Հանրության պատժելու գործառույթը-1
Մեր երկրում ժողովրդավարության էությունը թյուրըմբռնելու եւ ստեղծված անմխիթար իրավիճակում մարդկանց կողմից ելքեր չգտնելու հարցում դեր ունի հանրության իրավազորությանը պատկանող մի կարեւոր գործառույթի անտեսումը: Դա կարգազանցին պատժելու գործառույթի շրջանցումն է հենց իր` ժողովրդի կողմից: Այդ գործառույթի անտեսումը դարձել է ե՛ւ հանրության, ե՛ւ հատկապես քաղաքական գործիչների տեսական անգիտության ու գործնական անզորության ցուցիչը:
Բավական տարածված է, օրինակ, այն մտածողությունը, երբ առերեւույթ ժողովրդավարական կարգախոսներով ներկայացող գործիչները, խոսելով Հայաստանում հաստատված հանցավոր վարչախմբի դեմ իրենց (իրենց խմբերի) պայքարի տեսլականների մասին, վկայակոչում են սահմանադրական ճանապարհով պայքարելու սեփական համոզումը: Սակայն, առավել մանրակրկիտ ծանոթանալով նույն այդ գործիչների հայացքներին ու տեսական մոտեցումներին, գալիս ես այն համոզման, որ նրանց կողմից արտաբերվող «սահմանադրական ճանապարհ» խոսքի հիմքում ընկած է քաղաքական պայքարի ընթացքում ոչ միայն բռնի ուժ չկիրառելու մոտեցումը, այլ նաեւ ֆիզիկական որեւէ լուրջ ներգրավման բացառումը: Խոսքն, իհարկե, հանրահավաքներին, ցույցերին, երթերին չի վերաբերում, որոնք ֆիզիկական ներգրավման միջոցներ լինելով, այնուամենայնիվ, խաղաղ պայքարի միջոցներ են եւ հանցավոր ռեժիմի հետ ֆիզիկական կոնտակտի տարրեր գրեթե չեն պարունակում: Այդ գործիչները բացառում են պայքարի ընթացքում հանրության առավել կոշտ ներգրավումը եւ ընդհանրապես ֆիզիկական դիմադրությունները վարչախմբի այս կամ այն օղակի հետ հարաբերություններում` դիտարկելով դա որպես բռնության կիրառում:
Ընդհանրապես, բոլոր գիտակից մարդկանց համար պարզ է, որ բռնությունն իր հերթին նոր բռնություն է ծնում, որով էլ հանրությանը կանգնեցնում է առավել մեծ վտանգի ենթարկվելու խնդրի առաջ: Մի երկրում, որտեղ հանրային կարգի պահպանության ու հանրային անվտանգության պաշտպանության պատասխանատու ինստիտուտը` ոստիկանությունը, գտնվում է քրեաօլիգարխիկ վարչախմբի ընդհանուր վերահսկողության տակ, բռնության միջոցով հարցերի լուծման ճանապարհը բերում է զենքի միակողմանի կիրառմանը: Հանցավոր վարչախմբի եւ նրա պահպանությունն իրականացնող բանդաների համատարած զինվածության պայմաններում, բռնության միջոցով դիմադրություն կազմակերպող հանրային այս կամ այն միավորին սպառնում է լիարժեք ոչնչանալու վտանգը:
Սակայն, բռնության նկատմամբ այդ սկզբունքային մոտեցումը չէ, որ մեր երկրում չեզոքացնում է կարգազանցին պատժելու` ժողովրդին վերապահված գործառույթի կենսագործումը: Ընդհանրապես, քաղաքական սուբյեկտների, ինչպես նաեւ քաղաքացիական տարբեր շրջանակների կողմից բռնության փոխադարձ բացառումը հենց առողջ հանրության եւ առողջ քաղաքական հարաբերությունների ցուցիչն է: Խնդիրն այն մտածողության ձեւն ու տեսական հիմնավորումներն են, որոնք ընկած են քաղաքական գործիչների առանձին մեկնաբանություններում: Սնվելով մեր հանրության կրոնական գիտակցությունից` այդ մեկնաբանություններում բռնի ուժի կիրառումը բացառելու սկզբունքից ածանցվում են նաեւ ֆիզիկական դիմադրություն ցույց չտալու մոտեցումները: Ձեւական տրամաբանությանը դիմելու միջոցով կատարվում է այն թյուր ենթադրությունը, թե բռնի ուժի բացառումը սահմանադրական կարգի հաստատմանը միտված պայքարի ժամանակ ընդհանրապես բացառում է նաեւ անհատի կողմից ֆիզիկական ակտիվ ներգրավման ու դիմադրության կազմակերպման հնարավորությունը:
Սակայն, մինչ հանրության ֆիզիկական ակտիվ ներգրավման ու դիմադրության մասին խոսելը հարկ է մի փոքր անդրադարձ կատարել այդ հարցում քաղաքագիտության մատուցած տեսական հիմքերին:
Ներկա ժողովրդավարությունն իր ինստիտուցիոնալ կառուցվածքային տարրերը ստացել է Հռոմի Հանրապետության քաղաքական համակարգից եւ Հռոմեական իրավունքից: Եվրոպական ժողովրդավարության ակունքները ուղղակիորեն կապված են Հունահռոմեական աշխարհի պետական կարգերի ու իրավական ընթացակարգերի հետ: Ուստի, ներկա ժողովրդավարության տեսական այդ հիմքերը բանալի են ծառայում` հասկանալու, թե ներկա դարում տեղ գտնող քաղաքական բռնությունները կանխարգելելու գործում սկզբունքային առումով ի՞նչ լուծումներ կարող են լինել: Չէ՞ որ լուծում առաջադրող անցյալի քաղաքական շատ մեխանիզմներ ուղղակի արտահայտությունն են եղել կոնկրետ քաղաքական իրավիճակի, այն դեպքում, երբ ներկայումս երրորդ աշխարհի երկրները, ընթանալով արագացված ժողովրդավարացման ուղիով, մեծամասամբ չեն կարողանում ընկալել ժողովրդավարական այս կամ այն ինստիտուտի իմաստը, խաթարման գինը, ինչպես նաեւ դրա վերականգնման հնարավորություններն ու ճանապարհը:
Հանրապետական Հռոմում, նրա պատմության ծաղկուն շրջանում (մ.թ.ա. III-IIդդ.), որտեղ քաղաքացիական հանրությունը Ժողովրդական ժողովների (կոմիցիաների) միջոցով կարողանում էր լիովին իրացնել սեփական իշխանությունը, իսկ երկրի պետական կառուցվածքում հանրապետական կարգերի գոյությունը Հռոմին ընձեռել էին աշխարհի հզորագույն տերության կարգավիճակին հավակնել, այդ երկրում բուն կառավարման գործառույթները բոլորովին էլ մեծամասնություն կազմող ժողովրդական լայն զանգվածների` դեմոսի ուղղակի վերահսկողության տակ չէին գտնվում: Հռոմում յուրաքանչյուր տարի ընտրվում էին երկու կոնսուլներ իբրեւ գործադիր իշխանության մարմնացում, նաեւ գործում էր սենատը` հռոմեական արիստոկրատիայի հիմնական պատվարը, որին հատկացված էին նույնքան կարեւոր քաղաքական գործառույթներ:
Հռոմում, բացի ժողովրդական տրիբուններից, մյուս բոլոր պաշտոնյաները (մագիստրատները) ենթարկվում էին կոնսուլներին, ովքեր քաղաքացիական ու ռազմական իշխանության բարձրագույն պաշտոնյաներն էին: Վերջիններս հրավիրում ու գլխավորում էին սենատը, որտեղ զեկուցում էին առկա գործերի մասին, օտարերկրյա դեսպանություններին ուղեկցում էին սենատ, կատարում էին սենատի որոշումները, հսկում էին այդ որոշումների կատարումը մյուս պաշտոնյաների կողմից եւ այլն:
Սենատը կարգավորում էր պետական գանձարանի եւ պետական ծախսերի հետ կապված խնդիրները, որոշում պատերազմի ու խաղաղության հարցերը, ընդունում օտարերկրյա դեսպանություններին եւ այլ երկրներ ուղարկում իր դեսպաններին, քննարկում ու նախնական որոշումներ կայացնում մագիստրատների ներկայացրած օրինագծերի շուրջ, հաստատում նրանց ընտրությունների արդյունքները, վերահսկում մագիստրատների գործունեությունը եւ այլն:
Ընդհանրապես մագիստրատներին եւ սենատին հատկացված բոլոր գործառույթների թվարկումը կարող է այն տպավորությունը ստեղծել, որ Հռոմի ժողովրդին, բացի կոնկրետ պաշտոնեությանը ընտրելու գործառույթից, գրեթե ոչ մի այլ էական լծակ թողնված չէր: Սակայն, պետական կառավարման համակարգում ժողովրդի ունեցած երկու այլ գործառույթներ նրան օժտում էին իրապես քաղաքական մեծ դերակատարությամբ: Ժողովրդի ձեռքում էին «կարգապահներին» խրախուսելու եւ «կարգազանցներին» պատժելու (դրամական տուգանքից մինչեւ մահապատիժ սահմանելու) իրավունքները: Մարդկային համակեցության այդ երկու կարգավորիչ գործառույթները դեմոսին օժտում էին քաղաքական այնպիսի սուբյեկտայնությամբ, որը Հռոմի պետական կառավարման համակարգն իրապես դարձնում էր ժողովրդավարական ու առաջադեմ:
Ինչպես տեսնում ենք, ներկայիս ժողովրդավարության բնօրրան Հռոմում հանրությունը օժտված է եղել պատժելու գործառույթով: Այլ կերպ ասած` նրան է վերապահված եղել պետության կարգը խախտողի նկատմամբ հարկադրանքի ուժ կիրառելու եւ նրան իր կատարած հանրօրեն վտանգավոր արարքի համար արժանի հատուցումը տալու իրավունքը: Օրինականացված հարկադրանքի ուժ կիրառելու իրավունքը յուրաքանչյուր պետության պարտադիր տարրերից է, որը բանեցվում է անձանց մոտ սոցիալապես ընդունելի վարքագիծ ձեւավորելու եւ համակեցությունը խաթարող սոցիալական արարքները կանխարգելելու համար: Ժամանակակից արեւմտյան ժողովրդավարության առանցքային երկրների հանրությունները անցյալում գիտակցված պատվիրակման միջոցով իրենց պատժելու գործառույթը հանձնել են մասնագիտացված պետական ինստիտուտներին` իրավապահ եւ արդարադատություն իրականացնող մարմիններին:
Այսօր եվրոպական ժողովրդավարությունից սնվող հանրությունները, հրապարակայնորեն որդեգրելով ժողովրդավարական կառավարման ձեւը, սակայն չպահպանելով նրա առանցքային սկզբունքները, ստիպված են երբեւէ հաշվի նստել նրա կարգավորիչ աներեւույթ մեխանիզմների մատուցած անակնկալների հետ: Դրանց միջոցով կարող են դաժանորեն պատժվել թե՛ պետության կառավարման լծակները յուրացրած հանցավոր շրջանակները` ժողովրդի ապստամբության դիմելու միջոցով ֆիզիկապես ոչնչանալով, թե՛ ժողովուրդը` զրկվելով անկախությունից ու ազատությունից: Վերջինս արդեն իսկ իրեն վերապահված պատժելու գործառույթի անտեսման պատճառով իրապես պատժվում է տարիներ շարունակ` կորցնելով ոչ միայն քաղաքական իրավունքները, այլեւ` հանրային համակեցությունը խախտած անձանց կողմից ենթարկվելով նվաստացման ու կեղեքման: