статьи

«Շոու» մա՞սթ գոու օն

Հայաստանի հանրության քաղաքական հասունության խնդիրը վաղուց քննարկման առարկա է: Արդեն բավական մեծ թիվ են կազմում այն հրապարակումները, որտեղ շոշափվում է քաղաքական գործընթացների նկատմամբ մեր ժողովրդի իռացիոնալ կամ «միֆական» վերաբերմունքը: Դրա վկայությունն է նաեւ այն, որ թե՛ վարչախմբի եւ թե՛ նրան ընդդիմացող հանրության ներկայացուցիչների խոսքում տեղ է գտնում քաղաքական գործընթացները թատերական ներկայացում տեսնելու ցանկությունը: Ընդհանրապես Շեքսպիրի փիլիսոփայական այն միտքը, որ աշխարհը թատրոն է, իսկ մենք այնտեղ դերասաններ, հայ մարդու մոտ ի մասնավորի վերափոխվել է քաղաքական ճշմարտության եւ իրադարձությունները բացատրելու հիմնական բանաձեւի: Եւ իրապես` իրեն գործընթացներին մասնակցելու պարտականությունից դուրս դրած ու լիակատար անզորությամբ տառապող հիվանդ հասարակության համար էլ ի՞նչ սպեղանի կարող է լինել, եթե ոչ անվերահսկելի «երեւույթները» թատրոն կամ շոու տեսնելու մղումը:

Վերջին օրերին Հայաստանում տեղի էին ունենում կարեւոր իրադարձություններ, իսկ հանրային դիսկուրսում գերիշխում էին հեղափոխության մասին քննարկումները: Կարելի է արձանագրել, որ նոյեմբերի 5-ի Երեւանում Շանթ Հարությունյանի իրականացրած «հեղափոխությունը» դարձել է Հայաստանի քաղաքացիների գիտակցության մեջ հեղափոխական տեղաշարժերի գեներատոր: Այդ տեսանկյունից իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբի քարոզչամիջոցներով հեղափոխական ալիքի չեզոքացման տեխնոլոգիական լուծումներում «շոու-թատրոնի» օգնությանը դիմելը բոլորովին սպասելի արձագանք էր: Վարչախմբի ձեռքին այն վաղուց արդեն դարձել է լրջագույն քաղաքական գործընթացների արժեզրկման արդյունավետ մեխանիզմ: Թե՛ Շանթ Հարությունյանի վարքի, թե՛ «դեղին գլխարկների» պայքարի, եւ թե՛ անգամ Վարդան Պետրոսյանի դեպքի հետ կապված զարգացումներում քրեօլիգարխիայի քարոզչամիջոցները զինվել էին նրանցից յուրաքանչյուրի գործողությունը որպես շոու ներկայացնելու գործիքով: Ուստի բոլորովին էլ պատահական չէր, որ օրինակ դերասան Վարդան Պետրոսյանի նսեմացման մեխանիզմում լրահոսում միանգամից հայտնվեց քննիչի «զորավոր» փաստարկը, թե «դեռասանը մեյմունություն է անում»: Նույն այդ քննիչը մեկ այլ հարցազրույցում չվարանեց կրկին շոու անվանել Վարդան Պետրոսյանի հետ կապված զարգացումները:

Սակայն որքան էլ պարադոքսալ է, քաղաքական գործընթացների մեկնաբանման ժամանակ նույն այդ թատերական ներկայացման «կռվանն» է ընկած ընդդիմադիր հանրության բառապաշարում: Մեր քաղաքական հասունությունը մանկական տհասություն է հիշեցնում` «դու հիմար ես,- չէ դու ես հիմարը» փակ շղթայի տրամաբանությամբ: Ուստի հանրության մոտ քաղաքական որեւէ երեւույթի ինտերպրետացիան կրկին վերածվում է ներկայացման, պարզապես թատրոնի տեսակն է փոխվում: Ի տարբերություն վարչախմբի «շոու-թատրոնի», հանրային դիսկուրսում այն վերափոխվում է «խամաճիկների թատրոնի»: Եթե խոսենք կոնկրետ օրինակներով, ապա սոցիալական ցանցերում բազմաթիվ են Լեւոն Հայրապետյանի, Միքայել Պողոսյանի եւ այլոց վերջին օրերին ի հայտ եկած ընդվզման, ընդդիմանալու վարքագիծը որպես հանցավոր վարչախմբի կազմակերպած թատերական ներկայացում ցուցանելու դեպքերը: Ըստ այդմ, նույն այդ անձիք վարչախմբի խամաճիկներն են եւ խաղում են իրենց այս պահին հատկացված դերը:

Իհարկե ընդդիմախոսներս, վերոշարադրյալը հակափաստարկելով, կարող են խամաճիկ «մտավորականների» եւ նրանց միջոցով վարչախմբի կողմից այլեւայլ խնդիրներ լուծելու բազմաթիվ օրինակներ բերել: Սակայն մեծ է վտանգը, որ թայֆայական կամ անձնական չարակամության, եւ կամ այլ պատճառներով «թացը չորի հետ կխառնվի»: Ի վերջո մեր արատները շատ են: Հենց իր` Վարդան Պետրոսյանի օրինակը, դրա վառ վկայությունն է: Ընդդիմության մի շրջանակ չներեց նրան պայքարի մի հանգրվանում իրեն չմիանալու, սակայն ընդդիմադիր մյուս շրջանակի պայքարի ժամանակ վարչախմբի նկատմամբ իր դժգոհությունը բարձրաձայնելու համար:

Ո՞րն է լուծումը:

Հանրության քաղաքական խակության հաղթահարումը, որի մասին ակնարկեցի հոդվածի սկզբում, հենց այդ փակուղուց դուրս գալու կարեւոր ճանապարհներից է: Իսկ մեր ժողովրդի այդ հասունությունը կարող է արտահայտվել միմիայն քաղաքական գործընթացների նկատմամբ «միֆական» վերաբերմունքը մերժելով, երեւույթների նկատմամբ ռացիոնալ հաշվարկ կիրառելով ու դրանցից գործնական օգուտներ քաղելով: Ի դեպ, քաղաքական իրական գործընթացներից հանրությանը շեղելու նպատակով հանցավոր վարչախմբի բանեցրած գործիքակազմում «շոու-թատրոնը» որքան կարեւոր տեղ է զբաղեցնում, նույնքան էլ այն մերժելի է վարչախմբի ներքին հաշվարկներում: Վարչախմբի համար ընդհանրապես ցանկացած ինքնուրույն գործընթաց եւ մասնավորապես դրա բաղադրիչները հանդիսացող կոնկրետ դեպքերն ու անձիք, երբեք էլ անլուրջ չեն ընկալվում: Նրանց համար յուրաքանչյուր նման դեպք շատ ավելի լուրջ է ու սպառնալից: Այդ դեպքերն ու դերակատարները ենթարկվում են մանրազննին վերլուծության ու մշակման: Իսկ ելքը հասարակ մի բանաձեւի մեջ է: Այն է` քաղաքական ինքնուրույն գործընթացներ ծնող յուրաքանչյուր դեպք ծառայեցնել ի շահ վարչախմբի իշխանության պահպանման, ցանկացած նոր իրավիճակ օգտագործել ըստ սեփական շահերի ու պահանջմունքների: Սա է, որ մեր իռացիոնալ հանրությունը համառ ավանակի նման չի ուզում ընկալել: «Խամաճիկների թատրոնի» տեսքով նրան նետված քաղցր կարկանդակը շատ համեղ պատառ է, չուտել հնարավոր չէ:

Սակայն ինչն է խանգարում, որ մեր հանրությունը նմանապես ռացիոնալ դիրքեր գրավի քաղաքական յուրաքանչյուր իրավիճակում: Ինչն է խանգարում իրական, ենթադրյալ կամ անհիմն խամաճիկների հարցում չենթարկվի «թատրոնի» կանոններին եւ փորձի դեպքերը եւ ընդհանուր քաղաքական իրավիճակը ծառայեցնել ի շահ հանրային, ազգային ու պետական նպատակների ու ծրագրերի: Ինչն է խանգարում այս օրերին թիրախ դարձած նույն այդ մտավորականներին եւ «մտավորականներին» ոչ թե քարկոծել, այլ գնալ հետները խոսել ի մասնավորի նոր քաղաքական դեպքեր «արտադրելու» եւ ընդհանրապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծելու շուրջ: Կամ ինչն է խանգարում հանրային դաշտը լցնել այն մտքերով, որ վերջին դեպքերի կապակցությամբ ձեր ձայնը բարձրաձայնած այ հարգարժան ընկերներ, ապրեք, որ ի վերջո քնից զարթնել եք, կգնա՞ք ակտիվ քաղաքացիների հետ նաեւ այս կամ այն գործը անելու: Ձեր ձայնը կբարձրացնե՞ք, եթե քաղաքական այն ուժը կամ այսինչ անձիք անեն սա կամ սա, ինչո՞վ կօգնեք ու կօժանդակեք մյուս ակտիվ քաղաքացիներին եւ այլն: Եթե Վարդան Պետրոսյանին աջակցում եք, կամ Սայաթ-Նովայի փողոցում ծավալվող պայքարին աջակցում եք, ապա արդյոք չե՞ք աջակցի նաեւ Ամիրյան փողոցում եղած անօրինական շինարարության դեմ պայքարում, Փակ շուկայի խնդրում, Մարց գյուղի ժողովրդին աջակցություն հայտնելու խնդրում եւ այլն: Դրական արձագանքից հետո այդ մարդկանց հետ կարելի է նաեւ պայմանավորվել նախկինում եղած անարդարությունների դեմ կարծիք, միտք, դիրքորոշում հայտնելու մասին: Իսկ Հայաստանի ապագայի հարցում առավել եւս կարելի է պայմանավորվել: Ի վերջո այնպես չէ, որ այդ քաղաքացիները չունեն սիրտ ու հոգի:

Եզրափակեմ: Կարեւորը քաղաքական հասունությունն է, որը ենթադրում է իրավիճակը ամեն դեպքում ի նպաստ քեզ ծառայեցնելու մեջ: Գտնում եք խամաճիկներ են, մի կողմ թողեք դա եւ նրանց պարտադրեք դիրքորոշում հայտնել նաեւ այլ հարցերում: Իրավիճակը թելադրեք դուք: Այլապես ձեզ վերապահված է հանդիսատեսի դերը հայաստանյան «Խամաճիկների թատրոնում»: