articles

Ժամանակն անողորմ գտնվեց. ո՛չ ռսի ոտն էր օրհնված, ո՛չ էլ «ղզլբաշների» չար շունչն էր կտրված

Այսօր ապրիլի 24-ն է` հայոց մեծագույն ողբերգության հիշատակի օրը:

Համայն հայությունը` եթե ոչ ֆիզիկապես, ապա մտովի գտնվելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում` հաղորդակցվելու համար Դեր Զորում ու այլ վայրերում թևածող մեր ազգակիցների հոգիներին:
1915 թվականի դեպքերը գրեթե հարյուրամյա հեռավորությունից այսօր և ապագայում ևս խաթարելու են մեր ժողովրդի կեցության բնականոն ընթացքը: Ու քանի դեռ հայությունը կունենա հայրենատիրության ու հայ դատի չլուծված խնդիրներ, Հայոց ցեղասպանության փաստը կմնա բաց վերք մեր ժողովրդի սրտում: Մեծանալով գաղթականի ընտանիքում` տողերիս հեղինակը Մեծ եղեռնի մասին տեղեկատվություն սկսեց ստանալ միայն պատանեկան տարիքում, սակայն ոչ ընտանեկան ու ազգակցական միջավայրերից: Հետագայում, շփվելով Մեծ եղեռնը վերապրողների ժառանգների հետ, պարզվեց, որ ընտանեկան տաբու եղել է ոչ միայն իմ ազգականների շրջանում, այլ նաև գաղթական մյուս ընտանիքների:

Անմարդկային ու անբարոյական վերաբերմունքի արժանանալու փաստը կարծես մի տեսակ արգելք էր եղել, որ մեր պապերը խոսեին իրենց գլխին եկած արհավիրքների մասին: Սակայն դեր էր խաղացել նաև խորհրդային իշխանությունների բռնաճնշմանը ենթարկվելու վտանգը: Խորհրդային Միությունում հայ ժողովրդին բաժին հասած ողբերգությանն անդրադառնալու կայսերական միայն չափավոր թույլտվությունը պատճառ էր դարձել, որ հասարակական քննարկումների առարկա չդառնար նաև ցեղասպանության ենթարկվելու գործում մեր իսկ ժողովրդի պատասխանատվության հարցը: Հատկապես, որ դրա պատասխանի հիմքում ընկած էր քաղաքական սխալ կողմնորոշման այն հանգամանքը, որն աննպաստ քաղաքական հետևանքներ կարող էր բերել հայ ժողովրդի արդեն ավանդական դարձած ռուսասիրության գործին: Եվ հետևաբար ԽՍՀՄ իշխանությունների համար անցանկալի էր նման խնդրի արծարծումը: Այսօր, սակայն, այդ ողբերգությունից մեզ բաժանող մեկ դարի հեռավորությունից արժե անդրադառնալ մեր իսկ պատասխանատվության խնդրին:

Հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում մշտապես շփվել է տարբեր կայսրությունների հետ: Եղել են համատեղ կյանքի հաջողված օրինակներ: Եղել են նաև դիմադրության կամ ապստամբության տարիներ ու տասնամյակներ, որոնք ուղեկցվել են կոտորածներով, թալանով ու ավերածություններով: Սակայն մոտ երեք հազարամյակ հայությունը, շրջապատված լինելով կայսրություններով, ոչ միայն կարողացել է իր գոյությունը պահպանել Հայկական լեռնաշխարհում, այլ նաև տարածաշրջանում մնալ որպես կարևոր քաղաքական ուժ: Ուստի հայության ցեղասպանության ենթարկվելու փաստը մի հարց է առաջադրում` որտե՞ղ սայթաքեց մեր քաղաքական միտքը: Չէ՞ որ կայսրությունների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու գործում հայ ժողովուրդն ուներ հազարամյակների փորձառություն, որին կնախանձեին շատ ու շատ «երիտասարդ» ազգեր ու ժողովուրդներ: Իսկ ամեն ինչ սկսվեց օրհնված էն սհաթին` 19-րդ դարի սկզբին, երբ «ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց»: Սակայն ժամանակն անողորմ գտնվեց ու մեկ դար հետո ցույց տվեց, որ ո՛չ ռսի ոտն էր օրհնված և ո՛չ էլ «ղզլբաշների» չար շունչն էր կտրված: Ու խնդիրը Ռուսական կայսրությունը չէ, որը լավ չհալածեց «ղզլբաշներին»: Ցանկացած տերություն խնդիր ունի իր պետական շահն առաջ մղել: Հպատակ կամ պետականություն չունեցող ժողովուրդները միայն գործիք են դիտարկվում մեծ տերությունների նպատակների իրականացման ճանապարհին:

19-րդ դարում մեր տարածաշրջանում բախվել էին երկու մեծ տերություններ` Օսմանյան և Ռուսական կայսրությունները, որտեղ հայ ժողովուրդը կարող էր միայն գործիք ծառայել տերությունների ձեռքին, եթե չցուցաբերեր քաղաքական հասունություն` խուսանավելու համար անհեռանկար գործելաոճից: Իսկ ի՞նչ կողմնորոշում որդեգրեց հայ քաղաքական միտքը 19-րդ դարում: Պատասխանը գտնում ենք ռուս-թուրքական պատերազմներում ռուսական զենքի հաղթանակի գործին մեր ժողովրդի ցուցաբերած վարքում:

1828-1829, 1853-1856, 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմներում հայերը Կովկասյան ճակատում անմնացորդ նվիրումով էին ընդգրկվում ռուսական բանակների կազմում: Ողջ բնակչությունը լծվել էր ցարական բանակներին պարեն, հագուստ մատակարարելու, ապաստան տրամադրելու, ռազմական կարևոր տվյալներ հաղորդելու գործին: Ռուսական զորքերը հայերի գործուն օժանդակությամբ կարողանում էին հաջող ռազմական օպերացիաներ իրականացնել և ճակատամարտերում ծնկի բերել թվական գերազանցություն ունեցող թուրքական բանակներին: 1878 թվականին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսական կայսրության տարածքը ընդարձակվեց մինչև Հայաստան աշխարհի կենտրոնական գավառները: Բացի այդ, Ռուսաստանը, գործի դնելով միջազգային դիվանագիտական իր հմտությունները, ամեն անգամ իրավական հիմքեր էր ստեղծում Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար: Այդ տեսանկյունից Հայկական հարցը կարևոր գործիք էր դարձել սուլթանից քաղաքական խնդիրներում նորանոր զիջումներ կորզելու համար:

Տասնամյակների թուրքական փորձը ցույց էր տվել, որ հաջորդ ռուս-թուրքական պատերազմում Ռուսական կայսրության զորքերը Կովկասյան ճակատում առանց լուրջ դժվարությունների հայերի օգնությամբ կտիրեն գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհին: Ուստի հինգերորդ շարասյան դեր կատարող հայության գործոնը պետք էր ինչ-որ ձևով չեզոքացնել:

19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունում սկիզբ առած տասնյակ հազարների հասնող աբդուլհամիդյան ջարդերը թվում է, թե սթափեցնող հանգամանք պետք է դառնային հայության համար` նախանշելով այն աղետը, որը կարող էր տեղի ունենալ որոշ ժամանակ հետո: Սակայն տիրապետող ֆիդայական շարժումը նեղ ազգային կաղապարներից երբեք էլ չէր կարող վեր կանգնել ու երևույթները գնահատել ամբողջության մեջ: Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ Կովկասում կրկին բախվեցին նշածս երկու ուժերը, կատարվեց այն, ինչ սպասելի էր հասուն քաղաքական շրջանակների համար: Անսպասելի էր միայն հայ քաղաքական շրջանակների ու հետևաբար` հայ ժողովրդի համար: Իսկ կատարվեց մի ողջ ժողովրդի կոտորած թուրքերի կողմից և գրեթե ողջ երկրի ռազմակալում ռուսների կողմից: Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը զրկվեց իր բնիկ տերերից` հայերից: Այդուհետ դասագրքերում գրվելու էր, որ 18-րդ դարի սկզբին Իսրայել Օրին, հիասթափված եվրոպական միապետների խոստումներից, սկզբնավորելու էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը, որը փրկություն (?) էր դառնալու հայ ժողովրդի համար:

Քաղաքականության մեջ ամեն ինչ չափվում է արդյունքներով: Արդեն 300 տարի հայ ժողովրդի ռուսական կողմնորոշումն անընդհատ արձանագրել է բացասական արդյունքներ: Չտեսնել անցյալի սեփական քաղաքական խակությունը` նշանակում է մեր պետականությունն ու հայ ժողովրդին ապագայում կրկին կանգնեցնել մեծ արհավիրքների առջև:

Այսօր ապրիլի 24-ն է՝ հայոց մեծագույն ողբերգության հիշատակի օրը: Ողբերգություն, որի գլխավոր մեղավորը մենք ինքներս ենք ու անցյալի մեր տհաս քաղաքական միտքը: Իսկ այսօր:

Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: