articles

Փնտրում եմ

Զավակս մյուս տարի պետք է գնա դպրոց: Ընտանիքիս համար այդ կարեւոր իրադարձությանն ի հաջողություն, արդեն բավական ժամանակ է իրարանցման մեջ եմ:

Փնտրում եմ սովորական հանրակրթական դպրոց, որտեղ կդասավանդեն Ուսուցիչներ: Նախ ասեմ, որ քառակուսի մետր/միլիոն դրամ հարաբերակցությամբ վերանորոգված դպրոցներն ինձ չեն հետաքրքրում: Այդ շքեղ հաստատությունները թողնում եմ «Հայլուր»-ի հետ հիացական աչքերով ամեն երեկո առերեսվողներին: Ինձ ներքին բովանդակությունն է հետաքրքրում: Ու քանի որ ներքին բովանդակություն ասածը շատ տարողունակ ու հարաբերական հասկացություն է, փորձեմ առավել մանրամասնել պահանջներս: Եվ այսպես.

Փնտրում եմ

այնպիսի դպրոց, որտեղ Ուսուցիչները դասը կսկսեն Հայկ Նահապետի ազատատենչությունը հիշատակելով ու ամեն տեսակ բռնակալների դեմ ընդվզում սերմանելով,

այնպիսի դպրոց, որտեղ Ուսուցիչները դասը կշարունակեն անկախ Հայաստանի գործին Պարույր Հայկազնի նվիրումը ուսուցանելով ու մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող ամեն տեսակ վտանգների դեմ պայքարի ոգեկոչելով,

այնպիսի դպրոց, որտեղ Ուսուցիչները դասը կավարտեն Սասունցի Դավթի առաքինությունները վկայակոչելով ու ամեն տեսակ Մսրա Մելիքների դեմ նաեւ իմ զավակի հաղթանակը կանխատեսելով,

ու հատկապես այնպիսի դպրոց, որտեղ Ուսուցիչները զբաղված կլինեն իրենց աշակերտներին ու նաեւ իմ զավակին այս գաղափարների ժառանգականության խնդիրը արմատավորելով:

Գիտեմ, որ անիրական բան չեմ ուզում, քանի որ երբեւէ իրականություն էր օտարալեզու դպրոցներին վերջ տված Սուրբ Մեսրոպն իր հանճարով: Իրականություն էր նաեւ Մաշտոցին աշակերտած հայոց հայրերի` Թարգմանչաց դպրոցի ներկայացուցիչների գոյությունը: Ու սա այն հեքիաթը չէ, որտեղ բարին հաղթում է չարին: Սա մեր իրականությունն էր` 5-րդ դարի իրականությունը: Թարգմանչաց դպրոցի գոյությունը «հին ու բարի ժամանակներին» վերագրողներին համբերություն եմ մաղթում, որպեսզի սկսեմ ներկայացնել հին ու ծանր ժամանակները: Դարերի հաշվարկը թողնում եմ ընթերցողին:

Հայոց պետականության հերթական կորստի դառն ու խառնակ ժամանակներում ապրում էր Գրիգոր Մագիստրոս (վախճ. է 1058թ.) անունով մի իշխան: Ռազմա-քաղաքական ակնառու գործիչ լինելով հանդերձ` նա հիմնեց բարձրագույն տիպի դպրոց-ճեմարան, որտեղ սկսեց դասավանդել ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա եւ այլ առարկաներ: Բայց նա իր աշակերտներին հատկապես դասավանդեց ազատությանը, պետական ինքնիշխանությանը, հայի բարոյական նկարագրին ու կամային հատկանիշներին վերաբերող գաղափարներ: Ու ավանդեց, որ այդ գաղափարների ժառանգականությունն ու կիրառությունն ապահովելու համար իրեն աշակերտածները նույնը պետք է ավանդեն իրենց աշակերտներին: Ես Գրիգոր Մագիստրոսին եմ փնտրում:

Գրիգոր Մագիստրոսին աշակերտած սաների մեջ էր նաեւ նրա հարազատ որդին` Վահրամը (վախճ. է 1105թ.), որ շուտով դառնալու էր հայոց գիտակ կաթողիկոսներից մեկը` Գրիգոր Վկայասեր անվամբ: Նա Սեւ լեռների Արեգնի վանքում հիմնեց իր դպրոցը եւ դասավանդելուց ու թարգմանական գործից զատ ավանդեց, որ հորից փոխանցված ու սեփական գիտատենչությամբ ձեռք բերված գաղափարների ժառանգականությունն ապահովելու համար իրեն աշակերտածները նույնը պետք է ավանդեն իրենց աշակերտներին: Ես Գրիգոր Վկայասերին եմ փնտրում:

Գրիգորի լուսավորչական գործը իր շարունակությունն ունեցավ եւ Վկայասեր կաթողիկոսին աշակերտած բազում սաներ նույն գործը շարունակեցին արդեն Սեւ լեռների մյուս` Կարմիր, Շուղրի, Այգեկ վանքերում բացված դպրոցներում` տալով Շնորհալիների մի ամբողջ աստղաբույլ` Սարգիս, Իգնատիոս, Բարսեղ ու հատկապես Ներսես (վախճ. է 1173թ.):

Ես Սեւ լեռների վարդապետ ուսուցիչներին ու նրանց հիմնադրած դպրոցներն եմ փնտրում:

Փտրում եմ Սեւ լեռներում ուսումնառած ու Նոր Գետիկի դպրոցը հիմնադրած Մխիթար Գոշին (վախճ. է 1213թ.):

Փտրում եմ Մխիթար Գոշին աշակերտած ու Խորանաշատի ուսումնագիտական դպրոցը հիմնադրած Վանական Վարդապետին (վախճ. է 1251թ.):

Փտրում եմ Վանական Վարդապետին աշակերտած ու Հայոց վարդապետարանը ղեկավարած Վարդան Արեւելցուն (վախճ. է 1271թ.):

Փտրում եմ Վարդան Արեւելցուն աշակերտած ու Մշո Առաքելոց վանքի դպրոցը պաշտոնավարած Ներսես Մշեցուն (վախճ. է 1284թ.):

Փտրում եմ Ներսես Մշեցուն աշակերտած ու Գլաձորի համալսարանը հիմնադրած Եսայի Նչեցուն (վախճ. է 1338թ.):

Փտրում եմ Եսայի Նչեցուն աշակերտած ու Տաթեւի համալսարանը հիմնադրած Հովհան Որոտնեցուն (վախճ. է 1386թ.):

Փտրում եմ Հովհան Որոտնեցուն աշակերտած ու Տաթեւի ու Ապրակունիսի բարձրագույն դպրոցները ղեկավարած Գրիգոր Տաթեւացուն (վախճ. է 1409թ.):

Փտրում եմ Գրիգոր Տաթեւացուն աշակերտած ու Մեծոփավանքի բարձրագույն դպրոցում րաբունապետ եղած Թովմա Մեծոփեցուն (վախճ. է 1446թ.):

Փտրում եմ Թովմա Մեծոփեցուն աշակերտած ու Արծկեի եւ այլ կենտրոններում գործունեություն ծավալած մեր մյուս մեծերին:

Փնտրում եմ տասնյակների, հարյուրների, հազարների, թեկուզեւ` մեկի:

Գիտեմ, որ արձագանքողներ կլինեն: Սակայն, ի սեր Աստծո եւ զավակիս ապագայի,

Խնդրում եմ`

ինձ չանհանգստացնեն երբեւէ «Հանրապետական» քամուց հրապարակ քշված կամազուրկ ծնված ու ճորտ մեծացած նյութապաշտ ժամավաճառները,

ինձ չանհանգստացնեն երբեւէ Ստամբուլն արյան ծով տեսած, սակայն ձեռքի հետ հորինված երկրին ու իրենց «սուրբ» գործին` հոգու թալանին անդամագրվածները,

ինձ չանհանգստացնեն երբեւէ Արթուրիկ կանչած, սակայն օրվա հետ նորից հեղափոխական հովերով տարված ու ՀՅ դաշնակած երկերեսանի դեմագոգները,

ինձ չանհանգստացնեն երբեւէ համբալ մեծացած, սակայն դոդի արքետիպալ կերպարը շուտ ընդօրինակած գավառամիտ դիլետանտները,

ինձ չանհանգստացնեն երբեւէ իրենց գլխավերեւում Ռոբի նկարը Սերժով փոխարինած ու, - «ամեն դեպքում», - ասելով` նեղ օրվա համար Ռոբի հետ Լեւոնի նկարը աջ դարակի ամենախորքում պահ տված տնօրենները,

ինձ չանհանգստացնեն բոլոր այդ «ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված եւ ոչ Սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը»,

ինձ չանհանգստացնեն բոլոր այդ ուսուցիչները, ովքեր Խորենացու Ողբի այս տողերը դասավանդում են` հաջորդ իսկ պահին նույն արատները գործնականում կյանքի կոչելու ու Ողբի ողբերգականությունը ապացուցելու համար:

Ու քանի որ բան ու գործ թողած շարունակ փնտրում եմ, մի վերջին անգամ խնդրում եմ` հարգարժան հա՛յ մարդ, թերթի այս էջը ամրացրու մոտակա դպրոցի պլպլան պատին` ի գիտություն Աբովյանի սուրբ գործը իրենց ուսերին հազիվհազ տանող ուսուցիչների, որ ես օրը ցերեկով կանթեղը ձեռքիս իրենց եմ փնտրում: