Հեքիա՞թ, թե՞ հայկական իրականություն-1
Եթե ցանկանում ես կարծիք կազմել ազգի մասին, ապա կարդա նրա ժողովրդական հեքիաթները։ Սա անփոխարինելի ուղեցույց է՝ հասկանալու համար յուրաքանչյուր ազգի հոգեբանությունը, մտածողության ձեւը, համակեցությունը կարգավորող դրվածքները, կոլեկտիվ անգիտակցականում գործող վախերը, տարբեր վտանգների շուրջ եղած անհանգստությունները, սովորութային նորմերի հիմքում ընկած արժեքները։
Իհարկե, հայ մարդն իր ազգի հեքիաթները սիրով կարդում, լսում ու վերարտադրում է՝ չգիտակցելով, որ իր ուշադրությունը գրաված հեքիաթներից շատերում հերոսներից որեւէ մեկի դեմքով նաեւ իր կերպարն է շրջանառվում։ Ընդ որում` հեքիաթներում մարդկային արժանիքների ու արատների շատ ընդհանրական կաղապարներ դրված են լինում երբեմն տարբեր կերպարների նկարագրերում։ Դրանք իրականում բնութագրիչներն են թե՛ այդ հեքիաթների հերոսների, թե՛ այն ընթերցողների, որոնց համար տվյալ հեքիաթները հոգեհարազատ են։ Այստեղ ընթերցողը ցանկության դեպքում կարող է ոչ միայն հեքիաթի տվյալ հերոսի մեջ հանդիպել իր կերպարի հայելային արտապատկերմանը, այլ նրա մտածողության ու վարքի ընդհանուր բնութագրի մեջ տեսնել նաեւ իր ազգի նկարագիրը։
Հայ ժողովրդի հեքիաթներում կա մեկը, որը մեծ սիրով մշտապես մշակվել, պատմվել, բեմադրվել ու էկրանավորվել է։ Այն հոգեհարազատ է հայերի համար, քանի որ դրանում արտահայտված է ազգի մի մեծ շերտին բնութագրող ընդհանրական դիմագիծը։ Բայց դրա հետ մեկտեղ այդ հեքիաթում տրվում է նաեւ այն միջավայրը, որը ծնել ու սնել է հեքիաթի հերոսին ու վերջինիս հետ գտնվում է շատ սերտ կապի մեջ։ Սոցիալական միջավայրն ու հերոսը իրար լրացնում են ժողովրդական այդ ստեղծագործության մեջ։ Խոսքը «Քաջ Նազար» հեքիաթի մասին է, որտեղ ազգի վախերն ու դրվածքները մարմնավորող կոլորիտային հերոսն իր կյանքն իրացնում է ըստ այն միջավայրի սպասելիքների ու պահանջների, որում գտնվում է։
Նազարը, ինչպես հեքիաթն է պատմում, մի խեղճ, անշնորհք, ալարկոտ ու վախկոտ մարդ է լինում՝ կնոջ փեշի տակ ապրող։ Իր այդ արատները նա փորձում է թաքցնել մեծամտության ու մեծախոսության միջոցով։ Եւ որպեսզի սեփական մտքի ու խոսքի չափազանցություններն ազատեն նրան ինքնախարանման բեռից ու նա պայքարի մեջ չմտնի ինքն իր հետ՝ Նազարն ապրում է նաեւ երազանքներով։ Ահա այս թույլ մարդը, շնորհիվ իր կնոջ պահանջների ու ջանքերի, կյանքում առաջին անգամ հաջողում է ընդամենը երկու «ճանճ» սպանել, որից հետո նրան «կանգնեցնել» այլեւս հնարավոր չի լինում, նա ելնում է շալակն աշխարհի.
«- Վա՜հ,- ասում է,- ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչեւ էսօր չեմ իմացե՛լ... Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել... »։
Իր նոր կարգավիճակի լեգիտիմացման համար նրա առաջին կանգառը դառնում է գյուղի հոգեւոր հաստատությունը՝ ժամը։ Այստեղ բոնապարտիզմով տառապող Նազարը, մինչ իր երազանքների հետեւից գնալը, դիմում է հայ կղերին, որպեսզի ստանա նրա «մկրտություն-օրհնությունը»։ «Ներսը սատանա, դուրսը քահանա» տերտերը, խորամանկ ժպիտը դեմքին, կատարում է Նազարի ցանկությունը։ Իր հոտի անդամին մականունով «պատվելու» ու նաեւ «ճանճերի» դեմ հաղթանակը նշանավորելու համար նա «Քաջ» մականվան հետ մեկտեղ Նազարին կնքում է նաեւ «ասպետ» տիտղոսով՝ հատկացնելով համապատասխան դրոշակ՝ ըստ նրա սոցիալական նոր կարգավիճակի։ Ապա նրան հանձնում է բախտի քմահաճույքին։ Ու Նազարի բախտը տարօրինակ կերպով դարեր շարունակ սկսում է բերել։
Հայրենի գյուղից դուրս գալուց հետո առաջինը Նազարի ձայնից փախս է տալիս նրա նման վախկոտ մի մարդ։ Երկու վախկոտների չկայացած հանդիպումը ավարտվում է Բախտի առաջին պարգեւատրությամբ՝ Նազարը տեր է դառնում մի ձիու ու դրանով հասնում առաջին պատահած գյուղը։ Այստեղ կրկին նրա բախտը բերում է՝ ընկնում է հարսանքատուն, որտեղ, իբրեւ հյուրի, նրան նստեցնում են սեղանի պատվավոր տեղում։ Ու քանի որ հանրությունը տգետ է լինում, դրոշակի վրա եղած գրվածքը կարդում ու մեկնաբանում է մի այլ տերտեր։ Երկու տերտերների գրել-կարդալու մտավոր ճիգը Նազարի փառքի գրավականն է դառնում։ Համայնքը այս մի տերտերի թեթեւ ձեռքով էլ Նազարին արդեն «իշխան» է կարգում։ Նույն պահին ի հայտ են գալիս Նազարի կերպարը կրկնօրինակող պարծենկոտ հերոսները ու սկսում գովաբանել նրա չեղած քաջագործությունները։ Քծնելու «շքերթը» հանրությանը կանգնեցնում է խորքային մտատանջմունքների առաջ...
«- Հապա ինչպե՞ս է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,- զարմանքով հարցնում են անծանոթները»։
«Տիրոջ ու ծառայի» մշակույթով ապրող, բոլոր մարդկանց մեջ միայն այդ երկու կարգավիճակները փնտրող տգետ հանրությունը բնականորեն առաջին իսկ պատեհ առիթի դեպքում դառնալու էր իրեն «տեր» ձեւացնող յուրաքանչյուր «դուրսպրծուկի» ծառան։ Ուստի Նազարի բախտն է բերում, թե իր նմանների մեջ ինքնադրսեւորվելու գավառական խորամանկությունն է աշխատում, բայց նա բարեհաջող բարձրանում է սոցիալական դիրքը որոշող աստիճաններով՝ իրեն ծառա պատկերացնող ժողովրդի վրա, ինչպես ասվեց, այս անգամ արդեն իշխան կարգվելով։ Արդյունքում Նազարի շուրջը ծառա փնտրող հանրությունը ինքն է դառնում Նազարի ծառան։
Հաջորդ աստիճանում նրան են դիմավորում իր երկրի գաճաճ «հսկաները»՝ սարեր-ձորերի, դաշտերի ու հանդերի «նայողները»․
«Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է․․․»։
Բախտի բերմամբ, թե պատահմամբ, բայց Նազարը հենց «հսկաների» միջավայրում է, որ սկսում է իրեն ամենից հարմարավետը զգալ։ Այնքան լավ, որ հանդերի «հսկաները» «ծանոթ-բարեկամ-ընկեր․․․» սոցիալական կապերի բոլոր օղակների միջից Նազարի հետ իրենց հարաբերությունները ամրագրելու համար նախընտրում են ամենից պատվավորը՝ խնամիությունը, հետն էլ Նազարին բարձրացնում սոցիալական կարգավիճակի ամենից բարձր աստիճանին։ Նազարը նրանց կողմից կարգվում է արդեն «Նորին գերազանցություն», քանի որ գաճաճ «հսկաները» Նազարին «տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասիլ կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է»։
Սեփական երկրի հանրությունից դուրս Նազարի առաջին լուրջ փորձությունը ի հայտ է գալիս, երբ մի գազան է խաթարում հանրության անդորրը։ «Էս ժամանակ վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե, Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերեւը մի աստված, ներքեւը մի Քաջ Նազար»։
Այստեղ անզոր հանրության նորաթուխ Փրկիչը, ճողոպրելու հնար չունենալով, ստիպված է չկամությամբ կատարել հանրության պարտադրանքը։ Չէ՞ որ ժողովուրդը Նազարին կամավոր նստեցրել է իր գլխին, որպեսզի հեշտությամբ ձերբազատվի բարդ խնդիրներից եւ դրանց լուծումը հեքիաթային Փրկչի վրա բարդի։ Եւ ինչպես հարիր է մեր հանրության դարավոր դրվածքին, նման իրավիճակում գործելու համար Նազարն իր քայլն անում է կնոջ խոսքի ուժով միայն։ Ընդ որում, այստեղ Նազարի ապագան որոշում է արդեն Ուստիանին փոխարինելու եկած գաճաճ «հսկաների» քույրը։ Բնականորեն, Ուստիանի «դե հիմա գնա քարվան կտրին» վերափոխվում է երկրի Առաջին տիկնոջ «ա՛ռ այս զենքը ու գնա վագր հեծնիր»-ի․
Երկու իրար փոխլրացնող տերտերների դեպքերի համանմանությամբ, այստեղ Նազարի կյանքը կապվում է արդեն իրար փոխլրացնող նրա երկու կանանց անվան հետ։ Ի՛նչը կհաղթի կյանքում Նազարին, թե լինին կյանքում երկու սեւազգեստ տերտեր ու երկու սիրուն կին: Թմբկաբերդի առումից ու Թաթուլի մահից հետո արդեն մի քանի դար է, ինչ հայ հանրությունում՝ ոչինչը։
Գազանին հաղթելուց հետո Նազարը կռվում է նաեւ նենգ թշնամու դեմ։ Ու քանի որ հայ ժողովուրդը դեռ ապրում է ու հեքիաթներ արարում, նրանում գազան, թե թշնամի՝ միեւնույն է, հաղթված են արդեն Նազարի մեծամտության ու մեծախոսության ուժով։ Նազարի համար ծովը ծնկներից է, աշխարհքն էլ՝ իր բռան մեջ։
Ահա իր բախտին ու տերտերների մտավոր ընդունակություններին ապավինելով, կնոջ պարտադրանքով, սիրեկանի նազանքով ու շրջապատի քծնանքով Նազարը մինչ օրս ճանճ է քշում ու թուղթ խաղում, քեֆ անում ու «տուն պահում», քաղաքականություն վարում ու պետություն ղեկավարում, երբեմն էլ իրեն «ասպետ», «իշխան» ու «թագավոր» կնքած տերտերների համար էլ եկեղեցի կառուցում։
Ասում են՝ մինչեւ էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաղաքականությունից, խելքից մոտը խոսք են գցում, ծիծաղում է ու ասում.
- Ի՛նչ քաղաքականություն, ի՜նչ խելք. Քաղաքականության համար շատ խելք պետք չի։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա...
Մի իմաստուն ասել է․ «Թույլ մարդը հրաշքի հույսին ապրող է, ու մի արասցե, եթե նրան ասես, թե քո վրա նստած ճանճին ինքդ քշիր, կդառնաս աչքի գրողը»։ Շարունակության մեջ արժի ավելացնել. «Սակայն նազարների թագավորությունում եթե մի ճանճի այդ մարդը բախտի բերմամբ, թե պատահմամբ սպանի, այդուհետ աշխարհքի կենտրոնում ինքն է, իսկ շուրջը եղած մարդիկ՝ նրա ծառաները»։ Ու քանի դեռ հանրությունը ծնում, սնում ու հանդուրժում է հենց այդ Նազարին, հեքիաթը շարունակվելու է։ Էսպես էլ ապրում ենք մեր իրական հեքիաթում․․․