Նոր վարչապետը նախանշելու է մեր փշոտ ճանապարհը
Ապրիլի 10-ին ՀՀԿ գործադիր մարմինը Հայաստանի նոր վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում որոշում չկայացրեց: ՀՀԿ մամուլի քարտուղար Է. Շարմազանովը հայտարարեց, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա միայն երկուշաբթի օրը` ապրիլի 14-ին ՀՀԿ գործադիր մարմնի եւ ապա խորհրդի նիստերի ընթացքում: Սակայն ապրիլի 11-ին, անշուշտ նկատի առնելով, որ վարչապետի առաջադրման նախորդ որոշումը կհակասեր ՀՀ Սահմանադրության պահանջներին, ՀՀԿ մամուլի ծառայությունն արդեն լրատվություն տարածեց, որ այդ նիստերը տեղի կունենան կիրակի օրը` ապրիլի 13-ին:
Է. Շարմազանովի հայտարարությունից հետո շատ քաղաքացիներ սկսեցին խոսել, որ նոր վարչապետի նշանակման հարցը լուրջ տեղապտույտներ է տալիս: Շատերի մոտ կասկած չի հարուցում այն, որ նման իրավիճակ ՀՀԿ վերնախավում կարող էր առաջանալ միայն մի դեպքում, եթե այս օրերին ՀՀ իշխող վերչախմբի մոտ խնդրի լուծումը դեմ առներ անհաղթահարելի արգելքների:
Ինչպիսի՞ անհաղթահարելի արգելքներ կարող էին առաջանալ իշխող վարչախմբի մոտ: Երբ հայացք ենք գցում վերջին շաբաթվա ընթացքում տեղ գտած քաղաքական գործընթացներին, ապա նկատում ենք, որ իշխող քրեօլիգարխիկ վարչախումբը ՀՀ նոր վարչապետի հարցում կանգ էր առել Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա: Այդ էին վկայում, թե վարչախմբին հարող ԶԼՄ-ների հիմնական հրապարակումները եւ թե ՀՀԿ կարկառուն դեմքերի միաբերան հայտարարությունները: Եւ ուստի, ո՞վ կամ ինչը՞ կարող էր խոչընդոտ դառնալ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:
Խնդիրն, անշուշտ, տվյալ հարցով որոշումներ կայացնող սուբյեկտների շահերի եւ/կամ նրանց կամաարտահայտման հնարավորությունների մեջ է: Հայաստանում քաղաքականությանը հետեւող քաղաքացիների խորքային համոզմունքն է, որ մեր երկրում իշխանություն են բանեցնում (վարչական մարմիններին թելադրում են) օլիգարխները` երկիրը կրիմինալ տարածքների եւ ֆինանսատնտեսական ոլորտների բաժանած տարբեր կլանների պարագլուխները: Այսինքն սուբյեկտայնության առումով Հայաստանում որոշումները կայացվում են այդ կլանների պարագլուխների «Խորհրդի» (կրիմինալ տերմինաբանությամբ` «Սխոդկա») կողմից` ընդհանուր համաձայնությամբ: Ի դեպ, մարտի վերջին հայաստանյան մամուլում շրջանառվեց այն լուրը, որ «Խորհրդի» առանցքային դեմքերը հանդիպել են Դուբայում եւ քննարկել հայաստանյան ներքաղաքական նոր վերադասավորումների (վերաբաժանումների) հարցը:
Հայաստանի քաղաքական որոշումների կայացման նկատմամբ նախկինում իրենց սուբյեկտայնությունն են դրսեւորել նաեւ արտաքին ուժերը ու հատկապես Կրեմլը: Այդ իսկ պատճառով վարչապետի թեկնածության շուրջ առկա անհաղթահարելի խոչընդոտները պետք է փնտրել տվյալ սուբյեկտների անհամաձայնությունների դաշտում:
Իհարկե կարելի է ենթադրել, որ իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբի մոտ կարող են ծագած լինել անհաղթահարելի տարաձայնություններ, որոնք թույլ չեն տվել բոլորի համար ընդունելի վարչապետի թեկնածու առաջադրել: Հենց այս քարոզչությունն են անընդհատ շրջանառում Հայաստանի ընդդիմադիր դաշտը այս օրերին գրաված խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ըստ էության նպատակ ունենալով հանրության շրջանում ստեղծել վարչախմբի հենասյուն հանդիսացող ուժերի միջեւ հակամարտության կամ թշնամանքի պատրանքներ: Սակայն, ի տարբերություն վարչախմբի ներսում եղած «ճգնաժամի» հարցում ոչ իշխանական քառյակի ներակայացուցիչների մատնանշած բոլորովին անհավանական կամ կեղծ պատճառների (ապրիլի 28-ից սկսվող շուրջօրյա հանրահավաքներից վախ, սիներգիայի օրենքի ներգործություն), նման անհամաձայնությունները իշխող վարչախմբի մոտ կարող էին ծագել միայն ինչ-ինչ շահերի (նոր բաժանվող կամ վերաբաժանվող դաշտեր, ոլորտներ, քվոտաներ եւ այլն) շուրջ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով:
Սակայն, նոր վարչապետի նշանակման հարցում առավել հավանական կարելի է դիտարկել ներքին ու արտաքին խաղացողների միջեւ ստեղծված տարակարծությունների կամ անհամաձայնությունների գործոնը: Այս հնարավոր զարգացման օգտին է խոսում Հովիկ Աբրահամյանի թեկնածության շուրջ քրեօլիգարխիայի անթաքույց համախմբման փաստը: Նման համախմբումը չեզոքացնելու կամ խաթարելու համար հարկ կլիներ իրապես ուժային լծակներ կիրառել որեւէ այլ, առնվազը նույնակշիռ սուբյեկտի կողմից: Իսկ նման սուբյեկտի դերում մեր դեպքում կարող էին հանդես գալ ֆինանսատնտեսական կամ քաղաքական լծակներով օժտված առավել հզոր արտաքին խաղացողները միայն: Սակայն այդ դեպքում ի հայտ է գալիս մեկ այլ ոչ պակաս կարեւոր խնդիր:
Հայտնի է, որ քրեաօլիգարխիան հայաստանյան հանրության նկատմամբ սեփական տիրապետությունը հաստատելու ու ծավալելու համար մշտապես օգտվել է արտաքին ուժերի աջակցությունից: Արդյունքում նման օժանդակությունն ու օգնությունը փոխհատուցվել է երկրի ինքնիշխանությունն ու տնտեսական հզորությունները վաճառքի կամ փոխանակման առարկա դարձնելով: Ուստի ի՞նչը կարող էր խոչընդոտ դառնալ քրեաօլգարխիայի համար, որպեսզի վերջինս չկարողանար արտաքին խաղացողների հետ նոր պայմանավորվածությունների գնալ: Արդյոք վերջացել են վաճառքի կամ փոխանակման առարկանե՞րը, գի՞նն է անհամապատասխան կամ վտանգավոր քրեաօլիգարխիայի հետագա կենսագործունեության համար, թե՞ արտաքին աշխարհի համար ներհայաստանյան «գործընկերներին» փոխելու ժամանակն է եկել:
Այս հարցերի պատասխանները կստանանք հենց այս օրերին: Վարչապետի անձի շուրջ առաջիկա համաձայնությունները կնախանշեն այն փշոտ ճանապարհը, որը վիճակված է անցնել մեր հանրությունը մոտ ապագայում: