articles

Ամեն ինչ կախված էր ժողովրդից, իսկ ժողովուրդը` խոսքից

Մարտի 1-ին կանգնելով Մատենադարանի մոտ հավաքված բազմահազար քաղաքացիների առջեւ` ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց ոչ թե հանդես գալ ելույթով, այլ հանրահավաքի անունից հայտարարություն ընդունել:

Կարելի է վստահությամբ պնդել, որ ինչպես նախորդ շրջանում ընդդիմության կողմից առաջադրված մյուս պահանջները, հայտարարությամբ վարչախմբին ուղղված 15 նոր պահանջներն այժմ եւս չեն կատարվի: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է նկատել, որ հայտարարության բովանդակային կողմը որքան էլ արժեքավոր ու այժմեական լինի, ընթացիկ քաղաքական գործընթացների վրա նրա օգտակարությունը չնչին է լինելու:

Ուստի մի կողմ թողնելով պահանջների բովանդակային կողմը` անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առավել կարեւոր` հայտարարության ընդունման ձեւական կողմին: Լինելով վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահի կիրառած ամենից կարեւոր մարտավարական քայլը` վերջինս իսկապես կարող է դառնալ երկրում փոփոխությունների սկզբնավորման գեներատոր, եթե հաջորդ հանրահավաքների ընթացքում ապահովվի դրա շարունակականությունը: Խոսքն այս դեպքում ընդդիմության որոշումների ընդունման գործառույթում հանրահավաքին ներկա քաղաքացիների մասնակցության ապահովմանն է վերաբերում, ինչպես նաեւ` այդ որոշումները գործադրելու քաղաքացիական հասարակության իրավասության ճանաչմանը: Սա ոչ այլ ինչ է, քան պետական կառավարմանը քաղաքացիների ուղղակի մասնակցության ամրագրում, որը բնորոշ էր անտիկ քաղաք-պետություններին:

Պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ քաղաքացիների մասնակցությունը պետական կառավարմանը երբեւէ իրացվել է երկու ճանապարհով: Պետության բնակչության քանակից կախված կիրառվել են կամ քաղաքացիների ուղղակի որոշումներ կայացնելու, կամ ներկայացուցչական մարմինների միջոցով պետական կառավարմանը մասնակցելու ձեւերը: Այդ իսկ պատճառով հատկապես հնադարում քաղաք-պետություններում` պոլիսներում, գումարվում էին ժողովրդական ժողովներ, որտեղ քաղաքացիները կայացնում էին պետական նշանակության որոշումներ, ընտրում էին պետական պաշտոնեությանը եւ այլն: Պատմության նոր ու նորագույն շրջանում, պետական խոշոր կազմավորումների փաստով պայմանավորված, ժողովրդավարական հասարակարգերում լայն կիրառություն էր գտել արդեն քաղաքացիների ներկայացուցչական մարմինների միջոցով պետական կառավարմանը մասնակցելու ձեւը: Ժողովրդաիշխանության (դեմոկրատական պետության) կառավարման այս երկու համակարգերի աղբյուրն, այսպիսով, մշտապես հանդիսացել են պետության քաղաքացիները, ովքեր օժտված են եղել որոշումներ կայացնելու կամ ընտրելու իրավասությամբ:

Վերջին մեկուկես տասնամյակի հայաստանյան փորձը ապացուցում է, որ քաղաքացիների պատվիրակված լիազորման միջոցով պետական կառավարմանը մասնակցելու մեխանիզմը, որը գործնական կիրառություն պետք է գտներ հատկապես Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, վաղուց իրեն սպառել է: Հոկտեմբերի 27-ից հետո մոնոլիտացված ավազակապետական վարչախումբը, իր ձեռքում ապօրինաբար կենտրոնացնելով ռազմական ու վարչական բոլոր ռեսուրսները, այլեւս հնարավորություն չի տվել քաղաքացիներին ազատ կամարտահայտության միջոցով հասնել ցանկալի որոշումների փոքր իսկ իրականացմանը: Այդ իսկ պատճառով ընտրական մեխանիզմների չգործելու ներկայիս պայմաններում պետության ու քաղաքացու փոխադարձ կապն ապահովող միակ հիմնական միջոցը դարձել է հրապարակում անցկացվող այն նույն ժողովրդական ժողովը, որի միջոցով քաղաքացիները երբեւէ կարողացել են իրացնել պետական կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը: Ու դա ոչ միայն հնադարում լայն կիրառություն գտած պրակտիկա է, այլ հենց այսօր ողջ աշխարհի ուշադրությունը գրաված հիմնական քաղաքական գործիքը, որի միջոցով բռնապետական տիրապետության տակ գտնվող քաղաքացիական զանգվածները կարողանում են ի վերջո հասնել իրենց ձայնի իրավունքի հաստատմանն ու հետեւաբար պետական կառավարմանը սեփական մասնակցության ապահովմանը:

Եգիպտական Թահրիր հրապարակից անցում կատարելով դեպի Մատենադարանի հարթակ` կարող ենք տեսնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային գործողություններն, այսպիսով, ուղղված էին քաղաքացիական մանդատի ճանաչմանն ու նրա ձայնի իրավունքի ամրագրմանը: Եթե մինչ այդ ընդդիմության քաղաքական առաջնորդներն իրենց հիմնական որոշումները կայացնում էին սենյակներում ու դրա մասին քաղաքացիական հասարակությանը տեղյակ պահում հրապարակում ժողովրդի հետ առերեսվելուց հետո, ապա մարտի 1-ին ՀՀ առաջին նախագահի կողմից գործարկվեց այն հին մեխանիզմը, որով քաղաքացիներն իրենք էին դառնում որոշումների ընդունման հեղինակն ու դրա կյանքի կոչման երաշխավորը: Այդ տեսանկյունից հատկանշական էր հրապարակված հայտարարությունը քվեարկության դնելու հանգամանքը: «Այժմ խնդրում եմ քվեարկել. համաձա՞յն եք ընդունել այս հայտարարությունը. դե՞մ. ձեռնպա՞հ: Ընդունվում է ձայների բացարձակ մեծամասնությամբ», - սրանք էին ընդդիմության առաջնորդի առաջին քայլերը ուղղակի ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին:

Սակայն հայտարարությունը համաժողովրդական քվեարկության դնելով չէ միայն, որ ապահովվեց քաղաքացիական նոր իրավունքների հաստատման խնդիրը: Հաջորդ քայլը` ժողովրդական ժողովի հրավիրման նոր օրվա մասին Տեր-Պետրոսյանի խոսքը, կրկին առաջին պլան բերեց ընդունվելիք որոշումներին քաղաքացիների անմիջական մասնակցությունը: Իշխանությունների ձեռնարկած գործողությունները հաջորդ «նիստում»` մարտի 17-ին, ժողովրդի հետ միասին քննարկելու ու համապատասխան եզրակացություններ կատարելու ընդդիմության քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը դարձավ եւս մի կարեւոր պայման ուղղակի ժողովրդավարություն հաստատելու գործում: «Ըստ այդմ, այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ», - սրանք էին ՀՀ առաջին նախագահի վերջին խոսքերը:

Կարելի է արձանագրել, որ վերջին հանրահավաքից հետո ընդդիմության քաղաքական ղեկավարության կողմից ուղղակի ժողովրդավարության հաստատման մարտավարությունը շարունակական դառնալու դեպքում կարող է հզոր գործիք դառնալ երկրում դրական փոփոխությունների հասնելու գործում: Ժողովրդական ժողովների որոշումների կենսագործումը ճանաչելով իրենց սահմանադրական իրավունքների հաստատման ամենակարճ ուղի` քաղաքացիներն այդուհետ այն կարող են կիրառել իրենց քաղաքական իրավունքների ու հատկապես ընտրական իրավունքի ուղղակի հաստատմանը հասնելու համար: Վերջինս հարկ է հասկանալ ոչ միայն նեղ` իրավաբանական իմաստով, այլ առավել լայն` քաղաքական: Իսկ այդ դեպքում հիշարժան են անտիկ մեծերի հետեւյալ մտքերը` «Երբ ժողովուրդը ընտրության տերն է, նա տերն է նաեւ կառավարության» (Արիստոտել), ու նաեւ` «Հունաստանում ամեն ինչ կախված էր ժողովրդից, իսկ ժողովուրդը` խոսքից» (Թենելոն):

Մարտի 17-ին սպասենք առաջնորդների խոսքին ու մեր ընտրությանը: