статьи

Հեքիա՞թ, թե՞ հայկական իրականություն-2

Օտարի հետ հարաբերություններում հայը միշտ շատ զգույշ է եւ, չնայած իր ու իր ազգի մասին ճոռոմախոսությանը, անհաշվենկատ քայլերը, շովինիստական կամ մեծապետական դրսեւորումները նրա վարքագծում գրեթե իսպառ բացակայում են։ Արդյունքում օտարի հետ ու առավել եւս օտար հողում հայի ագրեսիվ պահվածքը հազվադեպ է հանդիպում, այն էլ միայն բավական գիտակցված եւ կշռադատված այնպիսի վարքի ձեւով, երբ անվնաս կամ հաղթահարելի են թվում հետեւանքները: Հայը իրեն միշտ հաշիվ է տալիս, թե ինչ է անում ու որտեղ։ Դարեր շարունակ ապրելով տարբեր կայսրությունների տիրապետության տակ` արտաքին աշխարհի հանդեպ զգուշավորությունը նրա բնավորության գիծն է դարձել։ Դրանով է նաեւ բացատրվում այն հանգամանքը, որ հայը բավական օրինապաշտ է օտար երկրներում: Ներքուստ ունեցած կասկածները, որ ընդհանրապես ինքն ունակ է արտաքին վտանգի դեմն առնել, հիմնովին ազդում են հայ մարդու որոշումների վրա ու ստիպում, որ օտարի հետ շփումներում ագրեսիայի կամ ռիսկի դիմելու գործոնը նվազագույնի հասնի։

Ընդհանրապես սովորական հաշվենկատությունն ու չափավոր զգուշավորությունը հայի դրական արժանիքների թվին կարելի է դասել: Սակայն շատ դեպքերում հայության բավական ստվար մի զանգվածը, հատկապես արտաքին սպառալիքի կամ վտանգի պարագայում, ունենում է հաշվենկատության ու զգուշավորության գերկենտրոնացում: Վերջինս ի հայտ է գալիս մի կողմից արտաքին ազդակները ծանր ու թեթեւ անելու անհնարինության` հաշվարկելու, կշռելու անկարողության, իսկ մյուս կողմից` սպասվելիք վտանգն ու վնասը կանխարգելելու հարցում ընդհանուր անորոշության դեպքերում: Արդյունքում տվյալ մարդկանց ներաշխարհում այդ պահին արագ ծավալվող տագնապը եւ դարերով նրանց գիտակցության մեջ սրսկված ու կոլեկտիվ անգիտակցականում բնավորված անզորության զգացումը ստիպում են, որ նրանք փոքրոգություն, վեհերոտություն ու թուլամորթություն դրսեւորեն արտաքին վտանգի աղբյուրի հանդեպ: Դա թույլի ու անզորի այնպիսի հոգեվիճակ է, որը օտարին է հանձնում սուբյեկտայնությունը, նախաձեռնողականությունը, ոչնչացնում է սեփական ակտիվությունը, ստիպում է դիմացինի մեջ խղճմտանք առաջացնելու միջոցով դուրս գալ իր համար անհարմար իրավիճակից ու լուծել հոգու մեջ բուն դրած տագնապը: Թույլ ու անզոր մարդը նման լարված իրավիճակներում պատրաստ է ոչ միայն հանձնել սուբյեկտայնությունը, այլ նաեւ պատրաստ է հեշտությամբ օտարին հանձնել անգամ սեփական «զավակին», միայն թե ձերբազատվի քիչ թե շատ բարդ լուծում պահանջող խնդրից։

Մեր ազգի բավական ստվար մի զանգվածի տվյալ հոգեվիճակն ու մտածողության ձեւը իր արտահայտությունն է գտել նրա ժողովրդական բանահյուսության մեջ: «Չարի վերջը» բալլադում այդպիսի հայ մարդը օտարի հետ հարաբերություններում ներկայանում է իր հողին, ընտանիքին, օջախին նվիրված մարիկ Կկվի կերպարով.

«Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
- Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թըռչե՜ք, գընաք,
Ուրախանաք...
Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ»:

Հայը քարացած գիտակցության ինչ-որ ուժով ընդհանրապես խուսափում է ծավալվելու, շարժվելու ու ուրիշին շարժի ենթարկելու նպատակադրումից: Ծերացած ազգին բնորոշ խառվածքով նա ագրեսիան հանել է իր միջից: Եթե ծավալվել, ապա միայն մտքում եւ մտավոր գործունեություն պահանջող ասպարեզներում: Ռիսկը որպես հնարավոր վտանգն արհամարհելու խիզախություն եւ գործելու հանդգնություն հայի համար անընկալելի է: Պատահական չէ, որ մեր բառարաններում «ռիսկ» բառի մեկնաբանման մեջ տրված է նաեւ «յաբախտի գործ, գործունեություն, արարք» բացատրությունը: Ըստ հայի, եթե ապրել, ապա միայն վայելքի համար, առանց վտանգավոր հանդգնության ու դինամիկայի: Եւ քանի որ տարածության մեջ շարժը տանջանք է եւ հնարավոր վտանգների հարցում` անկանխատեսելի, ուստի ցանկալի զբաղմունքը երկրագործությունն է, արդարացված կացութաձեւը` նստակեցությունը: Հողը, քարը, լեռը հայի տարերքն են, հողի վրա ամուր կանգնած լինելը նրա էությունը: «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ»,-գրում է Շիրազը:

Ահա հենց այդպես էլ դարեր շարունակ հայի կյանք են խուժում «էս սարն իմն է, էս ծառն իմն է» ասող տարբեր աղվեսներ` մարիկ Կկվին կանգնեցնելով փաստի առաջ: Սակայն նրանց պահանջը միայն հայի սարն ու ծառը չեն, նաեւ զավակներն են.

«- Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ»։

Թվում է, թե իրապես ունեցած սրտաբացության ու միամտության պատճառով է, որ հայը ստիպված է լինում վստահել օտարին ու ծնկել նրա առաջ: Սակայն ժողովրդական հեքիաթում օտարի` ագռավի բերանով, լավագույնս տրված է դրա իսկական պատճառը, որն է` հայի տգիտությունն ու համակեցությունը անհավասարության վրա կառուցելու կենսաձեւը.

«Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կըթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սըրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը-երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սեւ գրողի էն տարածին
Ո՞վ է տըվել սըրած կացին»:

Երբ յուրայինների հետ հարաբերություններդ կառուցում ես անհավասարության հիման վրա, ապա պատրաստ եղիր, որ երբեւէ քո տիրոջ կարգավիճակն առավել ուժեղի մոտ կվերափոխվի ծառայի կարգավիճակի: Հայի մտքով անգամ չի անցնում հավասարությունը ընդունել իբրեւ մարդկային հարաբերությունների կարգավորման սկզբունք: Միաժամանակ համատարած տգիտության պայմաններում, երբ աշխարհում տարբեր սուբյեկտների միջեւ եղած հարաբերություններում վաղուց էական են դարձել ագռավի նշած «ո՞վ է տվել», «ո՞վ կթողնի» հարցերը, հայ մարդու հույսը կրկին օտարն է, ով նույն այդ ագռավի կերպարով կգա մի օր ու իրեն ու իր ընտանիքը կփրկի գազանի երախից ու դրա հետ մեկտեղ կսովորեցնի թե ինչ է հավասարությունը եւ որն է արժանապատիվ հարաբերվելու ձեւը:

Փույթ չէ, սակայն, եթե ագռավի գործը երբեւէ չհաջողի: Այդ դեպքում ի վերջո սեփական «զավակին» զոհելու ճանապարհը կա: Միաժամանակ կարելի է տեղի ունեցածում մեղադրել նույն ագռավին, որ նա իր կռռոցով շեղել է հային իր բռնած դարավոր ուղուց.

«- Ո՞վ ասավ քեզ:
- Ագռավն ասավ:
- Ագռա՞վը, լա՜վ»:

Այդպես դարեր շարունակ հայը աղվեսի երախն էր նետում իր զավակներին, երբեմն իր անհաջողությունների մեջ մեղադրելով այս կամ այն ագռավին: Նույնը անում էր նաեւ 1915 թվականին: Նույնը` 1918 թվականին: Նույնը` 1920թ.: Ընդ որում ինչպես 1918թ. Արդահանում, 1920թ. Ալեքսանդրապոլում թուրք ասկյարին մարիկ Կկուն դիմավորում էր աղ ու հացով, իր տունն ու կայքը հանձնում նրան` հույսով, որ գոնե վերջին ձագին թուրք աղվեսը կթողնի իրեն:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ու նաեւ զինադադարից հետո մինչ օրս դեռեւս գտնվում են հայեր, ովքեր հայության առջեւ ծառացած Ղարաբաղյան խնդրից ձերբազատվելու համար պատրաստ են զոհել իրենց վերջին «զավակին»: Այդ նպատակով անգամ լայն կիրառություն ունի հատուկ մշակված քաղաքական մի թեզ, որ ազդարարում է, թե քանի դեռ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Հայաստանը չի կարող զարգանալ: Ուստի ինչքան շուտ մենք ձերբազատվենք Արցախի խնդրից, այնքան շուտ կկարողանանք ոտքի կանգնել ու պահել ներկա Հայաստանի Հանրապետությունը: Ըստ այդ թեզի` Արցախի լայն ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, կերաշխավորի այնտեղի հայության գոյությունն ու զարգացումը` հնարավորություն տալով նաեւ Հայաստանին զարգանալ: Ահա մերօրյա մարիկ Կկուն անգամ այսօր պատրաստ է իր վերջին «զավակին» հանձնել աղվեսին.

«- Վա՜յ, չըկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,

Ու թող դադար»:

Սակայն սահմանին հայ զինվորը վաղուց արհամարհել է մարիկ Կկվի նվնվոցը: Նա ցաքատը ձեռքին այսօր մի այլ հեքիաթ է վերակերտում` «Պոչատ աղվեսի» իրականությունը: «Զավակիս կաթը փորձես ուտել` պոչդ եմ խուզելու ու վազելու ես այլոց դուռը` կաթ բերելու»,- սա է նրա միակ պատասխանը աղվեսին:

Ծաղրանկարը՝ medialab.am-ի