статьи

Սանձե՞լ, թե՞ թամբել ընտրությունները

2016-08-29

Վերջին տարիներին մի օրինաչափություն է ձեւավորվել հայաստանյան քաղաքական դաշտում։ Կուսակցությունների կողմից թեժ պայքարի խոստումների եւ ձեւական ակտիվության խորապատկերին ընդգծվել է քաղաքացիական պայքարի առանձին օջախների բռնկումը տարվա այն եղանակին, երբ կուսակցական առաջնորդները նախընտրում են հանգստանալ ծովափերին։ Այս տարի բացառություն չէր, եւ ամռան կիզիչ արեւի տակ «Սասնա ծռեր» խմբի զինված պայքարն իրապես շիկացրեց հայաստանյան քաղաքական դաշտը։ Այդ պայքարի արդյունքում դրվեց մի նշաձող, որի հաղթահարումը վեր է քաղաքական մեզ հայտնի միավորների ուժերից։ Հայաստանում լեգիտիմացվեց քաղաքական պայքարում զենքի կիրառությունը բոլոր այն դեպքերի համար, երբ փակված են սահմանադրական ճանապարհով երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհները։

Քրեաօլիգարխիական մեր երկրում ներկայումս քաղաքական միավորների համար հիմնական անհարմարությունը դարձել է քաղաքական գործընթացներում «զենք» երեւույթին եւ դրա կիրառությանը վերաբերմունք ցույց տալը։ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները հանրային լայն աջակցություն են ստացել նախորդած օրերին եւ շատ ու շատ կուսակցությունների, տարբեր քաղաքական դեմքերի համար այսօր աննպատակահարմար կամ անպատեհ է դարձել զինված այդ պայքարը դատապարտող հայտարարությամբ եւ ընդհանրապես զինված պայքարի մասին բացասական դիրքորոշմամբ հանդես գալը։ Նման դիրքորոշումը կարող է դառնալ համակիրների կորստի ու վարկանիշի անկման պատճառ։ Ուստի, ընդդիմադիր հանրային դիսկուրսում առավելապես տեղ են գտնում միայն առանձին կուսակցականների, հանրային դեմքերի մասնավոր կարծիքներն ու հոդվածները զինված պայքարի անթույլատրելիության մասին։

«Սասնա ծռեր» խմբի զինված գործողությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու անհարմարությունն, այսպիսով, կուսակցություններին կանգնեցրել է շատ լուրջ խնդրի առաջ։ Ինչպե՞ս համատեղել սեփական նախընտրական ծրագրերը «Սասնա ծռեր» խմբի սահմանած բարձր նշաձողի հետ։ Չէ՞ որ ապստամբների այն համոզմունքը, որ կեղծվող ընտրական գործընթացների միջոցով անհնար է հաղթահարել երկրին համակած քաղաքական ու տնտեսական ճգնաժամը եւ այն տեսլականը, որ գործող վարչախմբի սահմանած օրակարգից հրաժարվելու միջոցով է պետք գնալ համակարգային փոփոխությունների՝ ընկալվել ու որդեգրվել է ժողովրդի մեծամասնության կողմից։

Հենց այդ խնդրից ձերբազատվելու համար էլ այս օրերին հետեւողականորեն դեպի հանրային քննարկումների դաշտ են նետվում երեք թեզեր, որոնց միջոցով փորձ է արվում կրկին հանրային օրակարգ մտցնել առաջիկա ընտրական գործընթացներում կուսակցությունների մասնակցության ձեւաչափը։ Հայաստանյան քաղաքական դաշտի այս օրերի գլխավոր ինտրիգը դարձել է հարցը՝ Հայաստանը կմտնի՞ նախընտրական թեժ աշուն, թե՞ կընթանա «Սասնա ծռեր» խմբի առաջ բերած քաղաքական այն օրակարգով, որը հանցավոր վարչախմբի գործունեության պայմաններում մերժում է ազատ ու արդար որեւէ ընտրության հնարավորություն՝ փոխարենն առաջ քաշելով առկա վարչակարգի տապալման եւ համակարգային փոփոխությունների գնալու հրամայականը։

Որո՞նք են գործարկված քաղաքական այն թեզերը, որոնց խնդիրը կուսակցությունները վերածնելն է եւ նրանց դերակատարությունը արժեւորելը գործող վարչախմբի կողմից կազմակերպվող ու վերահսկվող նախընտրական գործընթացներում։ Փորձենք դասակարգել դրանք։

Թեզ Ա Ընդհանրապես զենքի կիրառման եւ, մասնավորապես, «Սասնա ծռեր» խմբի գործունեության արդյունքում անդառնալի հարված է հասցվում պետության հիմքերին ու պետականության կորստի վտանգ է առաջանում։

Թեզ Բ Զինված ապստամբությունը հակաիրավական, հակաօրինական գործունեություն է։

Թեզ Գ Մեր երկրում քաղաքական խնդիրներ լուծելու սահմանադրական ճանապարհները սպառված չեն։

Ահա այս թեզերի միջոցով քաղաքական որոշակի շրջանակներ փորձում են չեզոքացնել ներկայիս իրավիճակի վրա «Սասնա ծռեր» խմբի հեղափոխական ներգործությունը։ Այդ իսկ պատճառով նրանք խնդիր են ձեւակերպվել՝ կասկածի տակ առնել հայ ժողովրդի ապստամբության իրավունքը, խանգարել այդ գաղափարի համընդհանուր ճանաչման ու դրա օգնությամբ Հայաստանում ինքնիշխան, իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելու գործընթացին։

Առաջին թեզի միջոցով փորձ է արվում կեղծ բարեպաշտական ինչ-որ դիրքերից ներկայացնել զենքից, զինվածությունից, զինված գործունեությունից եկող չարիքը եւ պետության ապագայի հարցում մի ապոկալիպտիկ պատկեր նկարելով՝ ժողովրդին հետ պահել ապստամբության գաղափարից ու զենքի հետ հարաբերվելուց։ Երկրորդ թեզի միջոցով փորձ է արվում իրավական ու քաղաքական շրջանակներից դուրս դնել անգամ միջազգային իրավունքում տեղ գտած ժողովրդի ապստամբության իրավունքը՝ փոխարենը կրկին հիմքեր ստեղծելով պետության իրավաքաղաքական հարաբերությունների դաշտ կուսակցական սեփական մարմինը ներմուծելու համար։ Եւ, վերջապես, որպեսզի կուսակցությունները կարողանան մտնել նախընտրական գործընթացի մեջ, որպեսզի հանրությունը մասնակիցը դառնա հենց այդ ֆարսին, գործարկվել է ընտրությունները որպես երկրում փոփոխությունների ճանապարհ մեկնաբանող երրորդ թեզը։

Այսօր վարչախմբի դեմ պայքարում ընդդիմության կողմից զենք կիրառելու հնարավորությունը քաղաքական գործընթացում վարչախմբի կողմից բռնություն թույլ չտալու միակ երաշխիքն է մնում, որը, սակայն, մինչ օրս հատկապես չեն ուզում ընդունել այդ գործընթացի մասնակիցները։ Զինվելով վերը նշված թեզերով՝ կուսակցական որոշակի շրջանակներ փորձում են գաղափարական հիմքեր ստեղծել քաղաքական դաշտում իրենց նախկին գործունեությունը ծավալելու, ինչպես նաեւ սեփական նշանակությունը վարչախմբի նախանշած խաղում արժեւորելու եւ նրա հետ ունեցած կամ ապագայում հնարավոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

Այդ թեզերի սին լինելու եւ, հակառակ այդ ամենի, այնպիսի հիմնավորումների մասին, ինչպիսիք են՝ ժողովրդի համընդհանուր զինվածությունը որպես պետության հիմքերն ամրապնդելու երաշխիքի, քաղաքական գործընթացներում մասնակիցների կողմից զենք կիրառելու հնարավորությունը որպես առաջադեմ եւ բռնությունը նախականխող հանգամանքի, ներկա վարչախմբի կողմից կառավարման լծակներն իր ձեռքում պահելու պայմաններում Հայաստանում ընտրական ճանապարհով սահմանադրական կարգ հաստատելու եւ համակարգային փոփոխություններ իրականացնելու անհնարինության եւ այլնի մասին մինչ այժմ խոսել են առանձին հեղինակներ, այդ թվում՝ տողերիս հեղինակը իր բազմաթիվ հոդվածներում եւ հարցազրույցներում։ Ուստի, այսօր կրկին անդրադառնալ այդ թեզերի հիմնազուրկ էությանը մեր նպատակից դուրս է։

Հայաստանում իրապես ընդդիմադիր գործունեության ապացույցն այսօր կարող է դառնալ միայն գործող վարչախմբի նախաձեռնած առաջիկա ընտրական գործընթացի եւ այն որեւէ կերպ լեգիտիմացնող օտար կամ յուրային մարմինների դեմ պայքարը։ Վերջինս կարող է առարկայանալ քաղաքացիների ու տարբեր խմբերի կողմից այնպիսի վարքի որդեգրման միջոցով, որն ուղղված կլինի այդ վնասակար գործընթացի տապալմանը։ Մի գործընթաց, որն անհաճո է գրեթե բոլոր կուսակցություններին, քանի որ նրանք գործում են ոչ թե երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար նախկինում իրեն սպառած ընտրությունների ճանապարհը մերժելու եւ դրա փոխարեն առավել վտանգավոր, բայց երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու համար արդյունավետ մի նոր ուղով ընթանալու նպատակադրությամբ, այլ ապրում են ամեն գնով իշխանության գալու մարմաջով։ Մի մոլուցք, որը նրանց ստիպում է ընթանալ վարչախմբի նախանշած օրակարգով եւ կամա թե ակամա մատուցած ծառայությունների համար ընտրական գործընթացի ավարտին բավարարվել նույն այդ վարչախմբի կողմից իրեն նետված մանդատներով։