Հեքիա՞թ, թե՞ հայկական իրականություն-3
Ամիսներ առաջ երկու հոդված էի հրապարակել «Հեքիա՞թ, թե՞ հայկական իրականություն»վերնագրով։ Այդ հոդվածներում անդրադարձել էի ժողովրդական երկու ստեղծագործությունների՝ հեքիաթների, որոնք ընկած են մեր ազգային մտածողության ու վարքի հիմքում, եւ կազմում են հայ ժողովրդի համակեցությունը կարգավորող առանձին դրվածքների, կոլետիվ անգիտակցականում գործող որոշակի վախերի խտացված շարադրանքը։
Ընդհանրապես յուրաքանչյուր ազգի հենց ժողովրդական բանահյուսության մեջ է լավագույնս երեւակվում նրա արատների ու առաքինությունների ներկապնակը։ Սակայն ի տարբերություն էպոսի, որում առավելապես ցուցանվում են ժողովրդի ոգեղենության հիմքերը, դրական հատկանիշները, հեքիաթներում որոշակի կերպարանափոխությամբ ու այլաբանությամբ ներկայացվում են ժողովրդի մեջ բուն դրած վախերը, արատները, բացասական հատկանիշները, թուլությունը։ Այլ կերպ ասած որոշակի մեծ հանրույթի գոյություն ունեցող, երբեւէ գիտակցված, բայց տաբուավորված թուլություններն ու արատները մի տեսակ անիրական թվացող այդ «հագուստի»՝ հեքիաթների մեջ պարուրվելու միջոցով են սկսում տվյալ ժողովրդի կյանքի ուղեկիցը մնալ։ Ուստի հայկական ժողովրդական հեքիաթներն առաջին հերթին մեզ բոլորիս ի ցույց են դնում մեր մտածողության, հոգեվիճակի խամրած այն «ներկերը», որոնցով ուրվագծվում է հայկական ներկայիս գորշ իրականությունը։
Այսօր մեր գլխին կախված պատերազմի վտանգով պայմանավորված՝ հարկ եմ համարում եւս մի հեքիաթի անդրադառնալ։ Մեր հանրային մտածողության մեջ ու վարքում տեղ գտած անզորության, վախերի, թուլությունների, արատների տեսանկյունից այն նույնքան բնութագրական ու ուսուցողական է։ Բայց այն նաեւ մեր առջեւ ծառացած խնդրի լուծմանը տրամադրող մի ստեղծագործություն է։ Այն մարդ մնալու եւ թուրքերի գայլային էությունը հասկանալու միջոցով նրա դեմ պայքարելու մասին է։ Այն հեքիաթ է անխելք հայ մարդու մասին, ով ամեն անգամ շտապում էր Կրեմլ՝ «աստծու» մոտ, իր դարդը լացելու։
Սակայն հեքիաթում սյուժեն մեր իրականության հետ համադրելիս, հայ մարդուն կոնկրետ մի դեմքով անձնավորել պետք չէ։ Մեզանում այդ մարդիկ ամենուր են ու տարբեր դեմքեր են կրում։ Մարդիկ որոնց բախտը, թվում է, թե բերել է քաղաքական գործընթացներում կամ որոնք դեռ բախտ են փնտրում քաղաքականության մեջ, մարդիկ ովքեր քաղաքականության մեջ շատ խելք ունենալու անհրաժեշտությունը չեն տեսնում, բայց եւ պատրաստ են «Տեր աստծուց» իրենց բաժին բախտը խնդրել։ Այնպիսի մարդիկ, ում համար «Տեր»-ը շատ պայմանական է՝ կախված ծառայի իրենց կարգավիճակից ու այն միջավայրից, որտեղ ապրում են։ Այսօր, կախված հանրային ու պետական հարաբերությունների մասշտաբից, «Տեր աստված»-ը կարող է լինել ե՛ւ Կրեմլի ժայռին թինկը տված գաճաճը, ե՛ւ մարդկային առօրյա շփումներում հայ մարդուն հարստահարող ճիվաղը։
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միեւնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։
Մի օր կրկին աստծո դուռը գնալիս ճանապարհին նրան պատահում է մի սոված գայլ․
- Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,- հարցնում է գայլը։
«Գնում եմ աստծու մոտ,- պատասխանում է աղքատը,- դարդ ունեմ ասելու»։
- Դե որ գնաս աստծու մոտ,- խնդրում է գայլը,- ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձորում, իր սահմանամերձ շրջաններում օպերատիվ-մարտավարական զորավարժություններ է անցկացնում, որին մասնակցում են 25 հազար գայլուկներ, ավելի քան 300 միավոր տանկ ու հետեւակի մարտական մեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռահրետանային համակարգ, ռազմական ավիացիայի 40 միավոր, 30-ից ավել ՀՕՊ համակարգեր, ինչպես նաեւ հատուկ նշանակության միավորումներ ու ռազմածովային ուժեր եւ այլն, բայց ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ չորս միլիարդ դոլլարի զենքով զինել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
«Լա՛վ»,- ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
- Ո՞ւր ես գնում, ախպեր,- հարցրեց աղջիկը։
«Գնում եմ աստծու մոտ»։
- Երբ որ աստծուն տեսնես,- աղաչեց սիրուն աղջիկը,- ասա «Հայաստան» անունով այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, ձեռքի շնորհքը շատ, անող, դնող, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
«Կասեմ»,- խոստացավ ճամփորդն ու գնաց, պատահեց ճյուղերը երկինք պարզած մի տնտեսության, որ թեեւ ջրափին էր կանգնած, բայց չորացել էր։
- Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,- հարցրեց չորացած այդ համակարգը։ «Գնում եմ աստծու մոտ»։
- Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,- խնդրեց չոր ծառը,- աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց մինչեւ, գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալեւոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։ «Բարի օր»,- ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
- Բարով եկար,- պատասխանեց աստված,- ի՞նչ ես ուզում։
«Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար, ես այնքան եմ տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են»։
- Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,-ասաց աստված։
«Էլ բան ունեմ ասելու, տե՛ր»,- ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, եւ աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
- Ինձ համար ի՞նչ ասաց աստված - հարցրեց չոր ծառը։ «Ասաց, քո տակին ոսկի կա. մինչեւ այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ»,- պատմեց մարդը։
- Էլ ո՞ւր ես գնում, արի՛ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։
«Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,- պատասխանեց աղքատը,- աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,- ասաց ու գնաց։
Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
- Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
«Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես»։ - Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,- թախանձեց աղջիկը ճամփորդին։
«Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,- ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
- Հը, աստված ի՞նչ ասաց։
«Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն երկիր ու մի չոր ծառ էլ պատահեցին, երկիրն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն, ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց՝ այդ երկրին ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, երկիրն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
- Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց սոված գայլը։
«Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս՝ մինչեւ մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս»։
- Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,- ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ընթացող եռակողմ բանակցությունները հայ հանրության համար կարեւոր են հատկապես մի հարցի՝ պատերազմի վերսկսման տեսանկյունից։ Ապրիլյան քառօրյա պատերազմը լրջացրել է բոլորին։ Նոր պատերազմի վտանգը հուզում է թե՛ իր հացը վաստակող աշխատավորին, թե՛ աշխատավորի վաստակը հափշտակող օլիգարխին ու պաշտոնյային, թե՛ արեւմտամետին կամ ռուսամետին, թե՛ արտաքին ուժերից որեւէ ակնկալիք չունեցող, միայն իր ուժերին վստահող քաղաքացուն։ Յուրաքանչյուրը սեփական վարքը պատերազմական իրավիճակին համապատասխանեցնելու խնդրի առաջ է կանգնած եւ այստեղ է, որ ի հայտ է գալիս յուրաքանչյուրի մտածողության կերպը։ Մեկի համար պատերազմը միմիայն սեփական հարստությունը, գույքը, ընտանիքը փրկելու պատճառ է, մյուսի համար՝ այլոց փախեփախի ժամանակ կամ եթե հանգամանքները թույլ տան՝ թշնամու «ռազմավարով» հարստանալու առիթ, իսկ շատերի համար էլ երկիրը պաշտպանելու ու ազգը հերթական ցեղասպանությունից ձերբազատելու հիմնախնդիր։
Պատերազմի վտանգը, սակայն, ամեն անգամ քաղաքացիական հանրությանը «լինե՞լ, թե՞ չլինել» հարցին պատասխանելու խնդրի առաջ է կանգնեցնում։ Ինչո՞ւ պետք է ցեղասպանություն տեսած, հայրենի հողը կորցրած ազգն ամեն անգամ կանգնի նման խնդրի առաջ։ Ի՞նչ է մեր իսկ սխալների ու փորձի վրա մենք ընդունակ չենք սովորելու։ Նման հարցին միանշանակ կարելի է պատասխանել։ Այն է՝ եթե մենք կանգնած ենք այն նույն խնդրի առաջ, ինչ մեկ տարի, տաս տարի կամ հարյուր տարի առաջ, ապա մենք այդ խնդիրը չենք լուծել, քանզի ընդունակ չենք եղել պատերազմը նախականխելու՝ սեփական դիրքերն այնպես ամրացնելու համար, որ թույլ չտանք նոր հայրենական պատերազմի սկզբնավորումը։ Իսկ թե ինչու չենք լուծել այդ խնդիրը եւ որոնք են լուծումները, այդ մասին ինչպես տեսանք պատմում է «Անխելք մարդը» հայկական ժողովրդական հեքիաթը, գրառված հանճարեղ Հովհաննես Թումանյանի կողմից։ Երկրի հետ ամուսնանալու ու տնտեսություն կառուցելու փոխարեն մնացել ենք բախտի հույսին ու մեզ շրջապատող գայլերի ողորմածությանը։ Բախտներս մի հարցում է բերել՝ հայ զինվորի հարցում։ Բայց գետը միշտ գերան չի բերում, մեր տունը կառուցել է պետք՝ երկրի հետ ամուսնանալ ու տնտեսության ծառը ջրել ու մշակել է պետք։