articles

Աշխարհաքաղաքական ներկա տեղաշարժերն ու Կովկասը - 1

Աշխարհաքաղաքական ներկա հսկայական փոփոխությունները Եւրոպայի եւ Ասիայի քաղաքակրթական սահմանների շփման ողջ երկայնքով շատ մեծ հարցականներ են առաջացնում հատկապես մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում:

Կարելի է հուսալ, որ ռազմաքաղաքական ուժերի միմյանց ճնշման ու հավասարակշռման սառը պատերազմի ողջ տրամաբանությունն այսօր գործում է կարծես թե միայն Հարավային Կովկասում: Սակայն հարկ է նկատել, որ Կովկասի ներկա հարաբերական խաղաղությունն ինչ-որ առումով պայմանավորված է հենց քաղաքական տեղաշարժերի նկատմամբ նրա չափազանց զգայունությամբ, խոցելիությամբ ու անկանխատեսելիությամբ: Մեծ է հավանականությունը, որ ներկա վտանգավոր լռությունը կամ, որ նույնն է` փխրուն խաղաղությունը, հենց նրա զգայունության, խոցելիության ու անկանխատեսելիության պատճառով է, որ միջազգային խաղացողների նախնական պայմանավորվածությունների արդյունքում առարկայանում ու հաստատուն է մնում:

Ընդհանրապես Հայկական լեռնաշխարհն ու Կովկասը դարեր շարունակ եղել են աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունքում ի հայտ եկած արյունալի բախումների հիմնական թատերաբեմերից մեկը: Այսօր գրեթե բոլորի համար պարզ է, որ Արաբական գարնան վերջին ակորդի` սիրիական պատերազմի միջոցով, աշխարհը մուտք է գործել նոր սահմաններ գծելու, նոր պայմանավորվածությունների գնալու եւ նոր աշխարհակարգ հաստատելու անցումային ամենից վտանգավոր ժամանակաշրջանը: Պետք է նկատել, սակայն, որ այդ ժամանակահատվածը, հաշվի առնելով ներկայիս ոչ ստանդարտ պատերազմներ վարելու մարտավարության սփռվածությունը, եթե ոչ տարիների, ապա առնվազն մեկ-երկու տասնամյակի ձգվածություն կարող է ունենալ: Այդ իսկ պատճառով դեռես վաղ է վերջակետ դնել Կովկասում պատերազմի բռնկման ու քաոսի տարածման տարբեր հնարավորությունների վրա:

Ասվածը հիմք է տալիս լայն հայացք ձգել Եւրասիայի քաղաքակրթական բնագծերի վրա եւ փորձել հասկանալ թե ինչ է կատարվում աշխարհում եւ ուր կարող են հասնել ռազմաքաղաքական գործընթացների առկա միտումները:

Նախ հարկ է նկատել, որ լիբիական ու հատկապես սիրիական պատերազմներն աշխարհում պատերազմների վարման նոր մարտավարության ցուցիչը դարձան: Այսօր պետությունների ներքին կառավարելիության խաթարման ու ապա նաեւ` սահմանների փոփոխության հիմնական գործիքն է դարձել քայքայիչ ներքին ուժերի միջոցով կառավարելի քաոսի ներմուծումը որոշակի երկրներ: Սակայն, այդուամենայնիվ, շատ մեծ բարդություն է ներկայացնում կողմերի ճամբարների որպիսության պարզումը: Դասական իմաստով պետության կառավարական բանակներ, ապստամբներ կամ թե պարտիզանական ջոկատներ բնորոշումների փոխարեն կարծես թե պատերազմող կողմեր են դարձել մի կողմից քիչ թե շատ կանոնավոր զինական ուժերը` ճանաչված առանձին պետությունների կողմից, իսկ մյուս կողմից ահաբեկչական մեծ ու փոքր, բայց նույնքան կանոնավոր խմբավորումները` սնվող մի շարք այլ պետությունների կողմից:

Սակայն կառավարելի քաոսի ողջ «հմայքն» այն է, որ պատերազմի մեջ ներգրավված բնակչությունն ու միջազգային հանրային կարծիքը չեն կարողանում տարբերել, թե այդ երկու կողմերից ովքեր են ներկայացնում պետության լեգիտիմ կառավարությունը, ովքեր` համաշխարհային կամ տեղական ահաբեկչությունը, ովքեր են կրում ընդհանրական ու առաջադեմ արժեքներ, պատերազմում հանուն ազատության ու արդար հասարակարգի հաստատման, իսկ ովքեր` սպասարկում օտար շահեր, կամ թե` վայրենի վարձկաններ հանդիսանում: Ամեն դեպքում գազանությունն ու համատարած սպանդը ներկա է բոլոր այս թեժ կետերում եւ կազմում է կառավարելի քաոսի հիմնական բնութագրիչը:

Լայն առումով պատերազմող կողմերի ու նրանց օժանդակողների հետապնդած նպատակների հարաբերականությունն ու ստվերայնությունը անորոշություն է ստեղծում նաեւ պատերազմական գործողությունների ողջ արեալը իր փոխկապակցվածության մեջ գնահատելու համար: Այսօր ոչ միայն արեւելյան միջերկրածովյան շրջանն է գտնվում քաոսի ճիրաններում, այլ նաեւ` հյուսիսային սեւծովյան տարածաշրջանն ու դարեր շարունակ պատերազմների մշտական թեժ թատերաբեմ եղած պատմական Միջագետքը` ներկայիս Իրաքը: Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում քաոսն իր թեւերը կսփռի նաեւ նորանոր տարածքների վրա: Նախորդ տարիներին ու ամիսներին իրենց որպես կառավարելի քաոսի շահառուներ դրսեւորած այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ երեւույթին պատերազմի նոր թատերաբեմեր կդառնան:

Այնուամենայնիվ, այսօր իսկ մի շարք հանգամանքներ ցույց են տալիս, որ հազարավոր կիլիոմետրեր ձգվող անկայունության հսկայական օջախները ինչ-որ թելերով կապված են միմյանց հետ ու բռնկվում են հենց իրենց փախկապակցվածության արդյունքում: Հատկապես այդ են վկայում տերությունների միջեւ Ռուսաստանի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի էներգակիրների շուրջ անընդհատ խորացող մրցակցությունը, ինչպես նաեւ ահաբեկչական խմբավորումների կառավարելի փոխատեղումները թեժ կետերում: Այսպես, ընդամենը ամիսներ առաջ աշխարհի ուշադրությունը բեւեռված էր Քեսաբի դեպքերի եւ Թուրքիայից սնուցվող Սիրիայի իսլամական ահաբեկչական խմբավորումների վրա, սակայն օրերս, Իրանի հետ վեցնյակի բանակցությունների դրական խորապատկերի վրա սիրիական կառավարական ուժերը առանց լուրջ դիմադրության ազատագրում են Քեսաբը, իսկ նույն այդ իսլամական ահաբեկչական խմբավորումներին արդեն տեսնում ենք կենտրոնացած Իրաքի հյուսիսում ու անգամ Ուկրաինայի հարավ-արեւելյան «ապստամբած» մարզերում: