Հանրությունն ինչո՞ւ պետք է ոտքի կանգնի
Քաղաքական դաշտում կարծրացած պատկերացումների համաձայն հանցավոր վարչախմբի դեմ պայքարի համար անհրաժեշտ են լայն զանգվածներ: Այնպիսի իրավիճակներում, երբ խնդիր է դառնում վարչախմբի հարուցած արգելքները չեզոքացնելը կամ ռեպրեսիվ մեքենայի վերածված իրավապահ մարմինների վրա ճնշում գործադրելը, քաղաքական ուժերը հազարավոր մարդկանց ներգրավումն են տեսնում տվյալ խնդիրը լուծելու ճանապարհ: Այդ ժամանակ պարզ է դառնում, որ մարդկային ռեսուրսները սղություն են անում:
Քաղաքական պայքարի այդ հանգրվանում, երբ ընդդիմադիր ուժերը կանգնում են անհաղթահարելի արգելքների առաջ, նրանց մոտ ի հայտ է գալիս հանրությանն ուղղված մի էական մեղադրանք: Քաղաքական ուժերի ղեկավարներն ու նրանց ակտիվ համակիրները հանրությանը մեղադրում են ոտքի չկանգնելու, տվյալ օրվա ընդդիմադիր ուժին չսատարելու, պասիվություն դրսեւորելու մեջ: Ըստ այդ պատկերացումների, դրա արդյունքում է, որ տապալվում է քաղաքական պայքարի ելած հերթական ուժը:
Այսպիսով, պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի, հատկապես կուսակցությունների համար հաղթանակի երաշխիք է դիտվում ժողովրդի լայն զանգվածների ներգրավումը ներքաղաքական գործընթացներում: Սակայն, երբեք խելամիտ բացատրություն չի ներկայացվում թե հանրության ներգրավմամբ ինչպես կարելի է արդյունքի հասնել: Ընդ որում լայն զանգվածների ներգրավման տակ ենթադրվում է բողոքի ակցիաներ իրականացնելու համար հանրային տարբեր շերտերի փողոց դուրս գալը, առավելագույնը ինչ-որ պաստառ պարզելն ու վարչախմբին կամ նրա կամակատարներին ամոթանք տալը: Արդյունքում, մինչեւ հիմա կուսակցական քարոզչամիջոցների տոտալ քարոզչության արդյունքում հանրության մեջ տարածված է այն կարծիքը, որ եթե հրապարակում հավաքվի մի քանի տասնյակ հազար մարդ, ապա վարչախումբը կմատնվի խուճապի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների ճիշտ քայլերի դեպքում կտապալվի (կհեռացվի): Ընդ որում, «ճիշտ քայլերի» մասին մեջբերումն արվում է այն նկատառումով, որ հիմնավորվի թե ինչու անցյալում բազմահազարոնց հանրահավաքների, բողոքի ցույցերի ժամանակ արդյունքներ չեն գրանցել ընդդիմադիր դաշտը գրաված նախկին ուժերը:
Ներկայացված մեղադրանքը կարիք ունի պարզաբանման: Հատկապես հայաստանյան կուսակցությունների նախկին տարիների անարդյունավետ եւ կեղծիքներով լի գործունեությունը, որի արդյունքում նրանց ձեռնարկումների շուրջ անվստահությունը մեծ տարածում է գտել հանրության մեջ, մեզանից պահանջում է առավել մանրակրկիտ քննել բոլոր այն թեզերն ու հիմնավորումները, որոնք շրջանառում են կուսակցությունները, ինչպես նաեւ ֆորմալ առումով կուսակցություններից տարանջատվել փորձող, բայց նույն սկզբունքներով գործող նորահայտ ուժերը:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից հանրությանն ուղղված վերը նշված մեղադրանքի պարագայում առաջնահերթ հարցը, որը ծագում է տվյալ երեւույթը վերլուծելիս, հետեւյալն է. հանրությունն ինչո՞ւ պետք է ոտքի կանգնի քաղաքական պայքարի մեջ մտած ինչ-որ ուժի համար: Այս հարցի պատասխանն է, որ հնարավորություն է տալու խոսել ընդդիմադիր քաղաքական ուժերին չաջակցելու հանրության մեղքի մասին:
Քաղաքական դաշտում շրջանառվող մտքերն ի մի բերելով` կարելի է նշել, որ հենց իրենք` ընդդիմադիր գործիչներն ու նրանց համակիրները, տվյալ հարցի դեպքում տալիս են այնպիսի պատասխաններ, որոնք իրենցից ներկայացնում են անձի բարոյական վարքագծի ինչ-որ կլիշեներ, բայց ոչ երբեք քաղաքական նպատակադրումներ: Բացատրությունները հնչում են այսպես. հանրությունը պետք է ոտքի կանգնի, քանի որ`
ա. հանցավոր վարչախումբը վատն է, իսկ ընդդիմադիր ուժերը լավը,
բ. տվյալ պայքարը վերջին հույսն է, այլ ճանապարհ չկա, երկիրը կործանվում է,
գ. արժանապատվության հարց է, վարչախումբը ձեռնոց է նետել ազգի ապագայով մտահոգ գործիչներին, հերոսներին ու ժողովուրդը եթե սատար չկանգնի վերջիններիս, ապա արժանի է հենց այն վարչախմբին, որը կա Հայաստանում:
Անշուշտ այս պատասխանները զգայական հարթությունում շատ հիմնավոր են թվում: Մեր հանրության մեջ նստած կրոնական գիտակցության համընդհանուր դիկտատի պայմաններում կասկածի առարկա չեն դառնում ժողովրդի մեջ տարածված այնպիսի պատկերացումները, ինչպիսիք են վատ իշխանությունների (չարիքի) դեմ լավերի (բարու) պայքարը, երկրի կործանվելու վտանգի առաջ կանգնած լինելը (աշխարհի վերջի սպասումները), հերոսների շուրջ համախմբվելու ու ակնկալվող նրանց գործողություններին անվերապահ վստահելու հանգամանքը (Փրկչի շուրջ հյուսվող առասպելներն ու նրա երկրորդ գալստյան սպասումները), կուսակցական լիդերներին հավատալը (կռապաշտությունը), կլան-կուսակցությունների միջոցով պայքար ծավալելը (կրոնական համայնքների միջոցով գոյապահպանությունը) եւ այլն: Արդյունքում մշտապես հետին պլանում է հայտնվում քաղաքական գիտակցությունն ու իրավագիտակցությունը:
Հարկ է նկատել, որ եթե փոխվի հանրային գիտակցության դիտանկյունը, ապա նշված թեզերն ու հիմնավորումները բոլորովին կորցնում են իրենց արժեքը: Ի հայտ են գալիս բոլորովին ուրիշ չափանիշներ:
Այսպես, ի տարբերություն կրոնական գիտակցության, քաղաքական գիտակցությունը միանշանակ պահանջում է ոչ թե խոսել վատերի դեմ լավերի վերացական արդար պայքարի մասին, այլ առկա հիմնախնդրի եւ դրա լուծման այնպիսի ճանապարհների մասին, որը կբերի կոնկրետ արդյունքների: Քաղաքական գիտակցության համար կա խնդիր եւ այն լուծելու պահանջ: Այստեղ գործի արդար լինելու գիտակցումը ինքնին բնական երեւույթ է եւ ապացուցման կարիք չունի: Կարիք չկա լրացուցիչ ապացուցելու, որ օրենքը հենց արդարության հարցում մարդկային ձգտումների մարմնացումն է եւ ուստի Սահմանադրության եւ օրենքների պահանջների շուրջ տեղի ունեցող կեղծիքները, անօրինականությունները, պետական կառավարման համակարգի յուրացումն անարդար երեւույթներ են: Այստեղ խնդիրը լուծելիս ոչ թե ելնում ես այն գիտակցումից, որ այս մի պայքարը մեր վերջին հույսն է, այլ այն իրավագիտակցումից, որ անկախ նրանից թե որ հույսն է, տեղի է ունեցել օրենքի խախտում եւ խնդիր կա այնպես անել, որ երկրում վերականգնվի օրինականությունը:
Քաղաքական գիտակցությունն ընդունում է նաեւ, որ խնդիրները լուծում են գործիչները, ոչ թե առաջնորդները: Այստեղ նշանակություն չունի թե ինչ արժանիքներ են ունեցել այդ գործիչներն անցյալում, պատերազմում կռված հերոսներ են, թե կուսակցական ֆունկցիոներներ: Կլուծեն առկա նոր խնդիրները քաղաքական գործիչները, կարժանանան խրախուսանքի ու ընտրությունների ժամանակ միգուցե կշահեն ընտրողի վստահությունը: Չեն լուծի խնդիրները, ստիպված են հեռանալ` իրենց տեղը զիջելով առավել ունակներին: Քաղաքական գիտակցությունը մշտապես «զբաղեցված» հանրային կարգավիճակներ չի ճանաչում, առավել եւս չի ճանաչում մինչեւ խոր ծերություն կուսակցության ղեկին մնացած լիդերների, ովքեր անընդհատ պայքարում են հանցավոր վարչախմբի դեմ:
Քաղաքական գիտակցությունը նաեւ ելնում է այն հիմքից, որ խախտված իրավունքներից ծագած խնդրի լուծումն է, որ բերում է ոտնահարված արժանապատվության վերականգնմանը:
Ինչպես տեսնում ենք կրոնական գիտակցության ու ավանդական բարոյական պատկերացումների միջոցով տրվող հիմնավորումները բոլորովին չեն համընկնում քաղաքական գիտակցության եւ իրավագիտակցության առաջ բերած հիմնավորումներին: Քաղաքական գիտակցության դեպքում հարցը, թե ինչու քաղաքական պայքարի մեջ մտած ինչ-որ ուժի համար հանրությունը պետք է ոտքի կանգնի, վերաձեւակերպման է ենթարկվում: Ըստ այդմ, ի հայտ է գալիս շատ ավելի էական հարց` ո՞րն է այն խնդիրը, որի համար հանրությունը պարտավոր է (պետք է) ներգրավվի ինչ-որ ուժի նախաձեռնած պայքարին կամ ինքնուրույն պայքարի (դրանից հետո ծագում են նաեւ այլ հարցեր` ինչպե՞ս արդյունքի հասնի, ի՞նչ միջոցներով եւ այլն, որն այս հոդվածի շրջանակից դուրս է):
Վերջին քսանամյակում կուսակցությունները, տուրք տալով հենց իրենց մեջ նստած կրոնական գիտակցությանը, երկրի հիմնախնդիրը ներկայացրել են գործող վարչախմբի «վատը» լինելու մեջ: Ուստի դրա լուծումն էլ տվել են «իշխանափոխություն» բանաձեւի միջոցով: Մեկնաբանվել է, որ քանի որ կան «վատ» իշխանություններ, ուստի իրենք` ընդդիմադիր ուժերը (կուսակցությունները), կտապալեն այդ վատերին ու կհաստատեն ժողովրդի իշխանությունը: Եւ քանի որ ժողովրդի իշխանությունն են հաստատելու, ուրեմն դա ժողովրդի համար է եւ նա պարտավոր է մասնակցել տվյալ ուժի (ուժերի) պայքարին:
Տարիների ընթացքում այս մտայնությունը ցույց է տվել իր սնանկությունը: Պարբերաբար պայքարի մեջ մտած քաղաքական ուժերը (կուսակցությունները) հանցավոր վարչախմբի հետ գնալով ստվերային պայմանավորվածությունների, ընդդիմադիր դաշտը միայնակ տնօրինելու համար միմյանց ոտնակոխ անելով, կարեւոր հանգրվաններում հետ կանգնելով պայքարից եւ նման այլ վարքագծով ապացուցել են, որ իրենք բոլորովին էլ «լավը» չեն: Ուստի վերջին տարիներին մեկ այլ թեզի միջոցով կուսակցությունների կողմից հանրությանն ապակողմնորոշելու մի այլ արշավ ծավալվեց: Առանձին դեպքերում ընդունվում էր, որ իրենք «լավը» չեն ու այդպիսի քաղաքական ուժ ընդհանրապես չի կարող լինել, բայց քանի որ իրենք իշխող վարչախմբի համեմատ վատագույնը չեն, ուստի հանրությանը թողնվում էր ընտրություն կատարելու հնարավորություն «վատի» ու «ավելի վատի» միջեւ:
Բարգավաճ Հայաստան կուսակցության լիակատար ձախողումից հետո այս թեզը նույնպես ցույց տվեց իր կեղծ բնույթը: Եւս մեկ անգամ ապացուցվեց, որ հանցավոր վարչախմբի հետ իշխանափոխության անվան տակ քաղաքական ուժերի (կուսակցությունների) պայքարը սին է ու անհեռանկար: Դա այդ ուժերի պայքարն է իրենց դիրքի ու հաջողության համար: Այդ ուժերը որպես երկրի առաջնային հիմնախնդիր երբեք չեն ճանաչում իրավական պետության չգոյությունը: Առաջին պլանում չեն տեսնում պարալիզացված ընտրական եւ արդարադատության ինստիտուտների վերականգնման խնդիրը: Ընդամենը իշխանափոխության անվան տակ կա ցանկություն տիրելու կառավարման լծակներին կամ մաս կազմելու իշխող խմբավորման կազմած կառավարությանը: Եւ սեփական խմբային այդ շահերն առաջ մղելու համար հարկ է ստանալ ժողովրդի վստահությունը: Այստեղ էլ հենց կատարվում է այն նենգափոխումը, որ իրենք ժողովրդի իշխանությունն են հաստատելու, եւ ուրեմն դա ժողովրդի համար է եւ նա պարտավոր է մասնակցել տվյալ ուժի (ուժերի) պայքարին:
Ասվածն արդեն հիմք է տալիս արձանագրել, որ հանրությունը պարբերաբար տեսնելով իր լքված ու խաբված վիճակը, ոչ մի վստահություն չունի հանդեպ քաղաքական ուժերը: Ուստի հանրության պասիվությունը գիտակցված վարքագիծ է: Այն գիտակցված է նաեւ այնքանով, որ իրեն պայքարի կոչող ուժերի գործողություններում հանրությունը չի տեսնում իրեն հուզող խնդիրների լուծման ճանապարհը: Չկա ոչ մի ռացիոնալ բացատրություն, որ իշխանափոխությունը` հանցավոր ուժերի հեռացումն ու պայքարի դրոշակ բարձրացրած ուժի պետական կառավարման համակարգին տիրանալը, հենց ժողովրդի ակնկալիքն է:
Հանրությանը մեղադրող քաղաքականացված շրջանակները երբեք իրենց հարց չեն տալիս, թե իրենք ինչ իրավունք ունեն մեղադրել հանրությանը պասիվության մեջ, երբ չկա փոխադարձ պայմանավորվածություն հանրության ու պայքարի դրոշակ բարձրացրած ուժի (ուժերի) միջեւ: Իրավագիտակցությունը միանշանակ ընդունում է նման իրավական փոխադարձ պարտավորության առկայությունը: Իսկ քաղաքական գիտակցությունը ենթադրում է, որ հանրության ոտքի կանգնելու համար պետք է լինեն նրան հուզող այնպիսի խնդիրներ, որի լուծման ճանապարհները հստակ կլինեն վերջինիս համար: Քսանմյա փորձը բավարար ժամանակահատված է, որ հանրությունը տարբերակի իրեն հուզող խնդիրները քաղաքական ուժերի կողմից իրեն մատուցվող կեղծ խնդիրներից եւ գիտակցի, որ ինքը ոչ մի պարտավորություն չունի ցուցաբերելու համար ակտիվություն մի բանի համար, որը չի լուծելու իր խնդիրները:
Ակնկալելի է, որ վերեւում շարադրվածը կուսակցական շրջանակներին ներքուստ ստիպելու է չարախնդալ ու մեկնաբանել այնպես, որ եթե հանրությունը չի ուզում սատար կանգնել իրենց, ապա իրավունք չունի բողոքել հանցավոր վարչախմբից: Հարգելիներս, ձեր կեղծ թեզերը հանրությանը մատուցելու փոխարեն, երկու հոգով ինչ-որ խնդիր լուծեք: Դա առավել մեծ գործ կլինի, քան տասնյակ հազարների հրապարակում հավաքվելը: Եթե դա դժվար է իրականացնել, ապա քաղաքական գործունեությունը ձեր տեղը չէ: Քաղաքական կուռքերի գործունեության նկատմամբ հավատ արթնացնելու, փրկիչ կարգելու ու նրանց սատարելու համար ժողովրդին դիմելու փոխարեն, մի կեղծեք իրականությունը եւ ասեք ճշմարտությունը, որ դուք ելքային, արդյունավետ քայլեր չգիտեք ու դա թողնում եք հանրությանը, քանի որ դա հենց հանրության խնդիրն է` գտնել ելքեր իր խնդիրները լուծելու համար: