articles

Քաղաքական ավանդույթների պատմությունից - 1

Ավանդույթն այնպիսի մի երևույթ է, որը դարերի ընթացքում անցնելով բազում բնածին արհավիրքների ու մարդածին ավերածությունների միջով, մեծամասամբ կարողանում է պահպանել իր կենսունակությունը:

Հանրույթի դարերով կրկնվող նույնաբովանդակ քաղաքական վարքակարգը, որպես ավանդույթի մասնավոր դրսևորում, հանրային կենսակերպում իր հերթին հանգեցնում է քաղաքական ավանդույթի ձևավորմանը: Որպես սերնդեսերունդ փոխանցվող մտածողության ու վարքի չափանիշ, այն դառնում է հանրույթի քաղաքական մշակույթի կարևոր բաղկացուցիչը, որի տեսական իմացությունը ներկայի ու ապագայի քաղաքական գործընթացների ծրագրավորման գործում կարող է կարևոր նշանակություն ունենալ:

Այն, որ հայաստանյան քաղաքական կյանքում նախկին խորհրդային քաղաքական ավանդույթներն այսօր իսկ շարունակում են իրենց դերակատարությունը (առավելապես բացասական)` տեսանելի է անգամ սովորական քաղաքացուն: Բյուրոկրատական քաշքշուկներից մինչև պետական ապարատին սերտաճած գողական վարքուբարքեր, գաղափարական դաշտում կեղծ պատրիոտիզմից մինչև կոլեկտիվիզմ` այս ամենը դեռևս ներկա քաղաքական մշակույթի բաղկացուցիչն են: Սակայն արդյո՞ք միայն խորհրդային քաղաքական ավանդույթներն են կազմում ներկա քաղաքական մշակույթի հիմքը:

Դարեր շարունակ լինելով կայսրությունների տիրապետության տակ` հայոց հանրային կյանքում, իհարկե, դեր են խաղացել նաև ցարական, թուրքական, պարսկական ևն քաղաքական ավանդույթները: Սակայն առավել մեծ ազդեցություն կարող էին թողնել հազարամյա ազգային քաղաքական վարքականոնները, որոնց գերակշիռ մասը, ինչպես կտեսնենք, հայ ժողովրդի ուղեկիցն էին նրա ծագման օրվանից:

Քաղաքական գործընթացների վրա առավել խորքային քաղաքական ավանդույթների ազդեցության վերհանումը դժվար իրագործելի խնդիր է: Այդ տեսանկյունից հասարակությանը միայն մատչելի են հայրենակցական հոգեբանական ընդհանրական բնութագրերը, որոնք ինչ-որ չափով երբևէ առնչվել են տվյալ հանրույթում գոյություն ունեցած նաև քաղաքական բարքերին: Հայտնի են, օրինակ, վանեցիների ժլատությունը, լոռեցիների միամտությունը, մոկացիների դիմացկունությունը ևն:

Սակայն դարեր առաջ քաղաքական ինքնիշխանությունը կորցրած լինելու պատճառով, հայ հանրության համար այժմ կորսված են համարվում (իրականում` մնում են անտեսանելի) սեփական ազգային քաղաքական ավանդույթները:

Քաղաքական ավանդույթները նման են այն բազմաթիվ տեղանուններին, որոնք, չնայած ռազմա-քաղաքական տեղաշարժերին ու էթնիկ զտումներին, դարերի ընթացքում շարունակում են պահպանել իրենց անվան կենսունակությունը տվյալ տեղագրական տարածքի նկատմամբ: Ու ինչպես, օրինակ, այսօրվա Խարփութ կամ Երզինջան թրքացված անվանաձևերում նկատելի են մեր Խարբերդ ու Երզնկա քաղաքների անունները, այնպես էլ քաղաքական շատ գործիչների քաղաքական վարք ու բարքում նշմարվում են հայոց հնօրյա քաղաքական ավանդույթները:

Հնադարում և միջնադարում Հայաստանը ներկայանում էր որպես նախարարական կարգերով ապրող քաղաքական մի կազմակերպություն, որտեղ յուրաքանչյուր խոշոր նախարարություն հանդես էր գալիս քաղաքական առանձին ինստիտուտի դերում: Առանձին նախարարություններ, պայմանավորված երկրի ներսում ունեցած իրենց հսկայական կշռով, ունեին անգամ մի տեսակ քաղաքական կուսակցության դերակատարություն: Այդ նախարարությունների կայուն քաղաքական վիճակները, ժամանակային կտրվածքում չափվող ոչ թե տասնամյակներով, ոչ թե հարյուրամյակներով, այլ` հազարամյակներով, ընդհանուր պատմական կոնտեքստում վերածվում էին կայուն քաղաքական ավանդույթների: Դրանով իսկ, դրանք մի տեսակ նսեմացնում էին առավել կարճ ընթացք ունեցած այս կամ այն կայսրության տիրապետությամբ մեզ պարտադրված քաղաքական այլևայլ մշակույթները:

Վերը նշվածը հիմք է տալիս նկատելու, որ մերօրյա քաղաքական շատ գործիչների գործունեության հիմքում կարող են ընկած լինել հայոց նախարարությունների դարերի փորձությունը բռնած տարբեր քաղաքական ավանդույթները: Հետևելով մեր ազգի ու նաև նախարարական տոհմերի դեմոգրաֆիական տեղաշարժերին` այդ գործիչների բարքում ու վարքում կարելի է նշմարել հայոց նախարարությունների քաղաքական ավանդույթները: Թերթի սահմանափակ հնարավորությունները նշված խնդրի վերհանման գործում թույլ են տալիս ընդամենը մի ակնարկ կատարել:

Առանշահիկներ

Միջնադարի հայոց քաղաքագիտական ավանդույթը, օգտվելով գլխավորապես տոհմական ավանդություններից, Արցախի Առանշահիկների տոհմին Հայկյան ծագում է վերագրում: Սակայն առավել հավանական է, որ այս տոհմի ձևավորումը տեղի է ունեցել Արտաշես Ա-ի (Ք.ա. 2-րդ դար) վարչական բարեփոխումների շրջանում` Ծավդեացվոց իշխանության կազմավորմամբ: Արշակունյաց Հայաստանում այն խոշոր նախարարությունների թվին էր դասվում և պատերազմի ժամանակ մարտադաշտ էր հանում մինչև հազար զինվոր: Ավարայրի ճակատամարտում իր յոթ հարյուր քաջ հեծյալներով այս տոհմից հայտնի էր Բակ իշխանը:

Արաբական խալիֆայության շրջանում` 7-8-րդ դարերում, Առանշահիկների քաղաքական դերը թուլանում է: Սակայն 9-րդ դարից, կապված Առանշահիկ Սահլ իշխանի մի ձեռնարկման հետ, նրանք կրկին վերելք են ապրում: Այդ շրջանում խալիֆայությանը շուրջ երկու տասնամյակ ցնցում էր սոցիալական և ազգային-կրոնական զինված հզոր մի ապստամբություն, որի դեմ անզոր էին անգամ արաբական բանակները: Ի վերջո, հակաարաբական այդ շարժումը, որին միացել էին նաև Սյունիքի ու Արցախի իշխանները, իր վախճանը գտնում է Սահլ իշխանի շնորհիվ, ով 837թ. Արցախում իր դաշնակից` ապստամբության պարագլուխ Բաբեկին ձերբակալելով, հանձնում է արաբներին: Դրա դիմաց նա արաբներից ստանում է մեկ միլիոն դիրհեմ գումար ու Հայաստանի, Վրաստանի ու Աղվանքի ընդհանուր կառավարումը:

Այդուհետ Սահլի ու նրա ժամանակակից մեկ այլ Առանշահիկ հայտնի իշխանի` Եսայու ժառանգները շուրջ հազար տարի իշխեցին Արցախում` հիմք դնելով տարբեր իշխանական տոհմերի ու մելիքական տների: Միայն 19-րդ դարում վերջիններիս ներկայացուցիչները երկրամասում կորցրեցին քաղաքական իշխանությունը: Ղարաբաղը Ռուսական կայսրությանը միացվելուց հետո նրանք անցան կայսերական ծառայության:

Ընդհանրացնելով Առանշահիկների ավելի քան երկհազարամյա քաղաքական գործունեությունը` կարելի է ասել, որ այս տոհմին պատկանող Արցախի իշխաններն ու Ղարաբաղի մելիքները փայլել են հատկապես ռազմական ոլորտում: Քաղաքական գործունեության առավել լայն դաշտում նրանք զիջել են հայոց խոշոր շատ նախարարությունների: Քաղաքական մեծ կապերով ու կշռով հայտնի այս տոհմի ներկայացուցիչներից կարելի է նշել միայն Համամ Արևելցուն (9-10-րդ դարեր) ու Հասան-Ջալալին (13-րդ դար): Առաջինն ի շահ մեր երկրի ու ժողովրդի կարողացել էր քաղաքական սերտ կապեր հաստատել արաբների, իսկ երկրորդը` մոնղոլների հետ:
Դեռևս վաղ միջնադարում (5-րդ դարում) Պարսից տերության միջամտությամբ զատվելով հայոց քաղաքական կյանքից` Առանշահիկների քաղաքական գործունեությունը դրանից հետո գրեթե մշտապես կառուցվել է օտար կայսրություններից ի շահ սեփական իշխանության բարեկամեցողություն շահելու սկզբունքի վրա: Այս տոհմի ռազմական ձիրքը այդուհետ ծառայեցվել է առաջին հերթին հենց այդ խնդրի լուծմանը: Արդյունքում ռազմական հաջողությունները դարձել են ոչ թե համահայկական խնդիրների լուծման գրավական, այլ օտար տիրակալներին դուր գալու և նրանցից նորանոր պատիվներ ստանալու միջոց, որի վառ արտահայտությունն էր Սահլ իշխանի օրինակը: Հետագա դարերում նույնպես բազում են նման օրինակները:

Կայսերական անվերապահ հպատակության հետ մեկտեղ, Առանշահիկները երբևէ մի այլ բնորոշ քաղաքական ավանդույթի էին վերածել իրենց շուրջ (մեջ) օտար տարրերի հաստատման դեմ ագրեսիվ պայքարը: Վերջինիս ծագման դրդապատճառները պայմանավորված էին ինքնապաշտպանական մղումներով, որոնք սրվել էին Հայոց քաղաքական կյանքից զատվելուց հետո: 7-րդ դարում Առանշահիկների տիրույթներում պարսից Միհրանյան տոհմի հաստատմամբ Արցախի բնիկ իշխանները մրցակիցներ ձեռք բերեցին և շուտով ստիպված եղան հպատակվել Միհրանյաններին: Սակայն արդեն 8-րդ դարում, չնայած եկվորներն ամբողջությաբ հայացել էին և հովանավորում էին հայոց դպրությունն ու մշակույթը, Առանշահիկները, արյան վրեժը գործի դնելով, կարողացան բնաջնջել Միհրանյաններին ու երկրամասի քաղաքական իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Այդուհետ մինչև 18-րդ դար, երբ մելիք Շահնազարի թողտվությամբ Փանախ խանը հաստատվեց Շոշվա (Շուշիի) բերդում, Արցախում օտար տարրը բնավորվել անկարող եղավ: Հենց նշված հանգամանքն էլ այն գլխավոր կռվանն էր, որ Ղարաբաղի մյուս մելիքներին համախմբել էր Փանախ խանի դեմ պայքարում: Հազարամյա քաղաքական ավանդույթները զորավոր էին, բայց այդժամ դեռևս անկարող լուծել տվյալ խնդիրը:

Քաղաքական կայուն ավանդույթների մի այլ օրինակ էր աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների սերտաճման փաստը Ղարաբաղում: Հայոց քաղաքական կյանքում մինչ այդ արդեն լայն կիրառություն ստացած աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները մի տոհմի ձեռքում կենտրոնացնելու նախորդ փորձին հետևելով` Հասան-Ջալալի ժառանգները 14-րդ դարի վերջից իրենց ժառանգական արտոնությունը դարձրին երկրամասի կաթողիկոսությունը: Իսկ 16-րդ դարում Առանշահիկների ճյուղավորումներով ստեղծված Ջրաբերդի, Խաչենի, Գյուլիստանի Վարանդայի ու Դիզակի մելիքությունները` նաև տեղական առաջնորդարաններում հոգևոր սպասավորությունը: Այդուհետ մելիքների արտաքին քաղաքական ձեռնարկումներում Արցախի հոգևոր իշխանությունը ստանալու էր նշանակալից ձայնի իրավունք: Իսկ ներքաղաքական գործընթացներում հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների սերտաճման փաստը առաջ էր բերելու տոհմային շահով առաջնորդվելու խնդիր ու դրանով իսկ դառնալու էր կարևոր քաղաքական գործոն:

Գալով մեր օրերին` դժվար չէ նկատել, որ Ղարաբաղից ծագող քաղաքական շատ գործիչների վարքն ու բարքը հենվում են հարյուրամյակներ կիրառություն գտած և վերևում ներկայացված Առանշահիկների քաղաքական ավանդույթների վրա: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը իրենց կերպարների ձևավորման գործում առաջնորդվել են ռազմական գործչի այն իմիջով, որը դարեր շարունակ փառքի է արժանացրել Առանշահիկ իշխաններին: Կարելի ասել, որ ռազմական գործչի իմիջին տուրք տալը խոր արմատներ է ձգել նշածս գործիչների ենթագիտակցականում: Դրա հետ միաժամանակ ներկա քաղաքական կյանքում ակնհայտ է Առանշահիկների այն ավանդույթի կիրառելիությունը, երբ քաղաքական իշխանության հասնելով Հայաստանում, վերջիններս այն դիտել են (դիտում են) իրենց տոհմի (տվյալ դեպքում` ղարաբաղյան կլանի) արժանի վարձատրություն ռազմաճակատում իրենց կատարած սխրանքների, որի նկատմամբ այլ քաղաքական ուժերի հավակնությունները ենթակա են արյան մեջ խեղդելու: Նրանց կլանային սեփականատիրական հավակնություններում հայաստանյան քաղաքական մյուս ուժերը դիտվում են օտար տարրեր (նման պարսիկ Միհրանյաններին կամ թուրք Փանախ խանին), որոնք հանդգնություն են ունեցել իրենցից խլել (կամ` փորձել խլել) քաղաքական իշխանությունը:

Արտաքին քաղաքական կողմնորոշումներում «վոյինն» ու իր կլանը նույնպես շարժվում են Առանշահիկների դարավոր «ճշմարտություններով»: Այն է` կայսրություններին անվերապահ հպատակություն (այս հարցում Առանշահիկների հոգևոր իշխանության քարացած միտքը վերջին 300-ամյակի համար ճանաչում է բացառապես Ռուսաստանին), ի շահ սեփական իշխանության` օտար տիրակալներին (ռուսական ցարերին) դուր գալու և նորանոր պատիվներ ստանալու սկզբունքի կիրառում: Տվյալ սկզբունքը ղարաբաղյան կլանի համար ենթակա է նույնաբովանդակ կիրառման իրենց հպատակների հանդեպ, որտեղ, սակայն, տիրոջ կարգավիճակում հայտնվում են իրենք: Արցախում Առանշահիկների հազարամյա մենատիրական իշխանությունը նշածս գործիչների կողմից ներկայումս պրոյեկտվում է ամբողջ երկրում: Այդ խնդրում հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների սերտաճման կլանային մեխանիզմը ի վերջո պետք է ամրագրի ղարաբաղյան կլանի վերջնական տիրապետությունը ողջ Հայաստանում:

Քաղաքական այլ գործիչների մոտ նշմարվող ազգային (նախարարական) քաղաքական ավանդույթների մասին խոսք կլինի մյուս անգամ: