статьи

Գթա մեզ տեր աստված` լինես Պուտինի կամ Օբամայի տեսքով

Պետության մեջ յուրաքանչյուր կառավարություն գործում է պետական օրգանիզմի կենսագործունեությունն ապահովելու համար։ Ժողովրդավարության պայմաններում կառավարությունը չպետք է տուրք տա մասնավոր, կորպորատիվ, հատվածական շահերին։ Նա պետք է ընդհանրական (համազգային) շահերի արտահայտողը լինի եւ հանդես գա այդ շահերի պաշտպանությամբ։

Ներկա աշխարհում կառավարությունների մի մասին հաջողվում է իրենց գործունեության ընթացքում երկրի համար անվտանգություն, տնտեսական աճ եւ քաղաքացիների համար բարեկեցություն ապահովել։ Մյուս մասին օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա չի հաջողվում։ Սակայն այն, որ կառավարման հանրապետական ձեւն ընտրած պետություններում գործունեություն ծավալող ցանկացած կառավարություն այս կամ այն չափով շահագրգիռ է ունենալ պետության ու ժողովրդի համար դրական ձեռքբերումներ, գործել հանուն ընդհանրական արժեքների, ապահովել հանրության անվտանգությունը, սոցիալական պաշտպանությունն ու պետության բնականոն զարգացումը, այդ հարցում տարակարծություն լինել չի կարող։

Հայաստանում վերջին մեկուկես տասնամյակում իրար են փոխարինել մի քանի կառավարություններ։ Այդ ընթացքում կայացել են Հայաստանի տնտեսական հզորությունները, էներգետիկ գրեթե ամբողջ համակարգը, կապի ու տրանսպորտի ենթակառուցվածքները, ռազմավարական գիտաարտադրական հիմնարկները, ընդերքը եւ անգամ բնակչության մի մասը օտար պետություններին ու վերպետական կազմակերպություններին վաճառելու (հանձնելու) բազում գործարքներ։ Հայաստանի Հանրապետության անունից վերցվել են միլիարդավոր դոլարների վարկեր՝ պետությունը դնելով հետագա տարիներին ժողովրդի ունեցվածքի ու կենսամակարդակի հաշվին արտաքին պարտքը սպասարկելու բեռի տակ։ Եվ այդ ամենն արվել է պատկան մարմինների ուղղակի ներգրավման ու թողտվության պայմաններում։

Նշված տարիներին, երբ վաճառքի է հանվել կամ տարբեր կերպ օտարվել է Հայաստանի հարստությունը, ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվել ՀՀ կառավարության անդամները։ Արդյոք կառավարության մեջ ընդգրկված հարյուրավոր անձանց հոգեմտավոր կառուցվա՞ծքն է թերի եղել, իսկ դավանած արժեքներն էլ՝ ստորագույն, որ դրանք չեն ազդել նրանց խղճի ու բանականության վրա` գործելու հանուն ժողովրդի ու պետության համար ինչ-որ ընդհանրական բարօրություն ապահովելու նպատակադրության։

Վերջին մեկուկես տասնամյակում տեղի ունեցած երկրի ավերն ամբողջ հանրության աչքի առաջ է եղել։ Ըստ համընդհանուր ճանաչում գտած համոզմունքի` պետության կառավարումն իրենց ձեռքում կենտրոնացրած անձինք դա արել են հանուն իշխանության պահպանման եւ հարստության կուտակման։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ իշխանության մոտիվը եւ հարստանալու անհագ ծարավը` նյութապաշտությունը, այդ մարդկանց կյանքի իմաստն է, այն բարձրագույն արժեքը, որից նրանք երբեք հրաժարվել չեն կարող։

Հարց է առաջանում, թե կա՞ մի այնպիսի սկզբունք կամ արժեք, որի կրողն են այդ մարդիկ եւ որը ազգի ընդհանրական բարօրությանը միտված սկզբունքների ու արժեքների թվին է դասվում։ Կա՞ մի այնպիսի քայլ, որը նրանք երբեք չէին անի, եթե դրանից պետք է տուժեր ազգն ու պետությունը: Այսինքն՝ այնպիսի քայլ, որը կհամարվեր կարմիր գիծ, որից այն կողմ սրբության սրբոցն է` վերաբերող կոնկրետ իրենց ազգին ու հայրենիքին։ Չէ՞ որ եկեղեցի կառուցելիս, կաթողիկոսի շարժական վրանը պահելիս, հակառակորդի կողմից գնդակոծությունների թեժ օրերին սահման այցելելիս եւ այլ դեպքերում կառավարության անդամները, եւ ընդհանրապես` գործող վարչախումբը, փորձում են հայրենասիրության ու ազգասիրության ինչ-որ օրինակներ ցույց տալ: Ի վերջո, ի՞նչ է դա, հայրենասիրության ու ազգասիրության դրսեւորո՞ւմ, թե՞ կեղծ բարեպաշտություն:

Մինչ այժմ գործող վարչախումբը գրեթե բոլոր ազգային ու պետական հարցերում ցույց է տվել իր անսկզբունքայնությունը: Անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման, հետեւանքների վերացման, պահանջատիրության, ազատագրված հողերի յուրացման, սահմանամերձ բնակավայրերի ամրացման, հայ ընտանիքի պաշտպանության եւ համազգային նման կարգի բոլոր հարցերում վարչախումբը ոտնահարել է ընդհանրական ազգային ու պետական շահը։ Նախկինում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ տեղի ունեցած գործընթացները, Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ մեր հավաքականի համազգեստի վրայից Արարատի պատկերի անհայտացումը, ռուս զինծառայողի կողմից Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանդից հետո ՀՀ պատկան մարմինների առաջնորդվելը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության պահանջներով եւ այլ դրվագներ ցույց են տալիս, որ մեր կառավարությունը համազգային ու համապետական հարցերում չունի որեւէ սկզբունք ու սրբություն: Ըստ ամենայնի, միակ սկզբունքը հետեւողական անսկզբունքայնությունն է:

Նման փաստերը քննարկելիս ցանկացած մարդ, ի վերջո, բախվում է տվյալ պաշտոնյաների հոգեբանության ու մտածողության կերպը հասկանալու խնդրին: Յուրաքանչյուր կառավարություն որքան ինստիտուցիոնալ կառույց է, նույնքան եւ «միս ու արյուն» ունեցող մարդկանց մեկտեղում է մի օրգանիզմում: Արդեն մեկուկես տասնամյակ պետական կառավարմանը մասնակից հարյուրավոր անհատներ են մասնակցել իրենց հայրենիքի ու ժողովրդի շահերը ոտնահարելու, ոչնչացնելու գործին: Դա մի փոքր խումբ անձանց հանցավոր համաձայնություն չէ, ովքեր կարող էին սկզբունքներ ու արժեքներ չունենալ եւ գործել` դեմ գնալով ազգային ինքնությանը: Դա միայն հնարավոր էր, եթե այդ հարյուրավոր պաշտոնյաները որոշակի հոգեբանության ու մտածողության կրողներ լինեին, հանդիսանային յուրահատուկ կոլեկտիվ գիտակցության կրողներ: Այնպիսի գիտակցության, որը մարդու մեջ ճնշում է ազգային ինքնության շուրջ արթնացող ցանկացած ներքին խռովք, իրականությունը բացատրում է լավատեսորեն, տուրք է տալիս ապագային, անհաջողություններն ու պարտությունները փորձում է չնկատել կամ բարդել մեկ ուրիշի վրա, անթույլատրելի է համարում առկա դրվածքների փոփոխությունը, ինչպեսեւ` նոր որոշումների կայացումը, այդ որոշումների մեջ տեսնում է վտանգներ, որոնք թվում են ծանր եւ հետեւաբար` վնասակար, անձին զերծ է պահում պատասխանատվությունից, իրեն հավատացնում է այլոց՝ իր նկատմամբ բարեհաճ ու ողորմած լինելու մեջ, սուբյեկտիվ հանգամանքները վերափոխում է օբյեկտիվի, դրանց մեջ տեսնում է նախախնամություն եւ այլն:

Ներկայացված գիտակցությունը մեր ժողովրդի կոլեկտիվ գիտացականին է վերաբերում, այնպես, ինչպես եւ մեր պետական կառավարման մեջ ներգրավված պաշտոնյաներն են ներկայացնում ամբողջ Հայաստանը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից, գույքային կամ այլ դրությունից: Կարելի է ասել, որ մեր երկրում որքան հայ կա, կա գրեթե նույնքան պետական դավաճանությանը պատրաստ քաղաքացի, ովքեր որոշակի իրավիճակում, իրենց գիտակցության գերին դառնալով, նույն հաջողությամբ օտարին կհանձնեին Հայաստանի այս կամ այն գույքը կամ դեմ կգնային ազգային ու պետական շահերին: Եվ դա կանեին, քանի որ ինչ-որ մի պահի կգտնեին, որ իրենք ամեն ինչ արել են առկա վիճակը կանխելու համար, սակայն վերջինս օբյեկտիվ իրականություն է եւ պետք է ապրել ոչ թե ներկայով, այլ ապագայի հույսով: Ներկան «ռեալպոլիտիկն» է, որին չպետք է հակադրվել` չվնասելու, չկորցնելու համար օտարի կողմից քեզ թողնվածը, իսկ օտարի կողմից քեզնից վերցվածը, քո հանձնածը ետ կգա լուսավոր ապագայում:

Օրերս ՀՀ պաշտոնյաներից մեկը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, «1in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում խոսեց նաեւ ազատագրված հողերը հանձնելու մասին: Ըստ նրա` «Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել` այդ թվում նաեւ ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով` կայուն եւ երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար եւ Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով»:

Ազատագրված հողերը թշնամուն հանձնելու պատրաստակամության փաստն առաջ բերեց մեր հանրության վրդովմունքը: Հնարավոր այդ քայլը դիտարկվեց որպես ազգային դավաճանության կոնկրետ դրսեւորում: Եվ շատ քաղաքացիներ այդ խոսքերի հետեւում տեսան վարչախմբի կողմից ուղղորդված քաղաքականություն:

Սակայն, ինչպես արդեն ասվեց, բոլոր դեպքերում նման քայլերի գնալու պատրաստակամությունը հարիր է հարյուրավոր պաշտոնյանների: Մինչ այժմ նման կերպ են մեկնաբանվել պետական ինքնիշխանությունը սահմանափակող ու ազգավնաս նախկին բոլոր ձեռնարկումները: Նախկինում այս կամ այն պաշտոնյան միշտ էլ գտել է հիմնավորումներ, թե ինչու է վարչախումբը գնում այդ քայլերին: Եվ այս դեպքում ԱԺ պատգամավորի խոսքում եւս հստակ երեւում են նրա արատավոր, վնասակար մտածողության ու հոգեբանության հիմքերը:

Այսպես, խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին` ԱԺ պատգամավորը շատ պարզ ու մատչելի մեզ է ցուցանում իր գիտակցության սնանկությունը: Լրագրողի եւ ԱԺ պատգամավորի երկխոսության համապատասխան հատվածը ներկայացնում ենք ստորեւ.

«- Իսկ զենքի վաճառքի հետ կապված վերջին շրջանում նաեւ նորից խոսվեց այն մասին, որ նոր քանակի եւ նոր տեսակի զինամթերք եւ զինտեխնիկա Ադրբեջանը ձեռք կբերի։

- Հայաստանի Հանրապետությունը իր մտահոգությունը բազմիցս արտահայտել է այս փաստի վերաբերյալ ե՛ւ նախագահի մակարդակով ե՛ւ արտգործնախարարի եւ այլ պաշտոնյաների, եւ մեր ռուս գործընկերներն այդ մտահոգությունը լսել են եւ հաշվի են առել։ Սրանից ավել անելու ոչինչ չունենք։

- Այսինքն՝ հաշվի են առե՞լ, այսուհետ չեն վաճառի՞։ Կոնկրետ գործողություններ չպե՞տք է լինեն։ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները որեւէ կերպ նման քայլ չեն արել եւ չեն էլ անի, որովհետեւ ունեն կոնկրետ պարտավորություններ։

- Ես վստահ չեմ, որ չեն արել եւ չեն անի, բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, կրկնում եմ, մենք մեր մտահոգությունն արտահայտել ենք եւ այն ի գիտություն է ընդունվել մեր ռուս գործընկերների կողմից։ Որեւէ այլ բան մենք չունենք անելու։ Ես հուսով եմ, որ այդ զենքը մեր զինվորների, մեր երիտասարդների, մեր քաղաքացիների, խաղաղ բնակչության դեմ չի օգտագործվելու»։

Ներկայացված խոսքում ԱԺ պատգամավորը չի բերում որեւէ փաստարկ, թե ինչու Ռուսաստանը պետք է հաշվի առնի Հայաստանի պաշտոնյանների մտահոգությունը: Կա ներքին համոզում, որ օտարը ողորմած կգտնվի, իր խոսքի տերը կլինի, չի գնա քայլերի, որոնք կվնասեն Հայաստանին: Կա անհիմն համոզում, որ իրենք արել են իրենցից պահանջվող ամեն քայլ: Կա հույս, որ այդ զենքերը իր երկրի ու իր հայրենակիցների դեմ չեն ուղղվի:

Սա ոչ այլ ինչ է, քան կրոնական գիտակցություն: Երբ մարդը չունի ներքին մղում` ստեղծելու երաշխիքներ իր անվտանգության, բարեկեցության համար, երբ նրա հույսը արտաքին աշխարհի բարեհաճությունն է, իսկ հավատը` նախախնամությունը` հիմնված բախտի, ճակատագրի վրա, ապա նրան ոչինչ չի մնում անել, քան ամբողջությամբ տրվել դեպքերի ընթացքին, այսօրը մեկնաբանել` տուրք տալով «ռեալպոլիտիկին», անցյալի պարտությունները չտեսնելու տալ, իր դեմ գործած «պերմյակովյան» ոճրագործությունների դեպքում ջայլամի նման գլուխ մտցնել ավազի մեջ, «սաֆարովյան» կացնահարման, ուղղաթիռի կործանման եւ այլ դեպքերով հոխորտալ ապագայում իրականացվելիք ինչ-որ պատիժներով:

Ուստի, նման գիտակցությամբ մարդկանց այլ բան չի մնում, քան երկրում ամեն քայլափոխի կառուցել եկեղեցիներ` Բախտի երկրպագության տաճարներ: «Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս` քեֆ արա»,- կասեր Նազարը: Այդպես էլ ապրում ենք` եկեղեցի կառուցելով ու այդ եկեղեցիների բակում խնջույքի փառատոներ կազմակերպելով: Մեզ համար հայրենասիրությունն ու ազգասիրությունը եկեղեցու պատերը շեն պահելու մեջ է: Փորձեք նրա եկեղեցու մի քարը տեղաշարժել, կտեսնեք ազգային դավաճանության ընկալումը ինչպես կաշխատի ազգի կոլեկտիվ գիտակցականում: Եկեղեցին դեպի պայծառ ապագա մեր ընթացքի առհավատչյան է: Գոյատեւում ենք հույսով ու հավատով, այդ ընթացքում թե ի՞նչ ենք կորցնում՝ դա մեզ քիչ է անհանգստացնում: Կարեւորը լավատեսությունն է` «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Իսկ աստվա՞ծ: Այդ հարցում ճկուն ենք: Եթե Շահ Աբասի պատկերը քանդակել ենք Էջմիածնի Մայր Տաճարի պատին, ապա կգթա մեզ տեր աստված` լինի նա այս անգամ Պուտինի կամ Օբամայի տեսքով: Այդուհետ հայ պաշտոնյան կարձանագրի. «նրանք մեր մտահոգությունը լսել են եւ հաշվի են առել։ Սրանից ավել անելու ոչինչ չունենք»։