articles

Կովկասյան եռանկյունի - 4

1920թ. նոյեմբերի 7-ին թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը գրավելուց հետո պարզ դարձավ, որ վճռված էր հայ-թուրքական պատերազմի ելքը, եւ կառավարության համար գլխավոր խնդիրն այդուհետ պետք է լիներ Հայաստանի հանրապետության ինքնիշխանության պահպանման համար քայլեր ձեռնարկելն ու ժողովրդի բնաջնջումը կասեցնելը:
«Այդ օրերին բոլորին պարզ էր, որ Հայաստանը պետք է լինի կամ Ռուսաստանի հետ, կամ թուրքերի ձեռքին վերածվի խաղալիքի, եթե ոչ ամբողջությամբ ոչնչացվի», - ճակատագրական այդ օրերի մասին գրել է Ս.Վրացյանը:
Ստեղծված օրհասական վիճակը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ստիպեց դիմել Խորհրդային Ռուսաստանի օգնությանը, ով միակ ռեալ ուժն էր դիտվում, որ կարող էր թուրքերի առաջխաղացումը կանգնեցնել: Հենց այս խնդրանքին ի պատասխան նոյեմբերի 11-ին ՌԽՖՍՀ արտգործժողկոմ Չիչերինը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատերազմը դադարեցնելու ,միջնորդությամբե դիմեց կողմերին եւ այն իրագործելու նպատակով Երեւան գործուղեց իր ներկայացուցչին:
Այդ ընթացքում Հայաստանի կառավարությունը, ռազմաճակատի անմխիթար վիճակն աչքի առաջ ունենալով, նոյեմբերի 18-ին ստիպված էր ընդունել թուրքերի առաջարկած զինադադարի ծանր պայմանները: Նույն օրերին ՌԽՖՍՀ ներկայացուցիչների հետ բանակցություններում կառավարությունը ստիպված էր նաեւ դիմագրավել կարմիր բանակի Հայաստան մուտքի ռուսական առաջարկ-պահանջներին` քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի համար դա Հայաստանը խորհրդայնացնելու ամենակարճ ճանապարհն է:
Դաշնակցական քաղաքական վերնախավը թուրքերի ու հատկապես ռուսների հետ բանակցություններին քիչ թե շատ արդյունավետություն տալու ակնկալիքով հարկ համարեց փոխել կառավարությունը: Նոյեմբերի 23-ին Հ.Օհանջանյանի Բյուրո-կառավարության հրաժարականից հետո կազմվեց Ս.Վրացյանի ձախ կոալիցիոն կառավարությունը, որտեղ ներգրավված էին «ռուսական կողմնորոշմամբ» գործիչներ: Վերջինս բանակցություններում բոլշեւիկների ու քեմալականների օր օրի ահագնացող ծանր պայմաններին դիմագրավող որեւէ էական քայլ այդպես էլ չկարողացավ ձեռնարկել: Արդյունքում նոյեմբերի 29-ին կարմիր բանակի զորամիավորումների օգնությամբ Իջեւան մտած Հայհեղկոմը հանդես եկավ Հայաստանը խորհրդայնացնելու մասին հռչակագրով, իսկ Երեւանում ՌԽՖՍՀ ներկայացուցիչ Լեգրանը դեկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը ներկայացրեց Հայաստանի խորհրդայնացման գրավոր վերջնագիրը: Նույն ժամանակ Ալեքսանդրապոլում վերջնագիր ներկայացրեց նաեւ թուրքական կողմը: Վերջնագրերը չկատարելը հղի էին անկանխատեսելի հետեւանքներով:
1920թ. դեկտեմբերի 2-ին դաշնակցական կառավարությունը Երեւանում` բոլշեւիկների, իսկ Ալեքսանդրապոլում թուրքերի հետ կնքեց ձեւական առումով միմյանցից անկախ ու հակադիր, սակայն, ըստ էության, թուրքերի ու ռուսների միջեւ վաղուց համաձայնեցված ու կանխատեսելի պայմանագրեր: Իրավական ձեւակերպում ստացան մի կողմից Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը (հանրապետության արեւելյան տարածքների) ու ինքնիշխանության կորուստը, իսկ մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության կենսական տարածքների բռնազավթումը (հանրապետության արեւմտյան տարածքների) ու երբեւէ հնարավոր պահանջատիրությունը:
Այդպիսով, կնքված այդ պայմանագրերը դարձան օգոստոսի 24-ի ռուս-թուրքական դաշնագրի շարունակությունը, իսկ երեք ու կես ամիս անց Մոսկվայում վերաձեւակերպվեցին արդեն որպես ռուս-թուրքական պայմանագիր:
Հարավային Կովկասի երկրորդ հանրապետության խորհրդայնացումից հետո խորհրդա-թուրքական դարբնոց-խոհանոցում նախապատրաստվեց արդեն Կովկասի նվաճման վերջին արարը:
Վրաստանի խորհրդայնացման համար առիթ ծառայեց Լոռու «չեզոք գոտում» վրացական զորքերի առկայությունը: Հայ-թուրքական պատերազմի անհաջող ընթացքով պայմանավորված` դեռեւս նոյեմբերի 13-ին կնքված համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը համաձայնել էր Վրաստանի կառավարության Լոռու «չեզոք գոտի» վրացական զորքեր մտցնելու առաջարկին: Հայաստանի խորհրդայնացումից հետո ՀԽՍՀ հեղկոմը նոտաներ հղեց Վրաստանի կառավարությանը` պահանջելով վրացական զորքերը դուրս բերել Լոռուց: Մերժում ստանալուց հետո, կարմիր բանակի մուտքը Լոռի սահուն անցկացնելու նպատակով իրենց ագիտացիոն եւ զինված հեղափոխական միավորներ կազմավորելու գործին անցան Լոռու բոլշեւիկյան կառույցները:
1921թ. փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը սկսվեց Լոռու բոլշեւիկյան ապստամբությունը, որն իր հետ Լոռի ու ապա Վրաստան բերեց 11-րդ կարմիր բանակի զորամասերին: Մի քանի օրում Լոռին ռազմակալելուց հետո, փետրվարի 16-ին կարմիր բանակն անցավ նաեւ սահմանային Խրամ գետը եւ գրավեց Շուլավեր գյուղը: Այստեղ էլ Վրաստանի հեղկոմը հայտարարեց Վրաստանի խորհրդայնացման մասին եւ օգնություն խնդրեց Խորհրդային Ռուսաստանից: Շարունակելով առաջխաղացումը` բոլշեւիկները ուժեղ դիմադրության հանդիպեցին Տաբախմելա գյուղի մոտ, սակայն, շրջանցելով այն, ուղղություն վերցրեցին դեպի Թիֆլիս: Փետրվարի 24-ին Վրաստանի կառավարությունը, գնահատելով ստեղծված իրավիճակը, առավել նպատակահարմար համարեց տեղափոխվել Քութայիսի եւ առանց դիմադրության հանձնել Թիֆլիսը: Հաջորդ օրը Թիֆլիսում ծածանվեց կարմիր դրոշը:
Այնուամենայնիվ, համաշխարհային հեղափոխությամբ տարված բոլշեւիկյան մարդատյացներին Վրաստան մուտք գործած 11-րդ կարմիր բանակի միջոցով ամբողջ Վրաստանի արագ խորհրդայնացումը դժվար իրագործելի խնդիր էր դիտվում: Այդ իսկ պատճառով, Վրաստանի նվաճմանը հարկ եղավ ներգրավել ոչ միայն 9-րդ կարմիր բանակի զորամիավորումները, որոնք պատերազմի հենց սկզբում հարձակման անցան Աբխազիայում, այլ նաեւ թուրքերին: Փետրվարի 23-ին թուրքերը Արդահանը եւ Արդվինը շտապ ազատելու վերաբերյալ վերջնագիր ներկայացրեցին Վրաստանին: Ստեղծված իրադրությունում վրացական կառավարությունը հարկ համարեց կատարել թուրքական վերջնագրի պայմանները: Բացի այդ, շուտով վրացիները թուրքերին զիջեցին նաեւ Բաթումը:
1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքվեց «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագիրը, որով իրավական ձեւակերպում ստացավ երկու տերությունների Հարավային Կովկասի մինչ այդ արդեն վաղուց համաձայնեցված եւ փաստացի իրագործված բաժանումը:
Իսկ հաջորդող երեք օրերին իրավաբանորեն նախ ձեւակերպվեց Քութայիսիում ամրացած Վրաստանի կառավարության լուծարումն ու կարմիր բանակի եւ վրացական ռազմուժի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը, ապա նաեւ փաստացի կատարվեց Բաթումի հանձնումը բոլշեւիկներին` նախատեսված Մոսկվայի պայմանագրով: Մեկ ամիս անց Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի հետ քաշվելով վերջնականապես ուրվագծվեցին Խորհրդային կայսրության եւ Թուրքական հանրապետության միջեւ սահմանները, որոնք այնուհետ, որպես ժառանգություն փոխանցվելու էին 1991թ. անկախություն ձեռք բերած Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին: