articles

Այլընտրանքային պատմություն-Բ․ Հայոց պատմությունն առանց Մեծ Եղեռնի

Մաս 1

Ռուբեն Տեր-Մինասյանի «տարօրինակ առաջարկը»

«Այսպես, Ռուբեն Տեր-Մինասյան, Տարոնի ներկայացուցիչ, առաջարկեց կամավորական խումբեր կազմել թուրք բանակի կողքին ռուսների դեմ, բայց միտքը այնքան տաօրինակ թվաց, որ նույնիսկ քվեարկության չդրվեց»: Սիմոն Վրացյանի «Կյանքի ուղիներով» հուշերի 3 հատորում արված այս վկայությունը Հայոց պատմության ամենա զարմանալի, եթե չասենք՝ սենսացիոն հնչող դրվագներից է. անհավանակա՜ն, անհավատալի՜ թվացող մի այլընտրանքի հնարավորություն՝ հայկական կամավորական ջոկատներ, որոնք պետք է կռվեին թուրքերի կողմից ռուսների դեմ:

Երկար տարիներ այս վկայության մասին մտորումները հանգիստ չեն տվել ինձ: Եթե այն իրականություն դառնար, որքանո՞վ կարող էր տարբերվել մեր պատմությունը նրանից ինչ եղավ իրականում: Կխուսափեի՞նք արդյոք Մեծ Եղեռնից: Հնարավո՞ր էր արդյոք այս առաջարկի իրացումը: Իհարկե, այս հարցերը չեն կարող ունենալ 100 տոկոս երաշխավորված պատասխան, բայց հակված եմ համարելու, որ, այո, հնարավորություն կար: Այս հնարավորության շուրջ այլընտրանքային պատմության սցենար գրելը, թեև հասկանալիորեն ցավալի, բայց չափազանաց ուսանելի է միաժամանակ:

Նախքան այդ սցենարի ներկայացնելը, պարտավոր ենք ներկայացնել ընթերցողին վերը բերված վկայության լայն պատմական միջավայրը: Եվ քանի որ թեման շատ զգայուն է, իսկ մեջբերվող փաստերից էլ շատերն այսօրվա հայաստանցուն հաճախ ոչ այնքան հայնտի, ստիպված ենք այլընտրանքային պատմության մեր շարքի այս հոդվածի զուտ պատմական-ներածական մասը սպասվածից ավելի ծավալուն դարձնել:

1914-ի թուրքական առաջարկը

Ռուբենի առաջարկը, որի մասին խոսում է Վրացյանն, արվել է ՀՅԴ 8-րդ Ընդհանուր ժողովում, որը տեղի է ունեցել Կարինում (Էրզրումում) 1914-ի հուլիսին՝ Առաջին Համաշխարհայինի անմիջապես նախօրեին: Ընդհաուր ժողովը փաստորեն կիսատ է մնում՝ հենց դրա օրերին ստացվում է պատերազմի ծագելու մասին լուրը, որից հետո որոշվում է արագացված կարգով ավարտել համագումարը: Ցավոք, այս Ժողովի նյութերից շատ քիչ բան է մնացել: Հատկապես չկան քննարկումների մանրամասն արձանագրությունները՝ այնպես ինչպես պահպանվել են նախորդ տարիների ժողովների մեծ մասից: «Նյութեր ՀՅԴ պատմության համար» բազմահատոր ժողովածուի 12-րդ հատորի մեջ կարդում ենք, որ այս Ընդհանուր ժողովի մանրամասնություններն «ընդմիշտ կորած են»:

Ընդհանուր ժողովը ցրվելուց առաջ կազմում է մի քանի հոգիանոց հանձնախումբ, որը Ժողովի ցրվելուց հետո, հանձնառու էր պատերազմի հետ կապված հարցերով որոշումներ ընդունել: Ժողովի ավարտից անմիջապես հետո Կարին է ժամանում երիտթուրքերի պաշտոնական պատվիրակությունը, որը բանակցությունների մեջ են մտնում Դաշնակցության այդ հանձնախմբի անդամների հետ (Ռոստոմ, Վռամյան, Ակնունի) հայերի հնարավոր դիրքի մասին պատերազմի դեպքում: Այս բանակցությունների մասին մի քանի վկայություններ կան, որոնք տարբերվում են մանրամասներում, բայց էության մեջ նույնն են: Մենք կհիմնվենք հիմնականում նույն «Նյութեր ՀՅԴ պատմության համար» (հատոր ԺԲ) շարքում ներկայացված բանակցությունների մասնակից Վռամյանի կազմած սղագրի, նաև Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ հեղափոխականի հիշատակարանի» 7-րդ հատորի տեղեկությունների վրա:

Բանակցություններում թուրքերը նախ տեղյակ են պահում, որ պատրաստվում են մասնակցել պատերազմին ընդդեմ Ռուսաստանի (այդ պահին դա դեռ պաշտոնապես հայտնի չէր, Թուրքիան մտավ պատերազմի մեջ միայն 1914-ի հոկտեմբերին, թուրք կառավարության մեջ կային նաև չեզոքության կողմնակիցներ, ինչպես նաև անգլիական կողմնորոշում ունեցողներ), ապա որ նրանք բանակցել են վրացիների և Կովկասի թուրքերի (ներկայիս ադրբեջանցիների) հետ, և ստացել նրանց համաձայնությունը պատերազմի դեպքում գործել միասին ռուսների դեմ՝ ապստամբեցնելով Կովկասը: Նույնն այժմ առաջարկում էին նաև հայերին՝ ապստամբեցնել ռուսների դեմ Արևլյան Հայաստանը և թուրքերի կողմից մասնակցել պատերազմին: Ի հատուցում, թուրքերը խոստանում էին անկախություն/ինքնավարություն Կովկասի ազգերին (մեր աղբյուրներն այնքան էլ որոշակի չեն անկախ թե ինքնավար Հայաստանի նաև՝ Կովկասի իրավական կարգավիճակի, և սահմանների հարցում): Համաձայն Ռուբենի հուշերի՝ պետք է ստեղծվեր անկախ Հայաստան, որի կենտրոնը կլիներ Էջմիածինը, և որին կմիաացվեին նաև Արեևմտյան, այսինքն՝ թուրքական տիրապետության տակ եղած Հայաստանի մի մասը:

Իմաստ չկա այստեղ մանրամասն քննել թուրքական այս առաջարկը: Պարզ է, միայն, որ թուրքերի հիմնական հույսը կարող էր լինել միայն հայերի վրա, քանի որ Կովկասի ժողոուրդներից հայե՛րն էին առավել կազմակերպված քաղաքական և ռազմական ներուժ ունեցողը, և հայերն էին միայն, որ 1903-06 թթ.-ին ունեին ռուսական պետությանը կազմակերպված ազգային դիմադրության փորձ: Առանց հայերի թուրքական ծրագիրն չէր կարող կայանալ, ինչպես և եղավ իրականում:

Դաշնակցության ներկայացուցիչները մերժում են թուրքական այս առաջարկը այլևայլ պատճառաբանությամբ: Հատկապես շեշտում են, որ անհնար է կովկասահայությանը պայքարի կոչել ընդդեմ ռուսների թուրքերի կողմից, քանի որ կա մեծ հիասթափություն թուրքերից, որը փոխարինել է 1908-ի թուրքական հեղափոխությունից հետո առաջ եկած ոգևորությանը հայ-թուրքական հարաբերություններում: Դաշնակցությունը խոստանում է թուրքական կողմին պահպանել չեզոքություն պատերազմի դեպքում՝ Օսմանյան կայսրության հայերը կկատարեն իրենց պարտքը իրենց պետության նկատմամբ որպես զինվորներ: Նաև խորհուրդն էին տալիս թուրքերին ընդհանրապես չմիջամտել մեծ պատերազմին, այլ պահպանել չեզոք դիրք:

Կամավորական շարժում՝ ռուսական անորոշ խոստումների հիմամբ

Աղբյուրներում, կարծես, չկա որոշակիություն, թե արդյո՞ք ՀՅԴ 8-րդ ԸԺ-ն հստակ որոշում ուներ պատերազմի մասին, և հատկապես ռոսւների կողմից հայկական հնարավոր կամավորական շարժման վերաբերյալ: Շատ անգամ կարելի է կարդալ, որ ԸԺ-ի որոշումն էր չեզոք դիրք պահելը, համաձայն որի, ռուսահպատակ և թուրքահպատակա հայերը պետք է յուրաքանչյուրն իր պարտքը կատարեին իրենց պետությունների հանդեպ: Ժողովի նյութերում նման բան, կարծես չկա: Վրացյանի արդեն հիշատակած հուշերում ասվում է, որ Ժողովը որևէ որոշում չի ընդունել, այլ հարցը թողել է Հանձնախմբին: Սա էլ իր հերթին չի հասցրել հավաքվել և լիարժեք որոշում ընդունել: Նույն ժողովի մյուս մասնակեցիները այլ կերպ են կարող են ներկայացնել խնդիրը՝ նայած, թե ո՛ր մեկը ո՛ր որոշման կողմնակից էր: Վրացյանը, քանի որ դեմ էր Կամավորական շարժմանը (այսինքն ռուսների կողմից թուրքերի դեմ հայկական կամավորական ջոկոտաների ստեղծմանը) կամ գոնե հետադարձ հայացքով ներկայացնում է այնպես, որ դեմ է եղել, հարցը թողնում է անորոշ: Նրանք, ովքեր, հակառակը՝ կողմ են եղել Կամավորականությանը, փորձել են ներկայացնել այնպես, որ կա դրա վերաբերյալ ԸԺ դրական որոշում: Այսօրվա ընդհանրացված տեսակետն է, որ նման որոշում չի եղել: Սակայն իրականությունը, թերևս, դեռ երկար մնա հարցականի տակ:

Ամեն դեպքում, եթե ընդունենք, որ ԸԺ որոշումը և Դաշնակցության ղեկավարության ընդհանուր դիրքորոշումը չեզոքություն պահելն էր՝ յուրաքանչյուր երկրի քաղաքացի հայերի իրենց զինվորական պարտականությունը կատարելն էր իր պետության նկատմամբ, առանց որևէ մեկի կողմից Կամավորական ջոկատների ստեղծմանը, ապա պետք է ասել, որ այդ որոշումն ի կատար չածվեց և բացարձակորեն խախտվեց: Պատերազմի սկսվելուն պես ռուսահայերի մեջ ծավալվեց Կամովարական շարժումը՝ հոգուտ Թուրքիայի դեմ պատերազմին ռուսների կողմից մասնակցելուն: Այս Շարժմանն ի վերջո միացավ նաև Դաշնակցությունը, չնայած գոնե ֆորմալ իմաստով Դաշնակցությունը չէր դրա նախաձեռնողը, և դա հակասում էր չեզոության մասին որոշմանը, եթե այն կար: Զուտ ռազմական տեսակետից հենց Դաշնակցությունն էլ կազմեց շարժման կորիզը, քանի որ այլ՝ ինքնուրույն ռազմական ներուժ ունեցող կառույց հայության մեջ և ընդհանրապես Կովկասում չկար էլ: Կամավորական շարժմանը մասնակցեին դաշնացական հայտնի գործիչեր, այդ թվում արեևմտահայեր:

Կամավորական շարժումը ծավալվեց ռուսական անորոշ խոստումների հիմամբ: Հայերն ակնկալում էին ինքնավար Հայաստան՝ ազատագրված Տաճկահայաստանի տարածքում: Ոչ մի փաստաթղթային հիմք այդ հույսը չուներ, սակայն, հավատում էին, որ ռուսները դա խոստացել են բանավոր կերպով հայկական ներկայացուցիչներին: Իրականում Ռուսաստանը որևէ նման ծրագիր չուներ:

Մեծ ոգևորությունից դեպի ավելի մեծ հիասթափություն

Ռուսական իրական ծրագրերում, ինքնավար Հայաստանի հարց չկար: Վաղուց արդեն հրապարակված փաստաթղթերից հայտնի է, որ Ռուսաստանի նպատակն էր Արևմտյան Հայաստանի պարզ կցումը Ռուսաստանին (միայն օրինակի համար հիշատակենք դեռևս 1950-ականներին հայտնի դաշնակցական գործիչ Գաբրիել Լազյանի կողմից կազմված «Հայաստան և հայ դատը հայևռուս հարաբերությունների լույսի ներքո» փաստթաղթերի հավաքածոն): Հայտնի են նաև Հայաստանում կազակների վերաբնակեցման՝ այսպես կոչված եփրատյան կազակության ստեղծման ծրագիրը: Այդուհանդերձ, իհարկե, պետք է նաև հասկանանք, որ եթե Արևմտյան Հայաստանն իրոք կցվեր Ռուսաստանին, ապա նրանք հազիվ թե ի զորու լինեին արմատապես փոխել դրա ազգագրական պատկերն ի վնաս հայերի:

Նվաճելով 1916-ին Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ ռուսներն այլևս կարիք չունեին հայկական կամավորական ջոկատների, որոնք ցրվեցին, և դրանց տեղը ստեղծցեվին անվանապես հայկական, իրականում ռուսական կանոնավոր զորամասեր: Տարբերությունն էական էր և վճռականան: Կամավորական ջոկատներն ըստ էության ինքնավար հայկական բանակ էին ռուսականի կազմում՝ ազատագրական պայքարով անցած հրամանատարներով և զինվորներով: Նոր «հայկական» կանոնավոր զորմանասերը՝ ռուսական շարքային միավորերն էին, որոնցում ծառայում էին սովորական՝ ազատգարկան պայքարի հետ կապ չունեցող ռուսահպատակ հայեր: Սրանք չունեին ոչ կամավորականի ոգին, ոչ գաղափարականությունը, ոչ էլ կռվելու փորձը: Սրա մասին մանրամասն գրում է Կարո Սասունին իր «Հայ-թուրքական պատերազմը» գրքում:

Կամավորական ջոկատների ցրումը 1916-ին մեծագույն հիասթափության առիթ էր հայկական միջավայրում: Եթե 1914-ը՝ Կամավորական շարժման ստեղծման տարին, ոգևորության շրջան էր, եթե 1915-ը ծանր էր, բայց դեռ հույսերով լի, ապա 1916-ի ավարտը հոգեբանական անկման տարի էր, չնայած Արևմտյան Հայաստանի մեծ մասն արդեն ռուսական տիրապետության տակ էր: Պարզ դարձավ, ինքնավարության մաիսն ռուսական խոստումները գոյություն ունեին միայն հայերի վառ երևակայության մեջ, իսկ հայկական կամավորական ջոկատները պետք էին միայն ռուսների համար ծանր պահին, երբ դեռ պարզ չէր Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվի ելքը: Իսկ վճռական հաղթանակներից հետո թուրքերի նկատմամաբ, հայկական ջոկատներն այլևս վտանգ էին ռուսների համար, որով և ցրվեցին:

Հայկական «լիբերալիզմի» վարդագույն երազանքը

Կամավորական շարժումը ոչ միայն և ոչ այնքան Դաշնակցության նախաձեռնությունն էր, որքան ընդհարապես արևելահայ վերնախավերի: Դա մի մեծ հոսանք էր, որին միացան ու մասնակցեցին հայության բոլոր վերնախավային շերտերը՝ եկեղեցականներից մինչև թիֆլիսահայ քաղքենիություն: Կամավորական շարժման ակտիվ քարոզիչներն էին այդ թվում նաև այն հանրային շերտերն ու գաղափարական հոսանքները՝ հայկական լիբերալզմից («մշակականներ») մինչև պահպանողականներ, որոնք 1880-1910-ականներին եղել են հայկական հեղափոխության՝ ազգային-ազատագրական շարժման արմատական քննադատության դիրքերում: Սեփական ուժերի վրա հենվող հեղափոխական պայքարը թե՛ հայ լիբերալները, թե՛ պահպանողականները համարել են անխոհեմություն, իսկ հայկական հարցի լուծումը տեսել են հզոր արտաքին միջամտությամբ՝ եվրոպական կամ ռուսական: Կարելի է ասել, որ Առաջին համաշխարհայինն ու Կամավորական շարժումը հայ քաղքենիական առաջադիմականության, հայ լիբերալիզմի, այլև՝ հայ պահպանողականության վարդագույն երազանքի իրականացումն էր, քանի որ այդ հանրային շերտերի տարիների քաղաքական ծրագիրն էր՝ սպասել «քաղաքակիրթ աշխարհի» պատերազմին ընդդեմ Թուրքիայի՝ Հայաստանի «ազատագրման» հույսով: «Միջազգային հանրության» ձեռամբ Հայաստանի ազատագրումը թուրքերից քաղաքական սուրբ դավանանք էր, որը միավորում էր «հակահեղափոխականների» մյուս հարցերում իրար հակադիր թևերը:

Դաշնակցությունը, որն, ինչպես տեսանք սկզբնապես փորձում էր չեզոք դիրք գրավել, շատ արագ տարվեց 1914-ի ընդհանուր հոսանքով, որովհետև ինքն էլ ծագմամբ այս նույն քաղքենի առաջադիմության մի ձախ թևն էր ի սկզբանե: Ճիշտ է, Դաշնակցությունը հռչակել էր իրեն հեղափոխական, այսինքն՝ սեփական ուժերով ազատագրական պայքարի կողմնակից, և մասմաբ էլ հաջողության հասել այդ ճանապարհին, սակայն այդպես էլ երբեք վերջնականապես չկարողացավ ազատվել գաղութահայ գավառական լիբերալզմի պորտալարից՝ «քաղաքակիրթ աշխարհին» հավատքից, այսինքն՝ չկարողացավ լիարժեք հեղափոխական ուժ դառնալ:

Դաշնակցության գործիչներից մի քանիսն էին միայն, որոնք կամ բացահայտ դեմ էին կամ վերապահումներ ունեին Կամավորական շարժմանը: Դրանց թվում նշենք, մեր այս նյութի հիմնական հերոս Ռուբեն Տեր-Մինասյանին, նաև Հովհաննես Քաջազնունուն, մասնակիերոն Արամ Մանուկյանին, Սիմոն Վրացյանին և այլոց: Սակայն նրանց կարծիքը կաթիլ էր այն ծովում, որն ալեկոծել էր հայությունը Մեծ Եղեռնի նախօրեին:

Հնարավո՞ր էր արդյոք բացառել Մեծ Եղեռնը

Կամավորական Շարժման և Մեծ Եղեռնի կապը....:

Թուրքերը սիրում են հղել Կամավորական շարժմանը որպես «մեղմացուցիչ հանգամանք» իրնեց հանցնքի: Պետք է ասել, որ հայկական միջավայրում էլ 1920-30-ականներին տարածված էր այն տեսակետը, որ Մեծ եղեռնի առիթը եղել է Կամավորական շարժումը: Կարելի է ասել, որ այս կամ այն կերպով, թեկուզ ոչ ուղղակի ձևակերպումներով, բայց այդպես էին արտահայտվում հենց Դաշնակցության 1920-30-ականների ղեկավարության զգալի մասը՝ արդեն հիշատակված Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, Սիմոն Վրացյանը և այլք՝ բոլոն էլ Բյուրոյի անդամներ, և բոլորն էլ ժամանակին Կամավորական շարժմանն ընդդիմացող: Նման տեսակետն ամենևին էլ չի կարող արդարացնել թուրքերի կողմից րացված ցեղասպանությունը: Պարզ ճշմարտություն է, որ որևէ ժողովորդի բնաջնջումը չի կարող ունենալ որևէ հիմնավորում: Առավել ևս նման հիմնավորում չի կարող լինել Կամավորական շարժումը, որին ի վերջո մասնակցել է հազիվ էլ մի քանի հազար մարդ (ինչպես լինում է նման դեպքերում աղմուկն ու ոգևորություն ավելի շատ էին, քան իրական մասնակցությունը), և որի դիմաց, ստացվում է, որ ոչնչացվել է միլիոնից ավել մարդ, որը ոչ մի կապ չի ունեցել այդ շարժման հետ, ոչ էլ գոնե պոտենցիալ զինված դիմադրող է եղել (երեխաներ, կանայք, ծերեր): Սա հարցի մի կողմն է:

Հարցի մյուս կողմն այն է, որ, այո՛, Մեծ Եղեռնը կարող էր և չլիներ, եթե հայկական վերնախավն ինքնամոռաց չնետվեր Համաշխարհային պատերազմի հորձանուտը, եթե անքննելի հավատը քաղաքակիրթ աշխարհի և միջազգային հանրությանը, մարդկության առաջադիմությանը չլիներ հայկական վերնախավերի՝ բոլոր հոսանքների՝ պահպանողական, լիբերալ, սոցիալիստ միակ և միասնական դավանանքը:

Թուրքական պետությունն իր էությամբ ջարդարար է եղել: Ոչ միայն հայերին, և ոչ միայն նոր՝ հեղափոխական ժամանակներում, այլև բազմաթիվ այլ ազգերին միջնադարից սկսած այդ պետությունը ենթարկել է կոտորածների: Օրինակ, 16-18-րդ դդ.-ի ընթացքում բնաջնջման քաղաքականության զոհ են եղել թյուրքալեզու շիաները, որոնք զգալի թիվ էին Օսմանյան կայսրության արևելքում, և որոնք ընկալվում էին Օսմնացիների կողմից որպես շիական Իրանի դաշնակից: Չնայած դրանք լեզվով թուրք էին և կրոնով մուսուլման, բայց ենթակա էին ջարդարար քաղաքականությանը: Սրանք, ի դեպ այսօրվա ադրբեջանցիների նախնիներն են, քանի որ այսօրվա ադրբեջանցիները ծագում են հենց շիա թուրքերից ի տարբերություն սունի թուրք օսմանցիների: Այնպես որ ճակատագրի հեգնանքով առաջին ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում իրացվել է ...ադրբեջանցիների նախնիների նկատմամբ: Նոր դարաշարջանում նույն քաղաքականությունը, բացի հայերից կիրառվել է հույների, ասորիների, եզդիների, վերջապես քրդերի նկատմամբ:

Բայց դա չի նշանակում, որ Օսմանյան կայսրությունը ամեն օր ու ամեն առիթով ոչնչացնում էր բոլորին: Պարզ է, որ որևէ պետույուն, նույնիսկ վատագույն, չի կարող ամենօրյա ջարդարարության ռեժիմով ապրել, ոչ էլ երազում է ամեն օր մի ազգ ոչնչացել:

Չնայած մեր այսօրվա պատմագիտությունը, հատկապես ազդված Հոլոկքստի պատմագրությունից, և ընդհանրապես այսօրվա մոդայից «ցեղասպանագիտության» և ցեղասպանությունների, նաև՝ պատմագիտության մեջ քաղաքական վերլուծության փոխարեն այլևայլ «մշակութաբանական», «մարդաբանական», «հոգեբանական» և այլ՝ պատմագիտության իմաստը որպես գիտություն աղավաղող միտումների գերակայությունից, փորձում է բացատրել հաերի ցեղասպանությունը գաղափարախոսական՝ ռասիսմ, պանթուրքիզմ, կամ ինչ որ իռացոինալ հոգեբանական՝ «ատելություն» և այլ «թրիլլեր» գործոններով, սակայն ավելի դասական պատմաքաղաքական վերլուծությունը, պետք է հանգեր այն եզրակացության հակված է կարծելու, որ երիտթուրքերը չեն ունեցել հայեր բնաջնջման հստակ որոշում (հենց որոշում ոչ թե, ասենք, մտադրություն կամ «պլան Բ») ընդհուպ մինչև 1914-15 թթ.-եր, և որ բնաջնջման որոշումը չի ընդունվել ելնելով գաղափարախոսական, հոգեբանական կամ մշակութբանական և այլ «հեքիաթաբանական» հիմնավորումերով, այլ ելնելով կոնկրետ քաղաքական իրավիճակից, որոնց թվում կարևոր տեղ ուներ նաև Կամավորական շարժումը:

Այնպես չէ, որ ամեն պետության կառավարություն նման իրավիճակում կորոշեր նույնը: Բայց արդեն տեսանք, որ Օսմանյան կայսրության զինանոցում ջարդի, բնաջնջման քաղաքականությունը կար ի սկզբանե: Թուրքիայի արդիականացումը, «քաղաքակրթումը» միայն պետք է նպաստեր այդ միջնադարյան ջարդադարության ավելի կայացմանը, կատարելագործմանը (թե ինչու քաղաքակրթումը պետք է ոչ թե մեղմեր, այլ միայն բյուրեղացներ այդ քաղաքականությունն առանձին թեմա է): Այնպես, որ բավականին կանխատեսելի պետք է լիներ, և շատերի համար էլ ժամանակին է՛ր, որ ի պատասխան արևմտահայերի մասնակցությանը Թուրքիայի դեմ պատերազմի, ի պատասխան ռուսամետ Կամավորական շարժմանը թուրքերը կարող են կիրառել իրենց ավանդական քաղաքականությունը:

Ուժը՝ շարժիչ պատմության

Մեծ Եղեռնն, իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների մասն է: Բայց Մեծ եղեռնեը բացատրելի չէ միայն հայ-թուրքական հարաբերություններից՝ սա՛ է կարևոր հասկանալ:

Հայերի և թուրքերի հարաբերությունները երբեք հովվերգական չեն եղել: Ընդհանարպես որևէ երկու հարևան ժողովոդրների հարաբերություններ այդպիսին չեն լինում: Միշտ կա երկկողմ հարաբերությունների այսպես ասած դիալեկտիկա՝ պատերազմից, մրցակցությունից, հակադրությունից մինչև համատեղ առևտուր, մշակութային կապեր, փոխառություններ, ազդեցություններ եև այլն: Ժողովուրդնրի հավետ եղբայրություն կամ հավետ ատելություն լինում է միայն վերացական, կյանքից կտրված պատկերացումներում :

Հայ-թուրքական հարաբերությունները 20-րդ դարի սկզբում ունեին ներուժ զարգանալու այս կամ այն կողմ: 1908-14 թթ.-ին նույն Դաշնակցությունն ազատ գործում էր Թուրքիայում, ներկայացված էր խորհդարանում և նույնիսկ իր համագումարը բաց և պաշտոնապես անց էր կացնում Արևմտյան Հայաստանի սրտում և Թուրքիայի արևելքի կարևորագույն ռազմավարական կենտրոն՝ Կարինում, չնայած այդ ժամանակ երիտթուրքերի և դաշնակցության համագործակցությունն պաշտոնապես խզված էր: Նույն ժամանակ Ռուսաստանում դաշնակցությունն օրենքից դուրս էր, բազմաթիվ գործիչներ նստած էին բանտերոմ կամ աքսորված, իսկ բաց՝ ոչ ընդհատակյա, պաշտոնական համաժողով Դաշնակցությունը Ռուսաստնում երբեք հնարավորություն չի ունեցոլ անելու, ոչ էլ երբևէ ռուս որևէ պաշտոնյա բանակցել է հայ որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ:

Ոչ թե որովհտև ռուսներն ավելի վատն էին, քան թուրքերը, այլ որովհետև նրանք ավելի ուժե՛ղ էին քան թուրքերը: Թուրքերի համեմատական թուլության տեսակետից հայերն ավելի կարևոր գործոն էին, քան ռուսների համեմատական ուժի տեսակետից: Դրա համար թուրքական իշխող ուժը, հնարավոր էր համարում անմիջական բանակցություններ վարել հայկական քաղաքական ուժերի հետ պատերազմի մասին, և անել բավականին կոնկրետ առաջարկներ:

Եվ կրկին՝ սա չի նշանակում, որ թուրքերը լավն էին, իսկ ռուսները՝ վատ: Ռուսները՝ նույնիսկ հայ-ռուսական դիմակայության գագաթին չեն ծրագրավորել հայերի բնաջնջում: Ճիշտ է, Կովկասի թուրքերի միջոցով հայկական ջարդեր կազմակերպել են, բայց հայերի ի սպառ ոչնչացման ծրագիր ունենալը ռուսական քաղաքական ավանդույթից դուրս էր: Եղել է հայերի տեղահանման առաջարկ, բայց դա նույնիսկ մոլի ռուս շովինիստների համար հնչել է որպես չափազանցված ծայրահեղություն: Այնպես խնդիրը չի կարող լինել լավն ու վատը՝ պատմության շարժիչ ուժը միշտ էլ ուժային փոխահարաբերությունն է:

1915-1920-ից հետո հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու շանս գրեթե չունեն: Ոչ թե նույնիսկ անմոռաալաի ողբերգության պատճառով, , այլ պարզապես որովհետև այսօրվա Հայաստանն այնքան փոքր ու աննշան է Թուրքիայի համեմատ և որևէ տարբերակ չկա նվազագույն իսկ հավասարը-հավասարի փոխգործակցության: Դարակսզբին իրավիճան այլ էր, և հայ-թուրքական փոխշահավետ ժամանակավոր դաշիննքերը հնարավոր էին: Ոչ թե հանուն ժողովուրդների բարեկամության և նման վերացականությունների, այլ որովհետև կարող էին գտնվել երկուստեկ շահեր, երկուստեկ, այլ ոչ թե միակողմանի կախվածության, պետքականության տարբերակներ:

Դարերի նզովքը

Հայկական ցեղասպնությունը հետևանք է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ միջազգային հարաբերությունների: Հետևանք է մեծ պետությունների միջամտության հայ-թուրքական «դիալեկտիկայի» մեջ, և հայկական վերնախավերի կույր հավատքի քաղաքակիրթ աշխարհի, մարդկության անշրջելի առաջընթացի, միջազգային հանրության և նման այլ «աստվածությունների» նկատմամբ: Այդ հավատքն այսօր էլ ոչ մի տեղ չի կորչել, այլ հիմքն է, կարելի է ասել, անխիտիր բոլոր հայկական քաղաքական և հանրային ուժերի քաղաքական գիտակցության....

Կարո՞ղ էր արդյոք լինել այլ կերպ: Այս նյութի շարուակության մեջ կփորձենք ցույց տալ, որ այո՛, հնարավոր էր:

Մեր այլընտրանքային պատմությունը մենք կառուցելու ենք այն տարբերակի շուրջ, որ 1914-ին Ռուբեն Տեր-Մինասյանի առաջարկը՝ թուրքերի կոմղից ռուսների դեմ կամավորական ջոկատներ ստեղծելու մասին գտնելու էիր իր կողմնակիցներին և իրացնողներին: Ինքնին այդ տարբերակը գուցե այնքան էլ հավանական չէ, բայց հարմար է այլընտրանքային պատմություն կառուցելու համար: Մյուս կողմից, սակայն, նախորդ ամբողջ շարադրանքը պետք է գոնե որոշ չափով ցույց տա, որ հնարավոր էր, եթե ոչ այդ կոնրետ առաջարկի իրացումը, ապա գոնե հայ-թուրքական հարաբերությունների այլ կերպ դասավորվելն ընդհանրապես:

Ամենակրաևորը պետք է փորձենք ցույց տալ, որ Տեր-Մինասյանի «տարօրինակ» առաջարկի իրացման դեպքում, հնարավոր էր խուսափել Մեծ Եղեռնից՝ այս կետից բխող բոլոր հետևանքներով: Ինչպես, որ Երկրորդ համշախարհայինում, նախորդ դառը փորձից որոշ չափով սովորած հայ գործիները, ի հակակշիռ սովետական բանակում հայերի ակտիվ մասնակցության, ստեղծվեցին նաև գերմանացիների կողմից կռվող, թեկուզ փոքր և կիսաձևական միավորներ, որոնց շնորհիվ Եվրոպայի հայերն ազատվեցին բազնաթիվ փորձանքներից: Դրա մաիսն չեն իմանում կամ մոռանում են այսօրվա «մաքարմոլները», որոնք դատապարտում են այն հայ գործիներին՝ Նժդեհին, Դրոյին, որոնք գերմանացիների հետ համագործակցության եզրեր գտան:

Ռուբեն Տեր-Մինասյանի անունը թերևս նզովվեր դարերի մեջ որպես դավաճանի: Բայց նա կկատարեր իր պատմական առաքելությունը՝ բնաջնջումից փրկելով տաճկահայությունը: Դրա մասին ոչ ոք կարող էր չիմանալ՝ Մեծ Եղեռնը կմնար այլընտրանքային պատմության մղձավանջային տարբերակ: .....