статьи

Սահմանք քաջաց զէնն իւրեանց-2

2016-02-26

սկիզբը

Սկսած XIV դարից՝ ընդհանրապես ռազմարվեստի պատմության մեջ եւ մասնավորապես Եվրոպայում մղված պատերազմներում շրջադարձային նշանակություն ունեցավ վառոդի կիրառությունը: Հրազենը եկավ փոխարինելու սառը զենքին: Այս հեղափոխական վերափոխումների շրջանում հայոց ռազմաքաղաքական խավն ապրում էր իր մայրամուտը: XIV դարի վերջում Լենկ Թեմուրի ավերիչ արշավանքների հետեւանքով պատմության թատերաբեմից վերջնականապես դուրս էին մղվում հայության քաղաքական իշխանության վերջին բեկորները: Հայ զինվորականության կորուստը նշանակում էր հայոց պետականության լիարժեք ոչնչացում: Այդուհետ հայ զինվորին գալիս էր փոխարինելու հայ առեւտրականը, որի պահանջարկն ունեին շատ ու շատ տերություններ: Տնտեսական գործունեության մեջ հայությանը հատուկ արտոնություններ տրամադրելով` օտարները մեզ վճարում էին այն գինը, որն անհրաժեշտ էր հայից զենքը եւ քաղաքական իրավունքները խլելու գործը սահուն անցկացնելու համար:

Սակայն մինչ այդ, ձիու, սառը զենքի ու իր կամքի միավորման արդյունքում հայը կարողացել էր կերտել մի այնպիսի ավանդույթ, որում պատերազմելու ձիրքը դարձել էր նրա կերպարի առաջնային բնութագրիչը: Այդ ավանդույթը գալիս էր դեռեւս ուրարտական ժամանակաշրջանից, սակայն լիարժեք ձեւակերպվել էր հելլենիզմի շրջանում: Ո՞րն էր այն:

Հելլենիստական դարաշրջանի քաղաքական էթիկան, որպեսզի հիմնավորեր մակեդոնացիների ու հույների նվաճումները Արեւելքում, նվաճված տարածքների նկատմամբ նրանց տիրապետությունը մեկնաբանում էր զենքի իրավունքի հիման վրա: Համաձայն հելլենիստական քաղաքական ավանդույթների` զենքի գործադրմամբ կատարված ցանկացած նվաճում եւ հաստատված տիրապետություն իրավական էր: Ըստ այդմ` հելլենիստական միապետի կողմից իր հողն ու գահը զենքով նվաճելու հանգամանքը նրա իշխանությանը տալիս էր օրինական բնույթ, եւ նա ճանաչվում էր օրինակարգ կառավարիչ: Հենց այս քաղաքական բանաձեւի հիման վրա էր պատմահայր Մովսես Խորենացին ներկայացնում նաեւ հայոց ավանդական քաղաքական համակարգը: Այսպես, խոսելով Արշակունյաց արքայատան հիմնադիր Տրդատ I-ի էպիկական փոխանորդի` Վաղարշակի մասին՝ Խորենացին տալիս էր նաեւ նրա նվաճումներն արդարացնելու քաղաքական հիմնավորումը. «Որովհետեւ, ինչպես ասում են, քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է»:

Զենքի իրավունքը բացարձակ ճանաչող ու նախարարական կարգերի վրա խարսխվող կայուն քաղաքական մշակույթը հայությանը հնարավորություն էր տվել Հելլենիստական դարաշրջանում, արդեն մ. թ. ա. III դարի սկզբին, վերջնականապես ձեւավորել մի պետություն, որը գրեթե ամբողջությամբ համապատասխանում էր նրա բնօրրանի` Հայակական լեռնաշխարհի բնական սահմաններին: Անտիկ աշխարհին այդ պետությունը հայտնի էր Մեծ Հայք անունով: Վերջինիս սահմանները պատերազմների միջոցով հիմնականում գծել էր Արտաշես I-ը մ. թ. ա. II դարի սկզբին, իսկ միջազգային հարաբերություններում իրավաբանորեն ամրագրել` Տիգրան II Մեծը մ. թ. ա. I դարում:

Զենքի իրավունքի հիման վրա կազմավորված հայոց այդ պետականությունը, որում հելլենիզմի ոգուն համահունչ ներդաշնակորեն միաձուլվեցին տեղական եւ օտար մշակույթները, այդ թվում՝ հելլենիստական ու նախարարական քաղաքական ավանդույթները, բավական երկար կյանք ունեցավ: Մեր այս պետականության երկարակեցությունը պայմանավորված էր հիմնարար մի քանի գործոններով: Փորձենք մանրամասնել դրանք:

Քաղաքական իշխանությունն իրենց ուսերին կրող հիմնական դերակատարները` նախարարները, առաջնային առաքինություն համարում էին պատերազմական գործն ու անձնական արիությունը, որն էլ բերում էր զինված պայքարի միջոցով սեփական իրավունքների եւ, ի վերջո, համընդգրկուն արդարության հաստատմանը (նախարարությունների պատիվն ու բարձը որոշող գահնամակները դրա արտահայտությունն էին): Հանրության մեջ ձեւավորված պատվի կոդեքսն, այսպիսով, լիարժեք նպաստում էր, որ անձնական կամ կոլեկտիվ անվտանգության խնդիրը լուծվի զենքի ուժով: Մի պետական կառույցում մի քանի տասնյակ նախարարական տոհմերի գոյակցությունը եւ նման պատվի կոդեքսի առկայությունը ծնում էր բնական մրցակցությանը դիմանալու պահանջմունք: Այստեղից ինքնաբերաբար առաջ էր գալիս բնական ընտրասերման գործընթացը, իսկ վերջինիցս էլ` միմյանց հետ փոխհարաբերություններում հնարավորինս համերաշխ գոյակցելու նախարարների ցանկությունը: Առաջինը պետք էր հզորանալու, իսկ երկրորդը` այլոց հզորությունների հետ հաշվի նստելու եւ նրանց հետ բնական համակեցություն հաստատելու համար: Ներկայացված բնական մրցակցության ու ընտրասերման գործընթացի կապակցությամբ որպես հիմնավորում բերենք սպարապետ Վահան Մամիկոնյանի խոսքը, որում տրված է հայոց բանակի գլխավոր հրամանատարի մտածողության կերպը` անշուշտ փոխանցված իր ապուպապերից: Ըստ սպարապետի` «Այն գունդը, որի զորագլուխը վատ է, անհնար է, թե լավ լինի ինքը` գունդը: Այդպես էլ անհնար է, որ հառաջադեմ ու անվանի լինի մի աշխարհ, որի իշխաններն են հետադեմ» (Ղազար Փարպեցի, Գ, ՀԵ):

Մեծ Հայք պետությունը յոթ դար շարունակ աշխարհի հետ հարաբերվեց` ունենալով թագավորության կարգավիճակ ու թագավորական իշխանություն, չնայած այն հանգամանքին, որ երկիրը շարունակում էր առաջնորդվել առավելապես նախարարական կարգերով: Հայաստանում խոր արմատներ ձգած հելլենիստական սինկրետիզմի երեւույթը լիուլի բավարարում էր նման քաղաքական համակարգի գոյության համար: Սակայն մ. թ. V դարում արտաքին ճնշումները եւ դրանց դեմն առնելու ներքին ռեսուրսների անբավարարությունը հայ նախարարներին ստիպեցին լուծարել թագավորական իշխանությունն ու անմիջական հարաբերությունների մեջ մտնել շրջակա տերությունների հետ: Դա մի ժամանակաշրջան էր, երբ աշխարհը գտնվում էր մեծ փոփոխությունների մեջ. կենդանության վերջին նշաններն էր ցույց տալիս ստրկական աշխատանքի վրա հիմնված տնտեսական կացութաձեւը, փլուզվում էին կրոնագաղափարական նախկին պատկերացումները, սոցիումի կազմակերպման նոր ձեւեր էին կենսագործվում: Այդ ամենն իր ազդեցությունն էր թողնում նաեւ հայ ժողովրդի կեցության վրա:

Այդ նույն շրջանում եւ ընդհանրապես մեր թվարկության առաջին հազարամյակում աշխարհում տեղի էր ունենում բնակչության թվի շարունակական անկում: Մի կողմից տարբեր պետությունների` Եվրոպայում, Ասիայում ու Աֆրիկայում նոր տարածքներ բացահայտելու ու նվաճելու գործընթացը, մյուս կողմից աշխարհի բնակչության թվի անկման, ինչպես նաեւ հյուծիչ անդադրում պատերազմների հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորականության անընդհատ կրճատումը ժամանակի հզոր տերություններին ու անգամ պետական տարբեր մանր կազմավորումներին կանգնեցնում էր նոր պատերազմներ վարելու համար մարդկային ռեսուրսներ գտնելու խնդրի առաջ: Մեր հարեւաններից այդ խնդրում նոր լուծումներ գտնելու հարցում առաջինը ձեռնամուխ է լինում Բյուզանդիան: Ստեղծվում են պայմաններ նոր կարգի զինվորականության կազմավորման համար, ովքեր ավատատիրության ընդհանուր միտումներին համահունչ ամրացվում են հողին: Միաժամանակ թե՛ Բյուզանդիայի եւ թե՛ Իրանի պարագայում լայն կիրառություն է ստանում այլ ժողովուրդների զինական ուժերը սեփական պատերազմներում կիրառելու պրակտիկան: Հայոց այրուձին ու ընդհանրապես զինվորականությունը շրջակա երկու հզոր տերությունների պատանդն է դառնում` նրանց շահերը սպասարկելու համար քշվելով մեկ արեւելք, մեկ արեւմուտք:

Հենց V դարից սկսած՝ հայոց նախարարությունների շրջանում կամաց-կամաց սկսում է կենսագործվել բնակչության այլ շերտերից կազմավորվող զինվորականության պրակտիկան, որը հատուկ էր թագավորական իշխանությանը: VII-VIIIդդ. տոհմիկ ռազմիկների, այն է` իշխանների ու սեպուհների թվի կրճատման պայմաններում այդ էր պահանջում պատերազմելու գործը: Պատերազմներ, որոնք տեղի էին ունենում միաժամանակ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ Մերձավոր Արեւելքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում: Հետագայում` IX-X դարերում քաղաքների աննախադեպ աճի ու զարգացման պայմաններում այդ զինվորականությունն առավել մեծ ծավալ է ընդգրկում` ավելի մեծ չափերով կրճատելով տոհմիկ ազնվականների թիվը ընդհանուր զինվորական դասի մեջ: Մեծ ու հարուստ ինքնակառավարվող քաղաքների գոյությունը այդպես իր ուղղակի ազդեցությունն էր թողնում առավելապես բերդավանի ու իր դղյակի շուրջը խմբավորված ազնվականության դիրքերի ու հնարավորությունների վրա:

IX դարում` Արշակունյաց թագավորության լուծարումից 450 տարի անց, Բագրատունյաց նախարարական տան առաջնորդությամբ Հայաստանում վերականգնվում է թագավորական իշխանությունը: Այդ պետականությունը հանդես էր գալիս որպես նախորդ յոթդարյա հայոց թագավորական իշխանության ուղղակի ժառանգորդը: Անգամ պետության անվանումը` Մեծ Հայք, միջազգային դիվանագիտական պրակտիկայում նույնությամբ պահպանվում էր: Բագրատունիները փորձում էին շարունակել Արշակունյաց շրջանի քաղաքական ավանդույթները` պահպանելով նաեւ բանակի կազմավորման շատ ու շատ դրվածքներ: Բանակի սպարապետության գործը հանձնվում է Կամսարականներից ճյուղավորված եւ պատերազմական գործում տաղանդավոր մի ընտանիքի, ովքեր անցյալի փառքի հետ լիարժեք կապվելու` Հայաստանի սահմաններից դուրս` Իրանական քաղաքակրթության հետ իրենց ներգրավվածությունը մատնանշելու համար, կոչվում են Պահլավունիներ:

Հայոց թագավորություններին ու իշխանապետություններին վիճակված չէր երկար կյանք ունենալ: Զարգացած ավատատիրության պայմաններում երկրի քաղաքական մասնատվածությունն անխուսափելի երեւույթ էր ողջ աշխարհում: Երբ ի հայտ էին գալիս առավել մեծ ռազմաքաղաքական ուժեր, վերջիններս օբյեկտիվորեն խոչընդոտ էին դառնում ինքնուրույն կյանքի կառուցման համար: Նախ Բյուզանդական կայսրությունը, ապա սելջուկների ու մոնղոլների արշավանքները սկսում են կլանել քաղաքական մանր միավորները: XI դարում մեկը մյուսի հետեւից սկսում են կործանվել հայոց պետական կազմավորումները: Ընդ որում դա միայն ռազմական պարտությունների արդյունքում չէ, որ տեղի էր ունենում: Դեր էին խաղում նաեւ հայության հանրային կյանք ներխուժած արժեքային խաթարումները` ծնելով գանձասիրություն, օտարամոլություն, տգիտություն, պատեհապաշտություն եւ այլն: Հայ ժողովրդի XI-XIV դարերի պատմությունն այսպիսով ներկայանում է մի կողմից կենաց մահու պայքար երկրի ինքնուրույնության ու քաղաքական ազդեցության պահպանման համար, մյուս կողմից առեւտրային ու վաշխառուական կապիտալի արագ տեմպերով ծավալում հանրային օրգանիզմում: Հանրային գիտակցության մեջ տեղ են գտնում բոլորովին հակադիր միտումներ, որոնք ի վերջո ավարտվում են քաղաքական մտքի պարտությամբ ու նյութական շահի գերապատվության մասին պատկերացումների համատարած սփռմամբ: Փողը հաղթում է զենքին:

Մովսես Խորենացին դեռեւս հազար վեց հարյուր տարի առաջ է ավանդել իր հետեւյալ խոսքերը` «Թեպետ մենք փոքր ածու ենք եւ շատ սահմանափակ թվով եւ շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց եւ այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու եւ հիշատակելու արժանի»: Այսօր այդ գործերը կարող են ուղի ծառայել հայ ժողովրդի քաղաքական գիտակցությունը բարձրացնելու, զենքի արժեքը եւ սուբյեկտային վարքը հասկանալու ու Հայաստանը պատած համատարած տգիտության դեմ պայքարելու համար` ի սարսափ արտաքին թշնամու եւ ներքին տականքի:

(շարունակություն)