articles

102-րդ ռազմաբազա. Հայաստանի համար անցյա՞լ, թե՞ ապագա-1

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանի հանրության ուշադրությունը սեւեռեց մի կարեւոր խնդրի՝ Ռուսական 102-րդ ռազմաբազայի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու նպատակահարմարության վրա։ Ծավալվեցին տարաբնույթ քննարկումներ, որոնք անդրադառնում էին ռազմաբազայի` Հայաստանում գտնվելու իմաստին, գործառույթներին, արդյունավետությանը։

Բացի ռազմաբազայի` Հայաստանի իշխող վարչախմբի հենարանը լինելու, նրա միջոցով Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությանը կրնկի տակ պահելու կամ մեր պետության անվտանգությունը պաշտպանելու դիսկուրսից, հանրային քննարկումներում ուշադրության արժանացան նաեւ այլ՝ նույնքան կարեւոր փաստարկներ ու համոզմունքներ։

Դրանք վերաբերում էին այդ ռազմաբազայի աշխարհաքաղաքական նշանակությանը։ Այն է՝ Ռուսաստանի ունեցած տարածաշրջանային ու գլոբալ շահերին կամ առկա մարտահրավերներին դիմագրավելու նրա անկարողությանը։ Այդ քննարկումներում պնդումներ արվեցին ինչպես ռազմաբազայի ունեցած ռազմաքաղաքական կարեւոր գործառույթի ներկայումս իր նշանակությունը չկորցնելու եւ հետեւաբար ռազմակայանի Հայաստանում գտնվելու հեռանկարը հիմնավորված համարելու մասին, այնպես էլ այն մասին, որ կապված նոր երեւան եկած հանգամանքների հետ վերջինս այլեւս չի բավարարում առկա քաղաքական գործընթացների առաջադրած պահանջներին եւ կարող է (պետք է) դուրս բերվի Հայաստանից։

Անշուշտ, Հայաստանում ՌԴ ռազմաբազայի գոյությունն առաջին հերթին պայմանավորված է եղել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով։ Հարավային Կովկասի՝ որպես տրանզիտ ու բուֆեր տարածաշրջանի նշանակությունը Մեծ Մերձավոր Արեւելքում վերջին քառորդ դարում անչափ մեծ է եղել։ Ելնելով այդ ամենից՝ Հայաստանի տարածքը ձեռք է բերել նույնքան կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն։ Ուստի, ՌԴ ռազմաբազայի առկայությունը Հայաստանում համաշխարհային քաղաքականության մեջ ընկալվել է ոչ միայն իբրեւ երկու պետությունների (Հայաստանի եւ Ռուսաստանի) լոկալ համընկնող շահերի արտահայտություն՝ միտված հայ-թուրքական խրթին հարաբերությունները մեղմելուն կամ Թուրքիայից Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելուն։ Այն առավելապես եղել է համաշխարհային ռազմաքաղաքական մրցակցության արդյունքում 1990-ական թվականներին տերությունների միջեւ ձեւավորված ռազմաքաղաքական բալանսի արտահայտություն։ Իսկ Ռուսաստանի եւ Հայաստանում նրա գաղութային վարչակարգի կողմից տարիներ շարունակ 102-րդ ռազմաբազայի Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու գործառույթի թմբկահարումը մեր հանրության շրջանում, այսպիսով, ընդամենը ծխածածկույթ է եղել այդ ռազմաբազան Հայաստանի Հանրապետության միջոցներով պահելու փաստը հիմնավորելու համար։

Սակայն պետք է նկատել, որ Հարավային Կովկասում 2008թ. ռուս-վրացական պատերազմից եւ Վրաստանի Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունից ձերբազատվելուց հետո ռուսական 102-րդ ռազմաբազայի Հայաստանում գտնվելը Ռուսաստանի համար դարձել է բավական խնդրահարույց գործոն։ Ռազմավարական ծրագրավորման առումով այն ինքնաբերաբար առաջ է բերել այնպիսի հարցեր, որոնք առաջին իսկ աշխարհաքաղաքական խոշոր բախման ժամանակ պետք է փաստի առաջ կանգնեցնեին հենց Ռուսաստանին։

Ռազմաբազայի բնականոն կենսագործունեության եւ ֆիզիկական սնուցումը կազմակերպելու համար, չունենալով ցամաքային կամ ծովային որեւէ ճանապարհ, ռուսական քաղաքական միտքը 2008թ․ սկսած փորձում էր նրան պատվիրակել տարածաշրջանում ռազմաքաղաքական մյուս ուժերին իր վրա բեւեռելու (հավաքելու) գլոբալ գործառույթ՝ նպատակ ունենալով այլ տարածաշրջաններում Ռուսաստանին ազատել ճնշման լրացուցիչ բեռից։ Հարավային Կովկասում ռազմաբազայի գոյությունն ինչ-որ առումով երաշխիք էր դիտվում, որ Արեւմտյան տերություններն ու Իրանը, ինչպես նաեւ այնպիսի հզոր ռազմաքաղաքական միավոր, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, Մերձավոր Արեւելքում ստիպված կլինեն բազմապատկել իրենց ռազմական «առաքելությունները», ֆինանսական ու տնտեսական ծախսերը, առանձին երկրներում ներդրումները եւ մյուս պետությունների ներքին գործերին միջամտելու դեպքերը՝ առաջացնելով տեղային հակազդեցություններ ու ստանալով ծավալման համար ահռելի դժվարություններ։ Ընդ որում, դա այն պայմաններում, որ Ռուսական 102-րդ ռազմաբազան, ըստ երկկողմ պայմանագրային պարտավորությունների, իր ծախսերը հոգալու էր ի հաշիվ Հայաստանի Հանրապետության բյուջեի։

Այսպես, ըստ այդ մտահղացման, Թուրքիայի դեպքում ռազմաբազան կշարունակեր ծառայել Էրդողանի կառավարության համար որպես հենման կետ տերությունների հետ նրա փոխհարաբերություններում։ Շահարկելով իր սահմանին կանգնած ռուսական ռազմաբազայի գոյության փաստը՝ այն թուրքական կողմին կհաղորդեր տրամաբանական հռետորաբանություն ու կոշտություն ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ նրա ունեցած գործակցությունում։ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունն այն էական փաստարկներից մեկն էր լինելու, որը պաշտոնական Անկարային կարող էր լրացուցիչ ինքնուրույնություն հաղորդել՝ բարձրացնել Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններում եւ մղել այնպիսի պահանջների ներկայացմանը, որոնք առավել լարվածություն կառաջացնեին թուրք-ամերիկյան եւ մյուս հարաբերություններում (այդ թվում՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում)։ Ռազմավարական նման աջակցության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի շահ ռուս-թուրքական մերձեցման ծառայեցնելու միջոցով Ռուսաստանը ծրագրել էր Թուրքիային մշտապես պահել որոշակի անվտանգ հեռավորության վրա, իսկ հնարավորության դեպքում նաեւ փորձել գնալ նրա հետ ռազմավարական գործակցության։ Ի դեպ, այս հարցում ռուսական քաղաքական միտքն արդյունավետ հաշվարկ էր կատարել եւ վերջին տարիներին ռուս-թուրքական մերձեցման այդ ծրագիրը լիովին ծառայեց իր նպատակին։

Իրանի դեպքում ռուսական ռազմաբազան ծառայում էր Իրան-Արեւմուտք հակամարտության մեջ պաշտոնական Թեհրանին դեպի կոշտ ընդդիմացում ուղղորդելու գործին։ Քաղաքական այդ մրցակցությունում 102-րդ ռազմաբազան բնականորեն ապահովելու էր Իրանի հյուսիսային թիկունքը՝ նրան հնարավորություն տալով այլ սահմանագծերի վրա կենտրոնանալով՝ իր վրա բեւեռել Արեւմուտքի առավել մեծ նյութական ու ռազմական միջոցները։ Բացի այդ, Իրանի դեպի սեւծովյան ավազան ծավալվելիս այն ծառայելու էր Ռուսաստանի ուղղակի ազդեցությունը մատնացույց անելուն եւ էներգետիկ հոսքերն իր ենթակայության տակ պահելուն։

Նախորդ տարիներին Արեւմտյան կոալիցիայի Իրաքում ունեցած լուրջ անհաջողությունները, Արեւմտյան տերությունների Իրանում, Սիրիայում, Լիբանանում բազավորվելու անհնարությունը ռուս ստրատեգներին հույս էին ներշնչում, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան ի վերջո Թուրքիայի միջոցով կկարողանա ինչ-որ կերպ խուսանավել ոչ միայն «անապատի այդ օազիսում գոյությունը քարշ տալու», այլ նաեւ «անապատի գիշատիչների» դեմ անհույս պայքարի մեջ մտնելու հեռանկարից։

Տարածաշրջանում ռուսական քաղաքականության ժամանակավրեպ կոնցեպտների մասին առաջին ահազանգը հնչեց 2011-2013թթ․ «Արաբական գարնան» ծավալման հետ միաժամանակ, երբ պարզ դարձավ, որ Արեւմուտքը ոչ միայն հնարավորություն ունի առանձին երկրներում իրականացնել լիարժեք պատժիչ գործողություններ, այլ պատրաստ է անգամ ամբողջական տարածաշրջաններում փոփոխել առկա սոցիալ-քաղաքական դրվածքները՝ դրա համար չներդնելով ահռելի ֆինանսական, տեխնիկական ու ռազմական միջոցներ։ Սակայն սիրիական հակամարտությունում Ասադի վարչակազմի դիմադրությունը, թիկունքին ունենալով Իրանին, դեռեւս հույս էր ներշնչում Ռուսաստանին, որ Արեւմտյան տերությունները եւ նրանց դաշնակիցները դեռեւս երկար ժամանակ գամված կմնան սիրիական անապատներում։

2013թ․ ավարտը նշանավորվեց երկու անսպասելի գործընթացներով։

Առաջինը ներուկրաինական դեպքերն էին։ Ռուսաստանի Դաշնության քթի տակ՝ նրա կայսերական անցյալի փառապանծ կենտրոններից մեկում՝ Կիեւում բռնկվեց ապստամբություն, որի արդյունքում Ուկրաինան դուրս եկավ Ռուսաստանի ազդեցության տակից եւ ընկավ Արեւմուտքի ուղղակի ազդեցության տակ։ Ռուսաստանը կարողացավ մեծ ջանքերի գնով Ուկրաինայից անջատել Ղրիմի թերակղզին եւ այն մտցնել իր կազմի մեջ։ Սեւաստոպոլ նավահանգստի, Սեւծովյան նավատորմի եւ Ղրիմի շուրջ եղած աշխարհաքաղաքական մրցակցությունը Ռուսաստանի ներսում ներկայացվեց որպես հաղթանակ՝ սքողելու համար այն փաստը, որ Ռուսաստանը Արեւելյան Եւրոպայում կորցրել է իր հիմնական դաշնակցին՝ Ուկրաինային եւ եւս մեկ աստիճանով ետ քաշվել իր աշխարհաքաղաքական ազդեցության նախկին սահմանագծերից։

Ուկրաինայի արեւելքում՝ Դոնեցկում եւ Լուգանսկում բռնկված պատերազմը երկու մրցակիցների միջեւ (ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների եւ Ռուսաստանի) աշխարհաքաղաքական նոր դասավորության ընդունման կամ մերժման խնդրից ծագած պայքարի արգասիքն էր։ Այստեղ, ինչպես լիբիական, սիրիական պատերազմներում գործարկվում էր ներհանրային վեճից, իսկ ապա նաեւ քաղաքացիական բախումներից դեպի լայնամասշտապ պատերազմի գնալու տակտիկան։ Ռուսաստանը խնդիր ուներ իրեն պարտադրված աշխարհաքաղաքական այդ անընդունելի դասավորության ու պատերազմի մեջ ցուցանել ոչ միայն իր ուժը, այլ նաեւ իր ընդունակությունը համատեղ վարել արդյունավետ դիվանագիտություն ու պատերազմ։ Այդ գործում ՀԱՊԿ-ն (չնայած նախորդ տարիներին նրա կազմում հենց այդ նպատակով շտապ կարգով ձեւավորվել էին «արագ արձագանքման ուժեր»), ինչպես նաեւ նախկինում ստեղծված մյուս գործիքները (ԱՊՀ, երկկողմ ձեւաչափեր) անպետք էին դուրս եկել։ Պարզվել էր, որ ժամանակակից պատերազմի մեջ ներգրավման համար ՀԱՊԿ-ն չուներ ոչ իրավազորություն եւ ոչ էլ ռազմավարական պլանավորում։ Ինչպես «անապատում հայտնված օազիսի»՝ Հայաստանում 102-րդ ռազմաբազայի դեպքում էր, Ռուսաստանը մնացել էր 20-րդ դարի ստանդարտների մեջ եւ պարզել, որ ոչ թե ինքն է «օազիսը»՝ շրջապատված «անապատով», այլ հենց ինքն է իսկ «անապատը»՝ շրջապատված կենսունակ համատարած օազիսով։

Եւրասիական տնտեսական միության կազմավորման արագացված գործընթացը 2014թ․ աշխարհաքաղաքական առումով պետք է համոզեր միջազգային հանրությանը եւ Արեւմուտքին, որ Ռուսաստանն ունի թե դաշնակիցներ եւ թե կամք ու կարողություն՝ դիմագրավելու իրեն նետված նոր մարտահրավերներին։ Սակայն Բելառուսի եւ Ղազախստանի բավական ամորֆ ու խնդրահարույց քայլերը, ինչպես նաեւ Ռուսաստանի ներսում ֆինանսատնտեսական լիակատար խաթարումները արդեն 2014թ․ աշնանը համոզեցին Ռուսաստանին, որ նախկին բոլոր ձեւաչափերը կորցրել են իրենց արդիականությունը եւ շտապ պետք է նոր լուծումներ գտնել։