articles

Հանրության պատժելու գործառույթը - 3

Կարգազանցին կարգի հրավիրելու ու պատժելու գործառույթի ընկալումը դեռեւս բավարար պայման չէ որպեսզի հանրությունը կարողանա այդ գործառույթի անտեսման պատճառով իր իսկ ձեռքով բուծած «քրեաօլիգարխիա» կոչվող հրեշին ոչնչացնել: Գլխավոր հարցն այն է, թե ժողովուրդն ինչպես կարող է իրացնել կարգազանցին պատժելու իր գործառույթը, երբ բռնության դեմ մարդկության ստեղծած բոլոր ժամանակների ամենաարդյունավետ միջոցը` պետությունը, բռնազավթված է կառավարման լծակները յուրացրած հանցավոր օլիգարխիկ կլանների կողմից եւ վերջիններիս նկատմամբ որեւէ ակտիվ դիմադրություն, ժողովրդի անզեն կամ անհամաչափ զինված լինելու պայմաններում, հանրությանը խոստանում է միմիայն ցավագին վնասներ:

Այդ գործում հանրությունը, մինչ մարտական զենք կրելու ու պահելու իր իրավունքի հաստատումը, պետք է առաջնորդվի այնպիսի մի ուղենիշով, որը նրան թույլ կտա իր պատժելու գործառույթը գործարկելու եւ կազմակերպված դիմադրության դիմելու պայմաններում մի կողմից չդառնալ հանցավոր վարչախմբի եւ նրա պահպանությունն իրականացնող բանդաների զոհը, իսկ մյուս կողմից լուծել ինչպես առօրեական խնդիրներ, այնպես էլ` երկրի առջեւ ծառացած` իրավական պետություն կառուցելու հիմնախնդիրը:

Ուստի խոսենք հանրության պատժելու գործառույթի կենսագործմանը միտված այդ մարտավարական ուղենիշի մասին: Վերջինիս ներկայացումը, հաշվի առնելով ներկա այն ասիմետրիկությունը, որ գոյություն ունի մի կողմից զինված հանցավոր վարչախմբի, իսկ մյուս կողմից` անզեն ժողովրդի միջեւ, մեր երկրի պետական շինարարության գործում կլուծի շատ ավելի պրակտիկ խնդիրներ:

Մինչ բուն հարցին անդրադառնալը, հարկ է նկատել, որ ցանկացած պետություն իր գործառույթները եւ խնդիրները լուծելու, համակեցության համար որոշակի կարգ սահմանելու ժամանակ հիմնվում է հարկադրանքի ուժի վրա: Չկա որեւէ պետություն առանց նրանում գործող հարկադրանքի ուժի:

Հանրապետության կառավարման ձեւն ընտրած պետություններում հանրությունն իր պատժելու գործառույթը պատվիրակում է իրավապահ եւ արդարադատություն իրականացնող մարմիններին, որոնք, կիրառելով օրենքով իրենց վերապահված հենց այդ հարկադրանքի ուժը, կարողանում են նախականխել, կանխարգելել ու պատժել կարգազանցներին եւ պետության մեջ հաստատել հանրության համար ընդունելի համակեցություն:

Ցանկացած բռնապետական վարչակազմ եւ մասնավորապես Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ վարչախումբը, պետության կառավարման համակարգը յուրացնելու ժամանակ առաջին հերթին յուրացնում է հենց պետության հարկադրանքի ուժը` ուժային կառույցների նկատմամբ հաստատելով համատարած վերահսկողություն եւ սեփականացնելով պատժի իրավունքը: Ուստի հանրության կողմից կազմակերպվող ցանկացած դիմադրություն պետք է օժտված լինի առավել մեծ հարկադրանքի ուժով, որպեսզի կարողանա ազդել քրեաօլիգարխիայի վրա, առավել եւս կարողանա երկրում լուծել իրավական պետության հիմնախնդիրը:

Հենց այդ տեսանկյունից պետք է խոսվի հանրության կողմից ֆիզիկական ակտիվ ներգրավման ու դիմադրության կազմակերպման մասին: Այնպիսի ֆիզիկական ներգրավման մասին, որի ժամանակ դիմադրություն կազմակերպող խմբերը, դիմելով առանձին հնարքների ու գործարկելով որոշակի մեխանիզմներ, կկարողանան հիմնարար խնդիրներ ստեղծել հանցավոր վարչախմբի համար ու նրան կհարկադրեն գնալ լուծումների, որոնք դեմ են քրեաօլիգարխիայի շահերին: Եւ դա կիրականացնեն այնպես, որ չեն դառնա քրեաօլիգարխիայի կիրառած բռնության զոհը:

Ինչպիսի՞ հնարքներ կամ մեխանիզմներ կարող են լինել:

Բռնապետության դեմ հանրության պատժելու գործառույթը գործարկելու հարցում մարդկության պատմությունն ունի որոշակի հաջողված օրինակներ: Բազում են այն դեպքերը, երբ հանրությունները գնացել են պարտիզանական (գաղտնի) պայքարի ճանապարհով, քանզի գիտակցել են, որ իրենց ուժերը բավարար չեն որպեսզի կարողանան ընկճել բռնապետությանը` նրա կողմից կիրառվող օրինականացված բռնության պայմաններում: Այդ ժամանակ նրանք դիմել են անաղմուկ գործողությունների` որպեսզի ոչնչացնեն բռնապետության հիմքերը պետական ապարատում եւ հանրության առանձին շերտերում:

Այդ գործողություններն ըստ էության եղել են վնասարարություններ։ Դրանք նպատակ են ունեցել գույքային վնաս պատճառել ու հոգեբանական ազդեցություն թողնել ներքուստ իր հանցավոր կամ հակահանրային բնույթն ընկալող պաշտոնյաների ու սրիկաների վրա: Կրելով այդ վնասներն ու ազդեցությունը, գիտակցելով այդ գործողությունների պատժիչ բնույթը եւ չկարողանալով փոխադարձաբար պատժել դրանք իրականացնողներին` այդ հակահանրային տարրերն արդեն իսկ կաշկանդված են եղել` շարունակե՞լ իրենց հակահանրային վարքը, թե՞ մնալ միմյանց իրավունքներն ու պարտականությունները ճանաչող հանրային համակեցության սահմաններում:

Միաժամանակ, 20-րդ դարում քաղաքական ու քաղաքացիական իրավունքների հաստատման եւ շահերի պաշտպանության համար մղվող պայքարի մի շարք հաջողված օրինակներ հիմնվել են անթաքույց դրսեւորվող գործողությունների վրա։ Դրանց տեսական հիմքը «գանդիզմի» ուսմունքն է, որի հետեւորդները գործում են բռնապետության դեմ քաղաքացիական պայքարի ալիք բարձրացնելու եւ ոչ բռնի միջոցներով նախ բռնապետության հարկադրանքի ուժը կազմող իրավապահ մարմինները կազմալուծելու, իսկ ապա նաեւ` ամբողջ բռնապետությունը տապալելու նպատակդրմամբ:

Ի տարբերություն պարտիզանական (գաղտնի) պայքարի, որում հանրության պատժելու գործառույթը առավելապես ներկայանում է վնասարարության տեսքով, բացահայտ դրսեւորվող քաղաքացիական անհնազանդությունը ոչ թե ուղղակի նյութական վնաս է հասցնում հանցավոր վարչախմբին ու նրա հիմնասյունները կազմող պետական հիմնարկներին, մասնավոր ձեռնարկություններին կամ կրիմինալ բանդաներին, այլ պարալիզում է պետական մարմինների գործունեությունը՝ լավ կազմակերպված պայքարի դեպքում խաթարելով նաեւ ամբողջ բռնապետական բուրգի աշխատանքը։

Ծավալված քաղաքացիական շարժումը, պարալիզող տարբեր գործողությունների միջոցով, հանցավոր վարչախմբի համար ստեղծում է անհաղթահարելի եւ իրավական վեճ հարուցող այնպիսի իրավիճակներ, որտեղ վարչախմբի կամայականությամբ գործող ուժային կառույցները հայտնվում են երկընտրանքի առաջ: Այն է` պաշտպանել իրավական վեճի կողմերից վարչախմբի՞ն, ով գործում է ակնհայտ կեղծ օրինապաշտությամբ, թե՞ կազմակերպված ժողովրդին, ով գործում է կեղծ օրինապաշտների (այդ թվում` նրանց հարել փորձող ուժային կառույցների) կատարած հանցագործությունների համար պետական օրենքը կիրառելու ու կարգազանցներին պատժելու ակնհայտ մղումով:

Ուժային կառույցների համար վարչախմբին պաշտպանել ասվածն այստեղ ենթադրում է անհամաչափ բռնի ուժի` ռեպրեսիաների դիմելը, որի ժամանակ կարող են անգամ մարդկային զոհեր լինել եւ որոնք ուժային կառույցներին միջազգային եւ հայաստանյան հանրության աչքում միանշանակ կդարձնեն տեռորիստական խմբավորումներ: Այդուհետ հանրությունն ազատ կլինի ուղղակիորեն գործարկել իր պատժելու գործառույթը` իրեն հասու բոլոր միջոցներով դիմելով զենքի, լեգիտիմ բռնության ու հարկադրանքի` ոչնչացնելու համար թե այդ տեռորիստական խմբավորումներին եւ թե պետությունը բռնազավթած հանցավոր վարչախմբին: Իսկ ուժային կառույցների համար ժողովրդին պաշտպանել ասվածը ենթադրում է ուժային կառույցների եւ առաջին հերթին ոստիկանության ժողովրդի կողմն անցնելը եւ վարչախմբին օրենքից դուրս հայտարարելը:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ «գանդիզմի» սկզբունքներն ամբողջությամբ յուրացրած եւ կազմակերպված քաղաքացիական պայքարի դեպքում ուժային կառույցները հակվում են ժողովրդի կողմը: Այդ գործընթացը տեղի է ունենում, որովհետեւ ժողովրդի ձեռքում կենտրոնացած է լինում հարկադրանքի առավել մեծ ուժ, քան ունենում է հանցավոր վարչախումբը:

Խոսքը վերաբերում է հոգեբանական այնպիսի հարկադրանքի միջոցներին, ինչպիսիք են քաղաքացիական շարժման գործողություններն արդարացնող հանրային կարծիքը, հանրային սիմպատիան, հանրային աջակցությունը, շարժման` իրավունքի կամ ֆորմալ օրենքի շրջանակում գործելու ցանկությունը եւ այլն: Իսկ ֆիզիկական հարկադրանքի միջոցները` պետական մարմինների աշխատանքը խաթարող գործողություններն են, որոնք ի վերջո կոտրում են հանցավոր վարչախմբի ամենակարողության միֆը` անվստահություն սերմանելով իրավապահ ու արդարադատություն իրականացնող մարմինների մոտ եւ նրանց ստիպելով գնալ դեպի ժողովուրդը:

Ներկայում մեր հանրության շրջանում կարեւոր խնդիրներից մեկը Հայաստանում տասնամյակների ընթացքում ձեւավորված այնպիսի կարծրատիպեր կոտրելն է, որոնք խորացնում են ժողովրդի անզորությունը: Այդ գործում էական նշանակություն ունի հանրային այնպիսի գիտակցության ծավալումը, որը միանշանակ մերժում է սուտն ու կեղծիքը, իսկ պայքարի հիմքում դնում է ռացիոնալն ու արդյունավետը:

Հենց այդ գիտակցումն է ազդարարում, որ սահմանադրական ճանապարհով ընթացող համաժողովրդական պայքարը դա բոլորովին էլ հանրահավաքների, ցույցերի, երթերի միջոցով կուսակցական միջոցառումները չեն, կամ կուսակցական լիդերների խոսքին հետեւելը եւ տանը հարատեւ սպասման մեջ գտնվելը, այն հույսով, որ մի օր կուլիսներում կուսակցական լիդերները կպայմանավորվեն ու երկրին բարիք կբերեն:

Յուրաքանչյուր հանրության սահմանադրական պայքարը ժողովրդի ֆիզիկական ակտիվ ներգրավման, դիմադրության կազմակերպման, կարգազանցին ու հանցավորին պատասխանատվության կանչելու ու պատժելու (կարգի հրավիրելու) եւ սեփական իրավունքները սահմանելու (կարգ հաստատելու) ողջ գործընթացն է:

Հանրապետության կառավարման ձեւն ընտրած հանրության համար պետական կառավարմանն ամենից առաջնային մասնակցությունը սկսվում է իր պատժելու գործառույթը ընկալելուց եւ հակահանրային ու հակաիրավական վարքի տեր անձանց ու խմբերի նկատմամբ պատիժ կիրառելուց:

Քաղաքացիական պայքարի ընթացքում միայն հանրության ֆիզիկական ներգրավումն ու առավել կոշտ դիմադրությունները կարող են բերել ժողովրդի քաղաքական իրավունքների հաստատմանը: Պարզապես հանրությունները, իրավական պետություն կառուցելու ու այնտեղ սահմանադրական կարգ հաստատելու համար, իրենք պետք է որոշում կայացնեն` գնում են գաղտի (պարտիզանական), թե բացահայտ (քաղաքացիական անհնազանդության) ճանապարհներով: