articles

Առաջիկա տասնամյակի ուրվագծերը

2016թ․ հայաստանյան քաղաքական գործընթացներն անշուշտ միտված են երկրում ձեւավորել նոր քաղաքական վարչակազմ։ Ինչպես 2006-2007թթ․, երբ սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ Հայաստանում տեղի էին ունենում իրադարձություններ որոնք միմիայն պայմանավորված էին նոր համակարգ ձեւավորելու կամ դրան մասնակից լինելու քաղաքական ուժերի հավակնություններով, այսօր էլ վարչախմբի ներսում գործող տարբեր թեւերը եւ գործող կուսակցական բոլոր միավորները հենց այդ ուղին են անցնում։ 2017թ․ սպասվում են ընտրություններ, որոնք լայն հնարավորություն են տվել այդ թեւերին ու միավորներին՝ պետական կառավարումն իրենց ձեռքում կենտրոնացնելու, կամ որոշակի մանդատներ ձեռք բերելու, կամ էլ՝ նոր դիրքեր գրավելու համար։

Ներկայումս, ինչպես 2006-2007թթ․, երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում։ Մի կողմից ուժերի հարաբերակցությունը դեպի կոնկրետ հուն ուղղորդելու համար տարբեր լծակների միջոցով վարչախմբի ներսում վերափոխումներ են կատարվում։ Իսկ մյուս կողմից՝ վարչախմբից դուրս ընդդիմադիր կամ պարզապես այդպիսին ներկայացող միավորները փորձում են հարմարվել վարչախմբի ներսում տեղ գտնող վերափոխումներին ու վերադասավորումներին եւ հավակնել որեւէ արդյունքի։ Փորձենք առավել մանրամասն ներկայացնել այդ զարգացումները։

Դեռեւս տաս տարի առաջ նախընտրական ներվարչախմբային ինտրիգը գործող նախագահի «երիտասարդ թոշակառու» մնալու, թե նոր վարչակազմը այս կամ այն կերպ գլխավորելու խնդրով էր ներկայանում։ Սակայն մի նոր ՀՀԿ կազմավորելու միջոցով ուժերի հարաբերակցությունը սահուն կերպով դեպի իրեն ձգելով՝ այդ շրջանում Սերժ Սարգսյանը կարողացավ չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին ու նրա քաղաքական հենարան հանդիսացող ԲՀԿ-ին՝ կանխորոշելով 2007թ․ ընտրությունների ժամանակ սպասվող ներվարչախմբային ինտրիգը։

Մեկ տարի առաջ՝ 2015թ․ փետրվարին, Սերժ Սարգսյանը կրկին կարողացավ հաջողությամբ չեզոքացնել ԲՀԿ-ի, ստվերում գործող Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ ԲՀԿ-ին միացած եւ 2008 թվականից ընդդիմադիր հիմնական ուժի դափնիների համար պայքարող ՀԱԿ-ի ռեւանշիզմը։ Սակայն դրանով նա վերադարձավ առայժմ այն վիճակին, որում գտնվում էր իր նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, տաս տարի առաջ։ Արդեն մի քանի ամիս է ինչ ընթանում է եւ առաջիկա ամիսներին բյուրեղանալու է հենց բուն վարչախմբի ներսում ուժերի այն դասավորությունը, որը լուծելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ու նոր վարչակազմի ձեւավորման հարցը։ Հետահայաց նայելով այն իրադարձություններին, որ տեղի ունեցան մեկ տարի առաջ՝ այսօր կարելի է վստահությամբ նշել, որ Սերժ Սարգսյանը իսկապես կարողանում է զգալ հարված հասցնելու ճիշտ ժամանակը՝ չթողնելով որեւէ անկանխատեսելիություն հետագա գործընթացներում։ ԲՀԿ-ի ու նրա միջոցով ռեվանշի հասնելու նախկին նախագահների խնդիրները լուծված են, բայց առջեւում են բուն վարչախմբի ներսում տարբեր թեւերի միջեւ եղած պայքարը հանգուցալուծելու հետ կապված զարգացումները։

Ինչպես տաս տարի առաջ, այսօր եւս կա ներվարչախմբային ինտրիգ։ Այն է՝ Սերժ Սարգսյանը կարողանալո՞ւ է զսպել առանձին դեմքերի հավակնություններն ու գլխավորել նոր քաղաքական համակարգը, թե՞ դառնալու է «երիտասարդ թոշակառու» եւ նրան փոխարինելու է մի որեւէ «ժառանգորդ», որի հարցում, ինչպես հենց ինքն է վկայել հարցազրույցներից մեկում, կան անգամ մեկից ավելի արժանի թեկնածուներ։

Եթե փորձենք հասկանալ թե ինչ է նշանակում «արժանիներ» ասվածը, ապա Սարգսյանի խոսքը քաղաքական լեզվով մեկնաբանելու դեպքում ի հայտ կգա, որ վարչախմբի ներսում կան «առաջինը հավասարների մեջ» կագավիճակի համար պայքարող մեկից ավելի թեկնածուներ։ Թեկնածուներ, որոնց քաղաքական հավակնությունների մասին խոսվում է ԶԼՄ-ներում։ Միաժամանակ, նույն այդ թեկնածուների թիմերը, ԶԼՄ-ներին օգտագործելու միջոցով տեղեկատվական դաշտ են նետում հակընդդեմ կանգնած կոնկրետ մրցակիցների ու նրանց ընտանիքի անդամների մասին վարկաբեկող, հանրության քամահրանքը, հեգնանքը առաջացնող նյութեր։ Ակնհայտ է, որ վարչախմբի ներսում տեղի են ունենում խմորումներ՝ մեծ ծավալի նման կարգի տեղեկատվություն սփռելով ու դրա շուրջ հանրության ուշադրությունը բեւեռելով։

Այս վիճակը քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում բնական պայքարի արգասիք է։ Կլաններն իրենք պետք է զտեն ամենակենսունակին՝ հետզհետե մրցակցությունից դուրս թողնելով նվազ ուժեղներին։ Ըստ ամենայնի հենց այս զարգացման դեմն առնելու համար է, որ Սարգսյանի թիմը (կլանը) հակված է մշտապես ակտուալ պահել մի քանի բեւեռների գոյությունը՝ չթողնելով որեւէ մեկին դառնալ նոր համակարգը գլխավորելու համար մղվող պայքարում իրենց ղեկավարի միակ մրցակիցը։ Հենց ինքը՝ Սարգսյանը, Հանրապետության նախագահի աթոռին տիրացել է հենց այդ ճանապարհով եւ շատ լավ զգում է նման ուղու անկանխատեսելիությունը։ Ուստի դրա համար գործի են դրված այնպիսի մեխանիզմներ ու լծակներ, որոնք մի կողմից լիարժեքորեն պահում են հավասարակշռությունը «արժանիների» միջեւ, բայց մյուս կողմից անընդհատ մեծացնում հենց նրա՝ Սարգսյանի դիրքերը ու ժառանգորդներից դեպի իրեն ձգվող տարածությունը։ Որո՞նք են այդ մեխանիզմներն ու լծակները։

Նոր Սահմանադրության՝ համակարգը վերափոխելու իրավական պահանջների պայմաններում, օգտվելով արտաքին ուժերի՝ մեր երկրի քաղաքական ու տնտեսական համակարգը փոխելու մտադրությունից, Հայաստանում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական առկա ճգնաժամից եւ այլ հանգամանքներից, Սերժ Սարգսյանի կողմից բարեփոխումների անվան տակ կազմավորվում է այն նոր թիմը, որը գալու է փոխարինելու վերջին տասնամյակում իրենց ամբողջությամբ սպառած, սոցիալական կապիտալը եւ հանրային վստահությունը կորցրած դեմքերին։ Դա չի նշանակում, որ անցյալի մեզ ծանոթ դեմքերը չեն լինելու։ Պարզապես հենց նույն բնական զտման միջոցով իրականացվում է դեմքերի «դուրսգրում»՝ նվազ ուժեղները իրենց տեղը զիջում են նորերին։ Սակայն նորերը բոլորովին էլ հերթական ուժեղները չեն։ Նրանք պարզապես այն անձիք են, ովքեր համապատասխանում են արտաքին ուժերի ներկայացրած պարամետրերին, իսկ առանձին դեպքերում ցանկություններին ու նաեւ՝ հանրային այնպիսի ակնկալիքներին, որոնք մի որոշ ժամանակաշրջան միրաժի մեջ կպահեն հանրային քաղաքական դաշտը՝ առկա փոփոխությունները ներկայացնելով որպես բարեփոխումներ։

Այստեղ հարց է ծագում, թե ինչպես կարող է հանրությանը մեծամասամբ քիչ հայտնի, միջին օղակներում աշխատող, Ռուսաստանում եւ/կամ Արեւմուտքում կրթված 1970-80-ական թթ․ սերունդը անբնական մրցակցության պայմաններում գրավել իրենցից ուժեղների դիրքերը, չէ որ դա խորթ է քրեաօլիգարխիայի աստիճանակարգության ողջ տրամաբանությանը։ Ահա հենց այդ նպատակով էլ գործարկված ենք տեսնում այնպիսի մեխանիզմներ, որոնք չեզոքացնում են կառավարության մեջ քրեաօլիգարխիկ կլանների դժգոհությունը։ Մի կողմից ՀՅԴ-ին կառավարման լծակներ հատկացնելով՝ ներքին մահակ է գործարկվում բուն բյուրոկրատական համակարգում նոր իրավիճակից դժգոհ սուբյեկտների դեմն առնելու համար։ Մյուս կողմից իրավապահ համակարգում կրիմինալի դեմ արդյունավետ պայքարի անվան տակ կադրային նշանակումների միջոցով քրեաօլիգարխիայի հին կոհորտայի դիմաց պատնեշ է դրվում, որպեսզի նրանք հնարավորություն չունենան անընդունելի, չհամաձայնեցված քայլեր կատարել։ Իսկ ԱԱԾ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անվան տակ գլխավոր դեմքի փոփոխությունը դառնում է դամոկլյան սուր՝ կախված այդ կոհորտայի գլխին՝ բոլորովին այլ, իրենց համար մութ սենյակից։

Ինչպես տեսնում ենք ներքաղաքական պայքարի գաղափարական հիմքերը նույնպես մանրակրկիտ մշակման են ենթարկել։ ՀՅԴ-ի ազգային դիմագծի եւ հեղափոխական շարքերի մասին անընդհատ շրջանառվող տեղեկատվությունը ՀՀԿ-ում բազավորված կլանային կարկառուն ներկայացուցիչների դեմ բանեցվող հզոր լծակ է, մի տեսակ հակընդդեմ բանեցվող գործիք նրանց՝ երկրապահի ու պատերազմի մասնակցի կարգավիճակի (նման կարգավիճակը կեղծ է, թե ճշմարիտ՝ այստեղ կարեւոր չէ)։ Ոստիկանապետի կողմից կրիմինալի դեմ պայքարի մասին բարձրաձայնումը, իսկ ԱԱԾ նոր ղեկավարին հանձնարարված կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու հանձնարարությունը ուղղակի զգուշացում են քրեաօլիգարխիային, որ երկրում սպասվում են լուրջ փոփոխություններ, որի ժամանակ ինքնիրավչությունը եւ չհամաձայնեցված ակտիվությունը պատժվելու է։ Եւ պատժվելու է համաչափորեն․ քրեական տարրերի ներգրավմամբ վարքը՝ ոստիկանության կողմից, ֆինանսատնտեսական միջոցների ներգրավմամբ վարքը՝ ԱԱԾ-ի։

Ըստ էության, երկրում ձեւավորվում է նոր բյուրոկրատիա, որը նոր քաղաքական համակարգի հիմքն է կազմելու։ Ամիսներ առաջ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները լիարժեքորեն ծառայում են այդ համակարգի իրավական ամրագրմանը։ Ամռան սկզբում արդեն ընդունված կլինի նոր ընտրական օրենսգիրքը եւ քաղաքական միավորները գրեթե առանց բացառությունների կմտնեն ընտրապայքարի հորձանուտ։ Այդ ժամանակ վարչախմբի ներսում եղած «արժանիների» ու Սերժ Սարգսյանի միջեւ եղած «դիապազոնն» այնքան մեծ կլինի, որ միմյանց միջեւ եղած փոխհարաբերություններում սպասել որեւէ անկանխատեսելիության այսօր արդեն իսկ բացառել կարելի է։ Հաջողությամբ խաղից դուրս են հանված նախկին նախագահները, ներկայում հաջողությամբ չեզոքացվում են երբեւէ կայացված պայմանավորվածությունների մեջ գտնվող «ժառանգորդները», ամռանն էլ խաղի մեջ լիարժեք կընդգրկվեն ընդդիմադիր ներկայացող կուսակցությունները։

Այսօր դեռեւս չկա որեւէ հիմք՝ խոսելու համար մեր աչքի առաջ տեղի ունեցող զարգացումների անկանխատեսելիության մասին։ Կարծես թե հստակ գրաֆիկով երկիրը գնում է դեպի բյուրոկրատական պետություն՝ ուժային կառույցների դերի մեծացումով։ Բայց ամեն դեպքում հանրության համար անորոշ է, թե ինչ է կառուցվում երկրում՝ հին համակարգի փոխարեն։ Երեւում է, որ քրեաօլիգարխիան շանսեր չունի դուրս պրծնել պարտադրված խաղից։ Ըստ ամենայնի՝ որպես ցուցաբերած լոյալության վարձատրություն ու նաեւ՝ նոր համակարգի ձեւավորման թելն իրենց ձեռքում պահող շրջանակի շահագրգռություններից ելնելով, այն մեծամասամբ կմնա իր տնտեսական դիրքերին՝ փոխարենը հանձնելով վարչաքաղաքական առանձին լծակները երիտասարդ բյուրոկրատիային։ Այսօր հենց այդ գործընթացին ենք մենք ականատես լինում։ Կառուցվում է առաջիկա տասնամյակի քաղաքական համակարգը։

Եթե ժողովուրդն ինքը չի կառուցում իր ապագան, ապա կգտնվեն ուժեր, որոնք կլրացնեն այդ բացը։ Թե ինչ գույներով, դա արդեն այլ հարց է․․․