Ատելությունը քաղաքական կյանքում-1
Հայաստանի քաղաքական կյանքում ատելության տարբեր դրսեւորումների մասին խոսվել է բազմիցս:
Որեւէ կասկած չի հարուցում այն իրողությունը, որ մեզանում երեւույթի տարածվածությունը մեծ չափեր է ընդգրկում: Այսպես, 2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում հայաստանյան ԶԼՄ-ների հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած մոնիտորինգը մտահոգիչ թվեր է արձանագրել: Ըստ այդ մոնիտորինգի`լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի գերակշիռ մասը` 64,2 տոկոսը, քաղաքական ատելության արտահայտություններ են:
Սակայն, բացի ԶԼՄ-ներում քաղաքական ատելության տվյալ դրսեւորումներից,մեր քաղաքական կյանքում ատելության երեւույթի լայն ծավալման մասին են խոսում ինչպես քաղաքական գործիչների, հանրային դեմքերի պարբերաբար ի հայտ եկող ատելություն արտահայտող խոսքերն ու մտքերը («դհոլ», «համբալ», «չաթլաղ» եւ այլն), այնպես էլ դրանց շուրջ սոցիալական ցանցերում տեղ գտնող զանգվածային հակազդեցությունն ու այդ քննարկումներում ոչ պակաս նշավակող, անարգող ու պիտակավորող արտահայտությունները: Ընդ որում, որպես փակ շրջանի վերջին հանգուցակետ, մինչ նորից նույն շրջանով քաղաքական ատելության հերթական ընթացքին անցնելը, հակառակ ճամբարներում գտնվող քաղաքական շրջանակները միմյանց մեղադրում են ատելություն, չարություն ու անհանդուրժողականություն սերմանելու մեջ:
Քաղաքական ատելությունը որոշակի պատճառներով պայմանավորված հակակրանքի, թշնամության եւ չարակամության դրսեւորումն է այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր, ըստ ատելություն տածողի,չեն կիսում եւ միաժամանակ խանգարում են կյանքի կոչել տվյալ անձի ու նրա խմբի քաղաքական նպատակները, համոզմունքները, ծրագրերը: Քաղաքական ատելությունը, ինչպես սոցիալական ատելության մյուս դրսեւորումները, առանձնանում է դեպի ատելության օբյեկտն ունեցած իր անհանդուրժողականությամբ: Ատելությամբ լցված անձը հնարավորության դեպքում պատրաստ է գործնականում ցույց տալ իր խտրական մոտեցումը` պարպելու համար իր մեջ կուտակած եւ դեպի ատելության օբյեկտն ունեցած ագրեսիան:
Ատելության զգացումը զուգակցվում է այնպիսի երեւույթներին, ինչպիսիք են այլոց նկատմամբ տածած զզվանքը, արհամարհանքը, վախը, խանդը, նախանձը եւ այլն: Այդ երեւույթներից շատերը կարող են լինել ատելությունը ծնող պատճառների թվում: Մյուս խումբ պատճառները կապված են քաղաքական պայքարում ատելություն տածողի կոնկրետ անհաջողությունների հետ: Քաղաքական գործընթացներում ընդդիմախոսներից ու հակառակորդներից կրելով հարվածներ, արժանանալով քննադատությունների, շատ դեպքերում կորցնելով դիրքեր, ունենալով հեղինակության անկում`առանձին քաղաքական գործիչներ կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներ սեփական անհաջողություններից առաջացած նեգատիվ տրամադրություններն ուղղում են քաղաքական հակառակորդի կամ տեսադաշտում հայտնված իրենց քաղաքական հայացքները չկիսող մի որեւէ «թույլ» օբյեկտի վրա` որդեգրելով ատելություն սերմանող խոսք ու պիտակավորում:
Սակայն քաղաքական ատելության պատճառները ամենեւին էլ պայմանավորված չեն միայն անձնական անհաջողություններով ու մանր քինախնդրություններով: Քաղաքական կյանքում ատելության ծավալների մեծությունը վկայում է շատ ավելի խորը թաքնված պատճառների մասին: Այդ տեսանկյունից հարկ է նկատել, որ ատելությունը ոչ միայն անմիջական հետեւանք է ինչ-որ իրական ու գիտակցվող անձնական պատճառների, այլ նաեւ միջոց է` «ձերբազատվելու» հանրության կոլեկտիվ անգիտակցականում ամբարված ագրեսիվ լարվածությունից:
Ատելությամբ ախտահարված հանրային օրգանիզմին վերաբերող հոգեվերլուծական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրային լայն շերտերի մոտ եղած ատելության ու անհանդուրժողականության հիմքում, բացի անձնական պատճառներից, ընկած են սոցիումի բնականոն կյանքի վրա ազդող այնպիսի խնդրահարույց հանգամանքներ ու պայմաններ, որոնք այդ շերտերի մոտ ծնում են ագրեսիվ որոշակի լարվածություն: Այդ լարվածությունը, հանրային օրգանիզմում հասնելով կուտակված էներգիայի գերկենտրոնացման եւ չկարողանալով (անզոր գտնվելով) առավել «արժանապատվորեն» իրացվել` հակազդել տվյալ հանգամանքներին ու պայմաններին, պարպվելու համար ստիպված է լինում այլ ելքեր փնտրել: Այդ անզորությունն էլ հենց վերափոխվում է ավերիչ միտումի` տվյալ դեպքում ատելության եւ դրա գործնական դրսեւորման:
Ըստ Ֆրոմի` «կյանքն ունի իր սեփական դինամիկան. մարդը պետք է աճի, իրեն դրսեւորի եւ ապրի իր կյանքը:Երբ այդ միտումը ճնշվում է, այն էներգիան, որն ուղղված էր կյանքին, անկման է գնում եւ վերափոխվում ավերածությունների ուղղված էներգիայի: Այլ կերպ ասած` կյանքի ձգտումը եւ ավերածություններ գործելու հակումը միմյանցից անկախ գործոններ չեն, այլ փոխադարձ կապվածության մեջ են: Կյանքի ձգտումը որքան մեծ դրսեւորումներ է ունենում, որքան կյանքը լիարժեք է իրացվում, այնքան թույլ են ավերածության միտումները, կյանքի ձգտումը որքան շատ է արգելակվում, այնքան մեծ է ավերածություններ գործելու հակումը: Ավերածությունը չապրած կյանքի արդյունքն է: Կյանքը ճնշող անհատական կամ սոցիալական պայմանները առաջ են բերում ավերածություններ գործելու ձգտում, որոնք կուտակվում են մի ամբարի մեջ, որտեղից դուրս են հորդում արդեն որպես ավերիչ միտումներ` ուղղվելով թե́ սեփական անձի եւ թե́ այլոց վրա»:
Իհարկե, Ֆրոմի նշած սոցիալական պայմանների առաջ բերած ավերիչ միտումները պարտադիր չէ, որ դրսեւորվեն միմիայն ատելության միջոցով: Հանրային անզորության առաջ բերած հետեւանքները տարաբնույթ են եւ նրա հոգեվիճակի եւ վարքագծի վրա անդրադառնում են բազում այլ ձեւերով: Սակայն, հարկ է նկատել, որ պատճառահետեւանքային հետադարձ կապի միջոցով վերլուծելիս կարելի է վստահությամբ պնդել, որ մեր հանրության շրջանում կոնկրետ քաղաքական ատելության երեւույթի լայն տարածման փաստը հենց սոցիալական որոշակի պայմանների հետեւանքն է: Այնպիսի պայմանների, որոնք քաղաքական կամ քաղաքականացված ինչ-որ շերտերի կյանքում տեւական մի ժամանակահատվածում ազդեցություն են գործել, մնացել են անհաղթահարելի, այդ շերտերի ներսում կուտակել են որոշակի բացասական էներգիա, դրանք հաղթահարելու անզորությունից դրդված բերել հասցրել են համատարած ատելության դրսեւորման եւ այսօր ծառայում են իբրեւ ինչ-որ բարդույթներից հանրությանն ազատելու կեղծ միջոց:
Այդ տեսանկյունից բավական ուշագրավ է Վացլավ Հավելի հետեւյալ դիտարկումը. «Ատելությունը մարդկանց ազատում է միայնությունից, լքվածությունից, թուլության ու անզորության զգացումից, այն նեղսրտումից, որ շրջապատը չի հասկանում իրենց: Դրանով իսկ այն օգնում է բուժել թերարժեքության բարդույթը: Միեւնույն ժամանակ խմբային ատելությունը ծնում է ընդհանրության զգացում, ստեղծում է յուրահատուկ մի եղբայրություն՝ հիմնված իրականությունը հասկանալու մակերեսային, բայց եւ միավորող ընկալման վրա…Ատելությամբ հիվանդ մարդկանց հիմնական զգացումը՝թերարժեքությունը հաղթահարելու համար այդ զգացումով տառապող հանրությունն ինքն իրեն առաջարկում է նաեւ այլ ազդեցիկ դեղամիջոցներ: Օրինակ` նրանք կարող են անվերջ միմյանց հավաստել իրենց կարեւորության մասին, պաշտամունք դարձնել այն արարողություններն ու խորհրդանիշերը, որոնք հաստատում են իրենց բացառիկությունը»: