articles

Ապրիլի 2-ից ապրում ենք այլ ժամանակներում

Ապրիլյան այս օրերին պատերազմը դարձել է մեր ժողովրդի հիմնական մտահոգության առարկան: Գիտակից բոլոր քաղաքացիներն անտարբեր չեն մնում հայրենիքի անվտանգությանը վերաբերող արտաքին սպառնալիքի հանդեպ: Բոլորի ուշադրությունը կենտրոնացած է սահմանին կատարվող իրադարձությունների վրա: Մեր բանակի ձեռնարկած ռազմական ամեն մի գործողություն ամրացնում է բոլորիս մեջ ամուր նստած այն համոզմունքը, որ հայոց ռազմուժը կերտում է մի նոր հաղթանակ: Եւ մեծ է քաղաքացիների ցանկությունը` մասնակիցը դառնալ այդ հաղթանակի:

Պատերազմը հանրությունից մարդկային ու նյութական մեծ ռեսուրսներ է խլում: Այդ գինը մեր ժողովուրդը պատրաստ է տալ ու այս օրերին անմնացորդ տալիս է` զինվորագրման, հանգանակությունների, ապաստան տրամադրելու եւ այլ ձեւերով: Սակայն, յուրաքանչյուր քաղաքացի բնականորեն ունի մտավախություն, որ նյութական օգնությունը բավարար չէ եւ զինվորներին անհրաժեշտ է լրացուցիչ օժանդակություն գործը հաղթական ավարտին հասցնելու համար: Սակայն թե ինչպիսի օժանդակություն է պետք` մենք դեռեւս ի վիճակի չենք ձեւակերպել:

Պատերազմում հաղթում են ոգու ուժով` թշնամուն հոգեբանորեն ընկճելով։ Պատերազմում հաղթում են միայն այն դեպքում, երբ սեփական բանակը հոգեբանորեն ավելի պատրաստված է լինում, քան թշնամին։ Իսկ սեփական բանակի հոգեբանական պատրաստվածությունը կախված է հանրության` «պատերազմ» երեւույթի նկատմամբ ունեցած նախատրամադրվածությունից։ Իհարկե, շատ դեպքերում ժողովուրդը չի կարող ընկալել հոգեբանական այն նրբությունը, որ պատերազմում կարեւորը ոչ այնքան զինտեխնիկայի, սպառազինության քանակական տվյալներն են, որքան զինվորների ու ընդհանրապես հանրության որակական հատկանիշները։ Վերջինս առաջին հերթին վերաբերում է քաղաքացիների հոգեբանական պատրաստվածությանը, զինվորի ու նրա հարազատների, ընկերների, հարեւանների, բարեկամների՝ պատերազմի հանդեպ ունեցած վերաբերմունքին։ Եթե չկա այդ վերաբերմունքը, եթե զինվորը չունի ոգեղենություն ու անձնազոհություն, եթե նա չի արժանանում քաղաքացիական կյանքում իրեն շրջապատողների դրվատանքին ու հոգածությանը, ահա այդ ժամանակ թշնամու քանակական աննշան առավելությունն անգամ կարող է բացասական մեծ ազդեցություն գործել բանակի վրա ու կործանել նրա մարտունակությունը։

Ինչպիսի՞ն է մեր հոգեբանական վիճակը, եւ ի՞նչ ենք անում մենք, որպեսզի պատերազմում առավել մոտեցնենք մեր հաղթանակը:

Կարելի է վստահությամբ պնդել, որ հայոց պատերազմական ոգին շատ բարձր է: Դրա համար կան բավարար պատմական ու սոցիալ-մշակութային նախադրյալներ: Ունենք պատերազմելու հազարամյակների փորձառություն ու բազում փառահեղ հաղթանակներ: Ունենք գիտական ու ռազմական ոլորտի մասնագիտական ներուժ, որը պատրաստ է ծառայել հայրենիքին: Ունենք նաեւ անցյալի պարտությունների այնպիսի օրինակներ, որոնց հետեւանքով իրագործված կոտորածների ու հայրենազրկության օրինակները լիարժեք աշխատում են մեր գիտակցության վրա, որպեսզի բոլորս ընկալենք, թե ինչու ենք մենք դատապարտված ունենալ միայն հաղթանակներ: Սակայն, ոգու լիակատար ամրության համար մեզ մի բան պակասում է: Մեր ժողովուրդը վստահ է իր զինվորի մարտունակության վրա, բայց ներքին տագնապ ունի թիկունքում ծվարած նյութապաշտների ու մորթապաշտների հանդեպ: Եւ այդ գործոնը բացասաբար է անդրադառնում մեր բանակի հաղթարշավը ժամանակին ամրագրելու գործի վրա` երկարացնում է պատերազմը, անհիմն զոհերի պատճառ է դառնում:

Պաշտպանության նախարարության երեք գեներալների` զբաղեցրած պաշտոններից ազատումը ժողովրդի մեջ որոշակի հույս է արթնացրել, որ հաղթանակի կերտման այդ խոչընդոտները կարելի է վերացնել: Սակայն, մեր տեսադաշտից երբեք չպետք է բաց թողնենք բոլոր այն մարդկանց անգործության, հանցավոր անփութության ու վնասարարության օրինակները, որոնց պատճառով պատերազմը մեզանից անվերադարձ խլում է երիտասարդ զինվորների կյանքեր, առողջություն ու նյութական ռեսուրսներ: Այդ ամենը չէր լինի, եթե թիկունքում քաղաքացին լիներ իր դիրքերում, իսկ պաշտոնյան` իր:

Այսօր շատ ավելի մեծ կամք ու վճռականություն կարող ենք հաղորդել մեր զինվորներին, եթե թիկունքում ամրացնենք մեր` քաղաքացիներիս կողմից լքված դիրքերը: Հանրությունը պետք է ավելի պահանջկոտ լինի արատավոր բոլոր երեւույթների նկատմամբ, առավել անհանդուրժող դառնա պետության ու բանակի ռեսուրսները մսխած տարբեր տրամաչափի պաշտոնյաների, օլիգարխների նկատմամբ: Վերջիններս դեռեւս չեն ընկալում, որ ապրիլի 2-ից Հայաստանն այլեւս իրենց թալանի օբյեկտը չէ, այն բոլորիս տունն է, որտեղ քաղաքացիները միմյանց նկատմամբ օժտված են իրավունքներով ու պարտականություններով: Այսօր յուրաքանչյուր զոհի համար հանրությունը պատասխանատվության պետք է կանչի տասնյակ պորտաբույծների, ում հակահանրային ապրելակերպի ու հակապետական գործունեության պատճառով է, որ մեր զինվորները ռազմաճակատում բավարար պաշտպանված, սպառազինված, տեխնիկական միջոցներով հագեցած չեն:

Հանրությունը պետք է հասնի նրան, որ զինվորի կյանքն ու առողջությունը արդեն այսօր ապահովագրվի պետության կողմից: Զինվորը պետք է վստահ լինի, որ զոհվելու դեպքում իր ընտանիքը կգտնվի պետության հոգածության ներքո` արժանապատիվ նպաստի, ամուսնու, անչափահաս երեխաների կեցության, կրթության երաշխիքների եւ այլ ձեւերով: Այդ ամենն ուղղակի նշանակություն ունի մեր զինվորների ոգին ամուր պահելու համար: Սակայն այդ գործը իրենք չեն կարող անել ու պարտավոր էլ չեն արտաքին թշնամու դեմ պայքարելու հետ մեկտեղ ներքին տականքի դեմն առնել: Դա մեր` քաղաքացիներիս գործն է: Այս օրերին ոչ մի նյութապաշտ ու մորթապաշտ չպետք է դուրս մնա հանրային վերահսկողությունից: Նրանց անհոգ կյանքը պետք է դառնա բոլորիս քննարկման առարկան: Եթե ցանկանում ենք օր առաջ հաղթել թշնամուն, նախ պետք է հաղթենք մեր ներքին տականքին: Ապացուցե՛նք, որ ապրիլի 2-ից եկել են նոր ժամանակներ: