articles

Քանի աշխարհքը չար է

Հայաստանյան գործող վարչախմբի մատուցած «Սահմանադրական փոփոխությունների» գործընթացը կամաց-կամաց մոտենում է հանգուցալուծմանը։ ՀՀ քաղաքացիներին վերապահված է պասիվ դիտորդի կարգավիճակ, ովքեր լուռ հետեւում են, թե ինչպես են «Այո» եւ «Ոչ» քարոզողները քաղաքական պայքար մղում միմյանց դեմ։ Պայքար, որը վաղուց շեղվել է իմաստից՝ երեւույթը բնութագրող եզրույթը զրկելով բովանդակությունից։ Եթե «Այո»-ի ճամբարում գործը հանգել է շոուին եւ սեփական ծրագրերի ֆորմալ ընթացքի ապահովմանը, ապա ընդդիմադիր կուսակցականների շրջանակը` «Ոչ»-ի ճամբարը, կրկին աչքի է ընկնում առկա խնդիրների նկատմամբ իր անլուրջ վերաբերմունքով: Սեփական ակտիվության իմաստը տեսնելով «իշխանափոխություն» կոչվող մտասեւեռման մեջ` ընդդիմադիր միավորներն արդեն տարիներ ձգվող իրենց «պայքարը» կյանքի են կոչում հանրահավաքի ու երթի միջոցով` համառորեն չհասկանալով, որ պայքարը բոլորովին էլ դժգոհություն ու բողոք արտահայտելը եւ ամեն րոպե հանցագործի չար կամ վնասատու լինելն ապացուցելը չէ։

Հայաստանի հանրության դեմ գործող վարչախմբի ձեռնարկած «Սահմանադրական փոփոխություններ» կոչվող հերթական «խաչակրաց արշավանքը» կասեցնելու համար ի՞նչ պետք է եւ ի՞նչ կարող էր անել ընդդիմությունը, որ չի արել այս ընթացքում: Այս հարցերը, բնականաբար, ծագում են ընդդիմադիր հանրությունը ներկայացնող յուրաքանչյուր քաղաքացու մոտ, երբ ինչ-որ անհատներ, մտահոգություն արտահայտելով, քննադատում են ընդդիմադիր միավորներին:

Քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, ովքեր իրական պայքարը կեղծից տարբերելու համար իրավաքաղաքական բավարար գիտակցություն ունեն, տվյալ հարցերի պատասխանները հեշտ են գտնում: Սակայն նույն այդ պատասխանները դժվար «վերծանելի» են մնում բողոքը, փնթփնթոցը կյանքի դրսեւորման ձեւ դարձրած, առկա վիճակին խոսքով դեմ գնացող, սակայն վարքով համակերպվող, որեւէ խնդիր լուծելու անընդունակ, անկարող մարդկանց համար:

Հարցերի պատասխանները գտնելու «դռները» մեր մտքերում են: Այդ «դռները» բացելու ցանկությունն ու հնարավորությունն է կանխորոշում, թե մենք ինչ պատասխանների ենք հանգում: Կախված այն հանգամանքից, թե մենք ինչ ենք հասկանում Սահմանադրություն եզրը արտաբերելիս, հենց այդ մտքի շարժից էլ մեր գիտակցությունը դուռ է բացում դեպի մեզ հուզող նշված հարցերի պատասխանները: Այսպես` որոշ մարդկանց համար Սահմանադրությունը պետական մարմինների ու հանրության հարաբերությունները կարգավորող, նրանց համար իրավունքներ ու պարտականություններ սահմանող մի փաստաթուղթ է, մյուսների համար` որոշակի կառավարչական պետական առանձնացված համակարգերի (իշխանությունների) տարանջատմանը ու հավասարակշռմանը ձգտող ու դրանով հանրության շահերին ծառայող փաստաթուղթ, մի այլ խումբ մարդկանց համար` ընդամենը թղթի կտոր, որի վրա գրված են օբյեկտիվ իրականությունից մշտապես հեռու նորմեր եւ այլն: Նման պատկերացումներից էլ բխում է մեր վերաբերմունքը գործող վարչախմբի ձեռնարկած «Սահմանադրական փոփոխություններ» կոչվող գործընթացի նկատմամբ եւ վարքը, թե ինչպես ենք մենք փորձում դրա դեմն առնել:

Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ սուբյեկտիվ համոզմունքներ, պատկերացումներ իրեն վերաբերող կամ հուզող տարբեր երեւույթների, սկզբունքների մասին եւ, հետեւաբար, դրանք բնութագրող եզրերը մեկնաբանել յուրովի: Եւ գործելով այդ համոզմունքների ու պատկերացումների դիրքերից` մերժել «Սահմանադրություն» եզրի այն ձեւակերպումը, որն ազդարարում է` «Սահմանադրությունը պետության մեջ գործող քաղաքական սուբյեկտների (սուվերենների) հանրային պայմանագիրն է»։ Սակայն, անգամ մերժելով նման մեկնաբանությունը, քաղաքացին ունակ է նկատել, որ ներկայացված այս սահմանման ու մյուս բոլոր սահմանումների տարբերությունից է բխում հայաստանյան այն իրականությունը, որում մարդիկ միայն ընդունակ են առաջարկել հանրահավաք ու երթ անցկացնել` սեփական բողոքի ձայնը երեւի թե աստծուն հասցնելու համար:

Երբ մարդու գիտակցությունը չի ընկալում իրեն ի բնե տրված ուժը եւ այլոց հետ որպես անհատ սուբյեկտ հարաբերվելու, պայմանավորվելու, միմյանց իրավունքները հարգելու եւ հավասարության հիման վրա կյանքը կառուցելու հնարավորությունը, ի հայտ են գալիս այլ մարդիկ՝ լինեն օտար, թե յուրային, ովքեր իրենց պայմանն են կապում եւ իրենց կարգը հաստատում տվյալ երկրում: Ուստի, այսօր քրեաօլիգարխիան ընդամենը գծում է իր կազմում ընդգրկված սուբյեկտների հարաբերվելու սահմանները` «չմոռանալով» կատարել նաեւ օտար՝ ավելի հզոր սուբյեկտների կամքը այս կամ այն հարցում: Երկրում ովքեր իսկական սուբյեկտներն են, նրանք էլ պայմանավորվում, կազմում ու ընդունում են իրենց Սահմանադրությունը: Եվ քանի որ «դրսում» 21-րդ դարն է, ժողովրդավարության ձեւական կողմը պահելու համար գործող վարչախումբը երկրում հանրաքվեի է դնում այդ նոր Սահմանադրությունն ու ժողովրդին ասում՝ արի ասա «Այո» կամ «Ոչ»։

Համառությունը դրական հատկանիշ է մարդու համար, եթե նրա գլուխն ուղղված չէ անշունչ պատին: Ընդդիմադիր միավորները, անշուշտ, «Սահմանադրական փոփոխությունների» գործընթացը շատ լուրջ են ընդունում, երբ իրենց հերթին ժողովրդին կոչ են անում միահամուռ «Ոչ» ասելով՝ տապալել գործող վարչախմբի ձեռնարկումը։ Եթե ժողովուրդը միահամուռ ոչ ասի, եթե ընդդիմադիր միավորները միացյալ ուժերով վերահսկեն, եթե մի քանի հազար դիտորդ, վստահված անձ, հանձնաժողովի անդամ, լրագրող ունենան, մի քանի հազար ջլապինդ ու պատվախնդիր մարդ գտնեն, եթե ․․․, եթե․․․ ապա գործող վարչախմբի ձեռնարկած հանրաքվեն, իհարկե, կտապալվի։ Այստեղ խոսք կարող է լինել միայն «եթե»-ների մասին:

Այսքանից հետո մնում է ասել. «Հարգելի՛ս, մի քանի հազարամյակ է սպասում ես Փոքր Մհերին: Լավ կլինի «վերադառնաս» 21-րդ դար, որտեղ ցորենը երբեք մասուրի չափ չի լինի, իսկ գարին՝ ընկույզի։ Գարու հատիկն էլ ես դու ցանողը, ցորենի հատիկն էլ։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Այդ «եթե»-ներդ «Գյուլնազ տատի» հեքիաթների նոր պատումներն են հիշեցնում։ Այդ իսկ պատճառով եթե կարող ես, խնդիր լուծիր անձամբ կամ քո այն շրջանակի հետ միասին, ովքեր կհավատան քեզ։ Իսկ եթե հույսդ այդ «եթե»-ներն են ու հասարակության ինչ-որ շերտերի կամ ընդհանուր ժողովրդի արթնացումը, ուրեմն առ փալանդ ու գնա էշդ փնտրիր»։

Հայաստանում քաղաքացին երբ սուբյեկտ դառնա, այն ժամանակ էլ կկարողանա ըստ հետապնդած կամ ունեցած արժեքների, սկզբունքների, գիտելիքի, նպատակի, ծրագրերի՝ կնքել հանրային պայմանագիրը (ընդունել Սահմանադրությունը) իր նմանների հետ։ Սայլը ձիուց առաջ չեն դնում: Առանց հայ մարդու սուբյեկտ դառնալու, առանց անհատ քաղաքացիների սուբյեկտային վարքի, առանց փոքր խմբերի կողմից առանձին խնդիրների հնարամիտ, խելամիտ լուծման, առանց սոցիալական տարբեր շերտերի՝ իրենց իրավունքների գիտակցման, դրանց համար պայքարելու ցանկության, առանց հաջողություն արձանագրած որոշակի մեթոդաբանություն կիրառելու ու տեխնոլոգիաներ սերտելու, առանց ինչ-ինչ խնդիրներ լուծած գործիչների ի հայտ գալու` քաղաքական ակտիվությունը որեւէ հաջողություն չի կարող ունենալ: Ընդդիմությունը ներկայացնող միավորները հանրության մոտ սուբյեկտ լինելու գիտակցումը արմատավորելու, քաղաքացու ինքնուրույն պայքարելու ներուժն ու հնարավորությունը ներկայացնելու փոխարեն խոսել ու շարունակում են պնդել իրենց ձեռնարկումներում ժողովրդի մասնակցության անհրաժեշտության մասին: Իրենց պատկերացումները քաղաքականության մասին սահմանափակված են սեփական սուբյեկտայնության մասին գերագնահատանքով: Իսկ երբ այդ սուբյեկտայնությունը, իբրեւ հեքիաթի ավարտը ազդարարող երեք խնձոր, ընկնի նրանց ձեռքը, այդ ընդդիմադիր միավորները կկնքեն նույն այն քրեաօլիգարխիկ պայմանագիրը, որը դեկտեմբերի 6-ին պատրաստվում է հանրության մասնակցությունն ապահովելու միջոցով ընդունել գործող վարչախումբը: Քանի աշխարհքը չար է, այդպիսին է սուբյեկտային վարքը: Առանց քաղաքացու սուբյեկտ դառնալու՝ նրա շահերը սպասարկող Սահմանադրությունն անհեթեթություն է: