articles

«Ոչխարների» մորթապաշտությունն ու «գառների» մորթը

Մեր ազգի դժբախտությունների հարցում արտաքին աշխարհի դավադիր գործողությունները բացառող և մեղքն արտաքին աշխարհի վրա չբարդող հայի մոտ երբևէ առաջ է գալիս այն հարցը, թե ինչու է իր ազգը, որը կարծես թե համաշխարհային պատմության մեջ նշանակալից ավանդ ունի ներդրած, և որը հայտնի է իր ռազմական, առևտրային, գիտական ու ստեղծագործական ակտիվությամբ, այդքան պասիվ եղել քաղաքական գիտելիքը յուրացնելու, պետություն կառուցելու և պետական քաղաքականություն վարելու գործում: Ինչպե՞ս վերաբերվել պետական շինարարության գործում մեր անզորության առաջնային ցուցիչին` հարյուրամյակների ընթացքում հայոց պետականության բացակայությանը, ու, հատկապես, դրա արդյունքում մեզ պատուհասած ողբերգությանը` ցեղասպանության ենթարկվելու փաստին:

Անշուշտ, կարելի է արձանագրել, որ Մեծ եղեռնը տեղի է ունեցել, քանի որ հայ քաղաքական միտքը չի կարողացել գտնել ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու քաղաքական ճանապարհները, ապա նաև ժողովրդին տրամադրել զինված պայքարի: Սակայն նման բացատրությունից հետո հարցը չի սպառվում և կարիք ունի առավել խորը հարցադրումների: Ինքնին խնդիր կա հասկանալու, թե ինչու նախապես չեն գտնվել չարագույժ իրավիճակից դուրս գալու քաղաքական ելքերը, և ապա նաև համատարած ապստամբության միջոցով ինչո՞ւ չի իրականացվել հայ բնակչության պաշտպանությունը: Պատճառը ո՞րն է եղել` մտածողությո՞ւնը, հոգեբանությո՞ւնը, թուլակամությո՞ւնը, կազմակերպական ձիրքի բացակայությո՞ւնը, թե՞ այլ բան: Չէ որ արդեն օրհասական պահին առանձին հերոսամարտերը գալիս են ապացուցելու հենց զինված պայքարի արդյունավետությունն ու ժողովրդին փրկելու իրական մեխանիզմի գոյությունը, որը սակայն չի գործարկվել համատարած ձևով և ժողովրդի բոլոր շերտերին ներգրավելով:

Նախ պետք է նկատել, որ պայքարի առանձին օջախների սփռվածությունը Թուրքիայի տարածքում եղած հայության կոմպակտ բնակության տարբեր վայրերում (Մուսա լեռ, Շապին Գարահիսար, Սասուն, Ուրֆա եւ այլն) ցույց է տալիս, որ խնդիրն ինչ-որ մի սահմանափակ տարածքում պայքարի տրամաբանությունը չընկալող քաղաքական մտքի ամլության մեջ չէ: «Զինված լինելով» ողջ Արևմտյան Հայաստանում ֆիդայական շարժման արդեն տարիների փորձառությամբ, վառ պահելով ոչ վաղ անցյալի (1894թ., 1904թ.) Սասունի ինքնապաշտպանական մարտերի արձագանքները, աչքի առաջ ունենալով Ցեղասպանության օրերին մյուս վայրերից եկող հայության տարագրվող քարավաններին` զինված ապստամբության դիմելու միտքը, անշուշտ, պետք է որ ծագեր Հայաստանի կենտրոնական գավառների մեր հայրենակիցներից շատերի մոտ: Սակայն դրան դիմելու անվճռականությունն ու կազմակերպվելու անճարությունը կարող էին որոշիչ դեր խաղալ այդ քայլին չգնալու ճանապարհին:

Եթե խնդիրն այլ գործոնների թվում նաև անվճռականությանն է վերաբերում, ապա գործ ունենք առաջին հերթին հայի տվյալ ժամանակաշրջանի հոգեբանական կառուցվածքի ու ինչ-որ առումով նաև մտածողության նրբությունների հետ: Հենց սա պետք է փորձել վեր հանել: Սակայն, փաստական նյութի սղությունը, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած սերնդի գրավոր հուշերում մարդկային վարքի հեզամտությունը, անգործությունն ու անզորությունը բացահայտող հոգեբանական խորքային նկարագրությունների բացակայությունը այսօր բավական մեծ դժվարություններ են ստեղծում ցեղասպանվող ժողովրդի չդիմադրելու պատճառները վերհանելու համար:

Այստեղ հարկ է մի նկատառում անել: Ինքնապաշտպանության դիմելու գործում մեղադրանքի խոսքերն իհարկե չեն կարող վերաբերել սոցիալական խոցելի խմբերին` երեխաներին, ծերերին, հաշմանդամներին կամ թե սոցիալական մեծ ու փոքր խմբերում որոշումների կայացման գործում «ձայնազուրկ» տղամարդկանց ու կանանց: Այստեղ խոսքն Առաջին աշխարհամարտի պատճառով ու պատրվակով զորակոչված տղամարդկանց, իսկ ապա նաև բնակության վայրերում մեկուսացված ու կոտորված չափահաս ու կարող բնակչության (հատկապես` արական բնակչության) անզորության ֆենոմենի մասին է:

Հատկապես ոչ ստանդարտ իրավիճակներում մարդու բնույթին հատուկ է այն բնական առաջնորդներին հետևելու ցանկությունը, ովքեր կհամոզեն հանրությանը իրենց` ժողովրդի անվտանգությունն ու կեցությունն ապահովելու կարողությունը: Այդ իսկ պատճառով, նախ պետք է արձանագրել, որ քաղաքականությամբ զբաղվող կուսակցական գործիչներից ու Օսմանյան կայսրության պաշտոնեության մեջ եղած հայ ներկայացուցիչներից բացի, մեր քաղաքական գործիչների տվյալ ժամանակաշրջանի կոհորտան են կազմել նաև հանրային կառավարման որոշակի լծակների տիրապետող ռեսերը, քյոխվաները, հոգևոր առաջնորդները, համայնքներում նյութական կարողություններ ունեցող հանրային հեղինակություն վայելող էֆենդիները և այլն: Իսկ նրանց գիտելիքի և մտավոր կարողությունների ամբողջ դիապազոնն էլ կազմել է տվյալ ժամանակաշրջանի մեր քաղաքական մտքի ողջ ներուժը: Այսպիսով, մեր ազգի «առաջնորդների» շրջանակը ինքին հասցեականություն է ունեցել:

Եվ ուստի, ինչպես Մուսա լեռում կամ Ուրֆայում, որպեսզի թույլ չտրվի ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը, ինչո՞ւ նաև նրանց մոտ չի հաղթահարվել պայքարելու անվճռականությունն ու չի իրացվել կազմակերպվելու պահանջմունքը: Ի՞նչ են մտածել տվյալ ժամանակի քաղաքական գործիչները, համայնքների մեր քյոխվաները, հանրային դեմքերը և ինչու չեն կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանությունը: Չէ որ ժողովուրդը պարտավոր էր լսել այդ մարդկանց իմաստալից խոսքը և նրանց նպատակամետ գործի հետևորդը դառնալ: Հարկ է հասկանալ հենց այդ մարդկանց հոգեբանությունը, ովքեր բնականորեն կոչված են եղել ժողովրդին առաջնորդել նման իրավիճակներում, քանզի սուբյեկտային վարքը և ազգի առջև ներքին պատասխանատվությունը հենց նրանց է պատկանել:

Հարյուրամյա հեռավորությունից տվյալ ժամանակաշրջանի հանրային գործիչների հոգեբանությունը վերհանող ու պարզաբանող գործիքակազմը, ինչպես ասվեց, շատ սահմանափակ է: Սակայն այսօր, մի գործիք, այնուամենայնիվ, քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր մեզ կարող է ցուցանել: Խոսքը մեր ազգի քաղաքական մշակույթի ու, հատկապես, պետական, վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում տեղ գտած քաղաքական ավանդույթի մասին է: Ինչպե՞ս է ներկայիս հանրային հեղինակություն ձեռք բերած գործիչը պատկերացնում իր առջեւ ծառացած խնդիրների լուծումը քաղաքական դաշտում, վարչական մարմինների հետ եղած փոխհարաբերություններում, արտաքին սուբյեկտների հետ շփումներում: Եթե կա զորության որոշակի ներուժ, ապա այդ գործիքը կարող է կեղծ պատկեր մեզ ցուցանել անցյալի անզորությունը մեկնաբանելիս: Սակայն, եթե մենք գործ ունենք նույն անզորության մեջ տապակվող քաղաքական գործիչ կամ համայնքում ու թաղում հեղինակություն վայելող նորօրյա էֆենդու հետ, ապա կարելի է խոսել իսկապես քաղաքական մշակույթի մի արատավոր շղթայի մասին, որը թույլ չի տվել (տալիս) ոչ պետություն կառուցել, և ոչ էլ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորել:

Այսօր 1915թ. ցեղասպանվող ժողովրդի անզորության ֆենոմենը պարզաբանող ճշմարտությունները բոլորովին էլ ընկած չեն մարտիրոսվողների` մեզ ոչ լիարժեք տեսանելի հոգեբանական դիմանկարներում: Չէ որ այսօր մեր շուրջը բազում են ակամա «մարտիրոսվողները»: Ցավոք, բազում են նաև նրանց դեպի սպանդանոց ուղղորդող կուսակցական գործիչներն ու փոքր ու մեծ, ահել ու ջահել «էֆենդիները»: Ու առավել ցայտուն դա երևում է հենց ներկայիս հանրային-քաղաքական դաշտ ասվածում: Հարց տանք մեզ` ովքեր են ներկայիս քաղաքական գործիչները կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերող հանրային դեմքերը, և ինչ հոգեբանական բնութագրեր ունեն նրանք: Այս հարցերի պատասխանները մեզ կտանեն մի դար ետ ու կտեսնենք յաթաղանի տակ կոտորվող ժողովրդի անզորության առհավատչյան:

Եվ ուրեմն, ո՞րն է մերօրյա «քաղաքական դեմքերի» հավաքական հոգեբանական դիմանկարը: Առաջին հերթին աչք է զարնում քաղաքական գործիչների տգիտությունն ու «ամբիցիոզ դատարկությունը»: Այնպիսի վարքը, որտեղ որոշակի հեղինակություն ունեցող հանրային գործչին թվում է, որ ինքն ամենակարող է, ամենախելացին, ամենախորամանկը, որ իր գիտելիքը բավարար է անգամ մոլորակը կառավարելու համար, իր իշխանատենչությունը միտված է ժողովրդի բարեկեցությանը, իր նյութական ակնկալիքները չափավոր են, իսկ լավատեսությունն էլ` առողջ հիմքերի վրա:

Նման ամբիցիոզ անհատի մոտ, սակայն, անտրամաբանական հակասություն կա տարբեր խնդիրների լուծման նրա գործելաոճում: Այսօր թե՛ քաղաքական գործիչը, և թե՛ վարչական մարմնի հետ հարաբերվող անհատը իր «արսենալում» միայն մի անառողջ մեխանիզմ ունի լիարժեք յուրացրած: Այն է` բողոքել, «մուննաթ գալ», փնովել այնքան ժամանակ, մինչև իր հետ կբանակցեն ու կպայմանավորվեն և թույլ կտան օգտվել «կերակրատաշտից»: Հենց այստեղ է, որ ընկած է ցեղասպանվող ժողովրդի անզորության ֆենոմենը: Հայի ամբիցիաներն ու ինքնագնահատականը, բայց միևնույն ժամանակ պայմանավորվելու հակումն ու դրան հասնելու լավատեսությունը մեր ազգի ինքնաոչնչացման հիմքում են ընկած: Այդուհետ թշնամու գայլային ախորժակն արդեն երկրորդական նշանակություն ունի:

1915թ. բնակչության մորթվելու փաստը ցույց է տալիս ներազգային կյանքում քաղաքական մտքի, կամքի ու վարքի խաթարվածությունը: Որպես մի ամբողջություն հայ ազգը մորթվող գառների օրն է ընկել: Համատարած սպանդանոցի ճանապարհին չընդվզելու համար պատասխանատու որոշակի շրջանակի մոտ կարող էր ընկած լինել միայն այն «ինդիվիդուալ» հավատամքը` լավատեսության առկայությունը, որ կոտորածները իրեն ու իր ընտանիքին չեն վերաբերի: Իսկ եթե անգամ առնչվեն, ապա հավատամքն առ այն, որ հնարավոր է պայմանավորվել թուրք ասկյարի կամ քուրդ բաշիբոզուկի հետ: Այլ կերպ ասած, «առաջնորդների» մորթապաշտությունն էլ հենց դուռ է բացել ողջ ազգի մորթելու համար:

Այսօր հանրային գործչի` իշխող վարչախմբի պարագլուխներին կամ բիզնես իրականացնող անհատի` հարկային մարմնի պաշտոնյային բողոքելու, իսկ ապա նաև` պայմանավորվելու պրակտիկան ոչնչով չի տարբերվում հարյուր տարի առաջ թուրք ելուզակի հետ հարաբերվող մեր հայրենակիցների վարքից: Տգիտությունն ու մորթապաշտությունը որպես խոչընդոտ ընկած է մեր պետականության կառուցման ճանապարհին: Ազգը խնդիր ունի բոլորովին այլ որակի մարդկային անհատի վերազարթոնքին ու հարաբերվելու մշակույթին: Պետական շինարարությունը սկսվում է անհատից, դեպի շրջապատը նրա վերաբերմունքից, սեփական տեղը հանրության մեջ ճշտելուց: Այդուհետ պետական շինարարության ուղին ուրվագծվում է գիտելիքի ու կամքի հիման վրա` կազմակերպվելու և խնդիրների լուծման տարաբնույթ ձևեր գտնելու միջոցով:

Սույն հոդվածի շատ փաստարկներ խնդիր ունեն լրացուցիչ հիմնավորման ու ապացույցների: Կարծում եմ ստորև ներկայացվող հատվածը, որտեղ ընկած է Ադանայի կոտորածում մեր «գործիչների» մեղավորության հարցում Անդրանիկի գնահատականը, որոշ չափով կլրացնի այդ բացը.

«Ատանայի ջարդեն մոտ 50 օր առաջ կեղծ անցագրով մը Պոլիս հանդիպեցա Ակնունի, Վարդգես, Զարդարյան եւ դաշնակցության շեֆերեն դեռ ուրիշներ ամբողջ հինգ ժամ ուզեցին զիս համոզել, թե ժեոն թուրքերը այլևս թույլ չեն տար ոչ մեկ կոտորած: Ես հակառակ կպնդեի և կըսեի.

- Չեմ հավատար, այս գազանները մեզ դարձյալ կկոտորեն, ըրածնին դարձյալ կեղծիք է, դուք կխաբվիք և կխաբեք մեր ժողովուրդը: Ինքնապաշտպանության գաղափարը երբեք մի լքանեք և պատրաստեցեք ժողովուրդն ալ այդ ուղղությամբ: Տիգրանակերտեն սկսելով մինչև Պարսից սահմանագլուխը 160 հազար զինված քուրդ կա:

Ժեոն թուրքերը զինաթափ չեն ըներ զանոնք եւ կպահեն մեզ հարմար առիթով կոտորել տալու համար:

Մալումյան այն ատեն դարձավ ու ինձ ըսավ.

- Ի՞նչ հոռետես մարդ ես դուն, երբեք չտեսա, որ քիչ մըն ալ լավատես ըլլայիր:

Նույն պահուն Վարդգես ինձ կառաջարկեր, որ ծանոթանամ Ալի փաշայի հետ, որ այն միջոցին ոստիկանության տնօրեն էր Կ. Պոլսո մեջ:

Հարցուցի, փնտրեցի և հասկացա, թե այս այն Ալի փաշան է, որ Սասունի Տալվորիկի «Զբոսանք» թաղի բնակչությանը կոտորել տվավ եկեղեցիին մեջ և հետո այրել տվավ զայն: Ալի փաշան ինձ դեմ կռված էր երեք անգամ: Հիմա կուզեին, որ իմ ձեռքս դնեմ անոր արյունոտ ձեռքերուն մեջ և ըսեմ.

«Երեկ կռիվ կընեինք, այսօր ընկեր ըլլանք»:

Իմ սովորական զայրույթովս պատասխանեցի այս բոլորին և ըսի.

- Խերը տեսանք. բայց գոնե ժողովուրդը մի խաբեք:

Եվ «մնաք բարով» ըսելով, մեկնեցա Եգիպտոս:

45 օր չէր ընցած, երբ իմացա, թե Թալեաթ և իր նմաննները կոտորել կուտան Ատանայի հայությանը:

Այն ատեն բուռն ոճով նամակ մը գրեցի Ակնունիին, ըսելով, թե ո՞վ իրավունք ուներ, ես իմ հոռետեսությամբ, թե ինքը` լավատեսությամբ. «Լավ գիտցեք, որ, ավելացրի, երբ առիթը գտնեն ընկեր թալեաթներ ձեզ ալ կոտորել պիտի տան»:

Այս տողերը գրելու ատեն երբեք միտքես չէի կրնար անցնել թե` դաշնակցությունը նույն միջոցին Սելանիկի մեջ համաձայնություն մը կնքեր իթթիհատի հետ…»: