articles

Ատելությունը քաղաքական կյանքում-3

Նախորդ հոդվածներում արդեն քննարկվել է, որ կյանքը ճնշող սոցիալական ու անձնական պայմաններին ներազդելու անկարողությունը ծնում է անզորության զգացում: Իսկ վերջինս էլ քաղաքական գործընթացներում մասնավորապես բերում է նաեւ կոլեկտիվ ատելության տարբեր դրսեւորումների: Առկա հսկայական այդ էներգիան, սակայն, պարպվելիս ավերածություններ է գործում ոչ միայն տվյալ խմբից դուրս, այլ նաեւ ներսում, քանզի նման ատելությունից ծնված ագրեսիան ինքնաքայքայիչ մեխանիզմ ունի իր մեջ ներառած:

Որքան ահագնանում է քաղաքական ատելության թափն ու խորությունը, այնքան այդ հոսանքի տակ գտնվող առանձին շերտերի համար անտանելի են դառնում նեգատիվ նման պայմանները եւ հետեւաբար ի հայտ բերում ներքին դիմադրություններ: Քանի դեռ խմբում քաղաքական նպատակների ու դրանց հասնելու մեխանիզմների շուրջ կա հավատ ու ըմբռնում, այդ դիմադրությունները զսպվում են եւ թույլ տալիս, որ ատելությունը մնա խմբի սոցիալական վարքի հիմնական բնութագրիչներից մեկը: Սակայն ընդհանուր անզորության գերիշխանության պայմաններում, երբ կամաց-կամաց ի հայտ է գալիս կասկածը, որ առկա խնդիրների ու մեխանիզմների միջոցով հնարավոր չէ հասնել դրված քաղաքական նպատակներին, սկսվում է ատելության վրա կառուցված բուրգի փլուզման գործընթացը: Ի հայտ են գալիս մի կողմից այդ բուրգից զատվելու, իսկ մյուս կողմից դրա ամրությունը պահպանելու հակադիր պահանջմունքները:

Ատելության խորության ահագնացմանը դիմանում են միայն նրանք, ովքեր սեփական հոգեբանական կառուցվածքին եւ քաղաքական ու անձնական նպատակներին համահունչ իսկապես կարող են «յուրացնել» ատելության այդ չափաքանակը: Մյուսները, չդիմանալով նեգատիվ ընդհանուր պայմաններին, ստիպված են լինում կամ զատվել «մենք»-ի այդ խմբից, կամ էլ, չկտրելով բոլոր կապերը, այնուամենայնիվ որոշակի տարածություն պահել նրանից: Միաժամանակ, «հաղթական» պայքարի ընթացքը եւ միասնության պատրանքը պահպանելու համար հակադիր կողմը կենսական պահանջմունք է դարձնում այնպիսի մեխանիզմների ներմուծումը, որոնք ցեմենտող լրացուցիչ դեր կկատարեն եւ կչեզոքացնեն բուրգի փլուզումը: «Մենք»-ի լիակատար փլուզումը կանխելու համար ծնվում են քաղաքական տարբեր թեզեր ու կոչեր, ինչպիսին է, օրինակ, «հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, եւ ոչ թե հախուռնը կամ խելագարը» բանաձեւը[1]:

«Մենք»-ի փլուզման եւ առանձին անհատների ու փոքր խմբերի զատվելու գործընթացը ընթանում է սուր հակադրության պայմաններում եւ հանգեցնում է «մենք»-ի շուրջը համախմբված նախկին խմբակիցների միջեւ լարվածության: Քանի որ քաղաքական ծրագրերի ձախողումը հօդս է ցնդեցնում նպատակների շուրջ եղած սպասումները եւ քննադատության մեծ ալիք բարձրացնում խմբի ներսում, ուստի զատվող անհատների ու փոքր խմբերի հախուռն ու խելագար լինելու պիտակը հեշտությամբ վերափոխվում է կոնկրետ վիրավորանքի ու պարսավանքի: Սկսում են շրջանառվել վառ արտահայտված նոր պիտակներ, ինչպիսիք են «ջղաձգվող մարգինալներ», «թռածներ» եւ այլն: Եւ քանի որ քաղաքական ատելության հիմնարար սկզբունքներից մեկը սեփական ճշմարտության անսխալականությունն է («հաղթում է ինքնավստահը»), այդ իսկ պատճառով քննադատական միտքը համարվում է անարգանք բազում «ես»-երի վրա կառուցված «մենք»-ի նկատմամբ եւ ընկալվում է մի տեսակ սրբապղծություն:

Ատելության ահագնացմանը նպաստած կամ չդիմադրած եւ, միաժամանակ, խմբի բյուրեղացմանը հակված մարդկանց պատկերացումներում տուրք է տալիս այն համոզումը, որ «մենք»-ի կուռ շարքերին ուղղված նման կարգի ցանակցած ներքին անհամաձայնություն դավաճանություն է: Այդուհետ հակակրանքի, թշնամության եւ չարակամության ողջ լավան ուղղվում է ներքին հաշվեհարդարի գործը գլուխ բերելու վրա: Վերջինս վերածվում է համատարած «սպիտակի» մեջ տարբեր գույների փնտրտուքի: Եւ ինչպես արտաքին գունավորումների դեմ պայքարում տարբեր գույների առկայությունը ի վերջո հանգեցվում էր «սեւ» գույնի, այնպես էլ «ներխմբային» զտումների ողջ գործընթացում այլոց այլակարծությունից ծնված ագրեսիվ լարվածությունը ինչ-որ մի փուլից վերափոխվում է «սեւ» գույնի փնտրտուքի: «Մենք»-ից զատված անհատների ու խմբերի մեջ ի հայտ են բերվում տարբեր «ագենտներ», «դհոլներ» եւ այլն:

Այստեղ հարկ է նկատել, որ եթե ատելությունը ծնված չլիներ անզորությունից եւ լիներ կարող ուժերի հոգեբանական բնական վարքագիծը կամ թե գիտակցված, հատուկ ներդրված մեխանիզմը, ապա քաղաքական գործընթացներում նրա զորության հաղթարշավի հետ միասին մենք ականատեսը կլինեինք ատելությամբ վարակված մարդկանց նորանոր խմբերի ի հայտ գալուն: Բայց մեր դեպքում, քանի որ կոլեկտիվ ատելությունը ծնունդ է լիարժեք քաղաքական ամլության, ուստի ատելության վրա կառուցված պայքարը ի վերջո հանգեցնում է ինչ-ինչ հանգամանքներում ու նպատակներով համախմբված քաղաքական միավորի անընդհատ մասնատմանը:

Անշուշտ, մասնատման գործընթացն ունի իր սահմանը: Նորանոր անհատների ու խմբերի զատվելուն համընթաց մեծանում է բուրգի ատելության սրության աստիճանը եւ մնացող կորիզի թվացյալ բյուրեղացումը: Եթե քաղաքական պայքարը սկսվել էր հանցավոր վարչախմբի դեմ պայքարի դրոշի ներքո, սեփական ուղու եւ խմբի եզակիության համոզմունքից ելնելով` շարունակվել այլ խմբերի հետ հակամարտությամբ, ապա ավարտվում է «մենք»-ի շուրջ համախմբված նախկին խմբակիցների հետ կոշտ հակադրությամբ: Տեւական նման հակադրությունը ի վերջո քայքայում է ողջ բուրգը, քանզի երեք ճակատով «մարտնչող» անկարող զանգվածը արդեն ի զորու չի լինում սեփական տեսլականի պարտադրմամբ ու ատելության սերմանմամբ որեւէ լուրջ վստահություն ձեռք բերել հանրային լայն զանգվածների գիտակցության մեջ: «Աշխարհի» կենտրոնում չլինելու պատճառով դրսեւորվող ջղագրգռությունը, հանրային կարծիք վրա ազդելու նոր լծակների բացակայությունը, միավորիչ քաղաքական նոր թեզերի ու կոչերի նկատմամբ հանրության անհաղորդությունը հուսահատություն ու ընկճվածություն են առաջացնում արդեն բյուրեղացած կորիզի շարքերում: Հարկ է լինում որոշում կայացնել` գնալ «ինքնաոչնչացմանը» միտված հակամարտությունը շարունակելու ճանապարհով, թե առկա վիճակից դուրս գալու համար այլ որոշում կայացնել:

Նման իրավիճակում հայտնված մարդկանց համար պարզ է դառնում, որ մի քանի ճակատներով տեղ գտնող հակամարտությունը ավելի կխորացնի ընկճվածությունը, քանի որ հաղթանակի շանս նրանք այլեւս չունեն: Այդ իսկ պատճառով, կախված մարդկանց հոգեբանական կառուցվածքից ու հետապնդած նեղ անձնական նպատակներից, բնական է դառնում երկու միտում:

Մի դեպքում քաղաքական ատելությամբ լցված անձը ներփակվում է իր մեջ եւ ինքնափրկության համար իր ներքին ընկալումներում փորձում է ողջ մեղքը բարդել իրեն շրջապատող «անարդար» աշխարհի վրա: Քաղաքական ծրագրերի ֆիասկոյի պատճառով ավերածություններ գործելու նրա հակումը ինքնաբերաբար, բայց առանց ինքնաքննադատության, ուղղվում է իր իսկ անձի դեմ, քանզի արտաքին միջավայրից նրա կրած «պարտությունները» բավական ամուր կենսափորձի են արդեն վերածված լինում եւ թույլ չեն տալիս անհաշվենկատ քայլեր կատարել սոցիումում: Տվյալ անձիք դառնում են առավել չարակամ, բայց միեւնույն ժամանակ զգուշավոր: Ինչ-որ առումով պարադոքսալ կարող է թվալ, որ միայն ատելությամբ զինված եւ «սեւ»-ի դեմ պայքար ծավալած այդ մարդիկ ի վերջո սկսում են աշխարհին նայել «սեւ ակնոցներով»: Միայն ժամանակի ընթացքում, ինչ-ինչ արտաքին հանգամանքների բերումով, երբ կա ռեվանշի հասնելու ներքին համոզում, ինքնամփոփ անհատը կարող է դուրս գալ իր կաղապարից եւ չռեալիզացված նախկին ատելությունն ու սեփական ինքնամփոփությամբ կուտակած հսկայական էներգիան կրկին ուղղել երեք ճակատներից որեւէ մեկի դեմ:

Մյուս դեպքում, հարկ է լինում փրկություն գտնել այն նույն աշխարհում, որի դեմ անհաշտ պայքարի դրոշ էր բարձրացվել: Այստեղ գործում է այն մեխանիզմը, երբ մարդը սկսում է օբյեկտի հանդեպ իր տածած ատելության զգացումը վերափոխել լոյալության կամ անգամ հիացմունքի: Այլ գույների հանդեպ վատնած իր էներգիան եւ ունեցած ատելության չափը հետզհետե ծածկում է «սեւ»-ի հանդեպ իր նախկին վերաբերմունքը եւ թույլ տալիս առավել ընդունելի համարել ինչ-որ առումով ամորֆ վարչախմբին, քանց թե իրեն ծանոթ նախկին խմբակիցներին ու այլ խմբերի ներկայացուցիչներին, որոնց հետ կամուրջները այրված են ոչ թե հեռավորության վրա, այլ միջանձնային մակարդակում:

Տվյալ անձանց «սեւ»-ի հանդեպ մեր նշած լոյալությունն ու վարչախմբի` իր նախկին խմբակիցների եւ այլ խմբերի ներկայացուցիչների դեմ գործողությունների նկատմամբ հիացմունքը ծառայում է որպես հոգեբանական փրկօղակ ու նպատակ ունի մեղմել նվաստացման զգացումը: Այստեղ աշխատում է այն ինքնարդարացումը, որը ներքին մենախոսության մեջ հնչում է այսպես` «եթե դուք չցանկացաք շարժվել միակ ճիշտ ուղով եւ մեզ հարվածելով (ոչնչացնելով)` կամա, թե ակամա կատարեցիք վարչախմբի ծրագրերը, ապա ես ինչով եմ վատ ձեզանից` ստանալու համար վարչախմբից ինձ առաջարկվող կամ հասանելիք բարիքները: Չէ՞ որ, եթե ձեզ համար կոմֆորտ է ներկա վարչախումբը, իսկ դա է վկայում ձեր իսկ վարքը մեր հանդեպ, ապա իմ համար առավել կոմֆորտ է այն: Եւ ուստի …»:

Այսպիսով, մարդկանց ատելության վրա կառուցված վճռական, աննահանջ դիրքորոշումը եւ շուրջը եղած հանրային խմբերի նկատմամբ վառ արտահայտված մեծամտությունը, երբ նման վարքագիծը հանդես է գալիս որպես ընդամենը սոցիալական ու անձնական պայմաններին ներազդելու անկարողությունից ծնված երեւույթ, ի վերջո բերում է կամ չարակամ ինքնամփոփության, կամ էլ` հանցավոր ու բռնապետական վարչակարգերի նկատմամբ հարմարվողականության:


[1] Տես, օրինակ, http://7or.am/am/news/view/77379/: