articles

Փա՜ռք պաշտոնյաներին, մա՛հ պրոլետարիատին

Հայաստանում բազում քաղաքացիներ են առիթ ունեցել շփվելու ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց հետ, որոնցից շատերը հանրության շրջանում թողել են առանձնահատուկ տպավորություն:
Կարելի էր ուրախանալ, եթե նման տպավորության հիմքում ընկած լինեին պաշտոնյայի դրական հատկանիշները: Սակայն, ցավոք, հայաստանյան ղեկավար պաշտոնեության մեծ մասի հետ շփման արդյունքում բոլորովին հակառակ պատկեր է մեզ ներկայանում: Թե՛ մտավոր կարողություններով, թե՛ բարոյական նկարագրով և թե՛ ղեկավար պաշտոնյային անհրաժեշտ որակներով (նախաձեռնողականություն, ստեղծագործական ձիրք և այլն) մեր պաշտոնյաները հետընթաց նորանոր դիրքեր են գրավում:
Քիչ թե շատ կենսունակ պետական ապարատ ու մարմիններ ունեցող երկրի պաշտոնյաների թերացումները քննարկելիս ու քննադատելիս հարկ կլիներ դիմել առօրյա կյանքում մեզ հանդիպող առանձին փաստերի ապացուցմանը: Սակայն Հայաստանում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամի արդյունքում պաշտոնեության հոռի բարքերն ինքնաբերաբար, իսկ ավելի ճիշտ` բնականաբար ու առանց «սեթևեթանքի» ներխուժում են նաև մամուլի էջեր: Ու հարկ չկա անգամ դիմել պաշտոնյաների անօրինականությունները բնութագրող մանրամասների ներկայացմանը: Ընթերցողն ինքը, մամուլի էջերում ծանոթանալով հենց իրենց` պաշտոնյաների կատարած առանձին բացահայտումներին, կարող է տեղեկանալ պաշտոնեության շրջանում տիրող բարքերին: Իսկ նրանց մտքի առանձնահատուկ բթությանը ծանոթանալու համար քաղաքացիների տեղեկանալու սահմանադրական իրավունքն ապահովված է անգամ ամենօրյա ռեժիմով: Հարկ է միայն թերթել օրվա մամուլը:
Օրերս հենց այդ նույն մամուլում էլ հանդիպեցի բնութագրական հերթական ծանր դեպքին: Խոսքը վերաբերում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի տեսչության այլևս նախկին պետ Վռամ Գյուլզադյանի` մամուլին տված հարցազրույցներին (http: //www.news.am/arm/news/39637.html, http: //www.1in.am/arm/armenia_interview_3167.html), որոնք ներկա պաշտոնեության շրջանում տիրող անմխիթար վիճակին լրացուցիչ «հմայք» են հաղորդում:
Ներկայումս ՀՀԿ-ական, անցյալում ՕԵԿ-ական, իսկ ապագայում իր ԲՀԿ-ական դառնալը չբացառող նախկին պաշտոնյան հայտնում է, որ նախարար նշանակվելու համար թեկնածուներն ահռելի գումարներ են ծախսում, որը փորձում են հետ բերել ենթակաների միջոցով: Անդրադառնալով գյուղատնտեսության նախարարի հետ ունեցած իր կոնֆլիկտին` Գյուլզադյանը, մասնավորապես, նշում է. «Պլյուս նաև նախարարի մեծ ախորժակը: Նրան թվում էր, թե ես գյուղնախարարության մեջ մաքսային ծառայության պետ եմ, և այստեղ մեծ գումարներ են շրջանառվում, ու ինքը պետք է շատ շուտ հարստանա և վերադարձնի նախարար դառնալու համար արած ծախսերը»:
Հասարակությանը վաղուց հայտնի են նախարարների նշանակման քրեաօլիգարխիկ մեխանիզմների ու նշանակումից հետո նախարարների ունեցած գայլային «ախորժակների» մասին: Սակայն տվյալ դեպքում խոսքը ոչ թե հասարակության մեջ շրջանառվող ինչ-որ լուրերի մասին է, այլ` իրազեկ ու բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վկայակոչվող կոնկրետ փաստի: Զրույցի ընթացքում նախկին ղեկավար այս պաշտոնյան չի զլանում նշել նաև նախարարի «մանկամիտ» ու «անբուժելի հոգեկան հիվանդ» լինելու, «հիմար պահանջներ» առաջ քաշելու, «օրենքի վրա թքած ունենալու», «շեղված «պրինցիպներով» աշխատելու», յուրայինների միջոցով «հարստանալու», ԱԺ պատգամավորի հովանավորչության (դստեր բիզնեսի կապակցությամբ) ու ղեկավար պաշտոնյաներին վերաբերող նման «սովորական» այլ երևույթների ու բարքերի մասին:
«Այս ամենը հետևանք է, որի մասին ամենքը տեղյակ են, պետք է պատճառը ցուցանել», - կմտածի ընթերցողը: Սակայն այդ խնդրում ևս պարոն Գյուլզադյանը անկրկնելի է: Այն, ինչ ես կարող էի ներկայացնել երկու էջի սահմաններում, վերջինս ասում է ընդամենը երկու նախադասության միջոցով: Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ Արթուր Բաղդասարյանի հանդիպման առիթով Ռոբերտ Քոչարյանի վերջինիս դավաճանության մեջ մեղադրանքին` Գյուլզադյանը հայտնում է. «Ես հայրենասեր մարդ եմ, իմ համար նախագահը թագավոր է, անկախ այն բանից, թե նա ով է` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը: Իմ համար նախագահը թագավոր է, և եթե թագավորը մեկին բնութագրում է որպես դավաճան, ես այդ մարդու հետ ճանապարհ չունեմ գնալու»:
Ըստ Գյուլզադյանի և նրա նման մտածող մյուս պաշտոնյաների` հայրենասիրությունը սկսվում է նախագահի աթոռը զբաղեցնող անձին թագավոր ճանաչելով, իսկ ավարտվում` թագավորի բնութագրումներն ու գործողությունները անվերապահ ընդունելով: (Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախագահի ժեստերը, միմիկան, հագուկապը կրկնօրինակելը կանգնած են պաշտոնեության հայրենասիրական պոռթկման եկող տարվա հերթում: Սակայն հատուկ «Հայոց արծիվների» համար մեր աղբյուրները վկայում են, որ ֆյուրերի կերպարը մոդայից դուրս է լինելու):
«Նորահաս» պաշտոնեության համար ՀՀ նախագահի թագավորով փոխակերպումն այն հայրենասիրական փրկօղակն է, որն ապահովում է կայուն եկամտով տաքուկ մի անկյուն: Բանաձևն էլ շատ պարզունակ է և բխում է ռուսական հեղափոխության ժամանակներից եկող մի ասույթից, որը ներկայիս սովետական չինովնիկները կարծես թե գերազանց են սերտել: Հայկական հողի վրա այն ազդարարում է, որ իրենք ո՛չ կարմիրգվարդիական են և ո՛չ էլ սպիտակգվարդիական (ո՛չ իշխանամետ են, ո՛չ ընդդիմադիր), իրենք թագավորի նոքյարներն են: Հետևաբար քաղաքացիներս, եթե նորին գերազանցություն նման պաշտոնյաները թույլ տան ինձ տրամաբանել, պարզվում է, թագավորի հպատակներն ենք: Ու այստեղից էլ սկսվում է Իսահակյանի նկարագրած հայաստանյան պաշտոնյայի ներկայիս արևելյան առօրյան:
Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և շահի նախանշած անհանդուրժողականության պատը քանդելու վեհ գաղափարով տոգորված հարցնում.
- Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:
- Իհարկե, ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե՞ ոչ:
- Այո՛:
- Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս, - հարցնում է դերվիշը:
- Վարչապետ, - պատասխանում է քաղաքապետը:
- Հետո՞:
- Հետո Ազգային ժողովի նախագահ:
- Հետո՞:
- Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է` նախագահ:
Ու այսպես` մերօրյա ղեկավար պաշտոնյայի սին ճամփան մինչև թագավոր է ընկած: Այդ ընթացքում նախարարի ու տեսչության պետի միջև կոնֆլիկտի տեսքով առանձին թյուրիմացություններ լինում են իհարկե: Բայց դրանք աննշան դիպվածներ են ընդամենը: Կարևորը, որ թշնամու ջրաղացը չպտտվի: Ուստի հարկ է, որ իրավապահ մարմինները չզբաղվեն մամուլում հանցագործությունների մասին Գյուլզադյանի հաղորդումներով: Բա մենք էդպիսի պետություն ենք, որ այն դասվի կոռումպացված, տնտեսության մեջ մենաշնորհ ու հովանավորչություն ունեցող երկրների շարքին: Ընդհակառակը` պետության կայունության մասին զօրուգիշեր մտածող հայրենասեր պաշտոնյաները նրանք են, ովքեր կասկածի տակ չեն դնում երկրի առաջին դեմքի լեգիտիմության փաստը, այլ, անկախ նրա ով լինելուց, ենթարկվում են նրա հայրենասիրական ցուցումներին ու անվերապահ ընդունում վերջինիս բոլոր գործողություններն ու բնութագրումները: «Քաղաքացիական հասարակություն» ասածն էլ մեծ դիվանագիտության դաշտից է, Եվրոպայից եկած մոդա է, որ պետք է խաղացնենք: Չէ՞ որ մենք հազարամյա պատմություն ենք ունեցել, թագավորություններ ու թագավորներ, այդ քաղաքացի ասածը ամոթ չի՞, որ մենք եվրոպաներից ընդօրինակենք ու խարխլենք այս մեր նորանկախ պետության հիմքերը: Մեր ավանդական թագավորականը հարազատ է հայի մենթալությանը, էն դեպքում, երբ քաղաքացիական հասարակության բերած, օրինակ, էդ էմոները և ընդհանրապես աղանդավորական շարժումները մեր ժողովրդին լուրջ բարոյական վնաս են բերում, խախտում են մեր գենոֆոնդը:
Յուրաքանչյուր պետության զարգացում կախված է ոչ այնքան տեխնիկական ու տեխնոլոգիական զինվածությունից, հանքահումքային պաշարներից, կոմունիկացիոն, տրանսպորտային զարգացած ենթակառուցվածքներից ու նման կարգի այլ պարամետրերից, որքան մարդկային ներուժի խելամիտ ու ռացիոնալ օգտագործման հնարավորությունից: Եթե համապետական խնդիրներում այն արտահայտվում է երկրի դեմոգրաֆիական պատկերի ու հասարակության կենսապահովման մակարդակի նկատմամբ վարչակարգի ցուցաբերած վերաբերմունքի միջոցով, ապա պետական ապարատի ներսում այն մի ցուցիչ ունի` վերաբերմունքն առ պաշտոնեություն: Վերջինիս կարողություններից, ձիրքերից ու նկարագրից է կախված, թե ինչ հաջողություններ կարձանագրի պետական մեքենան պետության առջև ծառացած խնդիրները լուծելիս: Հետևաբար պաշտոնեության շրջանում տարածված բարքերն ու առողջ մտածողությունը պետք է դառնան պետության հոգածության առարկան:
Հայաստանյան ներկա վարչակարգն այս մասին ինչ-որ տեղ լսել է և առիթը բաց չի թողնում հասարակությանն «ավետել» մարդկային գործոնի նկատմամբ իր ընկալունակության մասին: Սակայն մութ ուժերի դավադիր գործողությունների արդյունքում հանրությունը, ոտնատակ տալով վարչակարգի բոլոր ձեռնարկումները, տասնյակ հազարներով լքում է հայրենիքը: Միայն հայրենասեր ղեկավար պաշտոնյաներն են, որ երկրի առջև դրված առաջնահերթությունները գիտակցելով` հավատարիմ են մնում ավանդական բարքերին ու անքուն գիշերներ անցկացնելով աշխատասենյակներում` փորձում են երկիրը հանել ճգնաժամից:
Փա ՜ռք հայրենասեր մեր պաշտոնյաներին, մա՛հ պետության հիմքերը խարխլող պրոլետարիատին:
Հ.Գ. - Ասենք թե` շահ դարձար, հետո՞, - հարցնում է դերվիշը:
- Հետո` ոչի՛նչ, - պատասխանում է քաղաքապետը:
- Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, - նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվաղուն աչքերը գոցում: