Ատելությունը քաղաքական կյանքում-2
Նախորդ հոդվածում մեր համառոտ վերլուծությունը ցույց տվեց, որ քաղաքական ատելության հարցում կան անձնական եւ կոլեկտիվ հարթություններ: Սակայն, եթե անձնական հարթությունը, որը ատելություն տածողի ակնհայտ անհաջողությունների եւ մանր քինախնդրությունների պատճառով հանրության համար առավել ընկալելի է, ապա կոլեկտիվ ատելության պարագան լրացուցիչ ուսումնասիրություն է պահանջում: Վերջինս կարող է կապված լինել ոչ միայն կոնկրետ խմբի գործունեության էական ինչ-ինչ դրվագների, այլ հանրության վրա պատմական առավել մեծ ժամանակահատվածում ազդեցություն գործած սոցիալական պայմանների եւ դրանց առաջ բերած նեգատիվ հետեւանքների հետ:
Այսպես, այսօր քաղաքական դաշտում առկա ատելության համատարած դրսեւորումները մեկնաբանելիս շատ դժվար է գտնել այդ գործում երկու տարբեր երեւույթների` մի կողմից Հայոց ցեղասպանության, իսկ մյուս կողմից` ընդդիմության մոտ քսանամյա անհաջողությունների ներազդման աստիճանը: Անշուշտ, տարիների ընթացքում այդ երեւույթները մեկը մյուսին լրացրել են եւ, իրար գումարվելով, հայության որոշակի մի մեծ շերտի առավել ընկղմել ատելության տարտարոսը: Ծնունդ առնելով այդ խնդիրները լուծել ու վտանգները դիմագրավել չկարողանալու անզորությունից` այսօր ատելությունը դարձել է մեր քաղաքական իրականության անբաժան ուղեկիցը: Վերջինս ժամանակակից քաղաքական բանավեճի այն անկյունաքարն է, որը տարբեր խմբերի մոտ ստեղծում է «հաղթական» պայքարի եւ միասնության պատրանք:
Սակայն ինչպե՞ս է կարողանում կոլեկտիվ ատելությունը միավորել մարդկանց:
Կոլեկտիվ ատելության բերող ընկալումները հիմնվում են «մենք» եւ «նրանք» խմբերի հակադրման վրա: Ատելությամբ լցված մարդը սեփական անձը եւ համապատասխանաբար սեփական խումբն անընդհատ հակադրում է այլ անձանց ու խմբերին` այլոց մեջ տեսնելով միայն բնավորության բացասական գծեր, սխալներ ու թերություններ: Դիմացինի դրական հատկանիշները ճանաչվում են միայն այն դեպքում, երբ դա արդեն ձեւավորված հանրային կարծիք է եւ որի կասկածի տակ առնելը հղի է ատելություն տածողի ու իր խմբի հեղինակության անկմամբ եւ բացասական հետեւանքներով: Այնուամենայնիվ, նման դեպքերում այդ անձիք գերադասում են լռել ու չարտահայտվել, քանի որ գտնում են, որ դա արմատապես դեմ է իրենց խմբի շահերին:
Քաղաքական ատելություն տածող մարդիկ ընդունում են իրենց գործունեության մեջ որոշակի խնդիրների ու դժվարությունների փաստը: Սակայն, բոլոր դեպքերում նրանք երբեք հակված չեն լինում իրենց անհաջողությունների պատճառների հիմքում տեսնել հենց իրենց անպտուղ գործունեությունն ու սեփական անձի ու խմբի մասին չափազանցված ինքնագնահատականը: Նրանց կարծիքով ամեն ինչում մեղավոր են բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական տեսլականն ու իրականության ընկալումը: Ըստ Վացլավ Հավելի` «Նման մարդկանց ենթագիտակցականում թաքնվում է այն կեղծ համոզմունքը, որ ճշմարտության ու բոլոր առաքինությունների միակ կրողն իրենք են: Այդ իսկ պատճառով նրանցից յուրաքանչյուրը շրջապատից ակնկալում է ճանաչում, անվերապահ նվիրում եւ անգամ կույր հնազանդություն: Նրանք ցանկանում են լինել աշխարհի կենտրոնում եւ ջղագրգռություն ու հուսահատություն են զգում այն բանից, որ աշխարհը նրանց չի տեսնում իր կենտրոնում, չի ճանաչում նրանց հատուկ արժանիքները, եւ ավելին` հաճախ ընդհանրապես չի նկատում, իսկ եթե նույնիսկ նկատում է, ապա ծաղրում (կատակում) է»:
Ատելություն տածող մարդկանց մոտ անսխալական լինելու եւ առաքելություն ունենալու համոզմունքը արտահայտվում է պարզեցված իրականության եւ դրա հաղթահարմանն ուղղված այնպիսի քայլերի նկարագրության մեջ, որում այլ ելքերին բացարձակ ոչ մի տեղ չի հատկացվում, իսկ սեփական ձեռնարկումները բնութագրվում են որպես «փրկության» միակ ուղի: Ընդ որում խոսքի մեջ շեշտադրումները կենտրոնանում են ոչ թե սեփական քաղաքական տեսլականում այս կամ այն լուծումների ծանրակշիռ բովանդակության վրա, այլ` քաղաքական առկա իրավիճակում ողջ տեսլականի ելքային բացառիկությունը մատնանշելու` «միակը» լինելու:
Սեփական ուղու եւ խմբի եզակիության համոզմունքը այն հիմնաքարն է, որը քաղաքական ատելության սուբյեկտներին բերում է այլ խմբերի հետ մշտական հակամարտությանը: Ընդ որում, խմբերի միջեւ եղած բնական տարբերությունները կոլեկտիվ ատելությամբ վարակված խմբի մոտ ընկալվում են իբրեւ անհաղթահարելի եւ ներքին պատկերացումներում սկսում են առանձնահատուկ ընդգծվել: Դրա արդյունքում «նրանք»-ը վերափոխվում է «ուրիշ»-ի եւ դուռ բացում դեպի «մերոնքականներին» «ոչ-մերոնքականներից» սահմանազատելու համար: Նման իրավիճակում հակադրության վրա հիմնված «ով մեզ հետ չի, նա մեր դեմ է» բանաձեւի համար պարարտ հող է առաջանում:
Ատելության զգացումի եւ դրա քաղաքական դրսեւորումների ժամանակ իրավիճակը ներկայանում է սեւի եւ սպիտակի մեջ: Ատելության դիսկուրսը այնքան է պարզեցնում իրականությունը, որ աշխարհը հստակ բաժանում է երկու մասի` «վատի» եւ «լավի»: Խաղալով մարդկային զգացմունքների վրա, այն հաճախ թույլ չի տալիս հասկանալ սոցիումում եղած հարաբերությունների բարդությունն ու ոչմիանշանակությունը:
Քաղաքական գործընթացներում այն ունենում է իր հետեւանքերը. ծնվում են քաղաքական այն թեզերը, ըստ որի «լավի» ու «վատի» արանքում չեն կարող լինել միջանկյալ դիրքեր, շրջանակներ, «գույներ»: Քաղաքական պայքարը բաժանելով «սեւի» եւ «սպիտակի» միջեւ, ի հայտ է գալիս այն կենսափիլիսոփայությունը, որ «սպիտակի» պայքարը քանի որ պայքար է «սեւի» դեմ, ուրեմն դա սրբազնացված պայքար է` այն միակ ճշմարտության կրողի պայքարն է ընդդեմ չարիքի: Իսկ ովքեր չեն կիսում այդ պայքարը, ովքեր գտնում են, որ դա պայքար չէ, կամ կեղծ պայքար է, կամ ի սկզբանե դատապարտված պայքար է եւ այլն, ապա նրանք կամ չարիքի բացահայտ կամ թաքնված կամակատարներն են կամ տգետ օժանդակողները: Չհամակերպվելով այլընտրանքի կամ այլակարծության գոյության հետ` այդ կենսափիլիսոփայության կրողները վերջում հանգում են ծայրահեղացված միանշանակ եզրակացության, այն է` «սեւ»-ի դեմ պայքարում ովքեր համաքայլ ու համամիտ չեն «սպիտակ»-ի գործողություններին, նրանք միանշանակ «սեւ» են: Ծնվում են «ով չկանգնի մեր կողքին, նա տականք է», «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» եւ այլ թեզեր ու բանաձեւեր:
Քաղաքական գործընթացի ծայրահեղացված նման «սեւ» խորապատկերի վրա էլ հենց տեղի է ունենում ատելության տածողների եւ այդ հոսանքի տակ ընկնողների համախմբումը մի խմբում, որը իր միսիան համարում է «սեւից» ու նրա շվաքում գործող կեղծ գույներից ձերբազատվելը: Եւ քանի որ բացահայտի հետ մարտնչելն առավել դյուրին է ընկալվում, քան թաքնվածի, ուստի մինչ «սեւին» անդրադառնալը հարկ է համարվում պայթեցնել բոլոր «ականները», որպեսզի բոլորի համար հստակ լինի «սեւի» ու «սպիտակի» հարաբերակցությունը:
Նախորդ հոդվածում մենք տեսանք, որ ատելությունը մի ավերիչ միտում է, որն ի հայտ է գալիս կյանքը ճնշող սոցիալական ու անձնական պայմաններին ներազդելու անկարողությունից: Քանի որ նման անզորությունն իր բուն էության մեջ արդեն իսկ պարտվել է իրեն ծնող պայմաններին, այդ իսկ պատճառով կոլեկտիվ ատելությամբ վարակված մարդիկ, բացի ատելության չափաբաժինը անընդհատ խորացնելուց, ոչինչ չեն կարողանում փոխել հանրային օրգանիզմում: Կոլեկտիվ ատելության կրողների հոգեբանական առանձնահատկությունները` բարդույթավորված լինելը, չափազանցված ինքնագնահատականը, սեփական բացառիկության, միսիոներության մասին պատկերացումները, այդուհետ թույլ չեն տալիս որդեգրել անզորությունը հաղթահարող մեխանիզմներ ու գործելակերպ: Քաղաքական ատելության կրողների խմբային գործունեությունը եթե սկսվում է «սեւի» դեմ պայքարով, ապա ընթացքում այն վերափոխվում է այլ «գույների» դեմ հակակրանքի, թշնամության, չարակամության այնպիսի համատարած սփռման, որն ի վերջո բերում է ավերածությունների` ուղղված հենց իրենց` այդ ատելությունը կրողների դեմ: Ատելությունը կուրացնում է մարդկանց ու նրանց ստիպում կամ աշխարհին նայել «սեւ ակնոցներով», կամ էլ փրկություն գտնել այն նույն աշխարհում, որի դեմ անհաշտ պայքարի դրոշ էր բարձրացվել: