articles

Հայկական կարուսելի խափանումը

Հարկ է, որ «քաղաքական գործիչները» քսանհինգ տարի քաղաքականությունը երկրում կարուսելի վերածեին ու պտտեցնեին նույն առանցքի շուրջը, որպեսզի հանրությունը հասկանար, թե ինչու է ամայացել քաղաքական դաշտը, ինչ է քաղաքական գործունեությունը եւ ովքեր կարող են նման գործունեություն ծավալել։ Այնպիսի հին ազգի պարագայում, ինչպիսին մերն է, կարելի է գոհանալ, որ քսանհինգ տարվա ընթացքում ենք հասել քաղաքականապես տհաս ու ապիկար քաղաքական միավորների հեղինակազրկմանն ու դուրսգրմանը։ Կարող էր ամեն ինչ շատ ավելի վատ ավարտվել, եթե մեր կարուսելն անդադար պտտվեր։ Հայի հետին խելքն ասում է՝ «լավ է ուշ, քան՝ երբեք»։

Մեր հանրության համար այսօր տեսանելի է քաղաքական կուսակցությունների լիակատար ապաշնորհությունը։ Քաղաքացիները վաղուց հարց են տալիս, թե այդ «գործիչներն» ընդհանրապես ինչ կարող են անել եւ մասնավորապես ինչ խնդիր են լուծում։ Այսօր ակնհայտ է, որ կուսակցություններ հիմնած կամ տարբեր կուսակցություններում հանգրվանած այդ «կարեւոր» մարդիկ ի վիճակի չեն անգամ մի քար տեղաշարժել վարչախմբի՝ հանրության առջեւ կառուցած պատի վրա։ Ինչո՞ւ է այդպես։ Ո՞րն է նրանց ընթացքը՝ կարուսելի միեւնույն պտո՞ւյտը։ Ի՞նչ է դա տալիս նրանց։

Այս հարցերի պատասխանը ստանալու համար կցանկանամ մի դեպքի վրա բոլորի ուշադրությունը հրավիրել։ Խորհրդային տարիներին մերձերեւանյան գյուղերից մեկում սովխոզի դիրեկտոր էր նշանակվել գյուղի հետ կապ չունեցող մի մարդ։ Վերջինս երկար տարիներ ղեկավարում էր գյուղի տնտեսությունը։ Գյուղացիները տարբեր պատճառներով չէին սիրում սովխոզի դիրեկտորին, ուստի այդ տարիներին պատերի տակ խոսակցություններն ու ներքին բողոքներն անպակաս էին գյուղում։ Միաժամանակ սովխոզի ղեկավարն անհաշվենկատ էր իր որոշումներում, ու գյուղացիների հետ ժամանակ առ ժամանակ նաեւ վեճեր էին ծագում։ Հիմնվելով քծնող մարդկանց վրա` նա կամայական գործողություններ էր իրեն թույլ տալիս` երբեմն առավել բորբոքելով մյուսների դժգոհությունը։ Մի օր նրան հարց տրվեց, թե չի վախենում, որ գյուղացիներն իրեն կվնասեն։ Դիրեկտորը, ով ամբողջ գյուղի սոցիումի նիստուկացն ու կյանքի փիլիսոփայությունը բացահայտել էր «ողն ու ծուծով», պատասխանել էր՝ «դրանք հաչացող են, կծող չեն»։

Տարիներ շարունակ հետեւելով մեր քաղաքական (կուսակցական) գործիչների վարքին՝ կարելի է համոզված պնդել, որ այս դեպքը մեր քաղաքական ամբողջ դասի ուղղակի բնութագրությունն է։ Իսկ գյուղն էլ պետք է պրոյեկտել մեր ամբողջ երկրի մասշտաբով։ Ներկայումս երկրի կառավարման ղեկն իր ձեռքում պահող սովխոզի դիրեկտորը պարզապես շատ լավ գիտի թե ովքեր են այսպես կոչված «բողոքավորները»։ Իզուր չէ, որ այս կամ այն «քաղաքական գործչի» կողմից չափազանց մեծ ակտիվություն ցուցաբերելիս, իր նստավայրի չորս պատերից երբեմն դուրս է սպրդում սովխոզի այդ ղեկավարի միեւնույն արտահայտությունը՝ «տեսեք ո՞վ է ու ուզածն ի՞նչ է, մի բան գցեք դեմը՝ թող գնա»։

Ներկայացվածը վկայում է, որ մեր երկրում գլխավոր խնդիրներից մեկը հայաստանյան «քաղաքական գործիչների» քաղաքականության հանդեպ ունեցած վերաբերմունքն ու մտածողությունն է։ Այդ տեսանկյունից նրանց բացարձակ մեծամասնությունը կարուսելը զարդարող ծաղրանկարի դեմքեր են միայն, ովքեր երեւակայել են թե իրենք գործ անող ինչ-որ կարեւոր մարդիկ են։ Երբ փորձ է արվում հասկանալ թե որն է այդ գործը, ապա մի տխուր պատկեր է մեր առաջ բացվում։ Այդ մարդկանց ամբողջ մտածողությունը տարիներ շարունակ պտտվում է այն համոզմունքի շուրջը, թե քաղաքականությունը դա այնպիսի մի վայնասուն բարձրացնելն է, երբ վարչախումբը ստիպված է լինում քեզ հետ հաշվի նստել ու պայմանավորվել։ Այդ է պատճառը, որ մեր «քաղաքական գործիչները» երբ տեսնում են իրենց հետ պայմանավորվող չկա, նրանք լացուկոծի, վատաբանության ու ատելության աստիճանն են բարձրացնում այնքան, մինչեւ որ վարչախումբը նկատում եւ բավարարում է նրանց ախորժակը։ Իսկ շատ դեպքերում դա էլ չի լինում: Անատամ հաչող շներից ինչո՞ւ վախենալ, միեւնույնն է վերջում կաղկանձելու են:

Քսանհինգ տարի մեր քաղաքական կարուսելի անպտուղ պտտվելուց հետո հանրության տեսադաշտում այսօր բնականորեն հայտնվել են միայն «կծելու» ընդունակ մարդիկ։ Ցավոք պարզվել է, որ դրան ունակ են միայն Ղարաբաղյան պատերազմի բովով անցած դաշտային հրամանատարները։ Ու այսօր գրեթե բոլորի ուշադրությունը գամվել է հենց այդ հրամանատարների կողմը։ Ընդդիմադիր կուսակցությունների ու գործող վարչախմբի սիրավեպի փաստն այլեւս ո՛չ զարմացնում եւ ո՛չ էլ հետաքրքրում է քաղաքացիներին: Հանրային դիսկուրսում հոլովվում են առավելապես Սեֆիլյան, Բալասանյան, Բադասյան ազգանունները, որոնց դեմ վարչախումբը ինտենսիվորեն շրջանառում է Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Առաքել Մովսիսյան անունները: Քառօրյա պատերազմից ու մայիսյան հաղթանակների տոնակատարություններից հետո ներքաղաքական կյանքը «բարի ու չար», «կռված ու չկռված», «դաշտային ու ասվալտի» հրամանատարների մրցակցություն է հիշեցնում: Պրոֆեսիոնալ զինվորականությունն ընդդեմ կրիմինալ զինվորականության, սա է քաղաքական դաշտի ներկա հարաբերակցությունը։

Վերջին օրերին հայաստանյան քաղաքական դաշտի մի նոր առեղծվածը՝ եւս մի հին հրամանատարի՝ Սամվել Բաբայանի, ի հայտ գալն էր։ Ահա քսանհինգ տարվա ընթացքում «քաղաքական գործիչների» քաղաքականություն «տշելու» արդյունքում, հանրությունը մնացել է դաշտային հրամանատարների հույսին ու հիմա ստիպված է գուշակել, թե Բաբայանի մուտքը քաղաքական դաշտ ի՞նչ կնշանակի։ Դաշտային հրամանատարների ճամբարը համախմբելու բնական կարի՞քն է ստիպել Բաբայանին վերադառնալ հայրենիք, թե՞ այդ նույն ճամբարը ոչնչացնելու այլոց կարիքը։ Բոլոր դեպքերում այսօր ապրում ենք դաշտային հրամանատարների առաջադրած քաղաքական օրակարգով։ Քառօրյա պատերազմը ուղղակի ազդեցություն է թողել ներքաղաքական զարգացումների վրա՝ «հաչացող» կուսակցություններին թողնելով լուսանցքում։ Ի՞նչ կարող է հնարել սովխոզի դիրեկտորը, որպեսզի հայկական կարուսելը կրկին գործարկի։ Միգուցե նոր ի հայտ եկած շան ատամները հաշվի՞, ինչ-որ գազանների լեշով կերակրի՞, կամ թե՞ իր դռան պահակը կարգի։