Հանրությունը ինչու և ինչպես կարող է պատասխանատվության կանչել կուսակցություններին
Ներքաղաքական կյանքում ամենից չպարզաբանված հարցերից մեկը ինստիտուցիոնալ քաղաքական ուժերի` կուսակցությունների պատասխանատվության շրջանակն է: Քննարկումների ժամանակ տվյալ հարցին տրվող պատասխաններում շրջանառվում է այն միտքը, ըստ որի` պետական եւ տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների ընտրություններում այս կամ այն ուժի չստացած բավարար ձայների միջոցով է իր լուծումը գտնում այդ ուժի քաղաքական պատասխանատվության հարցը:
Սակայն միայն այն, որ իշխող վարչախմբի ընտրական գործընթացները խաթարելու և ժողովրդի ազատ կամարտահայտության վրա բռնանալու արդյունքում Հայաստանում տեղի է ունենում պետական կառավարման համակարգի ու վարչական լծակների շարունակական յուրացում, քաղաքական ուժերի պատասխանատվության այդ նշաձողը դարձնում է անպետք գործիք: Երբ հայաստանյան իշխող վարչախմբերը տարիներ շարունակ կարողանում են ընտրական գործընթացներում ստվերային մեխանիզմներ բանեցնելու միջոցով արձանագրել իրենց ցանկալի արդյունքներ, անշուշտ չի կարող խոսք լինել ընտրությունների ժամանակ ստացած քվեների միջոցով կուսակցությունների քաղաքական պատասխանատվության մասին:
Տարիներ շարունակ հենց այս պետական հանցագործության փաստը վկայակոչելու միջոցով էլ փակվել է կուսակցությունների պատասխանատվության թեման: Կուսակցությունների քաղաքական պատասխանատվության շուրջ քննարկումներում կեղծվող ընտրությունների փաստը կուսակցություններին դուրս է դրել որեւէ պատասխանատվությունից` մեղադրանքի ամբողջ սլաքն ուղղելով իշխող հանցավոր վարչախմբի կողմը: Մեկնաբանվել է, որ եթե կա այնպիսի մեծագույն չարիք, ինչպիսին ընտրությունները կեղծող իշխող քրեաօլիգարխիկ վարչախումբն է, ապա ընտրություններում տուժող կողմ հանդիսացող ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական գործընթացներում ի՞նչ մեղք ու պատասխանատվություն կարող են ունենալ:
Սակայն վերջին տարիներին Հայաստանին համակած քաղաքական, տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում ակտուալացել է քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցների պատասխանատվության խնդիրը: Անարդյունավետ գործունեության եւ անկատար խոստումների համար կուսակցություններին ու հրապարակային քաղաքական գործիչներին ներկայացվում են լրջագույն պահանջներ: Հանրությունը փորձում է հասկանալ ինչպես նախագահական ընտրություններում ամեն անգամ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող եւ անձ-կուսակցություններ ներկայացող միեւնույն դեմքերի կողմից իրենց թեկնածության առաջադրման, այնպես էլ` կլանային խմբավորումներ դարձած առանձին կուսակցությունների ընտրական գործընթացներին մասնակցության նպատակը: Փորձում է հասկանալ նաեւ մինչ հերթական ընտրություններ կուսակցությունների «թեժ գարուն, ամառ, աշուն, ձմեռ» խոստացող, բայց անարդյունավետ գործողությունների ու վարչախմբի վրա ազդելու իմիտացիայի իմաստը:
Արդյունքում փաստարկված ներկայացվում են կոնկրետ մեղադրանքներ, համաձայն որոնց` հենց նման մասնակցության ու գործողությունների պայմաններում է բյուրեղանում Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ վարչակարգը: Ընդդիմադիր քաղաքական ուժերը, մշտապես մասնակցելով ընտրություններին, իրավական ընթացակարգերի միջոցով անցնելով նախընտրական, բուն ընտրությունների եւ հետընտրական փուլերը, անգամ ընտրությունների արդյունքները բողոքարկելու եւ չճանաչելու պայմաններում, որպես պետական կարեւորագույն ինստիտուցիոնալ մարմիններ, մշտապես լեգիտիմացնում են իշխող վարչախմբերին` նրանց տալով մինչ նոր ընտրություններ ժողովրդի վրա իշխելու հնարավորություն:
Բացի այդ բոլորի համար պարզ է, որ կուսակցությունների կողմից իշխող վարչախմբի հետ ստվերային գործարքների գնալու մշտական ցանկությունը դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման խոչընդոտը: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նման գործարքների օրինակներն այնքան շատ են, որ արդեն հավատ չեն ընծայում, թե կազմավորվող նոր կուսակցությունները երբեւէ կարող են չտրվել այդ գայթակղությանը ու այս կամ այն կերպ չհամագործակցեն իշխող վարչախմբի կամ նրա մարմնից ընձյուղված առանձին գլուխների հետ:
Վկայակոչելով իշխող վարչախմբի հակաօրինական հանցավոր բնույթը եւ պետական կառավարման համակարգի յուրացման փաստը, սակայն չներկայացնելով կոնկրետ ճանապարհ, թե ինչ մեխանիզմներով են պատրաստվում պայքարել այդ ուզուրպատորների հետ` «մենք նախորդների նման չենք, մենք լավն ենք» հիմնավորմամբ գործող յուրաքանչյուր կուսակցություն դարձել է նույնքան վտանգավոր հրեշ, որքան հենց ինքը` հանցավոր վարչախումբն է: Միաժամանակ, այն բոլոր թեզերը, որոնք շրջանառվում էին ընդդիմադիր մի քանի կուսակցությունների կողմից, թե հնարավոր է կազմաքանդել ամբողջ ավազակապետական բուրգը` իշխող վարչախմբի առանձին գլուխներին ընդհանուր մարմնից պոկելու, դրանք ընդդիմադիր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կապակցելու եւ համատեղ պայքար մղելու միջոցով, ինչպես բազմիցս նշվել է, սին էին եւ վարչախմբի դեմ իրական պայքարի գործում ապակողմնորոշող:
Այսօր կուսակցություններին ներկայացվող հանրության տարբեր պահանջները խաչվել են հանգուցային մի խաչմերուկում, որտեղ նրանց առջեւ դրվում է հիմնարար այն հարցադրումը, որ եթե երկրում չկա ազատ ընտրությունների վրա կառուցված սահմանադրական կարգ, ապա կուսակցություններն ինչպես կարող են ելնել հանրային լայն շերտերի շահերից ու զբաղվել արդյունավետ քաղաքական գործունեությամբ: Ինչպես կարող են մտնել ընտրական գործընթացների կամ համապետական ընտրությունների հորձանուտ, երբ իրենք իսկ վկայել ու շարունակում են պնդել, որ իշխող վարչախումբը կեղծել ու կեղծելու է ցանկացած ընտրություն ու հանրաքվե:
Չստանալով այս հարցադրման պատասխանը` առաջ է գալիս նրանց ներքին մոտիվները հասկանալու եւ պատասխանատվության կանչելու հրամայականը: Ըստ էության, կուսակցությունների ողջ գործունեությունը հանգում է փոփոխությունների հասնելու` «մի բան անելու», իմիտացիային, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնական կյանքը հանցավոր վարչակարգի սահմանած կանոնների մեջ տեղավորելու, ընդդիմադիր գործունեություն ծավալելու միջոցով հանրային որոշակի դիրք գրավելու եւ դրա միջոցով քրեաօլիգարխիկ վարչախմբի հետ պայմանավորվածությունների գնալու մեջ:
Այսօր բավական մեծ թիվ են կազմում այն անձիք, ովքեր երբեւէ լինելով այս կամ այն կուսակցության մեջ կամ հանդես գալով իբրեւ անձ-կուսակցություններ, չարաշահելով հանրային վստահությունը, գործարքի մեջ են մտել հանցավոր վարչախմբի հետ, հայտնվել են Հանրապետական կուսակցության տանիքի տակ, ստանձնել են պետական պաշտոններ, անգամ դարձել Ազգային ժողովի ՀՀԿ կուսակցության ֆրակցիան ներկայացնող պատգամավորները, որպեսզի կարգավորեն իրենց անձնական կյանքը: Բազում են նաեւ այն կուսակցականները, ովքեր իրենց կուսակցության անունից ժողովրդին բարեփախումների հերթական խոստումները ներկայացնելու հետո, հաջորդ իսկ պահին, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու միջոցով նույն վարքն են դրսեւորել` ապահովել են իրենց անձնական ու ընտանեկան կյանքի բարեկեցությունը:
Արդ, եթե չկան ընտրական գործուն մեխանիզմներ եւ ընտրողը իր քվեի միջոցով չի կարող քաղաքական պատասխանատվության ենթարկել կուսակցություններին, ապա հանրությունն այլ կերպ ինչպե՞ս կարող է պատասխանատվության կանչել հանրային լայն զանգվածների շահերն արհամարհող կուսակցություններին:
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում կուսակցությունների պատասխանատվության մասին ՀՀ օրենսդիրը ոչինչ չի սահմանել:
Դրա փոխարեն առանձին հոդվածով կուսակցություններին վերապահվել է բացառիկ իրավունք: Համաձայն օրենքի 21-րդ հոդվածի` «Կուսակցությունը միակ հասարակական միավորումն է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ավագանու ընտրություններում»:
Մի կողմից կուսակցություններին նման բացառիկ իրավունքի վերապահումը, իսկ մյուս կողմից հանրության առաջ ուղղակի իմաստով որեւէ պատասխանատվություն չստանձնելը մեծ դաշտ է բացել նրանց անպատասխանատու վարքի համար:
Դա է պատճառը, որ հանրային տարբեր շրջանակներ, երբ կուսակցություններին մեղադրանքներ են առաջադրում կամ պատասխանատվության կանչում, վերջիններս վարչախմբի հանցավոր բնույթին հարիր բառապաշարով իրենց վարքը մեկնաբանում ու պատասխանում են` «լա՛վ եմ անում, դու ո՞վ ես»: Ուստի հատուկ կուսակցությունների ու կուսակցականների համար խնդիր կա պարզաբանել, թե անհատներից ու տարբեր խմբերից կազմված հանրությունը ինչու եւ ինչպես կարող է նրանց պատասխանատվության կանչել:
Համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի` կուսակցությունների գործունեությունը հիմնվում է օրինականության եւ հրապարակայնության սկզբունքների վրա: Իսկ 4-րդ մասն ազդարարում է, որ կուսակցությունները գործում են հրապարակայնորեն:
Միաժամանակ 9-րդ հոդվածը սահմանում է, որ արգելվում է այն կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի փոփոխությանը:
Ազգային ժողովը դեռեւս 2009թ. քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում 300.1 հոդվածով առանձին սահմանել է սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը, որի 1-ին մասը սահմանում է « Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Միաժամանակ, Սահմանադրության 4-րդ հոդվածն ամրագրում է` «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»:
Նշված իրավական նորմերից ելնելով` Հայաստանի Հանրապետության ցանկացած կուսակցություն պարտավոր է գիտենալ, որ եթե նա խոսում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի կեղծված ընտրությունների մասին եւ չի ճանաչում ընտրության արդյունքները, ապա դա նշանակում է, որ ինքը միանշանակ ընդունում է հանցավոր վարչախմբի կողմից Հայաստանում կատարված ժողովրդի իշխանության յուրացման փաստը:
Հետեւաբար, հետեւելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածին, որտեղ սահմանված է, որ արգելվում է այն կուսակցությունների գործունեությունը, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի փոփոխությանը, պարտավոր է իշխող հանցավոր վարչախմբի սահմանադրական կարգի շարունակական տապալմանը միտված ամենօրյա գործունեությանը վերաբերել այնպես, որ հենց ինքը` կուսակցությունը չդառնա սահմանադրական կարգի տապալման գործում վարչախմբի հանցակիցը, որով եւ հիմք տա պետական իշխանության միակ կրողին` ժողովրդին, արգելելու հենց նրա իսկ գործունեությունը:
Այլապես նույն այն հանրային շերտերն ու խմբերը, որոնք պետական կառավարման համակարգը յուրացրած վարչախմբին այս կամ այն ձեւով կանչում են պատասխանատվության ու ենթարկում նվաստացման, նույնքան հանձնառու կարող են լինել վարչախմբի հետ համագործակցող, կուլիսային հանդիպումների ու ստվերային գործարքների գնացող, պետական կառավարման համակարգը յուրացնողների վերարատադրության համար կազմակերպվող կեղծ հանրաքվեներին ու ընտրություններին մասնակցող, իրենց որոշումների կայացման ամբողջ ընթացքը բաց ու տեսանելի չդարձնող կուսակցություններին վերաբերել նույն եւ միգուցե ավելի «դաժան» ձեւով: Քաղաքացիական անհնազանդություն միջոցների լայն տեսականին այստեղ կարող է մեծ անակնկալներ մատուցել վարչախմբի հետ ուղղակի կամ անուղղակի համագործակցող, հանցավոր վարչախմբին լեգիտիմացնող եւ հենց այդ հակահանրային վարքով Հայաստանի քրեաօլիգարխիկ վարչակարգի հիմնասյուներից մեկը դարձած կուսակցություններին:
Ի դեպ, այն կուսակցականներին, ովքեր չեն հասկանում ժողովրդավարության իմաստը եւ մնացել են ԽՍՀՄ միակուսակացական հետադիմական համակարգի խորխորատներում, պետք է ուսուցման կարգով հատուկ հիշեցնել, որ ըստ օրենքի որոշ կուսակցությունների (խորհրդարանական եւ ոչ միայն) պետությունը հատկացնում է աջակցություն` պետական ֆինանսավորման ձեւով: Այդ գումարը հանցավոր վարչախումբը չի տալիս, այլ պետական իշխանության միակ կրողը` ժողովուրդը:
Բարի եղեք Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին ձեզ տրված գումարները ծախսել սահմանադրական կարգ հաստատելու գործում եւ ոչ թե ուղղակի կամ անուղղակի հանցակցելու միջոցով հանցավոր վարչախմբի կողմից սահմանադրական կարգի փոփոխությանը (տապալելուն) միտված գործողություններում: Այլապես հարց կծագի ոչ միայն այդ գումարների դադարեցման, այլ նաեւ մսխված գումարների հետ վերադարձի մասին: