статьи

Կուսակցական ու քաղաքացիական պայքարների քաղաքական հայեցակարգերի մասին - 1

Հայաստանի պետական շինարարությունը` ինքնիշխան իրավական պետություն կառուցելու գործը, արդեն տեւական ժամանակահատված է՝ խոր վիհի մեջ է: Այսօր բոլորն են մտահոգված պետության քաղաքական համակարգի ճակատագրով: Ի հայտ է եկել հանրային լրջագույն մտահոգություն, որ մեր ունեցած քաղաքական գիտելիքը, հանրային գիտակցությունն ու մտածողությունը չեն բավարարում պետական շինարարության գործը գլուխ բերելու եւ Հայաստանը ճգնաժամից հանելու համար: Ակնհայտ է դարձել, որ մեր քաղաքական մշակույթը բոլորովին անընդունակ է` հաղթահարելու անկախությունից ի վեր ի հայտ եկած պետական շինարարության մարտահրավերները: Ուստի, ներկայում հիմնարար խնդիր է դարձել քաղաքական սուբյեկտների գործառնությունն ու գործունեության իմաստը պարզելը, դրանց դերն ու նշանակությունը ընկալելը այնպիսի հանգամանքներում, երբ երկրի ներսում բացակայում է կառավարման լծակներին տիրացած վարչակազմի ցանկությունը` կառուցելու ինքնիշխան իրավական պետություն, իսկ քաղաքական ուժերն անզոր ու անկարող են նման նպատակ կյանքի կոչելու համար:

Այնպիսի իրավիճակում, երբ երկրում առկա են իշխող վարչախմբին տապալելու եւ սահմանադրական պետություն կառուցելու պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժեր (կուսակցություններ), որոնք, սակայն, արդեն գրեթե երկու տասնամյակ չեն կարողանում հասնել իրենց առաջադրած խնդրի լուծմանը, բոլորի ուշադրությունը գամվել է այդ սուբյեկտների գործունեության որակն ու բովանդակությունը գնահատելու վրա: Հանրության շրջանում սկսվել է մեղադրանքների տարափ՝ ուղղված կուսակցություններին իրենց անպտուղ գործունեության համար: Սակայն, միաժամանակ ի հայտ է եկել նաեւ կուսակցությունների դերի վերագնահատման ցանկություն: Տեղ են գտել հարցադրումներ, որոնք ազդարարում են, թե արդյոք ճիշտ է իրավական պետության շինարարության գործը կուսակցություններին պատվիրակելը: Արդյոք կուսակցություններին է վերապահված սահմանադրական-իրավական պետության կառուցման գործը այնպիսի երկրում, որտեղ քրեաօլիգարխիան ուզուրպացրել է կառավարման բոլոր լծակները:

Նման հարցադրումների հեղինակները կարծում են, որ ոչ իրավական վարչակարգեր ունեցող մեր նման երկրներում պետական կառավարումը յուրացրած անձանց կամ խմբերին տապալելը եւ ազատ ընտրությունների միջոցով սահմանադրական պետություն կառուցելը (համակարգափոխությունը) ամբողջ հանրության գործն է: Եվ քանի դեռ հանրությունն իր այդ պարտականությունը գիտակցված կամ ինքնըստինքյան պատվիրակում է քաղաքական այլեւայլ խմբերի (կուսակցություններ, տարբեր անուններով գործող կլաններ) ու առանձին անձանց (լիդերներ, առաջնորդներ), չի կարող հասնել արդյունքի: Այլ կերպ ասած` դա ամբողջ քաղաքացիական հանրության գործն է, որին մասնակից պետք է լինեն նաեւ կուսակցությունները: Սակայն հակառակը լինելու դեպքում, երբ գործը պատվիրակվում է կուսակցություններին, իսկ քաղաքացիական շրջանակներին, խմբերին, նախաձեռնություններին վերապահվում է միայն օժանդակողի դերակատարություն, ունենում ենք այն քաղաքական խոր ճգնաժամը, որն առկա է Հայաստանում:

Իհարկե, այս համոզմունքը դեռեւս յուրացված չէ հանրային լայն շրջանակների կողմից: Դեռեւս տարածված է այն կարծիքը, որ քաղաքացիական տարբեր պահանջների շուրջ համախմբված կոնկրետ մարդիկ քաղաքական համակարգը փոխելու պահանջ չեն կարող դնել, քանի որ դրա համար անհրաժեշտ է սեփական քաղաքական ծրագրի առկայություն: Եւ քանի որ նման ծրագիր կարող են տալ միայն կուսակցությունները, ուստի ընդդիմադիր կուսակցությունները պետք է կարողանան օգտագործել քաղաքացիական պայքարի ակտիվությունը` իրենց քաղաքական ծրագրերն առաջ մղելու համար: Այստեղից բխեցվում է, որ համակարգափոխության եւ դրա հետ սերտ առնչություն ունեցող իշխանափոխության խնդիրը կուսակցությունների խնդիրն է, իսկ քաղաքացիական խմբերն ու նախաձեռնությունները միայն լոկալ խնդիրներ կարող են առաջ քաշել ու լուծել:

Առայժմ մի կողմ դնենք 20-21-րդ դարի համաշխարհային ու մեր ժողովրդի քաղաքական պայքարի փորձը, որը հակընդդեմ է այս կարծիքին եւ փորձենք տեսական հարթությունում հասկանալ այս թեզի սխալականությունը:

Ըստ էության, բոլորն են ընդունում, որ յուրաքանչյուր հանրության հիմնարար քաղաքական գործառույթը ընտրությունների միջոցով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորումն է: Այդ նպատակով առանձին քաղաքացիներ կամ քաղաքական ուժեր մասնակցում են ընտրություններին եւ իրենց ստացած քվեներին համամասնորեն՝ տիրապետում վարչական գործառույթներ իրականացնելու համար նախատեսված լծակներին: Այսպիսով, քաղաքական գաղափարականացված ու ծրագրային խմբերի` կուսակցությունների գործառույթը ընտրություններին եւ ըստ այդմ օրենքի շրջանակներում ընթացող հետագա քաղաքական պայքարին մասնակցությունն է:

Սակայն խնդիր է ի հայտ գալիս, երբ նկատում ենք, որ մեզանում ընտրությունները պարբերաբար, համակարգված ձեւով կեղծվում են: Դրա շնորհիվ երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքն են վերցնում այնպիսի անհատներ կամ խմբեր (կլաններ), որոնք ժողովրդի քվեն կեղծելու փաստից ելնելով` նրա առջեւ իրենց պատասխանատու չեն զգում: Այդուհետ նրանց մնում է ողջ կառավարման համակարգն ուզուրպացնելու սեփական ցանկություններին հագուրդ տալը եւ ժողովրդի վրա գրեթե անսահմանափակ իշխանություն բանեցնելը: Ուստի, խնդիր է դառնում պարզել, թե կուսակցություններն ի՞նչ գործառույթ պետք է ստանձնեն նման դեպքում:

Պետք է նկատել, որ եթե համակարգված այնպես են կեղծվում այդ ընտրությունները, որ մեծամասնության քվեի տեր միանշանակ դառնում են քրեական տարրերը, օլիգարխիկ կամ այլ կլանները` ձեւավորելով անօրինական վարչախումբ, ապա նման ոչ ազատ ընտրությունների մասնակցելու հայտ ներկայացնելով` կուսակցությունները ստիպված են լինում ընթանալ այդ վարչախմբերի խաղի կանոններով ու ճանաչել նրանց իշխելու իրավունքը: Իսկ խաղի կանոնները ընտրական գործընթացում հանգում են այնպիսի ստվերային պայմանավորվածությունների ու պարտադրված «համաձայնությունների», որոնք լիովին բացառում են կուսակցությունների ազատ ու օրենքի շրջանակում գործելու հնարավորությունը: Ուստի, նման դեպքերում յուրաքանչյուր կուսակցության մնում է որոշել`

ա) մտնել խաղի մեջ ու իշխող վարչախմբի հետ ընտրական գործընթացում գնալ ստվերային պայմանավորվածությունների,

բ) նույն խաղի տրամաբանությամբ գնալ «լուռ համաձայնությունների» ու համակերպվել իրեն հատկացված այս կամ այն դերի հետ,

գ) մասնակցելով կեղծվող ընտրությունների` չհամակերպվել իրեն հատկացված դերի հետ ու հայտարարել հետագա պայքարի մասին,

դ) չմասնակցել կեղծվող ընտրությունների ու հայտարարել հետագա պայքարի մասին:

Քայլերի այս տրամաբանական ընթացքը ներկայացնելուց հետո անորոշ է, թե կուսակցություններն իրենց հետագա պայքարի նպատակը ո՞րը պետք է համարեն, եթե ընտրությունները համակարգված կեղծելու պայմաններում իրենք պայմանավորվածություններ ձեռք չեն բերել իշխող վարչախմբի հետ կամ չեն համակերպվել նրա հատկացրած դերին: