Հայկական անանուն հիվանդություն
Հունիսի 20-ին, երեկոյան Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը։ Առանցքային միակ թեման իհարկե Ղարաբաղյան խնդիրն էր։ Այդ հանդիպումը տեղի էր ունենում Ադրբեջանի կողմից աննախադեպ լայնամասշտաբ զորավարժությունների պայմաններում: Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ Նախիջեւանում, հունիսի 19-ից անց էին կացվում օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որին մասնակցում էին 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ ու հետեւակի մարտական մեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռահրետանային համակարգ, ռազմական ավիացիայի 40 միավոր, 30-ից ավել ՀՕՊ համակարգեր, ինչպես նաեւ հատուկ նշանակության միավորումներ ու ռազմածովային ուժեր։ Ըստ ամենայնի, նման ծավալի ուժի ցուցադրությունը Ադրբեջանի ամենից կարեւոր խաղաքարտն էր այդ հանդիպման ժամանակ։ Դրա միջոցով հարկ կար ճնշում գործադրել հայկական կողմը ներկայացնող Սերժ Սարգսյանի վրա՝ նրան հակելու ընդունել ինչ-ինչ պայմաններ։
Սակայն Սերժ Սարգսյանը այդ հանդիպմանը ներկայացել էր ոչ ձեռնունայն։ Նույն օրը նա նմանապես սեփական խաղաքարտն էր գործարկել։ Հունիսի 20-ին պետերբուրգյան հանդիպումից ժամեր առաջ Երեւանում ձերբակալվեց ազատագրված տարածքների հանձնման դեմ քաղաքական շարժման հիմնադիր, իսկ այսօր նաեւ դրա առաջամարտիկ, Ղարաբաղյան պատերազմի դաշտային հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ պաշտոնական մեկնաբանման՝ «քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում»։
Այս ձեւակերպումից այդքան էլ հստակ չի երեւում Սեֆիլյանին վերագրվող հանցանքի նպատակը։ Այն է՝ Սեֆիլյանը ծրագրել է զինված խմբավորման միջոցով շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ զավթել, որ ի՞նչ խնդիր լուծի՝ երկրում հեղաշրջո՞ւմ կատարի, տապալի սահմանադրական կարգը՞, երկիրը քաոսի՞ վերածի, եւ այլն։ Թվում է, թե Քննչական մարմնի կողմից նշված եւ Ժիրայր Սեֆիլյանին վերագրվող նպատակադրությունները ուղղակի կապ պետք է ունենան իմ կողմից թվարկված կամ նույնաբնույթ ինչ-որ այլ խնդիրների, ծրագրերի հետ։ Սակայն Քննչական մարմինն իր հայտարարության մեջ բոլորովին չի խոսում պետական նման ծանրագույն հանցակազմերով քրեական գործի հարուցման մասին, այլ միայն՝ «մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու» մասին եւ նման կասկածանքով նախ ձերբակալում, իսկ հունիսի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն մեղադրանք առաջադրում Ժիրայր Սեֆիլյանին։
Սեֆիլյանը Հայաստանում գլխավորում է արմատական ընդդիմությունը, մերժում է ամեն տեսակի գործարքները վարչախմբի հետ, նրա գլխավորած քաղաքական ուժը չի ցանկանում վերակազմավորվել ու կուսակցության կարգավիճակ ձեռք բերելով՝ մասնակցել Հայաստանի ընտրական գործընթացներին։ Եւ ուրեմն ինչպե՞ս կարող է Սեֆիլյանի ձերբակալությունը կապ ունենալ Սանկտ-Պետերբուրգում երեք երկրների նախագահների հանդիպման հետ։
Այս հարցի պատասխանը շատ կոնկրետ տալիս է պետական այն մարմինը, որը նախաձեռնել է ձերբակալությունը։ Քննչական մարմնի հայտարարությունն ուղղակի վկայությունն է այն բանի, որ Սեֆիլյանը ձերբակալվել է հենց Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ սեղանին հայկական կողմից որպես խաղաքարտ օգտագործվելու նպատակով։ Եւս մեկ անգամ կարդանք ՀՀ Քննչական կոմիտեի կողմից մամուլի համար շրջանառության մեջ դրված տեքստի հետեւյալ հատվածը՝ «Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում»։
Ապրիլյան պատերազմը, որպես կարեւոր հանգամանք նշված է հենց Քննչական մարմնի հայտարարության մեջ։ Ըստ այս նախադասության՝ պարզ է դառնում, որ իրավապահ մարմինները տիրապետում են ինչ-որ այլ տեղեկությունների, ըստ որոնց՝ ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում՝ ապրիլ ամսին, Սեֆիլյանի ու նրա անտեսանելի «բանդայի» կողմից ծրագրվել են հանցագործություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով այդ ժամանակահատվածում չեն կատարվել։ Ընդ որում, այդ ենթադրյալ հանցագործությունները, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, կապված են կոնկրետ ապրիլյան պատերազմի ու նրա առաջ բերած հետեւանքների հետ։ Ուշադրություն դարձնենք, որ քննչական մարմինը իր հայտարարության մեջ կոնկրետ նշում է ոչ թե այն, որ ենթադրյալ հանցագործներն այդ գործողությունները նախատեսել են կատարել «2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքից օրեր առաջ», կամ ասենք՝ «ապրիլ ամսին», այլ՝ «ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում»։ Այս ձեւակերպումը ուղղակի վկայությունն է այդ հայտարարության տեքստը կազմողի այն նախատրամադրության, որ Սեֆիլյանին մեղսագրվող արարքի մեջ «ապրիլյան պատերազմը» էական հանգամանք է։
Հենց այս ուղղակի վկայությամբ էլ մենք պետք է փորձենք վերաբերմունք արտահայտել տեղի ունեցածին։ Իսկ տեղի է ունեցել հետեւյալը՝ Ադրբեջանը որպես Հայաստանի վրա բանեցվող խաղաքարտ օգտագործել է հենց Երեւանի քթի տակ խոշորածավալ զորավարժություն անցկացնելու լծակը, իսկ Հայաստանը՝ հանձին Սերժ Սարգսյանի՝ օգտագործել է ոչ թե ռազմաքաղաքական մի այնպիսի լծակ, որը կրկին ուժի դիրքերից համարժեք պատասխան կլիներ Ալիեւի կատարած քայլին, այլ ընդհակառակը՝ բավարարել է Ադրբեջանի երբեմնի ցանկությունը՝ եթե ոչ սպանված, ապա գոնե բանտարկված տեսնել Ղարաբաղյան պատերազմի մեր դաշտային հրամանատարներին։ Ադրբեջանի զորավարժություններին որպես համարժեք պատասխան չեն արվել համազոր զորավարժություններ, կամ չի կնքվել գործող վարչախմբի կողմից այդքան չարչրկված ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիրը, կամ ՀՀ եւ ԼՂՀ բանակներում, թեկուզեւ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, չեն նշանակվել առավել արմատական տրամադրված զորահրամանատարներ, կամ ներում չեն շնորհվել բոլոր այն քաղբանտարկյալներին, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին եւ այլն։
Իհարկե գործող վարչախումբն այսօր կարող է ինքն իրեն հավատացնել ու սփոփել, որ Սեֆիլյանը իսկապես պետական հեղաշրջում է նախաձեռնել։ Այդ հանցավոր մարդակույտը կարող է նաեւ առաջնորդվել այն մտածողությամբ, որ հանուն պետական շահերի կարելի է ժամանակավորապես անազատության մեջ պահել նաեւ պատերազմի վետերան հայտնի հրամանատարների։ Սակայն տեղի ունեցածը խոսում է ոչ միայն ու ոչ այնքան վարչախմբի ղեկավարի վարքն արդարացնելու համար ինչ-ինչ կեղծ փաստարկներով ու պետական շահերով այդ մարդկանց ինքնասփոփելու ցանկության մասին, որքան այն մասին, որ Հայաստանում պետական կառավարմանը ներգրավված է մի մարդակույտ, որը պարզապես հիվանդ է ապազգային ու ապապետական ինչ-որ հիվանդությամբ։
Հայաստանի պատմության մի կարեւոր շրջափուլում՝ 1918-1921թթ-ին, նույն այդ հիվանդությամբ տառապող ռազմաքաղաքական ակտիվ գոյություն ուներ։ Մարդիկ, ովքեր կարծում էին, որ տուրք տալով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ցանկություններին՝ գործում են Հայաստանի շահերից։ Ըստ այդ մարդկանց՝ բանակցելիս կամ շահեր իրացնելիս անգամ թշնամուն կարելի է «վաճառել» սեփական ազգային արժանապատվությունը՝ դուր գալու ու ինչ-որ այլ՝ ավելի կարեւոր պետական շահեր նրանից կորզելու համար (թուրքերի պահանջով Անդրանիկին հետապնդելու դեպքը դրա վառ ապացույցն է)։
Ինչպես տեսնում ենք, անցյալի ու ներկայի այսպես կոչված պետական գործիչների համար գիտակցական մակարդակում սեփական ազգի արժանապատվությունը չի համադրվում անձնական արժանապատվության հետ։ Մարդիկ կարող են խաղալ ազգային արժանապատվության հետ, վերջինս սարքել առուծախի առարկա՝ ներքուստ մտածելով, որ իրենց անձնական արժանապատվությունը դրանից չի տուժում։ Նման մտածողությունը սովորական անսկզբունքայնության դրսեւորում չէ։ Դա շատ ավելի խորը հոգեբանական հիվանդություն է, քանի որ մարդիկ ոչ միայն սկզբունք չունեն պահել կոլեկտիվ ինքնության պատիվը, այլ գիտակցելով մասնավոր շահերի իրացման գործում պետական շահերի արժեքն ու անհրաժեշտությունը՝ կապը չեն տեսնում սեփական արժանապատվության եւ ազգային արժանապատվության միջեւ։ Այդ մարդիկ մտածում են, որ Ալիեւի, կամ ասենք Նազարբաեւի կողքին Սերժ Սարգսյանի կանգնելով, այդ թուրք ղեկավարների մտքում Սարգսյանը որպես արժանապատիվ ու սկզբունքային մարդ նսեմացված չի կարող լինել, քանի որ Սարգսյանն իր անձնական արժանապատվությունը գետնովը չի տվել, նրա հեղինակությունը խաթարված չէ։
Մեզանում այս հիվանդությունը բնորոշելու խնդրի առաջ ենք այսօր կանգնած։ Պետական պաշտոնեությունը հանրության մի կարեւոր բաղադրատարրն է։ Նրա նման արատավոր մտածողությունը հնարավորություն է տալիս պետական բարձրագույն պաշտոնյաների կողմից ազգային արժանապատվությունը ոտնահարող վարք դրսեւորել։ Պետական հանցագործությունները, այդ թվում՝ պետական դավաճանությունը, ազգային արժանապատվության ոտնահարման ու ոչնչացման նյութականացված, առարկայացված դրսեւորումներն են մարդկային կյանքում։ Եւ այսօր պետք է խոսենք ոչ միայն Սերժ Սարգսյանի անսկզբունքայնության կամ ազգային արժանապատվության բացակայության մասին, որքան այն մասին, որ Հայաստանում «Սերժ Սարգսյան» անունով ղեկավարի դրսեւորման համար հանրության մեջ գոյություն ունեն ջերմոցային պայմաններ։ Պետք է խոսենք այն մասին, որ Սերժ Սարգսյանի կողմից արտաքին հարաբերություններում ինչ-որ շահեր իրացնելիս պետական ապարատում, այդ թվում՝ բանակում, մարդիկ չեն տեսնում կապը Սարգսյանի կողմից ազգային արժանապատվության ոտնահարման եւ իրենց անձնական արժանապատվության նսեմացման միջեւ։ Եթե հարյուր տարի առաջ թուրքերի պահանջով Անդրանիկին ձերբակալելը խնդիր չէր տվյալ ժամանակի պաշտոնեության ու բանակի սպայակազմի համար, եթե այսօր պետերբուրգյան հանդիպման ժամանակ սեղանին որպես խաղաքարտ դրվելու համար Սեֆիլյանին ձերբակալելը խնդիր չէ ներկայիս պաշտոնեության ու բանակի սպայակազմի համար, ապա մենք իսկապես լուրջ հիվանդ ենք մի հիվանդությամբ, որի միայն անունը հայտնի չէ։