статьи

Հանրային կարծիքը պարալիզող «հրետանին»

Գիտության մեջ «քաղաքականություն» եզրի շուրջ կան տարբեր մեկնաբանություններ: Դրանցում սոցիումի կառավարման ու ինքնակառավարման խնդիրը մեծ ուշադրության է արժանացել եւ ենթարկվել է բազմակողմանի քննության: Գործնականում սոցիումի կառավարումն ու ինքնակառավարումը կենսագործվում է տարբեր անհատների, խմբերի, շերտերի կողմից համատեղ կյանքի կազմակերպման ճանապարհով, ովքեր առաջնորդվում են սեփական շահերով, նպատակներով, սուբյեկտային վարքով եւ հարաբերվում են բացահայտ կամ ստվերային պայմանավորվածություններով, միմյանց նկատմամբ ուղղակի ազդեցություն կամ տարբեր խաբեություններ բանեցնելով: Նշվածի արդյունքում է, որ քաղաքագիտության տեսությունը ընդհանրական իմաստով քաղաքականությունը ձեւակերպել է որպես սոցիումի անդամների ու խմբերի միջեւ եղած փոխհարաբերությունների ամբողջություն:

Ներկայացված ձեւակերպումից պարզ է դառնում, որ այս կամ այն չափով հանրային կարծիքի ու տրամադրությունների հետ ստիպված են հաշվի նստել քաղաքական գործընթացի գրեթե բոլոր դերակատարները: Այսպես, եթե ավտորիտար կառավարմամբ երկրներում սոցիումի տարբեր խավերի կամ շերտերի ձայնը նշանակություն է ստանում միայն որոշակի հանգամանքներում, երբ վտանգ է սպառնում ավտորիտար կառավարմանը, ապա ժողովրդավարական կամ ձեւական ժողովրդավարական կիսաավտորիտար երկրներում հանրային կարծիքը եւ հանրային տրամադրությունները բավական նշանակալից քաղաքական գործոն եւ քաղաքականության իրացման հիմնարար բաղադրիչ են:

Ահա քաղաքականության մեջ հանրային կարծիքի եւ տրամադրությունների հենց այդ նշանակությամբ է պայմանավորված քաղաքական սուբյեկտների` որոշակի մեխանիզմներ բանեցնելու ցանկությունը` ազդելու համար հենց այդ կարծիքի ու տրամադրությունների վրա: Այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք դրական լույսի ներքո կներկայացնեն տվյալ սուբյեկտին, նրա ծրագրերը, գործողությունները, որի արդյունքում էլ հանրության մեջ կստեղծվի համակրանք այդ սուբյեկտի նկատմամբ: Միաժամանակ այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք բացասական լույսի ներքո կներկայացնեն մրցակցող մյուս սուբյեկտներին` հանրային ընկալումներում հակակրանք կամ անտարբերություն առաջացնելով քաղաքական տվյալ միավորների նկատմամբ:

Քաղաքականության մեջ նշված մեխանիզմները երբեմն շատ բարդ կառուցվածք ունեն եւ դուրս են սովորական գովասանքի, պարսավանքի, քաղաքական «փիառի» կամ լոբբինգի շրջանակից: Շատ դեպքերում քաղաքական սուբյեկտները հանրային տրամադրություններ են ստեղծում ոչ թե սեփական հաջողությունները վկայակոչելու կամ այլոց վարքը վատաբանելու միջոցով` ուղղակի ազդելով մարդկանց գիտակցության վրա, այլ անուղղակի կերպով` օգտագործելով քաղաքացիների հոգեբանական թուլությունները, վախերը, տգիտությունը, դյուրահավատությունը եւ մարդկային այդ գործոնների վրա ազդեցիկ մեխանիզմներ կիրառելով: Տվյալ մեխանիզմների հիմնական նպատակը տարբեր սուբյեկտների կամ խնդիրների շուրջ հանրության շրջանում կայուն համոզմունքների ձեւավորումն է, այնպիսի համոզմունքների, որոնց արդյունքում հանրային համակրանքը կլինի այս կամ այն սուբյեկտի կամ խնդրի կողմը ու կչեզոքացնի մյուս սուբյեկտներին ու նրանց ծրագրերը:

Նման մեխանիզմներից է առաջին հայացքից ճշմարտացի, բայց իրականում կեղծ կամ մոլորեցնող քաղաքական թեզի շրջանառությունը, որի միջոցով առանձին սուբյեկտներ կարողանում են հասնել հանրության շրջանում կայուն համոզմունքների առաջացմանը: Այդուհետ դրանց փոփոխությունը շատ մեծ ջանքեր է պահանջում մյուս սուբյեկտների կամ քաղաքացիական հանրության համար:

Օգտվելով հանրության տարբեր շերտերի հոգեբանական նախատրամադրվածությունից, պատճառահետեւանքային կապերը վերլուծելու անկարողությունից, պատմական կամ էթնոհոգեբանական գործոններից, քաղաքական խնդիրների շուրջ ձեւավորված կայուն ավանդույթներից եւ այլն` առանձին քաղաքական դերակատարներ հանրության մեջ «սրսկում են» նման կարգի թեզեր։ Արդյունքում վերջիններս պարալիզում են հանրային շերտերին, նրանց տրամադրում կայացնել այնպիսի որոշումներ կամ արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք ցանկալի են այդ թեզը շրջանառողին: Այդուհետ հանրությունը հայտնվում է այդ թեզի կապանքներում եւ անընդունակ է լինում ցուցաբերել սուբյեկտայնություն, օբյեկտիվորեն գնահատել իրականությունը, լինել ակտիվ իր կյանքին վերաբերող հարցերում:

Տարբեր սուբյեկտների կողմից քաղաքական թեզերը կիրառվում են թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության մեջ: Հաջողությամբ սողոսկելով հանրային գիտակցության խոր ծալքերի մեջ` յուրաքանչյուր դեպքում այդ թեզերը շատ մեծ ազդեցություն են թողնում մարդկանց մտածողության եւ վարքի վրա: Դրանից հետո մարդիկ կամ անտարբեր են դառնում այն քաղաքական հարցերի նկատմամբ, որոնք թվում է, թե նրանց ամենից շատը պետք է հուզեին, կամ զոմբիանում են այս կամ այն սուբյեկտի ձեռքում: Քաղաքական թեզերի շրջանառությամբ է, որ հանրության ընկալունակությունը խաթարվում է այնպես, որ նրա մոտ կորում է ինչ-որ բան անելու վճռականությունը։ Այդուհետ քաղաքացին մատնվում է անգործության` քաղաքականության սուբյեկտից վերածվելով օբյեկտի։

Մեր իրականությունում արտաքին սուբյեկտների կիրառած նման թեզերից է, օրինակ, «առանց Ռուսաստանի մենք կորած ենք» պնդումը։ Այն որոշակի պատմական ընթացքի` Ռուսական կայսրության, իսկ ապա նաեւ Խորհրդային Միության տիրապետության տակ Հայաստանի երկհարյուրամյա գոյության ուղղակի արգասիքն է:

Ռուսաստանը իր քաղաքական փորձառության դարավոր շրջափուլերում մշտապես հենվել ու հետեւել է իր տարածքում եղած տարբեր ազգերի, ժողովուրդների մշակութային, լեզվական ու կրոնական ինքնությունը պահպանելու քաղաքական գծին, բայց դրա փոխարեն բոլոր միջոցներով փորձել է լիովին արմատախիլ անել նույն այդ ազգերի ու ժողովուրդների քաղաքական գիտակցությունը` սեփական պետական կառուցվածքի մասին ցանկացած միտք կամ տեսլական: Ռուսաստանի այդ քաղաքականությունը տարբեր ազգերի, այդ թվում հայերի մոտ ուղղորդված կերպով ձեւակերպել է այն համոզմունքը, որ ռուս ազգը ավագ այն եղբայրն է, որը բարությամբ լցված լինելով շրջակա ժողովուրդների` իր բոլոր կրտսեր եղբայրների նկատմամբ, միշտ պատրաստ է փրկել նրանց արտաքին թշնամիներից: Ռուսական քաղաքական այդ գիծը այլ տարածաշրջաններում ծնել է նաեւ այլ թեզեր, ինչպիսին է, օրինակ, «Ռուսաստանը յուրայիններին երբեք չի լքում» պնդումը:

Մեր իրականությունում «առանց Ռուսաստանի մենք կորած ենք» պնդումը, այսպիսով, ունի պատմական այնպիսի մեծ բեռնվածություն, որ այսօր շատ դժվար է հանրության տարբեր խմբերի դուրս բերել այդ թեզի կապանքներից: Այդ թեզին մենք հանդիպում ենք դասագրքերում, առօրյա խոսակցության մեջ ու անգամ անկախ Հայաստանի ինքնուրույնությունը պաշտպանելուն կոչված հայ մտավորականների, գործիչների մտքերում։ Քաղաքականության մեջ հայտնված մի ամբողջ հանրային շերտ, ելնելով սեփական անզորությունից, քաղաքական տհասությունից, դեպի օտարն ունեցած քծնանքից ու ծառայամտությունից, տարիներ շարունակ այդ թեզի միջոցով պարալիզում է քաղաքական դաշտը՝ թույլ չտալով հանրությանը պոկվել ռուսական «քաղաքական սայլից»։

Ռուսական քարոզչական մեքենան Հայաստանում եւ նաեւ իր կենսական շահերի ոլորտում հայտնված տարբեր տարածաշրջաններում, բացի այդ թեզից, մեծ հաջողությամբ կիրառում է նաեւ քաղաքական այլ թեզեր։ Տարածված թեզերից են, օրինակ, «ռուսական արջը անպարտելի է», կամ «ռուսական զենքի դեմը խաղ չկա» պնդումները։

Ինչպե՞ս են նման պնդումները դառնում հանրության սեփականությունը եւ կաշկանդում նրա ակտիվությունը։

Տարբեր մեդիահարթակներում, սոցիալական ցանցերում կամ հանրային երկխոսության այլեւայլ միջավայրերում, առանձին հանրային-քաղաքական դեմքեր, հետախուզա-գործակալական շրջանակներ նախ «նետում են» ճշմարտությանը շատ մոտ այդ ու նմանատիպ պնդումներ եւ դրա միջոցով գաղափարական «ներարկում» կատարում որեւէ հանրույթի կոլեկտիվ անգիտակցականում։ Այդ պնդումն առաջինը «որսում են» քաղաքական տվյալ սուբյեկտի նկատմամբ հոգեբանական կամ շահային կախվածություն ունեցող շրջանակները, ովքեր սեփական անզորությունը, շահախնդրությունը, ծառայամտությունը թաքցնելու համար խնդիր ունեն այդ սուբյեկտի հանդեպ իրենց համակրանքը հիմնավորել ամուր փաստարկներով։ Եւ քանի որ տվյալ պնդումը հանրության շրջանում ունի որոշակի ապացուցողական բազա՝ հանրությունն, օրինակ, լսել է ԽՍՀՄ պատմության ընթացքում «ռուսական» զենքի էական հաջողությունների մասին, հանրության մեջ որոշակի դիրք կամ հեղինակություն ունեցող անձանց կողմից նման պնդումի շրջանառությունը շատերն ընդունում են որպես միանշանակ փաստ։ Հանրության շրջանում, տեւապես կատարվող ներարկումների, փաստարկումների, բերվող ընտրողական ապացույցների միջոցով ձեւավորվում է այն համոզմունքը, որ օրինակ «ռուսական զենքի դեմ խաղ չկա»։ Այդուհետ, հիմնվելով տվյալ հանրության մեջ ներարկված ու մեծ շրջանառություն ապահոված թեզի վրա, արտաքին սուբյեկտի կողմից գործարկվում են առավել առարկայական լծակները՝ լուծելու համար այնպիսի կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է ծառայեն արդեն այդ տերության շահերին։

Այսպես, եթե հարկ կա ռազմական ներկայություն ունենալ Հայաստանի նման երկրում, ապա նման պնդումները հնարավորություն են տալիս ամբողջությամբ չեզոքացնել այդ հարցում հնարավոր հանրային դիմադրողականությունը։ Հանրությունը լինելով նմանատիպ մի քանի թեզերի («առանց Ռուսաստանի մենք կորած ենք», «ռուսական զենքի դեմ խաղ չկա», «ռուսական արջը անպարտելի է» եւ այլն) ազդեցության տակ՝ պատրաստ է հանդուրժել ռուսական ռազմական ներկայությունն իր երկրում, քանի որ ըստ թեզի առաջ բերած ընկալման՝ տվյալ ներկայությունը բերելու է անվտանգություն, պաշտպանություն։ Իսկ դիմադրությունը, ընդհակառակը, անհույս է եւ ոչ խելամիտ, քանի որ՝ «անգամ մեծ տերություններն անզոր են ռուսական զենքին դիմադրելու հարցում, մենք ովքե՞ր ենք, որ կարողանանք դիմադրել»։

Քաղաքական թեզերի բերված օրինակները ներկայացնում են միայն արտաքին սուբյեկտների գործողությունները։ Սակայն նմանատիպ թեզեր հանրության մեջ նույն հաջողությամբ «ներարկում» են նաեւ երկրի ներսում գործող սուբյեկտները։ Այսպես, գործող վարչախմբի կողմից բավական կիրառելի թեզերից է՝ «ով էլ գա` նույնն է լինելու» պնդումը։ Այն ունի բավական մեծ ապացուցողական բազա՝ վերցված վերջին քսան տարում Հայաստանում ձեւավորված քաղաքական իրականությունից։ Ըստ էության, այդ պնդումն անգամ կարող է քաղաքական դաշտում գործող միավորների դեպքում լիարժեք ճշմարտացի լինել։ Սակայն էականն այն է, որ դրա միջոցով գործող վարչախումբը կարողանում է չեզոքացնել իր հետ մրցակցության մեջ մտած քաղաքական այլ միավորների հանրային աջակցությունը։

Այսպիսով, նմանատիպ թեզերի միջոցով, ազդելով հանրային կարծիքի վրա, ստեղծելով համապատասխան համոզմունքներ ու արդյունքում նաեւ տրամադրություններ, քաղաքական սուբյեկտները կարողանում են հանրությանը ուղղորդել ցանկալի հունով՝ չեզոքացնելով նրա ներուժը, կամ նրա մոտ անտարբերություն առաջ բերելով պետության ու ժողովրդի կյանքում էական հարցերի ու խնդիրների շուրջ։ Դրա դեմ պայքարելու առաջնային միջոցը երեւույթի մասին հստակ պատկերացում ունենալն է։ Այդուհետ պարալիզող նման մեխանիզմների դեմ պայքարի հաջողություններն արդեն կախված կլինեն մեր կամքից ու գիտելիքի, արդարության ու ճշմարտության հանդեպ վերաբերմունքից։

Լուսանկարը՝ movementmedia.co.uk-ից