articles

Հայկական բոնապարտիզմ

2015-10-30

Քաղաքական վարքը առկա խնդիրների նկատմամբ իռացիոնալ, տրամաբանորեն չբացատրվող մոտեցումներ չի ընդունում։ Մարդկային գործունեության այս ոլորտում մի կողմից իրականության ընկալումը եւ մյուս կողմից արդյունքը նույն շղթայի երկու ծայրերն են։ Եթե չկա առաջինը, ապա քաղաքական իրավիճակի շուրջ գնահատականները, նախագծվող ծրագրերը, արվող քայլերը արդյունք չեն կարող ապահովել։

Մեր քաղաքական դաշտում իրականության ընկալումը երբեմն դառնում է գործող անձանց ու քաղաքական միավորների «Աքիլեսյան գարշապարը»։ Բացի քաղաքական «շուլերներից», ովքեր հստակ գիտեն՝ ինչ են ուզում եւ ումից, դաշտը լցված է նաեւ երազանքներով ապրող «առաքյալներով»։ Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտում ղեկավարներ կան, որոնք պատրաստ են իրենց խարխլված նավն անընդհատ տանել տարբեր խութերով՝ հայտնի փաստ է։ Նրանց հանցավոր ինքնավստահությունը երբեք թույլ չի տալիս տեսնել խութերը՝ իրականությանը նայել բաց աչքերով։

Իհարկե, անցյալի ու ներկայի միջեւ համեմատականներ անցկացնելու դեպքում կարելի է հանդիպել այդ «հիվանդության» բազում օրինակների։ Քաղաքական գիտակցության բացակայությունը, Սասունցի Դավթին՝ հայոց Մեսիային սպասելու եւ քաղաքական կուռքերի հանդեպ հույս ու հավատ տածելու երեւույթները մեր մեջ մշտապես ծնում են իրականությունից կտրված, ամբարտավան, ինքնահավան, բարձրաքիթ, մեծամիտ քաղաքական գործիչներ, ովքեր յուրաքանչյուր անհաջողությունից հետո շարունակում են հավատալ իրենց «փրկչական» առաքելությանը։ Իրականության ընկալումը չկորցնելու դեպքում այդ գործիչներն առնվազն պետք է հասկանային, որ քաղաքական դաշտում իրենք ոչ միայն ներկայում անելիք չունեն, այլ անգամ այն տարիներին, երբ առաջին իսկ «անհաջողությունից» հետո շարունակեցին հավատալ իրենց ուժերին ու պատը գլխով կոտրելու հնարավորությանը։

Բոլոր դեպքերում մեծամտությունը, սեփական «անհաջողություններն» իրենից դուրս եղած օբյեկտիվ հանգամանքներին վերագրելու մղումը, սեփական անձի՝ աշխարհի կենտրոնում գտնվելու եւ կատարյալ լինելու կեղծ զգացումները երեւի թե հայոց հոգեկերտվածքի անբաժան մասն են կազմում։ Որքան հայ, գրեթե այնքան նախագահի թեկնածու կա մեզանում, ովքեր իբրեւ մի նոր Նապոլեոն, ով «Եգիպտական արշավանքի» անհաջողությունից հետո պետք է Եվրոպան տիրելու ծրագիրը կյանքի կոչի, կամ թե մի նոր Չերչիլ, ով Առաջին աշխարհամարտում սեփական անհաջողությունից հետո Երկրորդ աշխարհամարտը պետք է շահի, պատրաստ են կրկին ու կրկին նետվել պայքարի՝ երկար սպասված իշխանափոխությունը իրականություն դարձնելու համար։

Սակայն, խնդիրն այն է, որ նույն այդ «առաքյալների», նրանց վկաների, հոգեւոր հոտի վերածված համակիրների եւ ընդհանրապես «կրոնական» գիտակցության կապանքներում գտնվող մեր ժողովրդի մոտ չկա տվյալ գործիչների քաղաքական գործունեությունը ըստ էության ընդունելու հատկությունը։ Չկա այն պարզագույն ճշմարտության գիտակցումը, որ նրանց դերակատարմամբ եղած բոլոր քաղաքական հանգուցալուծումները պարտություններ են, ոչ թե անհաջողություններ։ Այդ գիտակցումը չկա ո՛չ ժողովրդի եւ ո՛չ էլ իրենց Նապոլեոն պատկերացնող հենց այդ նույն քաղաքական գործիչների մոտ։

Առաջին հայացքից սեփական պարտությունը մերժելու եւ եղածը որպես ժամանակավոր անհաջողություն դիտարկելու մղումը կարելի է համարել իբրեւ անձի հոգեբանական պաշտպանական ռեֆլեքս։ Սակայն, երեւույթը շատ ավելի խորն է եւ կապված չէ այնպիսի հոգեվիճակների հետ, որոնք քաղաքական գործիչների մոտ ծնում են ինքնաարդարացման ցանկություն։ Այդ երեւույթը կապված է քաղաքական գործունեություն ծավալող անձանց՝ ի բնե սեփական անձի մասին ունեցած ինքնագնահատականի՝ իրեն որպես աշխարհի կենտրոն պատկերացնելու համոզմունքի հետ։

Անշուշտ, քաղաքական գործիչների տվյալ ինքնագնահատականը որպես մեզանում խոր արմատներ ձգած արատ գիտակցելն արդեն իսկ կարեւոր քայլ է, որպեսզի քաղաքական դաշտում արմատացած այդ երեւույթի դեմ մենք բոլորս սկսենք պայքարել։ Սակայն այդ գործում, բացի անցյալի ու ներկայի միջեւ համեմատականներ անցկացնելուց, առավել կարեւոր է պարզել, թե տվյալ արատը ինչպես է փոխանցվում ու ամեն անգամ զարգանում մեզանում։ Չէ՞ որ ամբարտավանությունը, ինքնահավանությունը, մեծամտությունը նախ հանրային ընդհանրական արատներ են, եւ հանրությունից ծնված նման հոգեկերտվածք ունեցող քաղաքական գործիչների առկայությամբ է երեւույթը ամբողջանում։

Ահա այդ հարցում մեզ օգնում են մեր դասագրքերը։ Այն գիտելիքի շտեմարանները, որոնք կոչված են հայ երեխային փոխանցելու մեր ժողովրդի ու պետության պատմությունը։

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի (Երեւան, 2009) ամբողջ շարադրանքը հեղինակները կամա, թե ակամա կառուցել են՝ հստակ պահպանելով մի սկզբունք։ Այն է՝ պատմական իրադարձությունների նկարագրություններում անորոշ ձեւակերումների միջոցով մշտապես շրջանցել հայոց արքաների կամ բանակների պարտությունների փաստերը։ Դրանք գրեթե ամենուր փոխարինված են անորոշ ձեւակերպումներով։

Այսպես՝ «Ք․ ա․ 743թ․ Թիգլաթպալասար III-ը կարողացավ կասեցնել Վանի տերության՝ Եփրատի հովտով դեպի Բաբելոն շարժվող զորքերը։ Ութ տարի անց՝ Ք․ ա․ 735թ․ Թիգլաթպալասար III-ն ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա (Վան)։ Մայրաքաղաքը գրավել նրան, իհարկե, չհաջողվեց, սակայն դրանով Ասորեստանը վերականգնեց իր դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցը Առաջավոր Ասիայում»։

Մեկ այլ տեղում կարդում ենք՝ «․․․ Օգտվելով դրանից՝ Ք․ա․ 714թ․ գարնանը Սարգոն II-ը արշավեց Վանի թագավորության դեմ։ Նա չունեցավ առանձնապես մեծ հաջողություններ, սակայն վերադարձին մտավ Արդինի-Մուսասիր եւ թալանեց Խալդիի գլխավոր տաճարը»։

Կոնկրետ հայոց բանակի պարտությամբ ավարտված ճակատամարտի մասին, որը համընդհանուր ճանաչման արժանացած փաստ է, կարդում ենք՝ «Ճակատամարտը սկսվեց Ք․ ա․ 69թ․ հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան եւ նույն օրն էլ ավարտվեց։ Հայկական զինված ուժերը երկարատեւ ռազմերթից հետո հանգստի կարիք ունեին։ Լուկուլլոսը նրանց զրկեց այդ հնարավորությունից։ Ենթարկվելով երկուստեք հարձակման (թիկունքից եւ ճակատից) եւ տալով զգալի կորուստներ՝ հայկական բանակը ստիպված էր նահանջել։ Քիչ չէին նաեւ հռոմեացիների կորուստները»։

Հայոց բանակի միանշանակ պարտությամբ ավարտված մի այլ ճակատամարտի մասին կարդում ենք՝ «Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Արածանի գետի հովտում՝ Արձնի գյուղի մոտ, 775թ․ ապրիլի 25-ին։ Ճակատամարտի սկիզբը բարենպաստ էր հայերի համար։ Արաբները նույնիսկ ստիպված էին նահանջել։ Ըստ Ղեւոնդի՝ հայերը, միմյանց քաջալերելով, ասում էին․ «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար»։ Հայերը կռվում են հերոսաբար, սակայն ապստամբական ուժերը չեն բավարարում, եւ շատերը զոհվում են։ Հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերում են Բագրատունյաց, Մամիկոնյան, Գնունյաց եւ բազում այլ տոհմերից նախարարներ, ինչպես եւ ռամիկներ՝ մոտ երեք հազար հոգի»։

Իհարկե, այս շարքը կարելի է շարունակել ու նաեւ բազում օրինակներ բերել նաեւ այլ հրատարակությունների 10-11 դասարանների «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերից։ Սակայն, եղածն էլ բավարար է՝ հասկանալու, որ գործ ունենք անորոշ, ոչ հստակ ձեւակերպումների միջոցով հայոց թագավորների ու բանակների վարած առանձին պատերազմների ու ճակատամարտերի մեզ համար ոչ ցանկալի արդյունքը` պարտության փաստը սքողելու հետ։

Հայրենասիրության մասին Հայաստանում տարածված հանրային հիմնական ընկալումները միանգամայն համահունչ են այն բանին, որ դասագրքում տեղ գտած մոտեցումը` պարտության փաստի փոխակերպումը, ընկալվի որպես երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար անհրաժեշտ պայման։ Ճշմարտության հետ առերեսվել չցանկանալը, ճշմարտությունից զատվելը, ոչ հստակ ձեւակերպումների միջոցով սեփական պարտության փաստը թաքցնելը պատմական անցյալից, անցյալի իրականությունից թաքնվելու, այն մերժելու ուղղակի վկայություն է։ Այս «հնոցում է կոփվում» երազանքներով ապրող, աշխարհին իռացիոնալ դիրքերից նայող, իրեն Նապոլեոն պատկերացնող, մեծամիտ, սնափառ հայ քաղաքական գործիչը, ով պատրաստ է պարտությամբ ավարտված իր յուրաքանչյուր նախաձեռնություն կամ քաղաքական գործընթացներին իր ներգրավումը մեկնաբանել որպես ժամանակավոր անհաջողություն եւ շարունակել նույն ոգով հարաբերվել հանրության ու գործող վարչախմբի հետ։

Պետք է նկատել, որ այստեղ բոլորովին նշանակություն չունի այն հանգամանքը, որ անկախ Հայաստանի պատմության դասագրքերը վերջին տարիների իրողություն են, եւ մեր քաղաքական գործիչները երբեք դրանցով չեն ուսանել։ Նշանակություն չունի, քանի որ հեղինակներն այդ դասագրքերը կազմելիս հանդես են եկել որպես այնպիսի մտածողություն ունեցող անհատներ, ովքեր չեն ընդունում պարտությունը։ Իրականությունը մերժելու, սեփական պարտությունը թաքցնելու մղումն է ընկած դասագրքրերի հեղինակների մոտ։ Դա մեր քաղաքական մշակույթն է, որը գալիս է սերնդեսերունդ եւ ծնում է մի կողմից «փրկիչներ» ու «առաքյալներ», իսկ մյուս կողմից՝ հավատացյալ զանգված։

Միայն սեփական կամ յուրայինի պարտությունը տեսնող ու ընկալող մարդն է ի վիճակի դուրս գալ երազային աշխարհից եւ մտածել պարտության պատճառների ու հետեւանքների մասին։ Միայն այդ մարդը կարող է պարտությանը նայել խնդիրների լուծման գործում սեփական բացթողումների դիտանկյունից, բացթողումներ, որոնք բերել են իր կամ յուրայինի պարտությանը։ Միայն այդ մարդը կարող է մտածել այլեւս պարտություններ թույլ չտալու մասին եւ իրականությանը նայել բաց աչքերով, առկա խնդիրներին վերաբերվել ռացիոնալ դիրքերից։

Մյուս բոլոր դեպքերում, երբ անձի համար պարտությամբ ավարտված ցանկացած հանգուցալուծում մեկնաբանվում է որպես ժամանակավոր իրողություն, որպես անցողիկ անհաջողություն, մեր մտածողությունը թույլ չի տալիս հրաժարվել այն համոզմունքից, որ աշխարհի կենտրոնում գտնվելու սեփական ինքնագնահատականը կեղծ է, հրաժարվել այն սին հավատից, որ սեփական ուժերը բավարար են «անհաջողությունը» հաղթահարելու համար, հրաժարվել հույսից, որ դիմացինը խուճապի մեջ է եւ ուր որ է կտապալվի։ Պարտությունը որպես անհաջողություն մեկնաբանող մտածողությունը մշտապես մարդու մեջ ծնում է Նապոլեոնին, ով իր գոռոզությամբ պատրաստ չէ լսել քննադատությունը, բայց պատրաստ է դառնալ կուռք իր պես երազների մեջ ապրող զանգվածների համար եւ հույս ու հավատ տածել, որ մի օր ինքը կարթնանա որպես երկրի նախագահ։

Ի տարբերություն հայերի, առաջադեմ ազգերը վաղուց գտել են ելքը: Քաղաքական գործունեության մեջ մեծ ու փոքր պարտություն ապրած ցանկացած գործիչ նախ ընդունում է իր պարտությունը եւ ապա հեռանում քաղաքական ասպարեզից` տեղը զիջելով նորերին: Կատարվում է առողջի, ուժեղի բնական ընտրություն: Եւ հանձին պարտվողների՝ լուսանցքում հայտնվելու ու նորերի ի հայտ գալու անդադար գործընթացի, երբ հաղթում է բնական այդ ընտրությունը, հաղթում է նաեւ տվյալ ազգն ու պետությունը:

Լուսանկարը՝ www.history.com-ի