articles

Կուսակցական ու քաղաքացիական պայքարների քաղաքական հայեցակարգերի մասին - 3

Կուսակցությունները, մասնակցելով հանցավոր վարչախմբի կազմակերպած կեղծ ընտրություններին ու ամեն անգամ առավել խճճվելով իրենց ռազմավարական ու մարտավարական ծրագրերի կենսագործման օրինականությունն ու օրինակարգությունը պահպանելու հարցերում, ստիպված են լինում տարբեր հնարքներ, ապակողմնորոշող գաղափարներ ու թեզեր առաջ քաշել` հաղթահարելու համար հանրային անվստահությունը: Այդ տեսանկյունից Հայաստանում տեղ գտած կուսակցական պայքարի քաղաքական հայեցակարգի հիմնաքարերից մեկն էլ այն հիմնավորումն է դառնում, թե սեփական ծրագրերն ու քայլերը պայմանավորված են իրապաշտական քաղաքականություն վարելու (ռեալպոլիտիկայի) անհրաժեշտությամբ: Այս մեխանիզմի օգնությանն են դիմում կուսակցությունները, երբ հարկ է լինում հիմնավորել հանրային պատկերացումներին խորթ ու անընդունելի իրենց վարքագծի արդարացվածությունը` կուսակցական լիդերների կամ բանագնացների Մոսկվա մեկնելը, ակնհայտ հանցավոր անձի ներգրավումը կուսակցության վերնախավում, վարչակարգի մաս կազմող ուժի հետ դաշինք կազմելը (համագործակցության գնալը), արվող կամ չարվող այս կամ այն քայլը կրիտիկական զանգվածի պակասով, տարբեր շերտերի չհամախմբվելով հիմնավորելը եւ այլն:

Խնդրի խորքային վերլուծությունը տողերիս հեղինակին բերում է այն համոզման, որ «ռեալպոլիտիկի» ի հայտ գալն ու կենսունակությունը պայմանավորված է կուսակցությունների գործառնական այն անորոշությամբ, երբ հանրության համար անհասկանալի է մնում, թե տվյալ ընդդիմադիր կուսակցությունը ինչ պետք է անի ազատ ընտրությունների բացակայության պայմաններում ու ինչպես պետք է հաղթահարի վարչակարգի կողմից իրեն պարտադրված դերը: Հենց «ռեալպոլիտիկայի» մեխանիզմն է, որը թույլ է տալիս կուսակցություններին դուրս գալ գործառնական անորոշությունից եւ փորձել գաղափարական հիմնավորվածություն հաղորդել իրենց գոյությանն ու գործունեությանը: Այստեղից էլ ծնվում են կուսակցությունների հաջորդ քայլերը` հանրությանը ապակողմնորոշող թեզերի ու տարբեր կեղծ գաղափարների ներդրումը հանրության շրջանում:

Նման մի տիպային օրինակ է «բուրժուազիայի ու ժողովրդի դաշինքի» գաղափարի շրջանառությունը քաղաքական դաշտում: Հիմնվելով այն փաստարկի վրա, որ վարչակարգի ենթակայության տակ գտնվող քաղաքական դաշտում հնարավոր չէ հաշվի չառնել օլիգարխիայի գերապատվությունը եւ չգիտակցել իշխանության համար պայքարում նրա վրա հենվելու վճռորոշ նշանակությունը` առանձին կուսակցություններ զինվում են իրապաշտական քաղաքականություն վարելու պահանջմունքով եւ սկսում մտածել դրա գաղափարական հենքը ապահովելու մասին: Այստեղից էլ ծնվում է Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու գաղափարը:

Պետք է նկատել, որ նման գաղափարի ի հայտ գալը պայմանավորված է քաղաքական պայքարի կուսակցական հայեցակարգի փիլիսոփայությամբ: Կուսակցությունը, ազատ ընտրությունների մեխանիզմի չգործելու եւ իր առջեւ այդ մեխանիզմի գործարկման նպատակ դնելու ցանկության բացակայության պայմաններում, երբ քաղաքական պայքար մղելիս միակ նպատակ է որդեգրում իշխանափոխությունը (իր իշխանության հաստատումը), սկսում է բոլորովին անտեսել համակարգափոխության նշանակությունը: Համակարգափոխության խնդիրը խորթ է դառնում կուսակցության համար, քանզի այն բոլորովին չի երաշխավորում տվյալ կուսակցության հաղթանակը ազատ ընտրություններում: Առավել իրատեսական է համարվում վարչակարգի խաղի կանոններով առաջնորդվելն ու առկա քաղաքական սուբյեկտների հետ տարբեր կոնֆիգուրացիաներով իշխանության համար պայքար մղելը: Հենց այս գործունեության արդյունքում է, որ հանրության շրջանում տարածում է գտնում այն տեսակետը, որ ներկա կուսակցությունները հանցավոր վարչակարգի մասն են կազմում եւ երբեք ի վիճակի չեն գնալ համակարգային փոփոխությունների: Համոզմունք է դառնում, որ վարչակարգի հետ գործակցելու բոլոր ճանապարհները մերժելով է հնարավոր գնալ համակարգային փոփոխությունների:

Հանցավոր վարչակարգի հետ սերտաճման պայմաններում, բայցեւ իշխող վարչախմբին տապալելու (հեռացնելու) իրական մղումով տոգորված, «իշխանափոխության» անվան տակ եւ իրենց պարուրելով իրապաշտական քաղաքականություն վարելու (ռեալպոլիտիկայի) անհրաժեշտությամբ` կուսակցությունները կեղծ մի ծրագիր են գործարկել հենց այս օրերին: Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր (այլընտրանքային) չորս կուսակցությունները խոսում են գործող կառավարության հրաժարականին հասնելու իրենց ծրագրի մասին: Կարելի է ենթադրել, որ այդ կուսակցությունները հանցավոր վարչակարգի պայմաններում կա՛մ նոր կառավարություն պետք է ձեւավորեն, կա՛մ էական ներկայություն ունենան իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբի կազմած կառավարությունում: Այլապես առայժմ անհասկանալի է մնում գործող կառավարությունը տապալելու նպատակը: Եթե շարժվենք առաջին տարբերակով, ապա միանշանակորեն գործ կունենանք իշխանության հերթական ուզուրպացիայի հետ, քանի որ միայն ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ուժը կամ ուժերը կարող են կառավարություն ձեւավորել: Իսկ այդպիսի փաստ ոչ ոք չունի, բացի այն, որ ներկա խորհրդարանը ձեւավորվել է կեղծված ընտրությունների արդյունքում եւ չի արտահայտում ընտրողների կամքը: Ուստի հարկ կլինի ընդունել, որ խորհրդարանական ազատ ընտրությունների բացակայությամբ ձեւավորված այս ընդդիմադիր (այլընտրանքային) ուժերի կառավարությունն իսկապես հերթական ուզուրպացիայի արդյունքն է:

Եթե շարժվենք երկրորդ տարբերակով, ապա ընդդիմադիր (այլընտրանքային) կուսակցությունները ստիպված են լինելու ընդունել, որ ներկա խորհրդարանն իսկապես լեգիտիմ է (խորհրդարանական ընտրությունները չեն կեղծվել) եւ նրանում առկա ուժերը կարող են մեկ այլ հարաբերակցությամբ կոալիցիոն կառավարություն կազմել: Սա, արդեն, հերթական անգամ խորհելու տեղիք պետք է տա հայաստանյան հանրությանը: Ամեն դեպքում, կառավարության հրաժարականի ծրագրի ողջ հմայքը քաղաքական պայքարի կուսակցական հայեցակարգի նպատակի մեջ է կայանում: «Իշխանափոխության» նպատակի շրջանառությամբ կեղծ տրանսֆորմացիա է կատարվում կառավարության փոփոխությունից դեպի իշխանության փոփոխություն ու դա ներկայացվում է որպես Հայաստանի փրկության միակ ճանապարհ: Իսկ թե առկա վարչակարգի պայմաններում ձեւավորված այդ նոր վարչախումբը ինչու պետք է գնա համակարգափոխության, դա մնում է անհայտ:

Կարելի է վստահաբար պնդել, որ քանի դեռ քաղաքական գործընթացները ձեւավորվում են ներկայիս վարչակարգի դիկտատի պայմաններում, հին ու նոր բոլոր կուսակցությունները, եթե չեն վերափոխվել իրապես հեղափոխական քաղաքական ուժի, մշտապես գործելու են անորոշության ու անօրինականության պայմաններում: Քաղաքական դաշտում իրենց ներկայությունը ապահովելու համար նրանք հակված են լինելու հանրությանը ապակողմնորոշել, շեղել պայքարի քաղաքական այլ հայեցակարգերից եւ գնալ իշխող վարչախմբի հետ համագործակցության կամ ուզուրպատորական տարբեր ծրագրեր իրականացնելու ճանապարհով:

Ի տարբերություն կուսակցական հայեցակարգի, բոլորովին այլ նպատակի, սկզբունքների, գաղափարների, մեխանիզմների վրա է հիմնվում քաղաքացիական պայքարի քաղաքական հայեցակարգը: