Մենք ենք ու Ռուանդան
Մեր պետականության կազմավորման ու լինելիության պատմական ընթացքը առաջին հերթին հենց մեր հավաքական մտքի անկատարության ու կամքի անբավարարության պատճառով Հայաստանի Հանրապետությանը հասցրել է մի այնպիսի հանգրվանի, որ անկման կամ տեղում դոփելու ոչ մի հնարավորություն այլևս չի թողնում:
Չի թողնում, քանի որ երկրներին բնութագրական` առաջընթաց, լճացում, թե հետընթաց ուղեգծերից ընդունել ու համակերպվել ենք վերջինին, որը մեր դեպքում սահմանային (վերջավոր) է: Վերջինիս պատճառներն էլ աշխարհաքաղաքական են ու ցեղասպանություն տեսած հայության համար այնքան վտանգավոր, որ երկիրը «դատապարտված» է միայն առաջընթացի: Իսկ որ նկարագրված հետընթացի սահմանը քաոսն է, ցույց է տալիս աշխարհի քաղաքական քարտեզի պարզագույն ուսումնասիրությունը:
Զբաղեցրած աշխարհաքաղաքական ու աշխարհագրական դիրքի, հաստատված պետական ու տնտեսական կառուցվածքի, երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի ու բարոյահոգեբանական մթնոլորտի ու այլ պարամետրերով առաջնորդվելիս Հայաստանն աշխարհի ներկայիս քարտեզի վրա համեմատելի է երրորդ աշխարհի ընդամենը մի քանի երկրների հետ: Սակայն նման կարգի բոլոր համեմատություններն, ի վերջո, բերում են բոլորովին պեսիմիստական մտորումների, քանի որ վկայում են, որ այդ աղքատ երկրների շարքում Հայաստանն առավել քան գտնվում է վտանգավոր սահմանագծին:
Հայտնի ճշմարտություն է, որ մարդկության պատմության հատկապես նոր ու նորագույն շրջանի շարժիչ ուժը եղել ու մնում են ծովերն ու օվկիանոսները: Վերջիններս հիմնական կամ այլընտրանքային այն ճանապարհներն են, որոնք, պետությունների փոփոխական ցամաքային սահմաններից ու քաղաքական շահերով պայմանավորված տարանցիկության «թույլտվություններից» անկախ, հնարավորություն են ընձեռում պետության կենսունակության գլխավոր ցուցիչ տնտեսությանը ներարկել անհրաժեշտ «արյունով»: Իսկ դեպի ծով ելք չունեցող երկրները ստիպված են հայցել այլոց «աջակցությունը»: Աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի չորս տասնյակի հասնող «անծով» երկրների մոտ կեսը բաժին է ընկնում Աֆրիկա մայրցամաքին: Մյուսները կենտրոնացած են հիմնականում Եվրոպայում ու Ասիայում: Վերջիններիս թվում է Հայաստանը:
Հայաստանը սահմանակցում է չորս ծովային պետությունների, որոնց համեմատ գտնվում է եւ մոտակա ապագայում, ուզենք թե չուզենք, գտնվելու է ամենաթույլ դիրքերում: Այսպես, յուրաքանչյուր պետության ելակետային ցուցիչներով` տարածքի եւ բնակչության մեծությամբ, այն բազմապատիկներով զիջում է իր հարեւաններին` Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին ու Վրաստանին: Նման հարաբերակցությամբ Մեծ Մերձավոր Արեւելքում Հայաստանը համեմատելի է միայն Ղրղզստանին ու Տաջիկստանին եւ մեկ էլ աֆրիկյան Ռուանդա եւ Բուրունդի պետություններին:
Սակայն եթե վերջիններս չունեն անտագոնիստական այնպիսի հարեւաններ, որոնք մտածում են առաջին իսկ հնարավորության դեպքում կասկածի տակ առնել նշածս պետականությունների գոյությունը, ապա Հայաստանի պարագայում բոլորովին այլ է: Թե՛ արեւելքից եւ թե՛ արեւմուտքից հարյուրավոր կիլոմետրեր ձգվում է այն փակ սահմանը, որի երկու կողմերում ժանիքները սրած կանգնած են գորշ գայլերի ոհմակները: Իսկ իշխող վարչակարգի դավանած կեղծ ազգայնական-պահպանողականությունն աչքի առաջ ունենալով` հակված ես մտածել անգամ, որ մեկուսացման հարցում երկիրն, ըստ էության, դեռեւս նորանոր դիրքեր ունի գրավելու:
Եթե Կենտրոնական Ասիայի երկու հետամնաց պետությունների հետ համեմատությունը հետխորհրդային նույն քաղաքական, տնտեսական ու մշակութային դաշտով է պայմանավորված (վերջիններս տարածական ու քանակական առումով անհամեմատ մեծ պետություններ են), ապա աշխարհի քաղաքական քարտեզի վրա եղած բոլոր «անծով» ու հարեւաններից բազմապատիկներով հետ ընկած պետությունների շղթայում Հայաստանն ունի առավել հարազատ քույր-պետություն` Ռուանդան:
Աֆրիկայում գտնվող, դեպի ծով ելք չունեցող այս պետությունը (տարածությունը` 26 338 քառ. կմ.), ինչպես Հայաստանը, սահմանակցում է չորս երկրների, որոնցից երեքն անհամեմատ մեծ ու առավել կայացած պետություններ են: Ոչ բարձր լեռնային լանդշաֆտի պատճառով Ռուանդան կոչում են հազար բլուրների երկիր: Մայրաքաղաքը 1550 մ. բարձրության վրա գտնվող Կիգալին է: Հետամնաց ու աղքատ այս պետությունն ունի իր Սեւանը` Աֆրիկայի միակ անկոկորդիլոս լիճը` Կիվուն: Չնայած գեղեցիկ բնության առկայությանը, ինչպես Հայաստանը, Ռուանդան առանձնանում է վայրի կենդանիների հանդեպ իր վերաբերմունքով: Երբեւէ այստեղ հանդիպած կենդանական աշխարհի խոշոր ներկայացուցիչներն այլեւս հանդիպում են միայն արգելոցներում: Պատճառը` դե ինչպես Հայաստանում: Հայաստանի նման Ռուանդան պրեզիդենտական հանրապետություն է` բազմակուսակցական համակարգով: Երկրում կան արգելված կուսակցություններ, իսկ պառլամենտում էլ գերակշռում են նախագահի կուսակցության` Ռուանդայի հայրենասիրական ճակատի պատգամավորները: 2000 թվականից երկրի նախագահը Կագամեն է, ով ընդամենը երեք ամիս առաջ յոթ տարի ժամկետով վերընտրվեց այդ պաշտոնում:
Նախնական այս տեղեկությունները, սակայն, եթե ձեւական նմանություն ունեն Հայաստանի հետ, ապա մի հարցում երկու երկրներն առավել սերտ կապով են միավորված: Երկրում ընդամենը մեկուկես տասնամյակ առաջ` 1994թ., ցեղասպանություն էր կատարվում` բնակչության կազմում բացարձակ մեծամասնություն կազմող (ներկայումս` բնակչության 84 տոկոսը) խուտու ցեղախումբը բնաջնջում էր փոքրամասնությանը` թութսիներին (բնակչության 15 տոկոսը): Արդյունքում 800 000-ից մինչեւ 1.000 000 զոհ ու հարյուր հազարավոր տեղահանվածներ: Իսկ պատճառը երկու ցեղախմբերի իշխանության համար պայքարն էր, առիթն էլ` այդ երկրում տեղ գտած «հոկտեմբերի 27-ը»` նախագահի ինքնաթիռի պայթեցումը, որի բացահայտումը մինչ օրս տարբեր վարկածների տիրույթում է գտնվում:
Այս ամենով հանդերձ, Ռուանդան ներկայումս աշխարհի ամենից աղքատ երկրների շարքին է դասվում: Սեպտեմբեր ամսին Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակված տվյալների համաձայն` օրինակ կյանքի տեւողության չափորոշիչով Ռուանդան աֆրիկյան ինը այլ պետությունների հետ եզրափակում է ամենից կարճ մարդկային կյանք ունեցող երկրների ցուցակը:
Ռուանդան լավագույն օրինակն է, թե ինչպես ցեղասպանություն տեսած երկատված հասարակությամբ բռնապետական երկիրը կարող է կանգնել հումանիտար աղետի եզրին: Սակայն Հայաստանին նմանօրինակ «ռուանդական» աղետ կարծես թե չի սպառնում: Գործը դրան չի հասնի: Ի տարբերություն պատմականորեն մեկուսացված (դեպի ծով ելք չունեցող) նշածս երկրների` Հայաստանի գլխին մշտապես կախված է արտաքին սպառնալիքը: Իսկ երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանն, ըստ էության, մեկուսացված է կրկնակի (հարեւանների կողմից), ապա պատկերը ողբերգական է դառնում:
Լսելով Հայաստան պետության բարձրագույն ղեկավարությանն ու նրա խոսափող հեռուստաեթերը ու այն համեմատելով առօրյա իրականության ու վերը նկարագրված աշխարհաքաղաքական այն պատկերի հետ, որում հայտնվել է Հայաստանը` այն տպավորությունն ես ստանում, որ գտնվում ենք խոր թմբիրի մեջ, որից հնարավոր չէ սթափեցնել նույնիսկ միջուկային պայթյունների միջոցով: Վարչակարգին լսելով` կարելի է մտածել անգամ, որ օրակարգում դրված է մեկ նպատակ` քնեցնել հասարակությանը: Այն, որ մեր առաջնահերթություններն են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, նանոտեխնոլոգիաները եւն, այնքան է ասվել, որ դրանք արդեն դարձել են 21-րդ դարում մեր օրորոցայինի կրկնվող գլխավոր ռեպերտուարը: Կարեւորը լեթարգիկ քունն է, որ հոգնած ու թմրած մեր օրգանիզմին հասցնի մինչեւ այն օրվան, երբ «կամ էշը կսատկի, կամ` էշատերը»: Քաղաքականապես դա թարգմանվում է` կամ կդադարենք որպես պետություն գոյություն ունենալ (դե յուրե կամրագրվի` գուբերնիա), կամ տիրոջ «չգոյության» պայմաններում այն աշխարհում կպարզենք, որ Ռամիլ Սաֆարովի միջոցով Գուրգեն Մարգարյանի կացնահարությունը մեզ նետված մարտահրավեր էր (Աստծո նախազգուշացումը)` օտարի կողմից խոր քնի մեջ գտնվող Հայաստան երկրի կացնահարման մասին: Իսկ մինչ այդ հարկավոր է նորանոր ռեկորդներ սահմանել Հայաստանի մեկուսացման գործում, որ մեր քունը հանգիստ լինի, կողմնակի ձայներն էլ չխանգարեն:
Որպես վերջաբան կցանկանայի կիսվել մի մտավախությամբ: Իսրայելը Եգիպտոսի հետ իր սահմանի երկայնքով ձեռնարկել է 266 կիլոմետրանոց մի պատի շինարարություն, որն, ինչպես հայտարարվել է, պայմանավորված է ոչ լեգալ ներգաղթյալների դեմն առնելու նկատառումով: Ըստ էության այն դառնալու է Աֆրիկան Ասիայից «մեկուսացնող» բաժանարար գծերից մեկը: Եթե Եվրոպան բեռլինյան պատի քանդմամբ տարիներ առաջ գնաց միավորման, ապա Ասիայում` «ինչպես պատերազմում»: Մեր քաղաքակրթական մարգինալությունն ու մինչ այժմ կիրառություն գտած խոսքի ու գործի տարբերությունը ենթադրում է, որ վարչակարգի ականջին եթե հասնի այս տեղեկատվությունը, ապա ոչընտրի «չհասկացվածության պատը» քանդելու գաղափարը վարչապետի «Հայկական աշխարհ» մեգածրագրի շրջանակներում բերելու է «չհասկացվածության չինական պարսպի» կառուցմանը: Չէ՞ որ գինեսի ռեկորդների հերթական «ամանորյա» չափաբաժինը չենք որոշել: Իսկ կեղծ ազգայնական-պահպանողականությունն էլ պարտադրում է, որ հրեաներից հետ չմնանք: