articles

Որտեղի՞ց այսքան անհագ սրիկա, բռնապետ ու բիճ

Հասարակության մի աննշան մասի կողմից երկրում առկա գրեթե ողջ ֆինանսատնտեսական կապիտալի բռնազավթման, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական ազդեցության ոլորտների բաշխման արդյունքում այժմ Հայաստանում հաստատվել է օլիգոպոլ արատավոր մի համակարգ:

Այստեղ խոշոր սեփականատերերը ճորտատիրոջ կարգավիճակով տնօրինում են ոչ միայն մարդկային ռեսուրսները, այլ նաև ճորտատիրոջ հոգեբանությամբ ուղղորդում են պետական քաղաքականությունը: Վերջինս միտված է մի գերնպատակի իրականացմանը: Այն ենթադրում է փաստացի իշխանությամբ օժտված սեփականատերերի հարստացում` ըստ զբաղեցրած աստիճանակարգի: Այդպիսով սեփական ընչաքաղցությանը հագուրդ տալու համար ի հաշիվ պետական շահի հաստատվել է հատվածական շահի գերիշխանությունը: Ներկայումս Հայաստանում բիզնես շահերը վեր են ամեն տեսակ ազգային պետական ծրագրերից, իսկ հարստության հանդեպ մոլուցքը սահմաններ չի ճանաչում: Սակայն ցավալի է արձանագրել, որ խոշոր սեփականատերերից զատ, հարստանալու անհագ ցանկությունը պատել է նաև ֆինանսների հետ գործ ունեցող գրեթե յուրաքանչյուր անհատի:

Սովորական քաղաքացիներիս համար մի քիչ դրամը կօգներ, օրինակ, կենցաղային ինչ-որ խնդիրներ լուծելու, առավել չափը` շարժական գույք ձեռք բերելու, մեծ դրամային զանգվածը` տուն կառուցելու ու այգի հիմնելու, ընտանիք կազմելու ու զավակներ մեծացնելու: Մի խոսքով, կօգներ ապրելու սովորական մարդկային կյանքով: «Իսկ ավելին ունենալու դեպքո՞ւմ», - հարց կտաք դուք: Պատասխանը միանշանակ է: Ավելին ունենալու դեպքում գործ կունենանք մեր անձնական ու ընտանեկան պահանջմունքների սպառման և վերընտանեկան` հասարակական ու պետական պահանջմունքների բավարարման հետ: Հետևաբար հարկ կլինի այն ուղղել հենց հասարակական ու պետական ոլորտներ: Սակայն այլ է մեր հղփացած մեծահարուստների ու նրանց շարքերը համալրել փորձող խոշոր պաշտոնեության դեպքում: Այլ է նաև հարստանալու մոլուցքով տարված շատ ու շատ անհատների պարագայում:

Յուրաքանչյուրիս համար համընդհանուր ճանաչում գտած փաստ է, որ քրեաօլիգարխիկ խավի յուրաքանչյուր միջին ներկայացուցիչ տնօրինում է մի քանի առանձնատների, հարյուրավոր հեկտարներով հողահանդակների, տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող ավտոմեքենաների, միլիոնավոր դոլարներ կազմող դրամային զանգվածի ու այսպես շարունակ: Իսկ իշխանությունը բռնազավթած խոշոր ֆինանսական օլիգարխների կարողություններին ավելի լավ է անգամ չանդրադառնալ: Նրանց ունեցվածքի թվարկումը, ի վերջո, անհետաքրքիր կդարձնի կապիտալի մասին մեր պատկերացումները: Կուտակել են «յոթը պորտ» հաշվարկով:

Հարց է ծագում` հարստանալ հանուն ինչի՞: Հասարակության մեջ ու մասնավորապես մեծահարուստների շրջանում կա՞, արդյոք, ծրագիր, կամ թեկուզև ցանկություն, կուտակած ու կուտակելիք հարստությունը ծառայեցնելու որևէ առարկայական նպատակի: Թե՞ հարստանալ հանուն անվերջ հարստանալու:

«Բայց, - կասեն ինձ, - նրանք այդ խնայողությունները հետ են գցում իրենց զավակների ու ժառանգների համար»: Այս պատասխանն արդեն երկու հազար տարեկան է: Պլուտարքոսն իր «Արծաթասիրության մասին» տրակտատում, ի շարունակություն այս պատասխանի, գրում է. «Համ էլ ի՞նչ նպատակով են նրանք ցանկանում իրենց զավակներին ու ժառանգներին թողնել շատ դրամ ու մեծ կարողություն: Ըստ երևույթին, նրա համար, որ նրանք էլ ժառանգություն խնայեն ուրիշների համար, սրանք էլ` իրենց հերթին: Այսպիսով, նրանք, բաղադրովի կավե խողովակների նման ընդունածից ոչինչ չպահելով իրենց մեջ` մեկը մյուսին փոխանցեն այնքան ժամանակ, մինչև որ կողմնակի մեկը` կամ մի սրիկա, կամ մի բռնապետ, փշրելով վերջին օղակը` հարստությունները շուռ տա մի այլ ուղղությամբ, կամ թե տոհմի մեջ հայտնվի, ինչպես ասում են, մի բիճ ժառանգ, որն իր նախնիների ժառանգությունն ուտի պրծնի ուզածի պես»:

Ծանոթ պատկեր է, չէ՞: Թե՛ սրիկան, թե՛ բռնապետը և թե՛ բիճ ժառանգը կարծես մեր գլխով վաղուց անցել են: Հիշեցման կարգով միայն արձանագրենք. սրիկան ու բռնապետը` այն քուրդն ու թուրքն են, ովքեր չկշտանալով ձեռք բերածով` արդեն հարյուր տարի Էրգրում հայի կառուցած պատերի տակ շարունակում են գանձ որոնել: Իսկ գաղթականի օրինավոր ժառանգներս էլ ամեն լուսավոր օր հիշում ենք մեր մեծահարուստ պապերի թաքցրած ոսկիների կոորդինատները: Դե իսկ բիճ ժառանգի փաստով կարելի է ցավակցել մեր նորօրյա մեծահարուստներին: Ընդամենը մեկ գիշերային այցը մերձերևանյան խաղատներ բավարար է ժառանգների բճության մասին պատկերացում կազմելու համար:
Սակայն շարունակենք դասականի մտքերից մեր մեջբերումները, որոնք կարծես վերաբերում են բոլոր ժամանակների հայոց մեծահարուստներին. «Կծծիները, կարծելով, թե որդիներ են դաստիարակում, իրականում նրանց փչացնում են և այլասերում` նրանց մեջ սնուցելով հարստանալու իրենց մոլությունը և ասես թե դրանով ժառանգների մոտ պահակակետ կարգելով ժառանգության պահպանման համար: «Դիզի՛ր և մի՛ վատնիր ու հիշի՛ր, որ դու արժես այնքան, որքան որ դու ունես», - այսպիսին են նրանց խորհուրդներն ու խրատները»:

Վաղուց է, ինչ հայերը ձեռք են բերել առևտրականի համբավ: Սակայն վաղուց է նաև, ինչ հայերը ձեռք են բերել նաև կապիտալի յուրահատուկ դիզողի համբավ, որի պատճառով անցած դարի սկզբին իրենց վրա էին բևեռել անգամ եվրոպական քաղաքական շրջանակներին: Լոուրենս Արաբացին այդ կապակցությամբ նկատում էր. «Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար»: Կուտակածը երբևէ քաղաքական նպատակներով իրացնելու վտանգն աչքի առաջ ունենալով էլ հայերն այդուհետ Լոուրենս Արաբացու բերանով խոսող եվրոպական քաղաքական առանձին շրջանակների կողմից դիտվելու էին բնաջնջման ենթակա զանգված: Իսկ նրանց կուտակած կապիտալը արդյունքում, առանց որևէ նշանակալից պետական ձեռնարկման մեջ ռեալիզացվելու (ինչից այդքան սարսափում էին եվրոպացիներն ու հրեաները), բաժին էր դառնալու Պլուտարքոսի նշած սրիկաներին ու բռնապետներին` թուրքերին ու քրդերին: Սակայն դա բավական չէր սթափվելու համար: Օտարի բռնազավթումներին տարիներ անց փոխարինելու էին գալու սեփական բճերի մսխումները: Դարեր շարունակ հայության կուտակելու մոլուցքն այժմ արդեն ջարդուփշուր էր լինելու «պապայի բալեքի» դեգրադացված վարքում: Ցեղասպանությունից դասեր չքաղած` հարյուր տարի անց հայրենիքի ազգային կապիտալը այսպիսով տրվելու էր նորահաս մեծահարուստներին ի պահ, կամ դրվելու էր նրանց բճերի ցոփ ու շվայտ կյանքին ի սպաս:

Ընդդիմախոսներս կարող են պնդել, որ կապիտալի կուտակումներն ու մսխումները հետխորհրդային երկրներում օրինաչափություն են և կապ չունեն ազգային հոգեբանական առանձնահատկությունների հետ: Չեմ մերժում, այլ ընդամենը լրացնում եմ: Ու այդ իսկ պատճառով վկայաբերել եմ երկու հազար տարվա օտարների կողմից մատնանշված ճշմարտություններ, որոնք հետահայաց կարգով թույլ են տալիս արձանագրել, որ վերջին հարյուրամյակներում հայության կուտակած ո՛չ խոջայական և ո՛չ էլ արդյունաբերական կապիտալները (դրանց աստղաբաշխական թվերի մասին առասպելներ են շրջանառվում) չեն ծառայել ազգային պետական էական որևէ խնդրի լուծմանը: Իսկ խոջաների ու մանթաշովների հարուստ թոռներն էլ շուրջս չեն երևում, որ կարծիք կազմեմ դրամակուտակման առանձին հաջողված օրինակների մասին: Հետևաբար կարող եմ մի փոքր խորհուրդ տալ այսօրվա «առաջադեմ» մեծահարուստներին առ այն, որ իրենց կուտակածը շան ու գելի (ռուսի ու թուրքի) բաժին չդառնալու համար ժլատ չգտնվեն ու իրենց միլիարդավոր դոլարներն ուղղեն հասարակության ու պետության կայացմանն ու հզորացմանը: Դրանով ապահովագրած կլինեն հենց իրենց իսկ կապիտալը: Վկա Իսրայել պետությունը: Իսկ կեղծ բարեգործություններն ու ներդրումներն էլ վկա չբերեն: Հայ հանրությունն իրենց ամբողջն է ու խաչագողի «ֆռռցնելու» կերպարին լավ ծանոթ: Հետևաբար պաշար ամբարող մկան ու գլուխը ավազի մեջ խոթող «ֆռռցնող» ջայլամի փոխարեն, կարող են նախընտրել ու հետևել կենդանական աշխարհի առավել ազնվացեղ կենդանիների վարքին: