статьи

ԼՂՀ ճանաչումը մեր անվտանգության երաշխիքն է

Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը տարիներ շարունակ մնում է մեր քաղաքական կյանքի գորդյան հանգույցներից մեկը: Բնական է, որ ցանկացած քաղաքական ծրագիր, որն աչքի է ընկնում իր անկանխատեսելիությամբ, կենսագործունեության ժամանակ մեծ ռիսկեր է պարունակում: Այդ իսկ պատճառով, մեր հանրությունը Արցախի ճանաչման հարցն արծարծելիս իր ուշադրությունը կենտրոնացնում է նման զարգացումների դեպքում ի հայտ եկող մարտահրավերների վրա` մի կողմ թողնելով նոր շահեր իրացնելու, առարկայական ձեռքբերումներ ունենալու հնարավորությունը:

Հայության համար ցանկացած մարտահրավեր, որը ժողովրդի անվտանգությանն է վերաբերում, ցավագին է ընդունվում: Միգուցե դա շատ բնական վիճակ է ցեղասպանված ու հայրենազրկված մեր ազգի դեպքում: Արտաքին քաղաքական իրավիճակը ըստ սեփական շահերի ծառայեցնելու ու ուղղորդելու հնարավորությունը, առավել եւս նոր ամբիցիոզ ծրագրեր կենսագործելու միտքը, դեմ առնելով նման կարգի զարգացումներից ածանցվող ապագայի անորոշություններին, արթնացնում է մեր կոլեկտիվ վախերը` դիմադրություն առաջացնելով ակտիվ նախաձեռնողական վարք որդեգրելու հարցում:

Իհարկե, Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչելու հիմքում ընկած են ոչ միայն մեր հանրության հոգեբանական խնդիրները: Գոյություն ունեն լրջագույն արտաքին գործոններ, որոնք թույլ չեն տալիս այդ գործում առաջընթաց արձանագրել: Արտաքին ու ներքին տարբեր սուբյեկտներ քարոզչական հնարքների, կեղծ քաղաքական թեզեր շրջանառելու եւ այլ միջոցներով չեզոքացնում են ժողովրդի շրջանում այդ գաղափարի տարածումը: Երբ մեզանում արտաքին աշխարհի նկատմամբ կան հիմնավորված վախեր, ապա տարբեր սուբյեկտների կողմից դժվար չէ այդ վախերը ակտուալացնելու ու սրելու միջոցով չեզոքացնել ցանկացած ազգօգուտ գաղափար կամ արդյունավետ ծրագիր: Այդ ժամանակ կգտնվեն այն փաստարկները, որոնց միջոցով կհիմնավորվի, թե ինչպիսի վտանգներով է հղի այդ «վնասաբեր» գաղափարը կամ ծրագիրը, եւ թե ինչ սպառնալիքներ կստեղծի այն մեր ժողովրդի ու պետության համար:

Սակայն քաղաքական ոչ ստանդարտ իրավիճակները երբեմն այնպիսի ապացույցներ, փաստեր ու փաստարկներ են ի հայտ բերում, որոնք միանգամից պայթեցնում են անգործության մատնող ու ժողովրդի աչքերը փակող բոլոր կեղծ թեզերը: Ղարաբաղյան չորսօրյա պատերազմը հենց այդ իրավիճակներից մեկը դարձավ:

Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պնդում էր, որ Ղարաբաղյան խնդրում բանակցային գործընթացը պատերազմի այլընտրանքն է: Այստեղից կատարվում էր մի կեղծ եզրահանգում՝ եթե Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապա դա կտապալի բանակցային գործընթացը ու պատերազմի առիթ կդառնա: Միաժամանակ հակադարձ տրամաբանությամբ Հայաստանի գործող վարչախումբը մեզ համոզում էր, որ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացը արհամարհելու ու պատերազմական գործողություններ սկսելու դեպքում իրենք միանշանակորեն ճանաչելու են Արցախի Հանրապետությունը:

Չորսօրյա պատերազմը, սակայն, թե՛ պատճառ եւ թե՛ առիթ չդարձավ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի անկախությունը: Սերժ Սարգսյանի վարչակազմը ընդամենը պետական մասշտաբով քաղաքական կուրս որդեգրեց՝ ի լուր ամենքի բարձրաձայնել պատերազմի էսկալացիայի դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորության մասին: Սակայն ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակը բավարար էր, որ արտաքին որոշ ուժեր, սկսեն խոսել Արցախի ճանաչման դեպքում ոչ թե Հայաստանին սպասվող վտանգների ու վնասների, այլ` հենց այդ օտար երկրների դիրքերի խոցելիության մասին: Պատերազմ տեսած եւ անպարտելի մնացած հանրությանն այլեւս պատերազմով, առավել եւս այլ վտանգներով չես վախեցնի: Մեր վախերը չքացան` բնականորեն լույս աշխարհ բերելով հենց օտարների վախերը` վերաբերող Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչման դեպքում նրանց կողմից մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորություններին:

Կրեմլի գլխավոր քարոզիչներից մեկը` հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, ով այս օրերին կարծես թե շատ անկեղծ զբաղված է Ռուսաստանում հայկական դիրքերի լոբբինգով, տարբեր հարցազրույցներում արդեն մի քանի անգամ շրջանառում է այն միտքը, որ Ռուսաստանը Կովկասում իր քաղաքականությունը պետք է կառուցի` չնսեմացնելով ու պաշտպանելով Հայաստանի շահերը: Հենց այդ համատեքստում նրա կողմից բերվում են փաստարկներ, որոնք ոչ միայն մերկացնում են մինչ այժմ լրահոսում շրջանառության մեջ դրված այն կեղծ թեզը, որ Արցախի ճանաչման հարցում Հայաստանին ինչ-ինչ վտանգներ են սպառնում, այլ ընդհակառակը ցույց են տալիս Հայաստանի ռազմաքաղաքական դիրքերի լիարժեք ամրապնդման հնարավորությունը: Սոլովյովը մասնավորապես նշում է` «Նկատեք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեզ թակարդը չի գցում: Նա չի ասում, որ կվերցնի ու կճանաչի Լեռնային Ղարաբաղը հենց հիմա, որից հետո վերջինս կմիավորվի մայր հայրենիքին: Նա դա չի անում: Այլապես մենք պարտավոր կլինեինք, որպես ՀԱՊԿ դաշնակիցներ, պատերազմի մեջ մտնել Հայաստանի կողմից»:

Չորսօրյա պատերազմն այսպիսով ի հայտ է բերել մի շատ կարեւոր կռվան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում մեզ սնուցվող այն թեզը, թե դրա արդյունքում արտաքին աշխարհի կողմից մեզ մեծ վտանգներ են սպառնում, իրականում մեծ կեղծիք է, որը խնդիր ունի թաքցնել հենց օտարների վախերը վերաբերող իրենց դիրքերի խոցելիությանը եւ աշխարհաքաղաքական այդ տեղաշարժի արդյունքում Հայաստանի դիրքերի լիարժեք ամրացմանը: Այսօր Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար պատասխանատու բոլոր օղակները ստիպված են պատասխանել, թե ինչպես են իրենք նպաստել պատերազմի վերսկսմանը, այն դեպքում, որ նախորդ տարիներին ճանաչելով ԼՂՀ անկախությունը եւ ապա իրավական բոլոր ընթացակարգերը պահպանելու միջոցով` երկու հանրապետությունների միավորման գործը ձեռնարկելով, հայությունը կկարողանար լիարժեք լուծել իր բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու բնական իրավունքը:

Դրա հետ մեկտեղ այսօր նոր պատերազմի վտանգը մեր աչքի առաջ ունենալով` մեր երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է պատասխան տա, թե ինչու նա չի գնում ԼՂՀ ճանաչման ու ապա վերամիավորման ճանապարհով` Արցախի ժողովրդին ՀԱՊԿ տանիքի տակ լիարժեք խաղաղ կյանքով ապահովելու գործը գլուխ բերելու համար: ՀԱՊԿ-ն մեռելածին կառույց է, քանի դեռ նրա անդամ երկրները չեն պնդում միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունների մասին։ Սակայն մի փոքր սուբյեկտային վարքը՝ ԼՂՀ անկախության ճանաչումը, Հայաստանին հնարավորություն կտա տարածաշրջանում վերահաստատել իր ընկած հեղինակությունը, որի արդյունքում աշխարհաքաղաքական բոլոր ուժերն ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանին հետ պահեն՝ Արցախի հետ միավորվելու քայլը կատարելուց։

Քաղաքականությունը մարդկային գործունեության այնպիսի տեսակ է, որը կոչված է չեզոքացնել այլ սուբյեկտներից ծագող մարտահրավերները, կառուցել նոր շահերի ու իրացնել նոր հնարավորություններ քաղաքական փոխհարաբերություններում։ Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջ աշխարհի մասշտաբով ամենից բարդ խնդիրներից մեկն է։ Ղարաբաղյան թատերաբեմում ծավալվող պատերազմական գործողություններում ուղղակի ներգրավում չի ցանկանում ունենալ ոչ մի տերություն, քանզի դա կնշանակի՝ նաեւ մյուս տերությունների զինուժի մուտքը տարածաշրջան ու կդառնա համաշխարհային պատերազմի նախերգանքը։ Վերջին տասնամյակներում տերությունները միմյանց դեմ ուղղակիորեն երբեք չեն պատերազմում։ Նրանց միջեւ եթե ծագում են հակադրություններ, ապա պատերազմի միջոցով իրենց խնդիրների լուծումը թողնվում է երրորդ աշխարհի կախյալ պետություններին ու ռազմականացված ահաբեկչական մեծ խմբավորումներին։

Քաղաքական ու իրավապայմանագրային առումով Լեռնային Ղարաբաղի տարածքի ու բնակչության՝ Ռուսաստանի ռազմապաշտպանիչ «անձրեւանոցի» տակ հայտնվելը հակասում է բոլոր տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերին։ ԼՂՀ անկախությունը ճանաչելուց հետո Արցախը մայր հայրենիքին միացնելու հայկական կողմի անգամ միայն մտադրությունը բավարար է, որ մեծ տերությունները սկսեն զինել Հայաստանին ու Արցախին։ Ռուսաստանը որպեսզի չհայտնվի Ադրբեջանին հարված հասցնելու քաղաքական, իրավապայմանագրային, բարոյական պարտավորության տակ, ինքն է շահագրգռված լինելու համոզել Հայաստանին մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը, դրա դիմաց ստիպված լինելով զինել Հայաստանին շատ մեծ ծավալներով։ Միաժամանակ Արեւմտյան տերությունները նմանապես փորձելու են համոզել Հայաստանին Ղարաբաղյան թնջուկի լիարժեք հանգուցալուծումը չկապել Ռուսաստանի հետ՝ դրա դիմաց պարտավորվելով մշտապես պահել ռազմական, ռազմատեխնիկական ու քաղաքական հավասարակշռությունը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։

Այսօր Ղարաբաղյան նոր պատերազմի վերսկսման բացառումը մեր ձեռքերում է, եթե հանրությունը ոչ թե կենտրոնանա Արցախի ճանաչման հարցում թվացյալ վտանգների վրա, այլ հասկանա, որ աշխարհը հարգում է սուբյեկտային նպատակային վարքը։ Չորսօրյա պատերազմը ապացուցեց, որ ԼՂՀ կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացի միջոցով նոր պատերազմը չես կանգնեցնի։ Պատերազմը կանգնեցնելու համար պետք է կամային վարք ու նոր իրավիճակ։ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ ճանաչումը Հայաստանին ու Արցախին նորագույն զենքերով զինելու, թշնամու ախորժակը զսպելու միակ ճանապարհն է։ Չորսօրյա պատերազմի ծագման եւ հետեւաբար մոտ հարյուրի հասնող զոհերի, բազում վիրավորների համար պատասխանատվությունն ընկած է մեր երկրի բարձրագույն ղեկավարության վրա։ Չճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ գործող վարչախումբը իր վրա է վերցնելու նաեւ ապագա պատերազմի հազարավոր զոհերի պատասխանատվությունը։ Այդ դեպքում, սակայն, հայ զինվորը պատասխանատվության կանչելու ու պատժելու գործառույթը իր վրա կվերցնի, եթե այսօր մեր երկրի փաստացի ղեկավարները ԼՂՀ ճանաչման միջոցով չկանխեն նոր պատերազմը։