статьи

Աստծո հույսը մեզ վրա է

Ընդհանրապես սեփական պնդումները ճշմարտացի ու օբյեկտիվ համարելու, քննադատություն չընդունելու, դոգմավորված համոզմունքներից չհրաժարվելու մղումը մեր ազգի կարեւոր արատներից է: Դրա արդյունքում մեր մտածողությունը ինչ-որ մի պահի դադարում է մեր գործողությունների կարգավորիչը լինել: Այն դեմ է առնում մարդկային հպարտության պատին, որից հետո մեր վարքը ենթարկվում է ոչ թե բանականությանը, այլ` հույզերին, զգացմունքներին: Այդպես մեր իսկ մտածողությունը, առանց փոխվելու, նորն ընկալելու հնարավորության, հայտնվում է կապանքների մեջ: Այդուհետ որքան ուզում ես գիտելիք կուտակիր, եթե մտածողությունդ քարացած է` նոր գիտելիքը քեզ երբեք չի օգնի:

Երբեմն մարդիկ կարողանում են մտածողության կապանքները հաղթահարել ու ազատություն տալ մտքի շարժին: Սակայն դեմ են առնում մի այլ խնդրի: Նորը յուրացնելու համար խնդիր է դառնում հինը լիարժեք պատկերացնելը: Այստեղ է, որ առաջ է գալիս մի շատ կարեւոր հարց` ո՞րն է մեր այն մտածողությունը, որը փոխելու կարիքը կա, եւ որի քարացածությունից էլ սկիզբ են առնում մեր իսկ անհաջողությունները, դժվարությունները, դժբախտությունները:

Հայ ազգի մտածողությունը կաթվածահար անող հիմնավոր արատներից մեկը հանցավոր օպտիմիզմն է: Այն շարունակում է նորանոր փորձանքներ բերել իր կապանքներում հայտնված մարդկանց` խորտակելով կյանքեր, ավերելով օջախներ, անգործության մատնելով մարդկային ուղեղներ ու ձեռքեր: Լավատեսությունն է մեր մտածողության առանցքը: Չէ որ մենք միշտ մտածում ենք, որ ամեն ինչ լավ կլինի, ապագան բարյացակամ է տրամադրված մեր հանդեպ:

Ընդհանրապես, հայ մարդը համակերպվում է ցանկացած իրավիճակի, երբ ունենում է որոշակի հույս ու լավատեսություն ապագայի նկատմամբ: Որտեղի՞ց է գալիս այդ լավատեսությունը: Առաջին հերթին դա մեր ազգի հոգեմտավոր ժառանգության մասն է եւ գալիս է դարերի խորքից: Ժողովրդի մեջ լավատեսությունն արմատավորող հիմնական գործնական գաղափարը վերցված է քրիստոնեական ուսմունքից: Հույսը, հավատն առ աստված եւ Փրկչի գալստյան սպասումը մարդկանց հնարավորություն է տվել մոռանալ իրենց ապրած տվյալ օրվա դժվարությունները, չպայքարել դրանց դեմ, համակերպվել տխուր առօրյային եւ, ի վերջո, նման տարիների տեւականության մեջ համակերպվել ընդհանրապես ներկային` հույսը դնելով վաղվա օրվա վրա, ձեւավորելով ապագան ուրիշի` վերացականի հետ կապելու գիտակցությունը եւ ապագան տեսնելով պայծառ գույների մեջ:

Իհարկե նման մտածողությունն արդեն իսկ խոցելի է ցանկացած հանրության համար: Սակայն հայերիս դեպքում, ովքեր մեկ դար առաջ հոգեբանական մեծ տրավմա են ստացել` ցեղասպանություն են ապրել, որի հետևանքով կասկածի են ենթարկել աստծո գոյությունը, շատերը սեփական ապրումներով ձեռք բերած փորձին համահունչ, իրենց համար հոգեհարազատ են համարել մարքսիզմ-լենինիզմի աստվածամերժության տեսական պնդումները, տեսել են աթեիզմի տարիներ, ահա այդ ամենի արդյունքում տվյալ մարդիկ իրենց մեջ ոչնչացրել են աստծուն, բայց ոչ երբեք աստծո գալստյան արդյունքում ապագայում բարու հաղթանակի եւ չարի պատժման մասին եկեղեցու կողմից իրենց պարտադրված դոգմաները: «Լավ ապագայի» կուռքը կործանվել է, սակայն «լավ ապագայի» սպասումը` մնացել:

Այսպիսով, այդ լավին, լուսավորին, բարուն սպասելու ժողովրդի հավատամքը մեր ավագ սերնդի շրջանում կոմունիստական տոտալիտարիզմի պայմաններում արդարացվել ու արմատավորվել է գործնականորեն: Մի քանի սերունդ ապրելով կոմինիզմ կառուցելու գաղափարի ներքո, ընդ որում երբ այդ կոմունիզմը մարդկանց աչքի առաջ իրենց չքավորությունը իսկապես բերել հասցրել է որոշակի բարեկեցության, ահա այդ պայմաններում լավատեսության ազգային հոգեկերտվածքը լիարժեք ձեռք է բերել կործանարար դրսեւորում` մտածողության մեջ լիակատար իշխանություն տալով հանցավոր լավատեսությանը:

Այսօր մարդիկ հենց այդ լավատեսության շնորհիվ են վարկեր վերցնում եւ կորցնում թե իրենց գույքը եւ թե իրենց ընտանիքները: Շատ լավ գիտակցելով, որ իրենք ներկայում եւ տեսանելի ապագայում չեն կարող վճարել վերցվող վարկերի գումարները, այնուամենայնիվ նրանք վերցնում են դրանք` հույս ունենալով, որ «աստված մի դուռ կբացի» եւ իրենք մի ձեւով կփակեն այդ վարկերը հեռավոր ապագայում: Նմանապես տարիներ շարունակ Հայաստանում մարդիկ պատրաստ են իրենց վերջին դրամը տալ` գնելու համար ինչ-որ «բարի լոտոյի» կամ «ընտանեկան լոտոյի» տոմսեր, շատ լավ գիտակցելով, որ իրենց ամեն դեպքում խաբում են: Հանցավոր լավատեսության օրինակները բազում են:

Ո՞րն է ելքը:

Երբ լավատեսությունը մերժում ես, հասկանում ես, որ ներկա խնդիրներից երբեք չես փախչի, ապագան քեզ ոչինչ չի խոստանում, այն նույնքան դաժան է, որքան ներկան: Իսկ առավել համարձակներն այս տողերը կարդալիս կարող են հասկանալ, որ ապագան բազմապատիկ անգամ ավելի դաժան է լինելու, քան ներկան է: Ահա այդ ամենը հասկանալուց հետո մարդը ստիպված է լինում կամ իրեն կործանել կամ գործել այնպես, որ կարողանա կառուցել ներկան:

Մարդկանց մի մասը հոգսերի, չքավորության, վարկերի բեռան տակ կամավոր գնում է կործանման` դիմում են ինքնասպանության, իսկ մի մասն էլ իրենց ներկան փորձում են վերափոխել` արտագաղթի ցուպը իրենց ձեռքը վերցնելով: Չկա որեւէ հայ, ով դիմում է արտագաղթի, եւ Հայաստանի ապագան նկարագրում է լավատեսորեն: Անմխիթար ներկայի հանդեպ բացված աչքերը շատերի մոտ բացում են նաեւ նրանց երեւակայության դռները` ապագան իր ողջ «մերկությամբ» տեսնելու համար: Այդ դռներից երեւում է, որ ոչ միայն այստեղ ու այս պահին ոչ մի լավ բան հնարավոր չէ, որ լինի, այլ նաեւ ապագայում: Եւ ուստի պետք է փախչել այստեղից ու այս պահից: Ահա փախուստը դառնում է իրենց լավատեսության վերականգնման միակ միջոցը:

Այս ամենը տեսնելուց մարդը կարող է իրեն հարց տալ` «ի՞նչ անենք, գնանք կախվենք, երբ մեզանից հույսն էլ ես կտրում»:

Ո՛չ, սա վատատեսության քարոզ չէ, սա իր վիճակը ռեալ տեսնելու եւ ռացիոնալ գնահատելու, վերլուծելու ցանկություն է: Երբ հասկանում ես, որ չկա որեւէ հիմք լավատեսության համար Հայաստանում, երբ գիտակցում ես, որ չկա որեւէ լավատեսության հիմք նաեւ Հայաստանից դուրս, այնտեղ էլ նույն գործազրկությունն է, ծպտյալ կամ բացահայտ օլիգարխիան, պետական կամ քրեական ռեկետը, հիփոթեքի, վարկերի տեսքով մարդկանց արյունաքամ անող վաշխառությունը եւ այլն, ապա ստիպված ես ներկադ կառուցելու ճանապարհներ փնտրել: Ստիպված ես նորովի ծնվել` քո մտածողությունը փոխելով: Ստիպված ես գիտակցել, որ ոչ մի լավ բան իհարկե չի լինի ապագայում, եթե ապագայի հանդեպ եղած լավատեսական վերաբերմունքը պահվի նույնությամբ: Ստիպված ես խոստովանել, որ այն քեզ ոչինչ չի խոստանում, ուստի ստիպված ես ապագայի վրա խաչ քաշել ու ապրել ներկայով` լուծելով ներկայի խնդիրները:

Ժողովրդական առածն ասում է` այսօրվա գործը վաղվան մի թողնիր: Վաղը կամ դու չես լինի, կամ քեզ արդեն հնարավորություն չեն տա այդ գործն անել: Արա այդ գործը հիմա, կասկածիր հաջորդ օրերի բարենպաստ լինելու հարցում, արա այդ գործը նաեւ հաջորդ օրերին ու դրա հետ մեկտեղ իմացիր, որ վաղը քեզ ոչ մի լավ բան չի խոստանում, ինչ լավ բան կա, դա այսօր է, այն է, ինչ դու այս պահին կարող ես անել, պատրաստ ես անել ու անում ես: Հույսդ, թե աստված վաղը մի դուռ կբացի, սին է: Եթե չես ուզում ապագայում փախչել ներկայից, ապա հույսդ դիր քեզ վրա ու քո այսօրվա վրա: Արա այդ գործը հիմա:

Իսկ գործերը շատ են` պետությունը աղբից մաքրելու պահանջն է դրված մեր առաջ, յուրաքանչյուրս մեր պետությունը, բնակավայրը, տունը կառուցելու, այն բնակեցնելու, աշխատանք ստեղծելու, աշխատելով` բարիք ստեղծելու կարիքն ունենք: Աստված մեզ չի օգնի, եթե մենք մեզ չօգնենք, աստված «էլ բեթարից» մեզ չի ազատի, եթե մենք մեզ չազատենք այսօրվա «բեթարից», աստված չի պատժի ոչ մեկին, եթե մենք չպատժենք հանցավորին, լուսավոր օր երբեք չի գա, եթե մենք լույս չվառենք հիմա: