статьи

Ախպեր հա՞յ ես, խփում ես, չէ՞

2016-06-30

Հայաստանը գտնվում է սոցիալ-քաղաքական լրջագույն ճգնաժամի մեջ։ Դրա մասին բարձրաձայնում են բոլորը։ Սակայն այդ մասին առավել խոսուն է ամեն տարի տասնյակ հազարներով հայրենիքը լքող մեր քաղաքացիների վարքագիծը։ Կան բազում վերլուծություններ, որոնք ցույց են տալիս առկա վիճակի պատճառներն ու լուծման սպասող խնդիրները՝ մենաշնորհների գոյությունը, համատարած կոռուպցիան, օլիգարխիական տնտեսությունը, անհավասար մրցակցությունը, պետական հովանավորչությունը, կառավարման ապաշնորհությունը եւ այլն։ Բացի այս ամենից, երբեմն խոսվում է նաեւ խնդիրների լուծման մեխանիզմների ու լծակների մասին։ Սակայն, գրեթե միշտ բաց է մնում ակնկալվող փոփոխությունների գլխավոր նախաձեռնողի՝ քաղաքացու դերակատարության հարցը։

Մեր հանրության գերիշխող համոզմունքն է, որ եթե ճգնաժամի պատճառը կառավարման ղեկին գտնվող եւ վարչական լծակներ ունեցող մարդիկ են, ապա հենց նրանք էլ պետք է պատասխանատու լինեն երկրի անմխիթար վիճակի ու փոփոխություններ նախաձեռնելու համար։ «Ինչպես ախոռի են վերածել մեր երկիրը, թող այդպես էլ մաքրեն իրենց կեղտերը»,-մտածում են մարդիկ։ Սակայն, տարիներն անցնում են, ու քաղաքացիներն այդպես էլ իրենց սպասելիքների ու ակնկալիքների գերին են մնում։ Նման կերպ մտածող մարդկանց համար է ժողովրդական խոսքը բանաձեւել «էշ մի սատկի՝ գարուն կգա» ասացվածքը։

Իհարկե, կան նաեւ քաղաքացիներ, ովքեր խոսում են երկրի վիճակի համար հանրության ուղղակի պատասխանատվության մասին։ Արդեն որոշակի տեղաշարժ կա մարդկանց մտածողության մեջ, ովքեր գտնում են, որ հանրության անգործությամբ ու թողտվությամբ է երկիրը հայտնվել նման ճգնաժամի մեջ։ Դարերի թմբիրից գլուխը բարձրացրած հայությունը սկսել է խոսել նորանկախ պետության առջեւ ստանձնած սեփական պատասխանատվության մասին։ Իսկ դա առաջին հերթին արտահայտվում է մեղավորներին պատասխանատվության կանչելու ձեւով։ Եթե մի քանի տարի առաջ հանրային-քաղաքական կյանքում քաղաքացու՝ խնդրարկուի դերից պահանջատիրոջ կարգավիճակի ձեռք բերումը մի մեծ հեղափոխություն էր համարվում ու շատերն ուրախանում էին քաղաքացիական պայքարի օջախների սփռման ծավալից ու հաճախականությունից, ապա այսօր վարչախմբի դեմ ընդվզման նման մակարդակն արդեն սկսում է ոչ միայն անօգուտ դառնալ, այլ անգամ աշխատել քաղաքացիական հանրության դեմ։ Եվ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պահանջատեր մարդը մի նոր աստիճանի վրա չի բարձրացել՝ չի ձեւավորվել հանցագործին ու զանցառուին պատասխանատվության կանչող ու պատժող քաղաքացին։ Մեզանում հենց նման քաղաքացիները չկան կամ գրեթե չկան։

Ո՞րն է այն չափանիշը, որը տարբերակում է քաղաքացիական այդ երկու խմբերին։ Իրականում գոյություն ունի վարքագծի շատ կոնկրետ մի տարբերություն։ Եթե քաղաքացին վարչախմբին սեփական պահանջը ներկայացնելուց բացի ի վիճակի չէ կամ ի զորու չէ հանրային հարաբերությունների խաթարման գործում մեղավոր կոնկրետ հանցագործին կամ զանցառուին պատասխանատվության ենթարկել, ապա գործ ունենք ընդամենը պահանջատեր քաղաքացու հետ։ Իհարկե լավ է, որ մարդն այլեւս խնդրարկու չէ։ Բայց դա բավարար չէ համապետական խնդիրներ լուծելու համար։ Երկիրը ճգնաժամից դուրս բերել պարտավոր են հենց քաղաքացիները։ Իսկ դա հնարավոր է, եթե բացի հրապարակայնորեն արտահայտվող պահանջատիրությունից, մեզանում լինեն նաեւ հանցագործին, զանցառուին պատասխանատվության կանչող ու պատժող քաղաքացիներ։

Շատերը փորձում են հանրային կյանքում պատժի գործառույթի բացակայությունը տեսնել խնդրի վտանգավորության մեջ։ Այսպես՝ մեկնաբանում են, որ կառավարման համակարգը բռնազավթած մարդիկ, պետության հարկադրանքի մեքենան օրենքի ուժով կիրառելով, կարող են պատիժ իրականացնող, ինքնադատաստան տեսնող կամ վրեժ լուծող ցանկացած ակտիվ քաղաքացու ազատազրկել, սպանել, խոշտանգել եւ այլն։ Ուստի դրա համար է, որ մեզանում չեն ծնվում հանրային, պետական ու անգամ սեփական շահի համար հանցագործին, զանցառուին պատասխանատվության կանչող ու պատժող քաղաքացիներ։

Սակայն, նույն կերպ մտածող մարդիկ մի խնդրի առաջ են կանգնում, երբ նրանց ներկայացվում է այլ երկրների ու այլ ժամանակաշրջանների փորձը։ Չէ՞ որ թե՛ ներկայիս զարգացած, զարգացող կամ աղքատ երկրներում, թե՛ պատմական բոլոր ժամանակներում բազում են նման օրինակները։ Ժամանակակից զարգացած երկրները հենց նման քաղաքացիների շնորհիվ են հաղթահարել իրենց երկրների սոցիալական ու տնտեսական ճգնաժամերը։ Քաղաքացիները քաղաքական կյանքում պատժի գործառույթի ակտիվ ներդրման միջոցով են կառուցել բարեկեցիկ պետություն ու համեմատաբար արդար պետական կարգ։ Եվ ուրեմն ինչո՞ւ նրանց մոտ ի հայտ են եկել հանցագործին ու զանցառուին պատասխանատվության կանչող ու պատասխանատվության ենթարկող հազարավոր քաղաքացիներ, իսկ մեզանում այդպիսիք գրեթե չկան։ Ի՞նչ է, այլ ազգերը վտանգն առավել արհամարհող են կամ առավել անվախ են, քան հայե՞րը։

Խնդիրը ոչ ժամանակն է եւ ոչ էլ տարածությունը։ Խնդիրը մեր հանրային մտածողությունն է։ Մեզանում քաղաքացիները պատիժ իրականացնելու քայլին չեն գնում, քանի որ համոզված են, որ իրենց քայլը հանրության մեծամասնության կողմից այնպիսի գնահատականի չի արժանանա, որի համար արժե կատարել այդ քայլը։ Արարքի հաջորդ իսկ պահից պատիժ իրականացնող քաղաքացին հանրային ընկալման մեջ ոչ թե կդիտվի մարդ, ում վարքը ենթակա կլինի ընդօրինակման, այլ լավագույն դեպքում մի «դուխով տղա», ով հանուն ինչ-որ սկզբունքայնության իր խելքից «հենց այնպես» ընկավ քաշքշուկների մեջ կամ մի քանի տարվա անազատություն շալակեց (գերիշխող տղամարդկային մեկնաբանմամբ՝ «հանուն պրինցիպների մուֆթա սրոկ վերցրեց»)։ Այդուհետ քաղաքացին ոչ թե կդառնա մի մարդ, որին նրա իսկ սոցիալական միջավայրը բավարար գնահատականի ու գովասանքի կարժանացնի, ոչ թե կդառնա այն մարդը, ում հանրությունը բավարար երախտագիտությամբ կփոխհատուցի, ոչ թե կդառնա այն մարդը, ով գոհ կլինի իր սոցիալական նոր կարգավիճակից, այլ մի մարդ, որը ենթակա է խղճմտանքի («խեղճ տղան ընկավ բորենիների ձեռքը»)։

Ինչպես տեսնում ենք, ներկայացված իրավիճակում կարեւոր է հասկանալ պատիժ իրականացնող քաղաքացու մտածողությունն ու հանրությունից ակնկալվող նրա արձագանքը, ինչպես նաեւ հանրության մեջ գերիշխող ներկայիս մտածողությունն ու քաղաքացուն պատիժ գործադրելուն հակող, նրան մոտիվացնող բոլորովին այլ հանրային մտածողությունն ու վարքը։ Ի տարբերություն մեր հանրության, բոլոր այն հանրություններում, որտեղ քաղաքացիները ելել են վարչախմբերի դեմ պայքարի ու սկսել պատժել կամ ինքնադատաստան տեսնել, այդ հանրություններում հանրային մտածողությունն արդարացրել է պատիժն ու վրեժը։ Այդ մարդիկ ապրել են այնպիսի պայմաններում, որտեղ սոցիալական միջավայրը հենց նման վարքն է բնականոն, գովելի ու ընդօրինակելի համարել։ Այլ կերպ ասած, ոչ թե գերիշխող է եղել «ախպե՛ր, քեզ պե՞տք էր, որ ընկար այդ պատմությունների մեջ» մտածողությունը, այլ այն վերաբերմունքը, երբ մարդիկ պատժիչ գործողությունից հետո սկսել են խոսել, որ իրենք նույն կերպ կվարվեին, եթե հայտնվեին նման իրավիճակում։

Այսօր մեր երկրում շատ բան կփոխվի, եթե մենք սկսենք մտածել ու գործել բոլորովին այլ կերպ, քան ավանդական հայկականն է։ Դրա համար կարելի է սովորական «ֆլեշմոբեր» անցկացնել սոցիալական ցանցերի շրջանակում՝ հանրային մտածողությունն այդ ուղղությամբ փոխելու նկատառումով։ Քանի դեռ մենք հրապարակայնորեն, ամենուր, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, չենք արտահայտել մեր անվերապահ աջակցությունը երբեւէ պատիժ գործադրելու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին, քանի դեռ մենք մեր երախտագիտությունը չենք հայտնել դեռեւս չերեւակված այն մարդկանց, ովքեր հանուն սոցիալական արդարությունը վերականգնելու պատրաստ են պետական հանցագործին դաժան պատժել, իսկ զանցառուին ապտակել, քանի դեռ մենք չենք գովել հանցավորին անձամբ պատժող, զանցառուից վրեժ լուծող քաղաքացուն ու քանի դեռ ընդօրինակելի վարք չենք դիտարկել նրանց արարքը, մենք մնալու ենք հանրային մտածողության այն ճահճում, որի դրսեւորումն է մեր հայրենիքին պատած սոցիալ-քաղաքական ներկայիս ճգնաժամը։