articles

Առեւտրականների եւ հոգեւորականների դաշինքը

Հուլիսի 22-ին Նոր Հաճըն քաղաքում տեղի ունեցավ հերթական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցեցին ինչպես երկրի պետական բարձրագույն պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այնպես էլ հոգեւոր իշխանության գլխավոր ներկայացուցիչները` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ:

Նոր Հաճընում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, շատ չե՞ն եկեղեցիները, Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ն նկատեց. «Երբ մեր ժողովուրդը, զավակները դրա անհրաժեշտությունն ունեն, եկեղեցու կառուցումը երբեք շատ չի լինում: Տակավին քաղաքներ կան, որտեղ մենք չունենք եկեղեցիներ»:

Միաժամանակ լրագրողներից մեկը, մտաբերելով Ջիվանու խոսքերը`«Իրենք հաց չունեն ուտելու համար, յոթը վանք են շինել. խելքի աշեցեք», հարցրեց, թե Գարեգին Բ-ն չի տեսնու՞մ զուգահեռներ Հայաստանի այսօրվա եւ Ջիվանու նշած իրավիճակների միջեւ: Կաթողիկոսն ի պատասխան ասաց. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չի գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգեւոր կյանքը զորանա»:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողության ընթացքում Գարեգին Բ-ն Գագիկ Ծառուկյանի ծնողներին՝ Կոլյա եւ Ռոզա Ծառուկյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը՝ Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեության համար: «Մեր բարձր գնահատանքն ենք ուղղում հարգարժան տեր եւ տիկին Կոլյա եւ Ռոզա Ծառուկյաններին եւ նրանց արժանավոր զավակ Գագիկ Ծառուկյանին, որոնց ազնիվ հանձնառություններով այսօր 7-րդ եկեղեցին է վեր հառնում հայրենի երկրում»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի հանձնառությամբ յոթ եկեղեցիների կառուցման փաստը կազմում է Հայաստանի պետական կառավարման համակարգն իր ձեռքում կենտրոնացրած քրեաօլիգարխիայի նպատակային գործունեության մի դրվագը: Նախորդ ամիսներին ու տարիներին տարբեր օլիգարխների կամ տեղական նշանակության մեծահարուստների կառուցած նման տաճարները մեծ թիվ են կազմում: Սերժ Սարգսյանի մասնակցությամբ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եկեղեցու օծման վերջին դրվագներից էր, օրինակ, Արտաշատում երկու ամիս առաջ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցներով կառուցված այդ եկեղեցու օծման ժամանակ կաթողիկոսը Հովիկ Աբրահամյանին նույնպես շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը: Ներկայացված պատկերը վկայում է, որ ապագայում նույնպես սպասվում են նմանատիպ նախաձեռնություններ:

Ինչպես տեսնում ենք, սոցիալ-քաղաքական լրջագույն ճգնաժամի մեջ ու աղքատության ճիրաններում հայտնված Հայաստանը մուտք է գործել ինտենսիվ եկեղեցաշինության այնպիսի մի շրջան, որտեղ բնակչությանը հոգեւոր սննդով սնուցելու անվան տակ կղերականությունը կատարում է Հայաստանի պետական կառավարման համակարգը յուրացրած քրեաօլիգարխիայի «ինդուլգենցիան»` առատ նվիրատվությունների եւ քրիստոնեական եկեղեցիների կառուցման դիմաց ժողովրդի մեջ օրինականացնելով քրեաօլիգարխիայի իշխելու իրավունքը: Ընդհանուր առմամբ, ներկայացված երեւույթը Հայաստանի քաղաքացիական հանրության համար բավարար տեսանելի է, եւ դրա հակահանրային բնույթի հարցում տարակարծություններ չեն առաջանում: Սակայն, երեւույթը ոչ միայն հակահանրային բնույթ ունի, այլ նաեւ՝ հակապետական: Վերջինս պարզաբանման կարիք ունի:

Հարկ է նկատել, որ վերջին հազարամյակում առեւտրական կապիտալի կողմից իրականացված եկեղեցաշինությունը բավական մեծ տարածում գտած երեւույթ է եղել մեզանում: Այն իր արմատներով հասնում է զարգացած ավատատիրական հարաբերությունների ժամանակաշրջան, երբ դրամային հարաբերությունների զարգացման արդյունքում հանրային կյանքի կարգավորման ու վերահսկման համար միմյանց դեմ պայքարի ելան միջնադարի երեք` ազնվապետական, հոգեւոր (կղերական) եւ առեւտրային իշխանությունները:

Ի տարբերություն դեռեւս հնադարում ծագած ազնվապետական (հայոց պատմության որոշ ժամանակահատվածներում այն ներկայացել է նաեւ թագավորական իշխանության ձեւով) ու քրմական (վերջինիս ժառանգորդն էր քրիստոնեական հոգեւորականությունը) իշխանությունների, առեւտրային իշխանությունը Հայաստանում ձեւավորվել ու զարգացել էր միայն 9-11-րդ դարերում: Հենց այս շրջանում էր, որ երկրում լայն տարածում գտած մարդկային համակեցության քաղաքային կենսաձեւում ի հայտ էին եկել նաեւ հանրային կյանքի նոր դրսեւորումներ: Առաջ էին եկել անընդմեջ գործող քաղաքային շուկաները, դասային նոր մեծ խավը` բնական ընչաքաղցությամբ առանձնացող վաճառականները, առեւտրային իրավունքը, վաշխառությունը, իբրեւ վաճառականների ունեցած բարքերի ու մշակույթի ազդեցություն` հանրության տարբեր շերտերի մոտ հարստանալու անհագ ծարավը եւ նորանոր այլ հաստատություններ ու հարաբերություններ:

Երեք իշխանությունների պայքարի արդյունքը եղավ այն, որ կղերական իշխանությունը, դաշինքի մեջ մտնելով առեւտրայինի հետ, ստանալով նաեւ արտաքին ուժերի աջակցությունը, Հայաստանում կամաց-կամաց սկսեց քաղաքական կյանքից դուրս մղել ազնվապետական իշխանության ներկայացուցիչներին ու ոչնչացնել պետական օրգանիզմը: Արդյունքում արտաքին ուժերը 11-րդ դարում մեկը մյուսի հետեւից սկսեցին կործանել հայոց թագավորություններն ու պետական ավելի փոքր կազմավորումները: Եկեղեցու միջոցով հայոց հանրային կյանքի կարգավորման (այդ թվում` նաեւ քաղաքական կարգավորման) վաղ ավատատիրական փորձառությունն ու 10-11-րդ դարերում վաճառականների կուտակած կապիտալը հայության անվտանգության այն երաշխիքներն էին թվում, որ հիմնավորում էին պետական պալատական վերնախավի եւ ապա նաեւ` ազնվապետական իշխանության ինստիտուցիոնալ չգոյությունը: Սակայն պատմությունը դաժան գտնվեց հայության նկատմամբ: Նախ արեւելքից եկող խառնիճաղանջ օտար հորդաների սմբակների, իսկ ապա նաեւ` մի քանի դար տեւած թուրք-պարսկական պատերազմների տակ կքած` սկսեցին անշնչանալ Հայաստանի երբեմնի շեն քաղաքներն ու գյուղերը: Հայաստանում վերացավ քաղաքական կյանքը` հանգեցնելով նաեւ տնտեսական ու մշակութային աննախադեպ անկման, բարոյալքման, անզորության հաղթարշավի եւ կրոնական գիտակցության (երբ իր խնդիրների լուծումը մարդը պատվիրակում է արտաքին ուժերին, սուբյեկտներին կամ աստծուն) համատարած սփռման:

Ներկայացված պատկերը կարող է բնական հարց առաջացնել, թե ինչու հոգեւոր եւ առեւտրային հայրենի իշխանությունները պետք է դաշինք կազմեին ազնվապետական (թագավորական, պալատական) իշխանության դեմ եւ օտար ուժերի հետ համատեղ կամ վերջիններիս ղեկավարությամբ ու ազդեցությամբ կործանեին քաղաքական իշխանությունն իր ուսերի վրա կրող հիմնական դասակարգին` ազնվականությանը, իսկ ապա նաեւ` պետությանը: Հարցի պատասխանը թաքնված է այդ երկու իշխանությունների ներսում ի սկզբանե դրված որոշակի մեխանիզմների մեջ: Մեխանիզմներ, որոնք դեմ են իր ինքնության պահպանման համար առավել հզոր տերությունների հետ պայքար մղող պետությանը ու ոչնչացնում են նրան: Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը:

Պետք է նկատել, որ հոգեւոր իշխանությունը հիմնվում է անփոփոխ մի սկզբունքի վրա ու ճանաչում է միմիայն կարող ու բացարձակ ուժի գերիշխանությունը: Բոլոր կրոններում հոգեւոր դասին տրված է քաղաքական իշխանությունն օրինականացնելու գործառույթ` հանրությանը հավատացնելու, թե այդ իշխանությունն աստվածային բնույթ ունի: Քրիստոնեության մեջ այդ սկզբունքն արտահայտված է Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթում, որտեղ ասվում է. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան, քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված»:

Պողոս առաքյալի դոգմավորված բանաձեւը հոգեւոր իշխանությանն, ի վերջո, մի փիլիսոփայության է հանգեցնում: Այն է` բոլոր դեպքերում, երբ կա արտաքին առավել հզոր ուժի ակնհայտ ազդեցությունը, ապա նրան պետք է ենթարկվել եւ հանրությանը համոզել վերջինիս օրինակարգ (լեգիտիմ) բնույթը: Այս հիմքի վրա են ձեւավորվել Հայոց եկեղեցու հարաբերությունները բյուզանդացիների, սելջուկների, մոնղոլների եւ մյուս բոլոր նվաճողների հետ: Այս հիմքի վրա են կազմավորվել Օսմանյան կայսրությունում միլլեթները (այդ թվում՝ հունական միլլեթը, երբ տեղի ունեցավ երբեմնի բյուզանդական կայսրին օրինակարգ դարձնող հույն պատրիարքի ու նրա միջոցով օսմանահպատակ հույների վերակողմնորոշումը դեպի իսլամի հետեւորդ սուլթանը) եւ հոգեւոր այլ իշխանությունների կողմից օտար նվաճողների լեգիտիմացման մյուս ձեւերը:

Քանի դեռ չկար առեւտրային իշխանությունը, հայոց ազնվականությունը կարողանում էր եկեղեցին ինչ-որ չափով պահել իր վերահսկողության տակ եւ նրա` դեպի հզոր կայսրությունները հակվելու երեւույթի դեմն առնել: Այդ նպատակով անգամ շատ նախարարական տներ իրենց ձեռքն էին վերցնում առանձին թեմերի, վանքերի ու եկեղեցիների հոգեւոր սպասարկումը` դրանցում նշանակելով իրենց տոհմի անդամներին: Դրա հետ մեկտեղ, սկսած 5-րդ դարից, բավական մեծ թիվ են կազմում նաեւ Ամենայն հայոց այն հայրապետները, ովքեր այս կամ այն նախարարական տան ներկայացուցիչն էին: Սակայն արդեն 10-րդ դարում առեւտրականների հզոր խավի ձեւավորմամբ հոգեւոր դասը գտավ իր հիմնական դաշնակցին, ում միջոցով կարող էր ոչ միայն ձեռք բերել քաղաքական լայն իրավունքներ, այլեւ լուռ պայքար մղել պալատական իշխանության ամենօրյա ազդեցությունից ազատվելու եւ հայոց հանրային կյանքը միահեծան տնօրինելու համար:

Ո՞րն էր առեւտրային իշխանության կողմից ազնվականության ու պետության նկատմամբ տածած անտագոնիզմի պատճառը:

Ցանկացած առեւտրային գործունեություն հիմնվում է նյութական ու դրամական շահի գիտակցման վրա: Առանց շահույթի ու եկամտի չի կարող լինել առեւտուր: Նյութական շահի սպասարկման, առեւտրային հարաբերությունների ծավալման համար, ի վերջո, առեւտրականը անհրաժեշտություն է զգում դուրս գալ միջազգային շուկաներ: Այդ գործում արդեն պետությունն իր մաքսային ու հարկային քաղաքականության պատճառով բնական խոչընդոտ է դառնում առեւտրի հեշտ ու առավել եկամտաբեր ծավալման համար: Որպեսզի առեւտրականը առավել մեծ շահույթ կորզի իր առեւտրային գործունեությունից, նա շահագրգռված է լինում գտնել ճանապարհներ՝ շրջանցելու պետական օրենքները եւ դրանց երաշխավոր քաղաքական դասին (միջնադարում դա թագավորական իշխանությունն էր, ազնվականությունը եւ պալատական հանրությունը): Ահա այս հողի վրա նա սկսում է տարածել իր էքսպանսիան դեպի քաղաքական իշխանություն` այն իր ձեռքում կենտրոնացնելու եւ դրա միջոցով առավել հաջող ու եկամտաբեր առեւտրային գործունեություն ծավալելու համար: Ամենուր առեւտրային իշխանության այդ էքսպանսիան տարածվել է առավելապես կոռուպցիայի միջոցով, երբ պետական պաշտոններ, իսկ ապա նաեւ ազնվականական տիտղոսներ ձեռք բերելու համար առեւտրականը վճարել է կոնկրետ դրամով:

Առեւտրային հարաբերությունների առավել լայն ծավալման, առեւտրականների կողմից որոշակի իրավունքների գնման ինչ-որ մի փուլում խախտվում է քաղաքական այն հավասարակշռությունը, որը կար վաղ ավատատիրության շրջանում տնտեսական հարաբերություններում: Զարգացած ավատատիրության շրջանում ավատատիրոջ ավատից ստացված եկամուտը չի կարողանում մրցակցել քաղաքում տարբեր համքարությունների արտադրած ապրանքների միջազգային առեւտրից գոյացած՝ առեւտրականի դրամական եկամուտների հետ: Առեւտրականը սկսում է հաղթել տոհմիկ ավատատիրոջը (ազնվականին): Իսկ վերջնական հաղթանակի համար նա նպատակ է դարձնում ոչ միայն ձեռք բերել սննկացող ազնվականի անշարժ գույքը, այլ նաեւ` նրա քաղաքական իրավունքները: Սկսվում է հարուստ առեւտրականների միջոցով նոր ազնվականության ձեւավորման բնական գործընթացը, որը ոչ միայն պաշտպանություն, դիրք, հեղինակություն է հաղորդում առեւտրականին, այլեւ մաքսային ու հարկային արտոնություններ` ելնելով այժմ արդեն նաեւ քաղաքական իշխանությունը նրա ձեռքում գտնվելու հանգամանքից:

Սակայն, միջազգային առեւտուրը կապված է այլ երկրների օրենքների, մաքսատուրքերի, ինչպես նաեւ օտար քաղաքական ու առեւտրական դասերի հետ հարաբերություններ հաստատելու հետ: Եւ քանի որ նոր ձեւավորված մեծահարուստ ոչ տոհմիկ ազնվականի մեջ նստած է սովորական առեւտրականը, ուստի ազգային ու պետական խնդիրները նրա համար ունեն անգամ երրորդական նշանակություն: Ոչ տոհմիկ ազնվականության կողմից այլ երկրներից, տերություններից առեւտրային արտոնություններ ստանալու գործընթացը ուղղակի կապվում է օտար տերություններին ծառայություններ մատուցելու գործընթացի հետ: Առեւտրային իշխանությունը, կղերի հետ ձեռք-ձեռքի բռնած, պատրաստ է սեփական պետությունն անգամ կործանել, միայն թե կարողանա առավել մեծ եկամուտ ու շահույթ ապահովել առեւտրային գործունեությունից: Միջազգային մասնավոր առեւտուրն այդուհետ դառնում է վերպետական գործունեություն եւ ուղղվում պետական օրգանիզմի դեմ: Ու ինչպես հոգեւորականությունը պատրաստ է ընդունել ցանկացած օտար, առավել հզոր իշխանություն, նույն կերպ եւ առեւտրականները պատրաստ են առեւտրի առարկա դարձնել պետականությունն ու այն ամենը, ինչ կապված է շահույթ ձեռք բերելու հետ:

Ահա այս հողի վրա է կատարվել հայրենի երկու իշխանությունների անխախտ դաշինքն ընդդեմ պետության ու ազնվապետական (թագավորական, պալատական) իշխանության: Սակայն, հետաքրքիր օրինաչափությամբ անցյալում ու, ինչպես տեսնում ենք, նաեւ ներկայում այդ դաշինքը միս ու արյուն է ստացել հենց եկեղեցաշինության միջոցով: Եւ դա ունի իր բացատրությունը:

Եկեղեցաշինության միջոցով է կատարվել երկու իշխանությունների` միմյանց ոլորտների, շահերի, եկամուտների ու իրավունքների ճանաչման գործընթացը: Միջնադարից եկող այնպիսի մեծահարուստներ, ինչպիսիք էին առեւտրականներ Տիգրան Հոնենցը, Ումեկը եւ մյուսները, եկեղեցաշինության միջոցով կղերից ստանում էին նախ «ինդուլգենցիա», իսկ ապա նաեւ` հանրության վրա Աստծո կամոք իշխելու իրավունքը: Այդուհետ եկեղեցու համար հարկ էր միայն ամրագրել մեծահարուստ առեւտրականների ազնվական ծագումը: Այդ նպատակով, հատկապես 11-13-րդ դարերում, նախ հենց եկեղեցին էր ճանաչում ու հոգեւոր վարդապետների միջոցով տարբեր գրավոր երկերում սկսում շրջանառել նոր ազնվականության տոհմիկ լինելու փաստը` կապելով նրանց անցյալի այս կամ այն նախարարական տան հետ: Եւ քանի որ մինչ այդ շատ մեծահարուստներ սննկացող ազնվականության հետ, ելնելով փոխադարձ շահերից, կարողացել էին խնամիական կապեր հաստատել (արդյունքում ազնվականը ինչ-որ նյութական միջոցներ էր ստանում մեծահարուստից, իսկ մեծահարուստը` դիրք, հեղինակություն), հոգեւոր իշխանությանը դժվար չէր լինում ապացուցել մեծահարուստի ազնվական ծագումը: Սակայն, hայոց պատմության մեջ բավական մեծ թիվ են կազմում նաեւ այն դեպքերը, երբ նոր ձեւավորված ազնվականության տոհմիկության մասին միայն առանձին վկայություններ են շրջանառվել` առանց պատմությանը թողնելու որեւէ հստակ սերնդաբանություն (այսինքն` կեղծ տոհմածառեր չեն էլ կազմվել, կղերը սահմանափակվել է անցյալի որեւէ նախարարական տան հետ մեծահարուստի ձեւական կապ տալով միայն):

Եկեղեցաշինության միջոցով նաեւ հոգեւոր իշխանությունն էր ստանում իր շահաբաժինը: Ի տարբերություն 5-9-րդ դարերի, երբ եկեղեցաշինության համար օգտագործվում էր կամ հենց եկեղեցու (քաղկեդոնականությանը հարելու ժամանակահատվածներում եկեղեցուն ֆինանսական միջոցներ էր տրամադրում նաեւ Բյուզանդական կայսրությունը), կամ նախարարությունների ֆինանսական միջոցները, զարգացած ավատատիրության շրջանում հոգեւոր իշխանությունը ձերբազատվում էր հսկայական ֆինանսական միջոցներ ծախսելու կամ նախարարություններից կախման մեջ հայտնվելու հանգամանքից: Ընդհակառակը մեծահարուստ առեւտրականները, քանի որ կառչում էին եկեղեցուց` ստանալու համար Աստծո անունից բնակչության վրա իշխելու իրավունքը եւ հանրությանը համոզելու իրենց ազնվական ծագման մասին, դրանով իսկ դառնում էին հոգեւոր իշխանությունից ինչ-որ չափով կախման մեջ գտնվող սուբյեկտներ: Նոր եկեղեցիների միջոցով հոգեւոր իշխանությունը սկսում էր նաեւ իր առեւտրային ու արտադրական գործունեությունը ծավալել: Հոգու փրկության անվան տակ շատ մեծահարուստներ իրենց իսկ կառուցած եկեղեցիներին սկսում էին նվիրաբերել այգիներ, ձիթհաններ, ջրաղացներ եւ այլն, որոնք դառնում էին Հայոց եկեղեցու սեփականությունը` վերջինիս դարձնելով երկրի ամենախոշոր տնտեսվարող սուբյեկտներից մեկը:

Եկեղեցաշինությունն, այսպիսով, այսօր արդեն կազմում է մեր հազարամյա փորձառության բաղկացուցիչը: Այն ցուցիչն է դեպի պետության կործանում մեր բռնած ճանապարհի: Այդ երեւույթը հակապետական բնույթ ունի, քանզի հիմնված է առեւտրականների ու հոգեւորականների դաշինքի վրա, որոնց համագործակցությունից պետությունը միայն վնասներ է կրում` հարցականի տակ դնելով իր իսկ գոյությունը: Ուստի, հանրության լայն զանգվածները հարստահարող հանցավոր կլանների ու նրանց ընչաքաղց պարագլուխների եկեղեցաշինության, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օլիգարխիայի այդ կարկառուն ներկայացուցիչներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան հանձնելու մասին խոսելիս հարկ է կանգ առնել դարերից եկող մեր սովորութային իրավունքի, կենցաղի ու ազգային մշակույթի բավիղներում ու փորձել հասկանալ, թե ինչ հետեւանքներ կարող են լինել, եթե չկասեցվի Հայաստանում ծավալվող համատարած եկեղեցաշինությունը: Նյութական հարստության հանդեպ հայության մոլությունն ու այն սքողելուն միտված հոգեւորականի կեղծ աստվածապաշտությունը, ի վերջո, կործանելու են հենց պետությունը, քանզի առեւտրականների ու կղերի համագործակցության արդյունքում գործում են այն ներքին մեխանիզմները, որոնք աշխատում են ընդդեմ ազգային պետության: