Other materials

Բանակ և գիտություն

Նախ՝ արձանագրենք, որ տարկետման վերացման խնդիրը ոչ մի իրական կապ չունի եւ չի կարող ունենալ գիտության զարգացման կամ չզարգացման հետ, չնայած նրան, որ հարցի շուրջ քննարկումներում ակտիվորեն օգտագործվում է գիտության թեման: Եվ խնդիրը ոչ թե ինչ որ մանրամասներն են, ասենք, կշարունակի ուսոնողը զբաղվել գիտությամբ բանակից հետո թե ոչ, եւ այլն, այլ այն որ գիտության զարգացումը կամ անկումը ընդհանրապես շատ երկրորդական, եթե չասենք տասներորդական կապ կարող է ունենալ տարկետման խնդրի հետ, այսինքն՝ սա սկզբունքների ոչ թե մանրամասների հարց է: Գիտությունը կարող է զարգանալ որեւէ երկրում միայն համապատասխան քաղաքական ռազմավարության առկայության դեպքում, երբ հայտնի են հետեւյալ հարցերի պատասխանները՝ ի՞նչ գիտություններ է ուզում զարգացնել տվյալ երկիրը, հանուն ի՛նչ նպատակների, եւ որքան ռեսուրս կարող է եւ պատրաստ է տրամադրել հանուն այդ նպատակների իրագործման: Իհարկե սա միայն շատ ընդհանուր սխեման է, կան եւ այլ կարեւոր մանրամասներ, բայց կարեւորը տվյալ դեպքում այն է, որ երկու հարցերը՝ տարկետման իրավունքը եւ գիտության զարգացում իրականում շատ թույլ կապ ունեն իրար հետ: Այլ բան է, որ շատ հարմար եւ ձեռնտու է գիտության զարգացման թեման արծարծել խնդրի հետ կապված, քանի որ դա տալիս է կարեւոր զգացմունքային շեշտ քննարկամը, ուշադրություն է գրավում:

Իմիջայլոց նշենք նաեւ, որ գիտության զարգացումն ու պատերազմանական իրավիճակները ոչ միայն հակադիր չեն իրար, այլեւ ինչ որ իմաստով պատերազմները, նաեւ ընդհանրապես՝ մրցակցությունն ազգերի միջեւ հաճախ գիտության զարգացման լավագույն խթանն է եղել: Օրինակներ իմանալու համար բավական է ամենա տարրական կերպով իսկ ծանոթ լինել գիտության եւ տեխնիկայի զարգացման պատմությանը: Ընդհանրապես ի հեճուկս մեզանում տարածված միջինացված «առաջադիմական» ընկալման բոլոր լավ բաները պարտադիր չեն միմյանց հետ կապված: Օրինակ գիտությունը եւ խաղաղությունը, կամ գիտությունը եւ «դեմոկրատիան», կամ թեկուզ խաղաղությունն ու դեմոկրատիան: Արդի գիտությունն, այդ թվում գիտության կազմակերպման համակարգը, օրինակ, ոչ թե դեմոկրատիայի, այլ աբսոլյոտիզմի դարի ծնունդ է եւ հետեւանք, եւ նա ցայսօր կրում է այդ իր ծագման հետքերը: Գիտության մեջ դեմոկրատիա չկա, այստեղ չի գործում ամեն մեկն ունի իր տեսակետն օրենքը կամ էլ մեծամասնության որոշման օրենքը: Այստեղ կարծիքները պետք է հիմնավորվեն, իսկ մեկի տեսակետը կարող է ավելի կարեւոր լինել քան հազարներինը: Այնպես, որ գիտությունը նույնիսկ հակադեմոկրատական է, եւ հանդուրժվում է ժամանակակից դեմոկրատիաներում միայն որովհետեւ օգուտ է բերում: Բայց պատահական չէ, որ համաշխարհային դեմոկրատիզացիայի աճին զուգընթաց աճում է նաեւ կեղծ գիտության ազդեցությունն ու տարածումը: Իրական դեմոկրատիան գիտության մեջ հենց կեղծ գիտությունն է, զանազան «պոպուլյար», «ոչ ակադեմիական», «ժողովրդական» գիտական տեսությունները: Սա նրա համար չենք ասում, որ դեմոկրատիան վատ բան է, իսկ գիտությունը՝ լավ, այլ որովհետեւ աշխարհը սեւ ու սպիտակ չէ: Արդի աշխարհի գիտության եւ տեխնիկայի զարգացումը հիմնավորված են եղել եւ ե՛ն երկու գործոնի վրա՝ պատերազմների սպասարկում եւ արեւմտյան տերությունների կողմից աշխարհի գաղութացման արդյունքում Եվրոպայում մեծ փողի, կապիտալի կուտակման հետ: Եթե չլինեին վերջին երկու դարերի մեծ պատերազմները, աշխարհակալ նվաճումներն ու եվրոպական գաղութատիրությունը չէր լինի նաեւ ավտոմեքենաներ, գնացքներ, ինքնաթիռներ, հեռախոս եւ ինտերնետ: Այնպես, որ գիտությունն ու բանակը, գիտությունն ու ռազմական ուժն ավելի են կապված իրար հետ քան կարող ենթադրել պիոներական աշխաչհայացքը:

Վերադառնալով բուն թեմային, պետք է նշենք, որ հարցի շուրջ հանրային քննարկումն ընդհանրապե՛ս բովանդակային չէ, այսինքն՝ բուն հարցի հետ կապ չունի, այլ պարզապես հերթական առիթ է ցուցադրման եւ երեւալու: Բուն հարցը շատ ավելի խորն է, բարդ ու ծանր, դա տղամարդակային հարց է, այսինքն՝ այնպիսի, ուր պետք է նախ իրավիճակի իրական բարդության գիտակցում, եւ մյուս կողմից՝ չնայած այդ ծանրությանը, ավելին՝ հենց շնորհիվ ծանրությանը՝ խնդիրների լուծման պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը:

Իրականությունն այն է, սակայն, որ մենք ոչ թե հասուն՝ պատասխանատու մարդկանց, այլ դեկորատիվ հանրություն ենք: Դա նշանակում է, որ մեզ համար չկա հարցերի հիմնարար քննարկում, այլ կա միայն՝ «կողմ ենք բոլոր լավ ու ճիշտ, եւ դեմ ենք բոլոր վատ ու սխալ բաների» դիրքորոշումը: Մեզ թվում է, որ հանրային իրականությունները ձեւավորվում են ցանկություններով եւ կամքով միայն: Բավական է միայն փակել աչուկները, ասել մոգական ճիշտ բառերը, եւ կունենանք մեր ուզած լավ բաները՝ գիտություն, խաղաղություն, զարգացում, դեմոկրատիա, ժողովրդագրական աճ, եւ կարեւորն՝ այդ բոլորը միաժամանակ: Օրինակ, մեկը կարող է ուղեղի մի մասով պայքարել կանանց էմանսիպացիայի համար, գենդերային հարցեր բարձրացնել, իսկ նույն ուղեղի մյուս մասով ցանկանալ, որ Հայաստանում լինի բնակչության բնական աճ: Թե ինչպես է հնարավոր այդ երկուսը միաժամանակ, նույնիսկ հարց չի տրվում: Կյանքում պետք է ընտրել, երկու էրնեք մի տեղ չի լինում, գիտի ցանկացած հասուն մարդ, բայց Հայաստաում հանրային գործիչ լինելու համար հասունության վկայական չի պահանջվում, դրա համար կարելի է, օրինակ պահանջել, ձմռանը Արագածի գագաթին ձմերուկ աճեցնել, չէ որ լավ բան է ե՛ւ Արագածի գագաթը եւ ձմերուկը՝ ինչո՞ւ դա չհամատեղել: Նման օրինակները կարելի է բազմապատկել: Կարելի է, օրինակ, նաեւ երազել, որ մեծ տերությունների բախման մշտական խաչմերուկ եւ դեմոգրաֆիական անկում ապրող փոքրիկ Հայաստանը կարող է չլինել գոնե մասնակիորեն ռազմականացված պետություն: Նման երազանքներ ունենալ չի արգելում ոչ Հայաստանի սահմանադրությունը, ոչ էլ ՄԱԿ-ի կանոնարգը: Բայց մարդս, իհարկե, ցանկալաի է մարդ՝ այսինքն բանական էակ լինի, եւ երազանքները չափի իրականությամբ:

Իրականությունն այն է, որ Հայաստանը չի կարող երազել տեւական խաղաղության եւ կայունության մասին, Հայաստանում չի կարող շեշտված չլինել բանակի դերը նույնիսկ այն խնդրահարույց պարագայում, եթե Հայաստանը լուծի իր բոլոր հարցերն իր հարեւանների հետ, լուծվի Ղարաբաղյան հարցը, եւ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերոթյունները: Հարցը այս կամ այն մասնավոր հարցը չէ, այլ մեր երկրի եւ մեր պետության ընդհանուր բնույթը: Նախ՝ մենք սահմանային երկիր ենք՝ շահերի բախման խաչմերուկ ենք, «ֆրոնտիր ենք», իսկ դա նշաակում է, որ Բելգիայի ճակատագիրը մեզ չի «սպառնում» մոտակա դարերի ըթնացքում: Մենք մասն ենք Մերձավոր Արեւելքի, որի անկայությունը միայն աճում է եւ աճելու է, որն այսօր մեծ ձեւաոփոխման փուլում է, իսկ դա նշանակում է, որ թուլանալու եւ կյանքից հաճույք ստանալու հեռանկարը մերը չէ: Երրորդ՝ մենք տարածքային իմաստով չկայացած պետություն ենք: Միայն Երեւանից Սյունիք ու Ղարաբաղ հասնելու Վայոց Ձորով, այլ ոչ թե Նախիջեւանով ճանապարհը, էլ չասած Երեւանի դիրքը՝ բաց ու հասանելի ցանկացած արտաքին ներուժման համար հարավից եւ արեւմուտքից, նշանակում է, որ սա պետություն է, որը պետք է սովորականից մի քանի անգամ ավելի ռազմականացված լինի՝ մինչեւ չլուծի գոնե Նախիջեւանի հարցը: Սրանք միայն հիմնարար հարցերի փոքր մասն են, որոնք ընկած են քննարկվով հարցի հիմքում, եւ որոնք, ինչպես տեսնում ենք՝ «հեշտ» չեն: Երբ ասում ենք, որ պետք է տղամարդկություն նման հարցերին մոտենալու համար իսկ, նկատի ունենք այն, որ կամ դու բավականաչափ քաջություն ունես ընդունելու Հայաստանի իրականությունը, ընդունելու համար ճակատագրի մարտահրավերը եւ պատասխանատվությունը՝ լինել անկախ Հայաստան, վարել հայկական քաղաքականություն, կարծիք հայտնել դրա մասին, կամ դու կարող ես ընտրել այս ամենն անտեսելու, եւ ճիշտ, բայց որեւէ գին չունեցող, դատարկ, վերացական ճշմարտություններ ճառելու տարբերակը հանուն օրվա կուրսի, օրվա մեջ լավամարդ լինելու համար: Ազգային վերնախավը, քաղաքական առաջնորդող խավն այն չէ, որ անիծում է բախտը, կամ էլ ուզում է բոլորի համար լավը լինել եւ դուր գալ, որը հեշտ կյանք է փնտրում, եւ ուզում է սիրվել ու ընտրվել աղջկա նման, այլ այն, որ ընդունում է ճակատագիրը, զորանում է խնդիրների մեծությունից, վիճակ է նետում, բացառում է փախուստի ճամփան, եւ իրեն նվիրում է անմահ աստվածներին՝ դառնալով դից հովանավորյալը, եւ դից կամքով առաջնորդվողն ու առաջնորդողը:

Հայաստանը կամ ունենալու է ուժեղ բանակ կամ չի լինելու ընդհանրապես: Ոչ թե պետությունն, այլ երկիրն ու ժողովուրդն իսկ: Հայաստանը ոչ միայն հայերին, այլ ոչ մեկին պետք չի ու հետաքրքիր չէ առանց իր ռազմական ներուժի: Մենք բան չունենք այսօր բացի մեր բանակից եւ պատերազմում մեր հաղթանակից: Չի լինելու ոչ հայկական գիտություն, ոչ հայկական մշակույթ, ոչ հայոց լեզու իսկ, եթե չլինի հայկական ռազմական ուժ: Այդպես եղել է միշտ, այլ ոչ միայն այսօր, եւ այդպես լինելու՛ է միշտ: Մեր բոլոր հին արժեքները՝ այբուբենից մինչեւ ճարտարապետական հուշարձաններ ու մանրանկարներ ստեղծվել են հայկական ռազմուժի հովանավորությամբ եւ պաշտպանությամբ: Եթե մեկն այլ կերպ է պատկերացնում, նա չի հասկանում հայոց պատմության այբն ու բենը: Նոր դարաշարջանում մեր լավագույն մշակութային սերունդները զոհվեցին՝ չհասցնելով նորմալ բերք տալ՝ 1915-ին եւ 1937-ին, որովհետեւ մենք չունեիքն սեփական պաշտպանության համակարգ: Իսկ երբ մենք անկախության դիմաց անվտանգություն ակնըկալեցինք ռուսական բանակից, մենք բոլոր ճգնաժամային կետերում ստացանք ջարդ ու կոտորած: Նույնիսկ մեր ամենասիրած սովետական Հայաստանի շրջանում, մենք ունեցանք 1988-90-ի հայկական ջարդեր, եւ պաշտպանող չգտնվեց, եթե չասենք՝ հակառակը: Ու Սոբետական Հայաստաում հայերի բոլոր գիտական նվաճումներն էլ հաշիվ չեղան: Մենք հրեշտակաց աշխարհում չենք, ոչ էլ երկնային արքայությունում: Վերջապես պետք է հասկանանք աշխարհը մեր շուրջ՝ դա ուժ է, նորից ուժ եւ կրկին ուժ, եւ ուրիշ ոչինչ: