статьи

Ետդարձի ճանապարհ չկա

2015-11-27

Նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժը կործանեց ռուսական Սու-24 ռազմական օդանավը, որը ըստ թուրքական կողմի, հատել էր Թուրքիայի օդային սահմանը։ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն աստիճան, որ շատ փորձագետներ սկսեցին կանխատեսումներ անել՝ կլինի՞ ռազմական համարժեք պատասխան, թե՞ ոչ, եւ մինչեւ ո՞ւր կհասնի լարվածությունը։

Դեպքն առանձնահատուկ է այնքանով, որ միջազգային հարաբերությունների լիարժեք անդամի եւ տարածաշրջանային տերության կարգավիճակ ունեցող պետության կողմից մարտահրավեր է նետվում միջուկային գերտերությանը, այն ակնհայտ իրավիճակում, որ վերջինս որեւէ ցանկություն չի ունեցել սպառնալ կամ վնաս հասցնել այդ պետությանը։ Ռուսական օդանավը, եթե անգամ մի կողմ թողնենք ռուսական բանակի գլխավոր շտաբի կամ փրկված օդաչուի կողմից ներկայացված միգուցեեւ կողմնակալ այն բացատրությունները, թե օդանավը թուրքական սահմանը չի հատել, ապա ըստ այդ թռիչքի հետագիծը ցուցանող քարտեզների (տես օրինակ՝ CNN-ի քարտեզը) թուրքական տարածքում անցել է երկու կիլոմետր տարածություն եւ գտնվել է ընդամենը 5-10 վայրկյան։ Նմանապես այդ է վկայել ԱՄՆ վարչակազմի նախնական պաշտոնական հայտարարությունը, համաձայն որի՝ ըստ երեւույթին ռուսական օդանավի ներխուժումը Թուրքիայի օդային տարածք տեւել է մի քանի վայրկյան։

Ներկայացված փաստերը թույլ են տալիս մի քանի հստակ եզրահանգումներ կատարել։ Նախ պետք է նշել, որ մերկապարանոց են թուրքական ռազմական ղեկավարության բոլոր այն պնդումները, որ ռուսական օդանավը Թուրքիայի տարածքում գտնվել է 5 րոպե եւ ստացել է 10 նախազգուշացում։ Մի քանի վայրկյանների ընթացքում թուրքական կողմը չէր կարող այդքան անգամ զգուշացնել ռուսական օդանավին՝ լքել իր օդային տարածքը։ Առավել եւս այդ ընթացքում ռազմաօդային ուժերի պատասխանատուները չէին կարող թուրքական բարձրագույն ղեկավարությանը կամ գլխավոր շտաբին հասցնել ռուսական ռազմական օդանավի թուրքական տարածք մուտք գործելու մասին տեղեկատվությունը եւ ապա ստանալ այն խոցելու հրամանը (ըստ թուրքական աղբյուրների՝ վարչապետ Դավութողլուն հայտարարել է, թե անձամբ ինքն է տվել օդանավը խոցելու հրամանը)։ Ակնհայտ է, որ թուրքական ռազմական ղեկավարությունը նախապես է ունեցել նախագահ Էրդողանի այն հրամանը, որ եթե ռուսական ռազմական որեւէ ինքնաթիռ հատի Թուրքիայի պետական սահմանը, ապա պետք է խոցվի, անկախ նրանից խոցելու ընթացքում կլինի Թուրքիայի տարածքում, թե Սիրիայի։

Ընդհանրապես հանրահայտ ճշմարտություն է, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է հանդիսանում։ Նմանապես քաղաքականության շարունակություն է ռազմական բախման ցանկացած դրսեւորում, որը կենսագործվում է գիտակցաբար՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերն ու հետեւանքները։ Ուստի հարց է, թե այս ռազմական գործողությունը ի՞նչ քաղաքականության արտահայտություն էր։ Կամ այլ կերպ ասած, այդ որ քաղաքականությունը իրացնելու համար էին քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ազդեցության լծակներն անօգուտ դարձել, որ անհրաժեշտություն էր առաջացել ռազմական բռունցք ցույց տալ։ Այսօր ողջ աշխարհն է այս հարցի պատասխանը գտնելու փնտրտուքի մեջ։

Տեղի ունեցածի շուրջ շրջանառվող կարծիքները բազմազան են։ Խելամիտ է թվում մի կողմից այն տեսակետը, ըստ որի այդ ռազմական գործողության նպատակը եղել է Իսլամական Պետության հետ Թուրքիայի ունեցած տարածաշրջանային գործակցությանը (առեւտրատնտեսական կապեր, ռազմավարական փոխհարաբերություններ) հասցվող վնասները կանխելը ու Սիրիայում ռուսներին կանգնեցնելը կամ խանգարելը։ Մյուս կողմից նույնքան խելամիտ է թվում այն, որ այդ ռազմական բախման դեպքում մենք գործ ունենք տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից իրենց խախտված շահերը վերականգնելու կամ նոր շահեր իրացնելու քաղաքականության հետ։ Անկախ այդ բոլոր կարծիքներից, հստակ է, որ ռուսական սահմանախախտ ինքնաթիռ խոցելու ծրագիրը Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունն ընդունել է վաղօրոք։ Նախկինում ռուսական ռազմական ինքնաթիռների Թուրքիայի պետական սահմանը խախտելու մեծ հնչեղություն ստացած դեպքերը բոլոր հնարավորություններն ընձեռում էին նման ծրագիր կենսագործելու համար։

Օդանավը խոցելու դեպքից հետո իրադարձությունները զարգացան որոշակի տրամաբանությամբ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների գերլարվածության հանգամանքը Թուրքիային ստիպեց, որ նա, հնարավոր հետեւանքների անկանխատեսելիությունն ու վտանգավորությունը հաշվի առնելով, նույն օրը դիմի ՆԱՏՕ-ին՝ տվյալ իրավիճակում նրանից աջակցություն ստանալու եւ Կրեմլի կոշտ հակազդեցությունն ինչ-որ կերպ մեղմելու համար։

Այսօր աշխարհում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ն «ռուսական ճակատում» ներկայանում է իբրեւ ԱՄՆ արտաքին քաղաքականության կարեւոր ու անփոխարինելի գործիք։ Եւ, հետեւաբար, թուրքական կողմի՝ ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված դիմումն առաջին հերթին պետք է հստակեցներ, թե ինչ քաղաքականություն է իրացնում պաշտոնական Անկարան՝ խոցելով ռազմական ինքնաթիռը։ Սակայն ՆԱՏՕ-ի պաշտոնական արձագանքը, ինչպես եւ ԱՄՆ ղեկավարության՝ Օբամայի, Քերիի մինչ այժմ արված հայտարարությունները՝ հանգստություն պահպանելու, իրավիճակը չսրելու կոչեր էին միայն։

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ճանաչելով պաշտոնական Անկարայի՝ իր տարածքը ռազմական ճանապարհով ու ամեն գնով պաշտպանելու իրավունքը, այնուամենայնիվ փորձում են պահպանել չեզոքություն ռուս-թուրքական լարված հարաբերություններում։ Ռուս-թուրքական լարվածության խորապատկերին ՆԱՏՕ-ի նույնաբովանդակ արձագանքը նույնպես դրա վկայությունն է։

Նման իրավիճակում կարելի է խոսել վարվող քաղաքականության երկու տարբերակների մասին։ Մի դեպքում ռուսական ռազմական օդանավը խոցելու գործողությունը կարող է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի վարած ընդհանուր քաղաքականության մասը կազմել։ Հետեւաբար, չպետք է բացառել նաեւ, որ պաշտոնական Անկարայի հետ ԱՄՆ-ն կարող էր ունենալ ինչ-ինչ ստվերային համաձայնություններ։ Իսկ մյուս դեպքում հնարավոր է գործ ունենք Թուրքիայի սեփական ծրագրերի եւ վարվող ինքնուրույն քաղաքականության հետ, որտեղ ընկած են միմիայն նրա պետական շահերը։ Այս դեպքում կարելի է խոսել տարածաշրջանում իր ազդեցությունը ռազմական ճանապարհով առաջ մղելու եւ դրա միջոցով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին փաստի առաջ կանգնեցնելու, նրանց Ռուսաստանի հետ ընդհարման կամ լարվածության ավելի մեծ աստիճանի դրդելու Թուրքիայի քաղաքականության մասին։

Ներկայացված երկու սցենարները նախկինում այս կամ այն կերպ կենսագործվել են՝ չխանգարելով մեկմեկու։ Այսպես, ամռանը, թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ահաբեկչությունն առիթ ծառայեցնելով, հրապարակվեց Իսլամական Պետության դեմ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական գործակցության ծրագիրը, որից հետո Թուրքիան սկսեց պայքարել ոչ թե իսլամիստ ահաբեկիչների, այլ քրդերի դեմ։ Միաժամանակ, բացելով իր սահմանները՝ Թուրքիան Եվրոպան ողողեց մահմեդական փախստականներով՝ եւրոպական պետություններին դրդելով դառնալ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ծրագրերի պատանդը։ Օրեր առաջ Փարիզում ահաբեկչությունների շարքը կրկին Եվրոպային հիշեցրեց, որ նա չի կարող խուսափել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատերազմից եւ պարտավոր է ուղղակի ներդրում ունենալ այդ գործում։

Թուրք-ամերիկյան գործակցությունն այսօր որքան ծառայում է Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ հաջողություններ ամրագրելուն, սակայն նույնքան վտանգավոր պայթյուն է կանխորոշում այդ երկրի համար։ Ի դեպ, նշված հաջողությունները էական են։ Թուրքիան ունի քրդերի դեմ իր տարածքում առանց արտաքին խոչընդոտների ռազմական գործողություններ վարելու, Իսլամական Պետության դեմ ձեւական պայքար մղելու ԱՄՆ համաձայնությունը, նախագահ Էրդողանն առանց խնդիրների կարողացել է Ազգային Մեծ Ժողովում իր կուսակցության համար հաղթանակ արձանագրել եւ, ի վերջո, կառավարություն կազմել, անխափան գործում է Իսլամական Պետության հետ էներգակիրների, մարդկանց, հնագիտական առարկաների առեւտուրը եւ այլն։ Իսկ ինչպես ցույց են տալիս վերջին դեպքերը, պաշտոնական Անկարան արդեն իրեն թույլ է տալիս նաեւ միջուկային գերտերության օդանավ կործանել։

Սակայն ներկայացվածի հետ մեկտեղ շարունակվում է Թուրքիայի արտաքին սահմանների երկայնքով «փշալարերի» պատումը։ «Զրո խնդիր հարեւանների հետ» արտաքին կոնցեպտը վերափոխվել-վերածվել է «խնդիրներ բոլոր հարեւանների հետ» շատ վտանգավոր կոնցեպտի։ Ռուս-թուրքական մերձեցումը, որը իրականություն էր վերջին տարիներին, շատ արագ հանգեցրել է երկուստեք ատելության։ Թուրքիան շռնդալից «մինապատում» է իր արտաքին սահմանները՝ հարեւաններին կամա թե ակամա հատկացնելով թշնամի պետության կարգավիճակ։ Դա արտաքին ագրեսիայի կամ էլ ներքին պայթյունի նախանշան կարող է հանդիսանալ։

Օդանավը խոցելուց մեկ օր առաջ Թեհրանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել էր Գազ արտահանող երկրների ֆորումին։ Սակայն մինչ ֆորումը նա հանդիպել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին եւ նախագահ Հասան Ռոուհանիին։

Իրանի առաջնորդը հազվադեպ է ընդունում այլ երկրների ղեկավարների, սակայն երբ ընդունում է, դա դառնում է բացառիկ հանդիպում՝ միտված տվյալ երկրի հետ որոշակի ռազմավարական գործակցություն ծավալելուն, միջազգային տարբեր խնդիրներ լուծելուն։ Այս դեպքում նույնպես այդ սկզբունքը չէր խախտվել։ Ըստ տարածված հայտարարության՝ Իրանի եւ Ռուսաստանի առաջնորդների հատուկ ուշադրությանն էին արժանացրել Սիրիայի հակամարտության կարգավորման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու խնդիրները։

Ահա հենց այս հանդիպման խորապատկերին հաջորդ օրը առավոտյան տեղի ունեցավ թուրքական ռազմական օդուժի հարձակումը ռուսական ինքնաթիռի վրա։ Թուրքիան վաղուց կորցրել է տարածաշրջանային մեծ պատերազմից դուրս գալու ետդարձի ճանապարհը։ Այսօր ինքնուրույն, թե ԱՄՆ համաձայնությամբ, թողտվությամբ կամ լռությամբ, նրան միայն մի ճանապարհ է թողնված՝ ընթանալ առաջ՝ անընդհատ խորանալով տարածաշրջանի ռազմաքաղաքական «ջունգլիներում» եւ անընդհատ խորացնելով իր վտանգված վիճակը։ Ետդարձ պարզապես հնարավոր չէ, ուստի գործում է «ջունգլիներում» ողջ մնալու կենդանական բնազդը՝ ատամներ ցույց տալով այս կամ այն գազանին։ Ռազմական բախումների շարքը (սիրիական, քրդական, ռուսական) այսօր Թուրքիայի այցեքարտն են դարձել։ Հեռվում միայն հույսն է նշմարվում, թե Թուրքիան բոլորի դեմ պատերազմում դուրս կգա հաղթանակած։ Այդպես եղել է հեռավոր 1921 թվականին։ Սակայն արդյոք նույնքան խոստումնալից է ապագան։ Ահա այս քաղաքականության ականատեսն ենք մենք այսօր։