статьи

Վերադարձ եկեղեցի-պետություն միասնությանը

2015-10-23

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում կրոնը հանրությանը հնազանդ պահելու կամ որոշակի գործողությունների հակելու միջոց է ծառայել։ Անկախ տարբեր գաղափարախոսությունների առկայությունից, բոլոր ժամանակներում այն եղել է հանրության գիտակցության վրա ազդելու առաջնային գաղափարական «զենքը» ։ Չնայած վերջին հարյուրամյակներում աշխարհում աշխարհիկ կարգերի լայն տարածմանը՝ կրոնը ներկայումս շարունակում է կառավարողների ձեռքում մարդկային գիտակցության ուղղորդման հիմնական միջոցը մնալ։ Այսօր Մերձավոր Արեւելքում կատարվող հսկայական աշխարհաքաղաքական տեղաշարժերը, պետությունների ավերումը, քվազի-պետությունների հիմնումը, պատերազմները, ահաբեկչությունը, բնակչության արտագաղթերն ու բռնագաղթերը չէին կարող իրականություն դառնալ, եթե քաղաքական սուբյեկտները կրոնի միջոցով չմանիպուլացնեին մարդկային գիտակցությունը՝ տարբեր հանրույթներին տրամադրելով ընդունել այս կամ այն որոշումը ու կատարել այս կամ այն գործողությունը։

Կրոնը թե՛ անցյալում եւ թե՛ ներկայում տարբեր իշխող խավերի, կառավարող շրջանակների ձեռքում ինստիտուցիոնալիզացվել է հոգեւոր կազմակերպությունների՝ մեհյանի, տաճարի, եկեղեցու, մզկիթի (եւ այլնի) միջոցով եւ դրանով դարձել մարդկային գիտակցությունն ուղղորդելու հիմնական գործիք։ Այսօր էլ եկեղեցին, իբրեւ կրոնական հաստատություն, շարունակում է ժողովրդական զանգվածներին հաղորդել այնպիսի գաղափարական ուղղվածություն, որը միտված է քաղաքական համակարգի առաջնահերթ խնդիրների լուծմանը։ Այսպես, արհեստականորեն ստեղծված «Իսլամական պետության» ղեկավարի՝ խալիֆի կամ տարբեր իմամների՝ իսլամի տարածման եւ պաշտպանության գործում եռանդի ներդրման (Ջիհադի) կոչերը, կամ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների ներկայիս խաղաղասիրական հայտարարություններն ու քայլերը առաջին հերթին քաղաքական նախաձեռնություններ են, արտահայտում են քաղաքական տարբեր սուբյեկտների կամքը եւ հետապնդում են կոնկրետ քաղաքական նպատակներ։

Քանի որ կրոնական գիտակցությունը զանգվածներին ուղղորդելու կամ հնազանդ պահելու կարեւորագույն մեխանիզմներից մեկն է, ուստի հազարամյակներ շարունակ քաղաքական սուբյեկտները կրոնական հաստատությունների հարցում շատ նրբանկատ մոտեցում են ցուցաբերել։ Կառավարող շրջանակների՝ տարբեր իշխանությունների, վարչակազմերի կողմից եկեղեցին մշտական ուշադրության ու խնամքի է արժանացել, իսկ հոգեւորական խավը ճանաչվել է որպես պետության իշխող դասակարգերից մեկը՝ ստանալով համապատասխան իրավունքներ ու արտոնություններ։ Եւ դա արվել է հանուն այն բանի, որ եկեղեցին ստանձնի այդ կառավարող շրջանակների լեգիտիմացման գործը հանրության շրջանում։

Այսօր, անգամ աշխարհիկ պետությունների տարածման ու եկեղեցին պետությունից տարանջատելու սկզբունքի գերիշխանության պայմաններում շատ հանրույթներում եկեղեցին շարունակում է մեծ դերակատարություն պահպանել ու պետական հովանավորություն ունենալ՝ ելնելով հենց իր քաղաքական դերակատարությունից։ Եկեղեցի-պետություն սերտ համագործակցության գործում ազգային սովորույթներին, մշակութային ժառանգությանը եւ նման կարգի հիմնավորումներին անդրադառնալը առավելապես ճշմարտությունը սքողելու համար է արվում։ Քողարկվող քաղաքական նպատակադրման մեջ խնդիր կա եկեղեցու միջոցով, հաշվի առնելով բնակչության շրջանում կրոնական գիտակցության մեծ ընդգրկումը, ազդել զանգվածների վրա եւ նրանց ստիպել հնազանդվել կամ կատարել այս կամ այն գործողությունը։ Այսպես, այնպիսի աշխարհիկ պետության աստվածամերժ առաջնորդը, ինչպիսին ԽՍՀՄ ղեկավար Ստալինն էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստիպված եղավ կրկին եկեղեցին բերել հանրային հարաբերությունների դաշտ։ Վերագործարկված եկեղեցիներից էր եւ Հայ առաքելական եկեղեցին։ Խնդիր կար շահել սոցիալական մեծ խմբերի, տվյալ դեպքում՝ ազգերի, առանձին ժողովուրդների համակրանքը՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ զանգվածային դիմադրությունը կազմակերպելու համար։

Մեր նորանկախ հայրենքը հռչակագրային մակարդակում որպես իրավական, ժողովրդավարական հանրապետություն դե-յուրե ճանաչում է եկեղեցու անջատ լինելը եւ իր աշխարհիկ բնույթը։ Սակայն քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի պայմաններում, երբ մեդիաաճպարարությունների միջոցով շատ դեպքերում հնարավոր չի լինում զսպել ժողովրդի հարստահարման արդյունքում առաջացած հանրային դժգոհությունն ու ցասումը, ժողովրդի մեջ տարածված կրոնական գիտակցության պայմաններում քրեաօլիգարխիայի համար չկա ավելի մեծ գաղափարական պաշտպանիչ հենք, քան կրոնին ապավինելն է։ Կրկին հայացքը դեպի եկեղեցին դարձնելով ու նրա միջոցով հանրությանը հնազանդության մեջ պահելով կամ որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելով՝ քրեաօլիգարխիան փորձում է գտնել իր իշխանությունը պահելու բանալին։ Այսպիսով, ապավինելով եկեղեցու օգնությանը, նրան կրկին իշխանության լեգիտիմացման գործառույթ վերապահելով՝ նա եկեղեցուն դարձնում է գործիք մեր ազգի կոլեկտիվ գիտակցականի վրա ազդելու, հանրությանը ուղղորդելու, իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։

Հայաստանում հանրության շրջանում տարածված կրոնական գիտակցության (այլոց վրա հույսը դնող, «Փրկչի» սպասող գիտակցություն) ահռելի ծավալները, նյութապաշտությունն ու ցուցամոլությունը, կեղծ հայրենասիրությունն ու կեղծ աստվածապաշտությունը քրեաօլիգարխիային հնարավորություն են տալիս բազում եկեղեցիներ կառուցել ամբողջ երկրով մեկ։ Բնական հարց է ծագում դրանց նշանակության ու դերի մասին։ Տրվող բացատրություններում շատ դեպքերում բացակայում է երեւույթի քաղաքական նպատակադրության ու պատվերի ընկալումը։ Իսկ այդ բացատրությունը կապված է բոլոր ժամանակներում եկեղեցու ունեցած ունիվերսալ գործառույթի՝ հավատացյալ հոտին հնազանդության մեջ պահելու հետ։ Եկեղեցուն ընձեռելով որոշակի սոցիալական հեղինակություն, ինչպես եւ միջնորդի ու արբիտրի դերակատարություն՝ քրեաօլիգարխիան երաշխիքներ է ստեղծում իր ամենաթողությունը օրինականացնելու համար։ Հանրային գիտակցության մեջ պետական օրենքի ու դատարանի հեղինակազրկումը եւ դրա փոխարինումը կրոնական դոգմայով ու եկեղեցու կողմից հիմնավորվող ամորֆ դատաստանով («աստված կպատժի») հենց այն մեխանիզմն է դառնում, որը քրեաօլիգարխիայի կառավարմանը տալիս է հաստատուն երաշխիք սեփական իշխանությունը հարատեւ պահելու գործում։

Անշուշտ, ինչպես անցյալում, ներկայում եւս կառավարող քաղաքական շրջանակներին մատուցած ծառայությունների դիմաց եկեղեցին նրանցից պահանջում է որոշակի իրավունքներ ու արտոնություններ: Եւ դրանք նյութականանում են` այս կամ այն կերպ շրջանցելով հանրապետության աշխարհիկության սկզբունքը, դեմ գնալով մարդկության առաջընթացին, քաղաքակրթական նվաճումներին: Հայաստանը վերադառնում է միջնադար` դասակարգային մի հասարակարգ, որտեղ իշխող խավերի մեջ ուրույն իր տեղն էր գրավում հոգեւոր դասը:

Դեռեւս տարիներ առաջ, երբ երիտասարդ հոգեւոր սպասավորներին գործող վարչախումբը իրավական հիմքեր ապահովելով ազատում էր բանակում ծառայելու պարտականությունից, արդեն իսկ եկեղեցուն տրված այնպիսի իրավունք ու արտոնություն էր, որն ընդգծում էր երկրում օրենսդրորեն ամրագրվող սոցիալական անհավասարությունը եւ ցույց տալիս մեր երկրի ընթացքը դեպի դասակարգային պետություն: Այսօր արդեն նորմատիվ իրավական ակտերի միջոցով դրվում են նաեւ եկեղեցու ներկայացուցիչների սոցիալական շերտավորման ու իշխող դասակարգի վերածման հիմքերը:

Այսպես, 2015թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության 1199-Ն որոշմամբ սահմանվեցին ՀՀ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կենսաապահովման ամսական ծախսերի չափերը եւ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում տալու կարգը։ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պատկան պետական մարմինը հիմնավորեց այն հանգամանքով, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Մայր Աթոռի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սկսած 1997 թվականից Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորները մշտական հիմունքներով հոգեւոր ծառայություն են իրականացրել ՀՀ զինված ուժերի զորամասերում: Նշված ծառայողների ընդհանուր թվաքանակը ներկայումս կազմում է 51 հոգեւորական, ովքեր ծառայության դիմաց որեւէ վարձատրություն չեն ստանում` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով։ Հենց այդ կապակցությամբ է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է հոգեւոր ծառայության դիմաց հոգեւոր սպասավորների ամսական կենսաապահովման ծախսերի չափերը, ինչպես նաեւ բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը։

Մասնավորապես, հոգեւոր սպասավորների ամսական կենսաապահովման ծախսերը կառավարության այդ որոշմամբ սահմանվեցին հետեւյալ կերպ՝ զինված ուժերի հոգեւոր ծառայության առաջնորդն ամսական կստանա 300 հազար, հոգեւոր ծառայության փոխառաջնորդը՝ 225 հազար, զորամիավորման հոգեւոր ծառայության առաջնորդը՝ 200-225 հազար, առաջին կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորը՝ 165-200 հազար, երկրորդ կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորը՝ 150-175 հազար եւ երրորդ կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորը՝ 125-150 հազար դրամ:

Այս օրինակը հստակ բնութագրում է երկրի հետընթացը։ Բանակում, որը պետության անվտանգության երաշխավորն է, գործող վարչախումբը շերտավորում է զինվորականությանը՝ նրա գլխին կանգնեցնելով ահռելի արտոնություններից ու իրավունքներից, իսկ այժմ նաեւ նյութական բարիքներից օգտվող պորտաբույծ մի շերտի։ Վերջինս երկու տարի անհատույց իր կյանքն ու առողջությունը զոհաբերող զինվորին պետք է հոգեւոր սնունդ տա ու հիմնավորի թշնամու դեմ պայքարի ու ներբանակային փոխհարաբերություններում կարգապահությունը պահելու անհրաժեշտությունը՝ մի դեպքում վարձատրելով «աստծո օրհնությամբ», իսկ մյուս դեպքում վախեցնելով «աստծո պատժով»։

Իհարկե, հայ զինվորը իր գլխին նման արտոնյալ խավի կարիքը չունի եւ իր գործառույթներն էլ հստակ է իրացնում։ Պարզապես քրեաօլիգարխիան ունի որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու հրամայական, այդ թվում՝ արտաքին թշնամուց հանցավոր ճանապարհով ձեռք բերած իր ունեցվածքը պաշտպանելու կամ նրա նկատմամբ այս կամ այն նպատակով հատուկ գործողությունների դիմելու հարցերում։ Չէ՞ որ, եթե նոր կառուցվող եկեղեցին դառնում է քաղաքացիական բնակչությանը հնազանդեցնելու գործիք, ապա նույն հաջողությամբ եկեղեցին կարող է եւ զինվորականությանը որոշակի գործողությունների հակելու միջոց դառնալ։ Ընդհանուր առմամբ հենց այդ քաղաքական խնդրի լուծմանն էլ լծվել է եկեղեցին մեր անկայուն տարածաշրջանում։