակցված պահանջմունքների տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է նկատենք, որ այն առաջին հերթին միտված է նրա հեղինակության բարձրացմանը` ծածկելու համար անվտանգության պակասորդը եւ հաղթահարելու համար անզորության հարցում նրա ունեցած ներքին վախերը: Այստեղ դեր ունի անցյալում հայության տարբեր սերունդների համայնական կյանքում տղամարդու ձեռք բերած բացասական փորձառությունը:

Թվում է, թե հանուն նոր կարգավիճակի տղամարդու պայքարի հիմքում ընկած են նաեւ նյութական շահի հանդեպ նրա անձնական հակումները, որոնք գտնվում են ենթագիտակցական կամ անգամ գիտակցական մակարդակում: Այդ նպատակով սոցիումի բոլոր շերտերը ներկայացնող հայ տղամարդկանց կողմից օգտագործվում է մի հիմնավորում, որը անխոցելի թեզի է նման: Առկա քաղաքական համակարգում նոր կարգավիճակի ձեռքբերման, ինչպես նաեւ երբեւէ հանրության շահերը ոտնահարելու, իրենցից կախման մեջ հայտնված մարդկանց հարստահարելու, հանցավոր վարչախմբի հետ համագործակցելու վարքագիծը արդարացնելու համար բոլոր տղամարդիկ դիմում են «ընտանիք պահելու» փաստարկին: Ընդ որում այդ թեզը որպես «բնական» ու արդարացված հիմնավորում ճանաչվում է արդեն ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ` կանանց կողմից: Այն «մեղքերի թողություն» ապահովող այնպիսի հիմնավորում է, որի շնորհիվ Հայաստանում կատարվում է ամբողջ պետական ու մարդկային կապիտալի «առեւտուրը»:

«Ընտանիք պահելու» փաստարկի դեմ հանդես եկող քաղաքացիական հանրությունը մինչեւ հիմա տվյալ երեւույթի ետեւում առավելապես տեսնում է մի կեղծիք, որը կապ չունի ընտանիքի շահերի հետ: Սակայն տվյալ երեւույթի հիմքում իրապես ընկած է տղամարդու կողմից ընտանիք պահելու ավանդական կենսափորձը եւ ոչ մի կեղծիք չկա այդտեղ: Ոչ մի կեղծիք չկա այն գործունեության մեջ, երբ տղամարդը իր տանից դուրս գալով` պարտավորված է լինում ամեն գնով նյութական հարստություն հայթայթել եւ բերել տուն` կնոջը հանձնելու համար: Հայ կինն իսկապես դարերի ընթացքում տղամարդուն «գերել է» այն գաղափարական հողի վրա, որ նա պարտավոր է նյութական բարիքներ ու հատկապես դրամ բերել տուն` ընտանիքը պահելու համար: Նյութական շահի հանդեպ տղամարդու հակումը դա հենց իր կնոջ դրամի, զարդերի, գույքի նկատմամբ ունեցած անհագ ծարավն է եւ ամենօրյա ցուցումների արգասիքը: Չէ որ ինչպես արդեն նշվել է այս հոդվածի առաջին մասում հայ կինը բոլոր հնարավոր միջոցներով (փնթփնթոց, վեճ, անկողին եւ այլն) տղամարդուն պատվիրակել է հատկապես մի խնդրի լուծում, այն է` բարելավել ընտանիքի (իր) բյուջեի մշտապես անբավարար վիճակը: Այստեղ է, որ ի հայտ է գալիս ավանդական ընտանեկան կացութաձեւի ուղղակի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա: Այնպես, ինչպես տղամարդկանց շրջանում քաղաքական դիրքի հասնելու ցանկությունը (խորքային առումով` կարգավիճակի փոփոխության մոլուցքը) գալիս է համայնական ավանդական կացութաձեւից, այնպես էլ նյութական շահ ձեռքբերելու համար տղամարդու վարքի հիմքուն ընկած են ընտանիքի ներսում անցյալում հաստատված նորմատիվները: Վերջինիս «շարժիչը» կինն է, ով ընտանեկան ավանդական կացութաձեւի հաստատած դիկտատի տակ անընդհատ պարտադրանքի տակ է պահում իր ամուսնուն, որպեսզի վերջինս լուծի ընտանիքի բարեկեցության, սակայն իրականում հենց կնոջ հարստանալու ու դրա միջոցով այլ կանանց հետ մրցակցելու կամ «պճնվելու» կենսաբանական խնդիրը:

Համատարած արխայիկացման նկարագրված երեւույթները եւ նյութական շահի հանդեպ մարդկանց նման հակումներն այսօր մեզ համար տեսանելի են ըստ այն պատմական փորձի, որն ունեցել ենք միջնադարում` պետականության ճգնաժամի պայմաններում: Դրա շնորհիվ է, որ տեսանելի է այն «կարմիր»թելը», որը միմյանց է կապում է X-XIVդդ. ավատատեր նորազնվականությանը, XIV-XIXդդ. ունեւոր համայնականներին (տարբեր էֆենդիներ, աղաներ, պարոններ), 1918-1920թթ. մաուզերիստ-խմբապետներին, ինչպես նաեւ ներկայի օլիգարխներին ու թաղային հեղինակություններին: Դա հայ տղամարդկանց հանրային կյանքի կառուցման հազարամյա փորձն է, որը ենթարկվում է որոշակի վերլուծության: Այդտեղ հիմնարար նշանակություն ունի հայ տղամարդկանց անզորության ֆենոմենի ընկալումը: Այն նույն ֆենոմենի, որն անցյալում նախ բերել է պետականության կորստին, հետո քաղաքական կյանքի մահվանը, իսկ ավելի ուշ, երբ կրկին ի հայտ է եկել ազատագրվելու գիտակցումը` Հայոց ցեղասպանությանը:

Սակայն եթե այսօր հանրային ու պետական կյանքի կառուցման գործում տղամարդու դերակատարության, ինչպես եւ ավանդական համայնական կացութաձեւի դիկտատի հարցը տեսանելի է, ապա այլ է քաղաքական դաշտի վրա ընտանեկան կացութաձեւի ներազդման եւ դրանում կանանց դերի խնդիրը: Այստեղ առավելապես մշակութաբանական մոտեցմամբ է հնարավոր դառնում վերլուծել ընտանիքում կանանց գերիշխանության եւ քաղաքական կյանքի վրա ազդեցության երեւույթը: Այստեղ եւս կա հստակ ժառանգականություն անցյալի խանումների վարքի ու ներկայիս տիկնանց ու նրանց «բարձր հովանու ներքո» իրականացվող ինչ-ինչ փիառ ակցիաների միջեւ: Կա ժառանգականություն Թումանյանի հավաքական կերպար տիկին Նատոյի ու մեր օլիգարխների կանանց (նաեւ` ամբողջ երկրում իրենց կարգավիճակից դժգոհ տղամարդկանց ամուսինների) միջեւ, ովքեր իրենց տներում հենց նույն Նատոյի բանեցրած գործիքակազմով են տղամարդկանց պարտադրում կատարելու իրենց ցանկալի գործողությունները.

«Ամուսնու ոտնաձայնը որ լսեց՝ սկսեց արտասվել, ավելի բարձր խոսել ու ամանները իրար գլխով տալ։

— Ասում եմ՝ դուրս արա կորչի. ես ծառայի բանն էլ կանեմ. թե խնայում ես՝ փող տաս, կարգին ծառա բռնես... Լավ է մարդ ծառայի տեղ էլ քաշ գա, քան թե ամեն օր էսենց սիրտը շուռ բերի... Իմ թշնամին հո չե՞ս...

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց բազազը տան մեջտեղը կանգնելով։

— Ի՞նչ պետք է պատահի. էս էր մնացել, որ խալխի մոտ էլ մարդ գետինը մտնի, էս էլ արիր. էլ ի՞նչ պատահի,— վրա թռավ տիկինը ու պատմեց բալի պատմությունը»։

Ինչպես շատ ճիշտ նկատել է մի անգամ արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը` մեր տղամարդ քաղաքական գործիչների վարքը պայմանավորված է նրանց կանանց դերով` անկողնում քննարկվող ու լուծվող հարցերով, ինչպես նաեւ տղամարդու սեռական ակտի հաջողությամբ կամ անհաջողությամբ: Ընդ որում նկարագրված երեւույթի արտահայտությունը մենք տեսնում ենք ամեն օր` սակայն չգիտակցելով, որ տղամարդ քաղաքական գործչների այդ գործողությունների մեծ մասը նրանց կանանց «հեղինակածն» են: Տղամարդկային շատ որոշումներ, որոնք հատկապես ուղղված են «ընտանիք պահելու» սուրբ գործին, համոզելու, ուղղակիորեն ստիպելու, կամ անուղղակիորեն` արհամարհանքի, քեն քշելու, անկողնում «ամուսնական պարտականությունները» չկատարելու, վեճի, «գդգդալու» միջոցով կանանց պարտադրանքի արդյունքն են: Մարդկային փոխհարաբերություններին վերաբերող տղամարդկանց որոշումներում եւս շատ մեծ է նրանց կանանց ազդեցությունը: Հայտնի են բազում օրինակներ, թե ինչպես են բարձրագույն պաշտոնյաները իրենց կանանց միջնորդության միջոցով այս կամ այն պաշտոնին նշանակել ինչ-որ մարդկանց:

Այսօր երբ ցանկանում ենք պարզել մեր երկրի անկման ու ճգնաժամի հիմքերը, ապա չպետք է աչքաթող անենք այդ հարցում կանանց ունեցած հսկայական դերակատարությունն ու ազդեցությունը: Պետությունը հանրային կյանքի կառուցման որոշակի ձեւ է պահանջում: Մեր ընտանեկան կացութաձեւի արտապատկերման միջոցով ստանում ենք միայն քրեաօլիգարխիա: Հարկ է, որ բոլորը փոխեն իրենց վերաբերմունքը պետության հանդեպ: Տանից դուրս գալիս գիտակից հայրենասեր կինը տղամարդուն պետք է «պատվիրակի» առաջին հերթին պետություն կառուցել, ոչ թե ընտանիք պահել: Ընդ որում, դա անել հենց այն գիտակցումից ելնելով, որ հայ տղամարդը «չպատվիրակվելու» որեւէ հնարավորություն չունի, ընտանիքում նա վաղուց կնոջ գերիշխանության տակ է, եւ պետություն կառուցելու գործը հենց կնոջ ձեռքերում է: