Պատերազմում հաղթանակի գրավականը քաղաքացու «զենքի իրավունքի» ճանաչումն է-2
Հայաստանի Հանրապետությունն ունի մարտունակ, լավ կազմակերպված ազգային բանակ, որը կայացած միակ պետական ինստիտուտն է վերջին քառորդ դարում: Ժամանակակից պատերազմում հաղթելու համար դա անհրաժեշտ պայման է, բայց, այնուամենայնիվ, գլխավորը չէ: Ինչո՞ւ է այդպես:
Վերջին հարյուրամյակներում սեփական կյանքը քաղաքականապես կազմակերպելիս մարդկությունը հիմնականում ընտրել է պետական կառուցվածքի մի ձեւ` հանրապետությունը: Այն միտված է պետության մեջ սոցիումի տաբեր անդամների միջեւ եղած հարաբերությունների ավելի արդար կարգավորմանը եւ առավել մեծ թվով հանրային խմբերի պահանջմունքների բավարարմանը: Հանրապետությանն առաջ մղող ու զարգացման տանող ուժը ոչ թե առանձին անհատներն են (թագավորները, կայսրերը, բռնակալները) կամ սոցիալական ինչ-որ խավերը (արիստոկրատիան, քրմերը, առեւտրավաշխառուական շերտը), այլ ողջ հանրությունը: Ուստի երբ ծառանում է երկրի պաշտպանության խնդիրը, հենց հանրության ուսերին է ընկնում վտանգի հաղթահարման հիմնական բեռը: Անցյալում են ասպետական պատվի համար կամ հանուն ցարի պատերազմ մղող բանակները: Հանրապետական բանակը երդվում է հենց իր հանրապետության անունով եւ կռվում է այդ հանրապետությունը կազմավորած հանրության գոյության ու նրա ստեղծած պետական կարգերի պահպանման համար:
Այսպիսով ժամանակակից աշխարհում եթե կան երկու հակամարտ հանրապետություններ, ապա այդ դեպքում միմյանց դեմ պատերազմում են ոչ թե նրանց ազգային բանակները, այլ այդ երկրների հանրությունները: Պատերազմի արդյունքում էթնիկ զտումները, բնակչության բնաջնջումը, բնակավայրերի լիակատար ավերումը իրականություն է դառնում, քանի որ պատերազմող կողմերը գիտակցում են ոչ միայն թշնամի հանրության համաժողովրդական դիմադրության պարագան, այլ նաեւ այն, որ սահմանի մյուս կողմում գտնվող հանրությանը երբեք հնարավոր չի լինի հպատակեցնել հանրապետություն ենթադրող պետական կառուցվածքի ու ժողովրդավարություն ենթադրող պետական կառավարման շրջանակներում: Անցել են այն ժամանակները, երբ թագավորական բանակները հեշտությամբ տարածքներ էին նվաճում, քանի որ նվաճված հպատակ բնակչությունը հանդուրժում էր օտարի լուծը` շատ քիչ տարբերություն դնելով իրեն հարստահարող միեւնույն լեզվող խոսող կառավարչի ու այլակրոն, այլազգի բռնակալի միջեւ:
Այսպիսով այնպիսի պետական կառուցվածքի պայմաններում, ինչպիսին հանրապետությունն է, պատերազմի դեպքում առաջին պլան է մղվում այն հարցը, թե որքանով է տվյալ հանրությունն ադեկվատ իր պետական կառավարման համակարգին եւ արդյոք պատրաստ է պատերազմել հանուն այդ պետական կարգերի պահպանման, հանուն այն արժեքների, որոնք կազմում են նրա կեցության հիմքը:
Աշխարհի շատ պետություններում ձեւավորվել է մի մեծ անդունդ հռչակված արժեքների, գործարկված պետական կառավարման համակարգի եւ հանրությունների սոցիալ-քաղաքական կյանքի միջեւ: Առաջադեմ ազգերի հետ համեմատած` հատկապես արեւելյան շատ ազգերի (այդ թվում` մեր հանրության) քաղաքական կյանքի հիմնական խարխափումները տեղի են ունենում գլխավորապես այն պատճառով, որ վերջիններս կամա, թե ակամա սեփական պետական օրգանիզմն արտաքնապես պատում են մարդկության ժամանակակից առաջընթացը բնութագրող արեւմտյան քաղաքական-քաղաքակրթական դրվածքներով, բայց դրա հետ մեկտեղ ներքուստ շարունակում են իրենց կյանքը կառուցել բոլորովին այլ պարամետրերով: Հանրային քաղաքական կյանքը այդ պետություններում ընթանում է անցյալից ժառանգած ու քարացած այնպիսի սկզբունքների, արժեքների հիման վրա, որոնք շատ դեպքերում ոչ մի կապ չունեն արեւմտյան ժողովրդավարության հետ: Այսպես, մեր ժողովուրդը հռչակագրային մակարդակում իր պետական կառուցվածքի ձեւը ընտրել է հանրապետությունը, բայց նրա հանրային հարաբերությունների կարգավորումների հիմքում ընկած են ֆեոդալական սովորույթային նորմերը:
Սա հենց այն առանցքային պատճառն է, որը թույլ չի տալիս մեր ազգին ընկալել իր «զենքի իրավունքը» նվաճելու անհրաժեշտությունը: Պետության մեջ հանրապետական կարգերի համար երբեւէ իրական պայքար մղած հանրությունը կգիտակցեր «զենքի իրավունքի» արժեքը թե ներքին կոնֆլիկտները լուծելու եւ թե արտաքին թշնամու դեմ պայքարելու գործում: Կգիտակցեր նաեւ, որ հանրապետական ժամանակակից բանակը միջնադարյան թագավորական բանակներից, նախարարական զորաջոկատներից էականորեն է տարբերվում: Եթե միջնադարում վերջիններս ներկայացնում էին հենց պետության զինված կառավարիչներին (զենքի իրավունք ունեին միայն քաղաքական իշխանության կրողները), ապա հանրապետական բանակը այսօր չի կարող ներկայացնել հանրությանը, քանի դեռ այդ հանրությունը անզեն է ու հետեւաբար` հանրապետական կարգերի երաշխավորը չէ:
Ընդհանրապես ընդունված է համարել, որ աշխարհում տարածված պետական կառավարման ձեւերը միմյանցից տարբերվում են` ելնելով այն հանգամանքից, թե ովքեր են քաղաքական կյանքին ու երկրի կառավարմանը մասնակցող սուբյեկտները: Սակայն կառավարման լծակները անցյալում եթե անգամ ինչ-որ մի պահի գտնվել են մեկի (թագավոր, բռնակալ եւ այլն), քչերի (ազնվականություն, հարուստներ, զինվորականներ, ավազականեր եւ այլն) կամ շատերի (ժողովրդի ընտրովի մեծամասնություն, ամբոխ եւ այլն) ձեռքում, ապա դա դեռ լիարժեք պայման չի եղել, որպեսզի տվյալ պետական կառավարման համակարգը անխափան գործի:
Պատմական բոլոր ժամանակահատվածներում մեկ անձի կամ մեծ ու փոքր խմբերի պետական կառավարմանը մասնակցելու հարցը վերջնականապես բյուրեղացել է միայն այն դեպքում, երբ կառավարման հավակնություն ունեցողների կողմից գործադրվել են որոշակի լծակներ կառավարման համակարգը իրենց ձեռքում կենտրոնացնելու ու պահելու համար: Ընդ որում, այդ լծակները երբեք էլ պետական օրենքները չեն եղել: Կառավարման (իշխանության) հավակնություն ունեցողները քաղաքական կյանքում իրենց կառավարման (իշխանության) իրավունքը նվաճել են մի միջոցով` զենքի գործադրմամբ, որից հետո միայն այդ իրավունքը ամրագրել օրենքով` այն դարձնելով կառավարող (իշխող) մյուս սուբյեկտների հետ համատեղ հաստատած նոր կարգերի մասին պայմանագիր:
Միաժամանակ պետական կառավարման սուբյեկտները հենց զենքի միջոցով են կարողացել պատժել իրենց հաստատած օրենքները խախտողներին: Օրենքի գերիշխանությունը հաստատվել է, քանի որ պետական կառավարման ողջ համակարգը իրենց ձեռքում կենտրոնացրած անձիք իրենց վերապահել են պատժելու գործառույթ: Այսպիսով պետական օրգանիզմում բոլորովին նոր կառավարիչներ երբեւէ ի հայտ են եկել, ինչպես նաեւ հանրային նոր շերտերը պետական կառավարմանը մասնակցելու իրավունք երբեւէ ձեռք են բերել միայն զենքի ուժով, որով ստեղծել են երաշխիքներ արդեն նոր օրենքի գործարկման ու պետական կառավարմանը իրենց մասնակցության իրավունքը ճանաչելու համար:
Վերեւում ներկայացված վերլուծությունը ցույց է տալիս, որ ինչպես մյուս պետական կառուցվածքները, հանրապետությունը նույնպես մարդկության երբեւէ ստեղծած քաղաքական այնպիսի համակարգ է, որտեղ հանրության կառավարելու իրավունքը օտար կամ յուրային տարբեր «իշխողների» կողմից լեգիտիմ է ճանաչվում նրա զենքի իրավունքը ճանաչելուց հետո միայն: Այստեղ հարկ է նկատել նաեւ, որ թե անտիկ հանրապետությունները եւ թե քաղաքակրթական մեծ նվաճումներ արձանագրած ժամանակակից հանրապետությունները զենքի միջոցով սեփական իրավունքները հաստատելուց հետո առաջնորդվել են հստակ մի սկզբունքով. ամբողջ հանրությունը այդուհետ բացառել է ինչ-որ խմբերի կամ շերտերի զենքի հանդեպ մենաշնորհ ունենալու իրավունքը:
Այսպես, հնադարում Հռոմը տիրեց գրեթե ողջ «հայտնի» աշխարհին հենց իր պետական կառուցվածքի` հանրապետության շնորհիվ: Վերջինս առավել արդար պետական կառուցվածքի ձեւ էր եւ բոլոր քաղաքացիներին հնարավորություն էր տալիս մասնակցել պետական կառավարմանը: Սակայն, միաժամանակ այն շատ լուրջ պատասխանատվություն էր ենթադրում քաղաքացիների համար, ովքեր պարտավոր էին անձամբ ու իրենց գնած զենքերով մասնակցել Հռոմի մղած պատերազմներին: Ընդ որում զենքի տեսակը որոշվում էր ըստ ունեցած գույքային ցենզի: Ըստ այդմ էլ Հռոմի քաղաքացին լեգիոնում զբաղեցնում էր միեւնույն զենքով կռվող զինակիրների շարքի հենց իրեն հատկացված տեղը: Որքան փոքր էր նրա գույքային ցենզը, այնքան թույլ էր նրա զենքի տեսակը եւ հետեւաբար մեծ էր պատերազմում նրա սպանվելու կամ խոցվելու հավանականությունը: Քանի որ լեգիոնը կառուցվում էր առջեւում թեթեւ զինված քաղաքացիներից դեպի ծանրազեն հետեւակ ու հեծելազոր ձգվող կարգով, այդ իսկ պատճառով Հռոմի քաղաքացին շահագրգռված էր իր գույքային ցենզի փոփոխությամբ: Ավելի մեծ գույքային ցենզ ձեռք բերելու դեպքում նա բացի քաղաքական այլեւայլ իրավունքներից նաեւ պատերազմի ժամանակ իր դիրքով ու նոր ձեռք բերված ծանրազեն սպառազինությամբ առավել քիչ վտանգի էր ենթարկվելու` տեղ զբաղեցնելով լեգիոնի առավել պաշտպանված շարքերում:
Աշխարհում զարգացած ժամանակակից հանրապետությունները եւս «զենքի իրավունքի» ճանաչման հիման վրա են կարողացել մի կողմից հաստատել համեմատաբար ավելի արդար հանրային կարգեր պետության ներսում, եւ մյուս կողմից առավելագույնս զսպել այլ պետությունների` իրենց նկատմամբ ունեցած թշնամական նկրտումները: Այսպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Բրազիլիան, Շվեյցարիան եւ այլ երկրներ օրենքով ամրագրել են իրենց քաղաքացիների զենք (հրազեն) ունենալու թույլտվությունը: ԱՄՆ-ում այդ հարցը կարգավորվում է ԱՄՆ սահմանադրության մեջ կատարված երկրորդ փոփոխությամբ (լրացմամբ), որտեղ ասված է` «Քանի որ ազատ պետության անվտանգության համար անհրաժեշտ է լավ կազմակերպված միլիցիա, ապա զենք կրելու եւ պահելու ժողովրդի իրավունքը ենթակա չէ սահմանափակումների»:
Կանադայում գոյություն ունի զենքի ազատ վաճառք: Սակայն օրենքով կարգավորվում է զենքի հաշվառման գործընթացը: Այս երկրի քաղաքացիները պարտավոր են իրենց մոտ եղած հրազենի բոլոր տեսակները պետական հաշվառման կանգնեցնել: Բրազիլիայում 2005թ. անցկացված հանրաքվեի արդյունքերով քաղաքացիների մեծամասնությունը դեմ արտահայտվեց հրազենի վաճառքի արգելմանը: Հարավամերիկյան այս ամենամեծ երկրում հրազեն կարող են ունենալ 25 տարին լրացած քաղաքացիները: Հրազենի ձեռք բերման թույլտվությունը տրվում է ոստիկանության կողմից եւ ենթակա է վերաթարմացման յուրաքանչյուր երեք տարին մեկ:
Մեզ համար առավել մեծ նշանակություն ունի Շվեյցարիայի օրինակը, որը հանդիսանալով Հայաստանի նման լեռնային երկիր, դեպի ծով ելք չունենալով, իր զբաղեցրած տարածքով մեզ հետ համադրելի լինելով, կարողացել է այնպես կազմակերպել պետական անվտանգության խնդիրը, որ ոչ մի երկիր տասնամյակներ շարունակ մտքով անգամ չի անցկացրել թշնամանալ նրա հետ: Շվեյցարիայի համապետական օրենքը 18 տարին լրացած իր քաղաքացիներին հնարավորություն է տալիս անգամ մարտական զենք ձեռք բերել: Քանի որ բանակը կազմավորվում է պահեստազորում գտնվող քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ, ուստի այդ քաղաքացիներին թույլատրվում է իրենց հաշվեցուցակային մարտական զենքը պահել տանը:
Վերեւում ներկայացված քննությունը ցուցանում է, որ հայ ժողովրդի «զենքի իրավունքի» (մարտական զենք ձեռք բերելու, պահելու, կրելու եւ ինքնապաշտպանության համար կիրառելու իրավունք) ճանաչման եւ Ադրբեջանի հետ ներկայիս պատերազմում մեր հաղթանակի միջեւ կա ուղղակի կապ: Քանի դեռ մեր ամբողջ հանրությունը զինված չէ, նա չի կարող երաշխիքներ ունենալ իր անվտանգության հարցում: Ցեղասպանության ենթարկված լինելու փաստը վաղուց պետք է ապացույցը դառնար այն ճշմարտության, որ մեր քաղաքացիների անվտանգությունը աշխարհում չի կարող երաշխավորել ոչ մի օտար ուժ: Իսկ սեփական տարածքի խոցելիությունը, բնակչության սակավաթիվ լինելը եւ այլ պարամետրեր միաժամանակ նրան պետք է համոզեին, որ ազգային բանակը, որքան էլ մարտունակ լինի, չի կարող միայնակ պայքարել արտաքին թշնամու դեմ: Այդ գործում բանակի միակ հույսն ու ապավենը ոչ թե ռազմավարական դաշնակիցն է, այլ հենց այն հանրությունը, որը սեփական մարտական զենքը ձեռքին ցանկացած պահի կարող է շտապել իր ստեղծած բանակի զինվորին օգնության: